Օրերս, երբ հերթական անգամ այցելեցի Հայաստանի ազգային գրադարան, տարօրինակ մթնոլորտ զգացի` անհասկանալի սառնություն բոլոր «կանգառներում», սկսած գրացուցակների սրահից մինչև սպասարկման բաժինները: Վերջապես, աշխատակցուհիներից մեկին, որ միշտ առանձնակի սիրալիրությամբ է աչքի ընկել, հարցրի.
- Էս ինչո՞ւ չեք ժպտում, հո բան չի՞ պատահել:
- Դուք էլ, հա՞,- միանգամից բորբոքվեց,- ժպտալու տե՞ղ է մնացել, էս աշխատավարձով աշխատում ես, չգիտես` ոնց ծերը ծերին հասցնես, մի բան էր մնացել, որ գիրք էի տանում տուն, երեխաս կարդում էր, էդ էլ շատ համարեցին, հիմա ասում են` վճարիր: Ինչի՞ց վճարեմ, ես նվազագույն աշխատավարձ եմ ստանում, ընդամենը 55 հազար դրամ է գալիս ձեռքս: Կարծեմ հիմա նվազագույն աշխատավարձը 50 հազար են հաշվել, չէ՞: Սովորական գրադարանավարներն իսկի 35 հազար են ստանում: Գնալ-գալու փողը հանիր, տես` տակն ինչ է մնում: Մենք չենք կարող ասել` վճարեք այնքան, ինչքան աշխատում ենք, բայց իրենք կարող են ասել` շուկայական հարաբերություններ են, գի՞րք ես ուզում, փողը տուր, տար: Բա՞: Թե որ մի թեթև էլ դժգոհություն հայտնես, միանգամից կվիրավորեն ու աշխատանքից կհանեն, քանի որ էս երկրում աշխատանք գտնելը, գիտեք էլի, մեծ բախտավորություն է: Դրա համար էլ միշտ պիտի շնորհակալ լինես ղեկավարներիդ, ինչ էլ գլխիդ անեն: Մանավանդ եթե թոշակին մոտ տարիքի ես: Տեսնեիք` վերջերս ինչ օրը գցեցին ամենահին աշխատողներից մեկին: Ուրիշ տեղեր ստաժավոր մարդկանց փորձառու են համարում, էստեղ` սպառված: Երևի ճիշտ են, սպառված չենք, բա ի՞նչ ենք, մեր կյանքն ենք սպառել էստեղ, տասնյակ տարիներ, հիմա էս չնչին աշխատավարձն է մնացել, որի վրա դողում ենք: Մի արտոնություն ունեինք, էդ էլ առան ձեռքներիցս, էլ բան չմնաց: Ու ասում են` պարտավոր եք ընթերցողներին ժպտալ: Ժպտանք, բա ոնց, վշտի ժպիտ, համեցեք:
Պարզվեց, որ այսպես կոչված` ներքին աբոնեմենտը (բաժնույթը), որից օգտվում են գրադարանի աշխատողները և որը գրադարանի ամբողջ պատմության ընթացքում անվճար է եղել, այս տարվա սկզբից վճարովի է դարձել, տարվա կտրվածքով` 6 հազար դրամ: Սա, իհարկե, ներկայիս պայմաններում չնչին գումար է, բայց եթե համեմատենք աշխատողների առավել քան չնչին եկամտի հետ, հասկանալ կարելի է, թե ինչու են այսքան վիրավորված:
Փորձեցի մխիթարել զրուցակցիս, գուցե երեխան գրադարանից օգտվի այնպես, ինչպես բոլոր ուսանողները, գա գրադարան ու ընդհանուր ընթերցասրահում անվճար կարդա ինչքան ուզում է: Պարզվեց` տղան անվճար է սովորում, շատ ջանքեր է թափում դրա համար, այլապես իրենց 55 հազար եկամտով երբեք բուհի երես չէր տեսնի: Դրան գումարած` դասերից հետո աշխատում է, որ մորն օգնի, պարապելու համար մնում են գիշերային ժամերը, երբ գրադարանն արդեն փակ է: Իսկ գրքեր գնելը, առավել ևս, բացառվում է, քանի որ հատկապես բուհական ուսումնական ձեռնարկները շատ թանկ են, երկու անգամ ավելի թանկ, քան մնացած գրքերը, եթե սկսես գնել, ամբողջ աշխատավարձն էլ չի բավականացնի: Մնում են դրանց պատճենահանումները, որոնք ավելի քիչ, բայց էլի բավական գումար են կազմում:
Նյութականը դեռ մի կողմ, աշխատակիցներին ավելի շատ վիրավորում է բարոյական կողմը: Ուզում են հասկանալ` ինչո՞ւ էին խորհրդային տարիներին հարգում մարդկանց վաստակը, ինչ-որ արտոնությամբ փորձում փոխհատուցել այն, իսկ հիմա, իրենց խոսքով, «դանակը ոսկրին են հասցնում»:
Իսկապես, հարցը զուտ բարոյական կողմ ունի, քանի որ իրենք` գրադարանային աշխատողներն էլ հասկանում են, որ գրքերը գրադարանից դուրս տանելը ազգային գրադարանի պարտադիր ծառայությունների շարքում չէ: Բայց տասնամյակներ շարունակ, բացի հիմնական ծառայությունից, այսինքն` գրքերը գրադարանի ընթերցասրահներում սպասարկելուց, այստեղ գործել են անհատական բաժնույթը, որից օգտվել են գրադարանի երկարամյա ընթերցողները` բարձր գիտական աստիճաններ ու կոչումներ ունեցող, և գրադարանի երկարամյա, թոշակի անցած աշխատակիցները, ներքին բաժնույթը, ինչպես արդեն նշեցինք, և միջգրադարանային բաժնույթը, որից օգտվել են հանրապետության այլ գրադարաններ, այստեղից գրքեր են տարել իրենց ընթերցողների համար: Երեքն էլ` անվճար:
Անկախության տարիներին վճարովի է դարձել անհատական բաժնույթի մի հատվածը: Հիմա այս բաժնույթից բոլորն օգտվում են տարեկան 10 հազար դրամով: Բայց ո՞ւմ հայտնի չէ, որ տարեց դոկտոր, պրոֆեսորները ծիծաղելի թոշակ են ստանում, նրանց համար էլ այս կյանքը հեշտ չէ: Պատմեցին, որ օրերս այս բաժնույթից լացակումած, առանց գիրք վերցնելու հեռացել է գրադարանի վաստակավոր ու այժմ թոշակու աշխատակցուհիներից մեկը: «Մի՞թե իմ ավանդն այս գրադարանի համար ոչինչ չարժի»,- ասել է նա:
Այնուամենայնիվ, դառնանք իրավական կողմին: Վճարովի ծառայությունների դիմում են աշխարհի բոլոր գրադարանները, մանավանդ` ազգային: Մասնագետներն այս հաստատությունները համեմատում են մեծ երախի հետ, որի մեջ ինչքան էլ փող գցես` չի բավարարվի: Նույնիսկ ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանը, որ պետական բյուջեից տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլար հատկացում է ունենում, դարձյալ կողքից տարբեր բիզնեսներ է բացում: Եվ լրացուցիչ ֆինանսական աղբյուրների որոնման հակված մեր մասնագետներն էլ մշտապես բերում են արտասահմանի փորձը` մոռանալով, սակայն, որ արտասահմանում գրադարանավարն ամենահարգի մասնագիտությունների շարքում է, և ազգային գրադարանների աշխատակիցներն էլ բարձր աշխատավարձ են ստանում: Օտար փորձին համապատասխանելու համար հարկ է հաշվի առնել բոլոր հանգամանքներն ու պայմանները:
Բացի այդ, անվճար և վճարովի ծառայությունները պետք է հստակ տարբերակվեն օրենքով, որպեսզի կամայականությունների դուռ չբացվի: Սա սկզբունքային հարց է: Այլապես այսօր այս տնօրինությունը սրանք կհամարի հավելյալ ծառայություն և վճար կպահանջի, վաղը մի ուրիշ տնօրինություն վճարովի կդարձնի նաև սովորական սպասարկումը: Դրա օրինակն արդեն ունեցել ենք ոչ այնքան վաղ անցյալում: Նախորդ տնօրինությունը 5X10 սմ չափսի պատվերաթերթիկները, որոնց վրա ընթերցողները նշում էին իրենց պատվերը, վաճառում էր 20 դրամով: Ստացվում էր, որ ամեն գիրք կարդալն այդքան արժեր, ստացվում էր, որ հարկեր էինք վճարում, որպեսզի հետո վճարեինք մեր իսկ հարկերով գործող հաստատությանը:
Նայենք օրենքին: «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքում, որի 9-րդ հոդվածը վերաբերում է Հայաստանի ազգային գրադարանին, ոչինչ չկա նրա վճարովի և անվճար ծառայությունների ցանկերի, գոնե դրանց տարբերակման սկզբունքների ու հնարավորությունների մասին, ոչինչ չկա նաև կառավարության որոշումներում: Այս պարագայում հարցը գոնե քննարկման չի դրվել Գրադարանների խորհրդում կամ ազգային գրադարանի գիտխորհրդում, որոշումն ընդունվել է տնօրինության նիստում:
Հիմա էլ նայենք տարրական թվաբանությանը: Ինչքա՞ն օգուտ կբերի գրադարանին այս «նորամուծությունը»: Մոտավոր հաշվարկներով` տարեկան մոտ 2,5 մլն դրամ: Մի տարի առաջ գրադարանը թալանվեց, մի քանի տասնյակ միլիոնների կորուստ եղավ: Անվերադարձ: Բացի գողերից, մեր որոշումներ ընդունող պաշտոնատար այրերից ո՞ր մեկը պատասխանատվություն կրեց այս խայտառակ անփութության համար: Կամ Երևանի գրեթե բոլոր փողոցների բոլոր կանգառներում հսկայական վահանակներ են ցցված` «Կարդա», «Կարդալը նորաձև է» և նման անհեթեթ բովանդակությամբ, որոնք գումարներ արժեն: Ավելի լավ չէ՞ այդ միջոցները ներդնել գրադարանների կարիքները հոգալու համար:
Վերջապես հիշենք, որ 1993 թ. Հայաստանը վավերացրել է Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և այդպիսով պարտավորվել է աստիճանաբար բարելավել մեր` հայաստանցիներիս սոցիալական, տնտեսական և մանավանդ մշակութային պայմանները, որպեսզի լիարժեք իրացնենք մեր իրավունքները: Ի՞նչ հաշվետվություն է տալիս մեր երկիրը, որ օր օրի, որոշումից որոշում իսկապես «դանակը ոսկրին է հասցնում»:
Հ.Գ. Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ առողջապահության նախարարությունը կանանց միամսյակի կապակցությամբ կանանց անվճար բուժսպասարկման (ընդհուպ մինչև վիրահատությունները) միամսյակ է հայտարարել: Էհ, կարո՞ղ ենք համարել, որ վերը նշված «նորամուծությունն» էլ, կանանց միամսյակին ընդառաջ, մշակույթի նախարարության նվերն է Հայաստանի ազգային գրադարանի աշխատողներին, որոնց 99 տոկոսը կանայք են:
Tags: գրադարան, հանրային գրադարան