Թեև դեռ նախորդ տարեվերջին պարզ էր, որ ՀՆԱ-ի աճը չի լինելու այն մեծության, որը կառավարությունը կանխատեսել էր 2013 թվականի համար` 6,2 տոկոս, բայց ԱՎԾ-ի` փետրվարի 28-ին հրապարակած ցուցանիշներից արդեն վերջնականապես ու պաշտոնապես պարզ դարձավ, որ ՀՆԱ-ի աճը 2013 թ. կազմել է ընդամենը 3,5 տոկոս:
Ի՞նչ է ՀՆԱ-ն, ու հասարակ քաղաքացին իր վրա կզգա՞ ՀՆԱ-ի աճը
Երբ երկրի տնտեսությանը պայմանականորեն նայենք ինչպես ինքնաթիռի իլյումինատորից` լուսամուտից, ապա կերևա ձեռնարկություններով, տնային տնտեսություններով, կառավարական գործակալություններով, տարբեր հիմնարկներով, խանութներով ու էլի շատ բաներով մի լայնածավալ դաշտ: Այդ բոլոր ձեռնարկությունները, ընկերությունները, գործակալությունները, մարդիկ` բոլորը միասին, աշխատում ու ստեղծում են արդյունք: Այդ ամբողջ ստեղծվածն էլ հենց ՀՆԱ-ն` համախառն ներքին արդյունքն է: Այսինքն` ՀՆԱ-ն արտադրանքի այն լայնահուն գետն է, որտեղ լցվում են բոլոր մանր, միջին, մեծ, պետական ու մասնավոր հիմնարկների ու ձեռնարկությունների, երկրի բոլոր քաղաքացիների կողմից ստեղծված նյութական, հոգևոր, մշակութային արդյունքները: Ու երբ տնտեսագետներն ասում են, թե ՀՆԱ-ն աճել կամ նվազել է, նկատի ունեն, որ արտադրանքի այդ գետը հորդացել կամ ծանծաղել է: Որ բոլորը միասին արտադրում են ավելի շատ կամ քիչ, նշանակություն չունի, թե ով ինչ է արտադրում:
ՀՆԱ-ն հիմնական երկու մեծ խմբի կարելի է բաժանել`սպառողական արտադրանքի` այն ապրանքների ու ծառայությունների, որոնք մենք ամեն օր գնում, օգագործում ու սպառում ենք, ու ներդրման միջոցների` այն ապրանքների ու ծառայությունների, որոնք չեն սպառվում, օրինակ` ԱԺ ընդունած օրենքները, պետության կողմից կառուցվող ճանապարհը, երկաթգիծը և այլն: Եվ ՀՆԱ-ն հենց այս երկու խումբ` սպառողական ու ներդրման ապրանքների «վաճառքի» գումարն է: ՀՆԱ-ի մեջ հաշվարկվում են 4 հիմնական բաղադրիչներ` անձնական սպառման ծախսերը, մասնավոր տնային տնտեսությունների ներդրումային ծախսերը, պետական գնումները և արտահանման հաշվեկշիռը` արտահանման ու ներմուծման ցուցանիշների տարբերությունը:
Ու հարց է առաջանում` լա՞վ է, երբ ՀՆԱ-ն աճում է, և վա՞տ, երբ նվազում է,ՀՆԱ-ի աճելով մենք ավելի լա՞վ ենք ապրում: Ահա պատասխանը միանշանակ չէ, և՛ այո, և՛ ոչ: Իհարկե լավ է, որ ընդհանուր արտադրանքի ծավալն աճում է, հետևաբար, աճում են նաև եկամուտները, աշխատատեղեր են բացվում և այն: Բայց ՀՆԱ-ն նաև ապակողմնորոշիչ է ու մի շարք թերություններ ունի: Նախ և առաջ` ՀՆԱ-ն գումարային արտահայտություն ունի, այլ ոչ ապրանքային, հետևաբար, գնաճի հետ ճշգրտման կարիք ունի: Այսինքն` եթե այս տարի ապրանքների գներն ավելի բարձր են, քան անցյալ տարվա գները, ապա այս տարվա ՀՆԱ-ն ավելի մեծ կստացվի: Այսինքն` տնտեսության իրական աճն այս դեպքում հասկանալու համար պետք է ՀՆԱ ցուցանիշից հանվի գնաճը: Մյուս թերությունն այն է, որ որոշ ժամանակի ընթացքում արտադրվող ապրանքների կամ ծառայությունների որակն է փոխվում` տեխնոլոգիական առաջընթացից ելնելով, ու այդ փոփոխություններով պայմանավորված էլ դժվարանում է որոշել, թե ՀՆԱ-ն իրականում ինչքանով է աճել, որովհետև օրինակ` մի քանի տարի առաջ 40 հազար դրամով կարելի էր ձեռք բերել սովորական հեռախոս, իսկ այսօր` սմարթֆոն: Որակի տարբերություններն այստեղ ակնհայտ են, բայց ՀՆԱ-ով այս տարբերությունը չի արտահայտվում` միայն գումարն է արձանագրվում:
Երրորդ թերությունը ՀՆԱ-ի «կուրությունն» է արտադրանքի վերջնական օգտագործման նկատմամբ: Այսինքն` եթե մի տարի կառավարությունը մեծ գումարներ է ներդնում, օրինակ` կրթության ոլորտում, իսկ հաջորդ տարի` նույնքան ներդրումներ է կատարում, օրինակ` մի ինչ-որ ձախողված նախագծի վրա, ենթադրենք` ոչ ոքի պետք չեկող ավտոմեքենա է արտադրում, միևնույն է, երկու դեպքում էլ թվերը ՀՆԱ աճի միևնույն քանակն են ցույց տալու: Եվ վերջապես, մեծ թերություն է, որ ՀՆԱ-ն ոչինչ չի ասում ՀՆԱ-ի սոցիալական հետևանքների կամ բաշխվածության մասին, որովհետև հասարակության մեջ ապրանքների ու ծառայությունների սպառումը համաչափ չի բաշխվում:
Տնտեսագետները երկնիշ աճի հնարավորության մասին են խոսում
Այս ամենով հանդերձ, ՀՆԱ-ն տնտեսական գործունեության ընդհանուր մակարդակի պարզագույն, բայց անչափ կարևոր ուղին է, ցույց է տալիս ընդհանուր տնտեսության աճը:
Մի խոսքով, 2013 թ. ՀՀ-ում գրանցվել է 3.5 տոկոս ՀՆԱ-ի աճ: Ու դա տնտեսագետ Վարդան Բոստանջյանը լավ ցուցանիշ չի համարում, քանի որ եթե նաև ելնենք նախորդ տարիների, այսպես կոչված, տնտեսական աճի ցուցանիշներից ու այդ ցուցանիշին համադրենք ՀՆԱ-ի այս տարվա պաշտոնական թիվը, ապա այն չի առաջացրել այն պոտենցիալը, այն հիմքերը, որոնք պետք է ապահովեին որոշակի թռիչք` զարկ հետագա զարգացման համար:
«Նման պատկերը տխուր է ներկայանում բազմաթիվ առումներով: Անընդհատ այդ սպասողական վիճակը, թե հիմա կհայտնվեն միտումներ, կլինեն այնպիսի զարգացումներ, որոնց պարագայում մենք ավելի բարձր ցուցանիշներ կարձանագրենք, այդ հույսերը չեն արդարանում: Եվ այդ առումով էլ պայմանավորված` այդ ցուցանիշները համարվում են ոչ բարձր: Բոլոր դեպքերում, եթե մենք ուշադրություն դարձնենք նախորդ տարիների դինամիկային, անցած ամբողջ ժամանակահատվածում մենք տեսել ենք, որ տնտեսական աճի առումով երբեք չենք գրանցել այնպիսի թվեր, ինչի վերաբերյալ կանխատեսումներ են եղել: Իհարկե, նման ձախողումների պարագայում նրանք միշտ հղումներ են կատարել, միջազգային տնտեսական ճգնաժամին, որն, իբր, դեռևս շարունակվում է»,- նշեց Վարդան Բոստանջյանը:
Նրա բնորոշմամբ` Հայաստանում այսօր ընդհանուր տնտեսությունը, գործարար միջավայրը տեղում դոփում է, չի զարգանում, իսկ հասարակ մարդկանց ոչինչ չի ասում ՀՆԱ-ի 3.5-տոկոսանոց աճը, քանի որ հասարակ քաղաքացին իր մաշկի վրա զգում է օրեցօր ծանրացող սոցիալական խնդիրների բեռը:
Իսկ կանխատեսված 6.2 տոկոս ՀՆԱ աճի փոխարեն ընդամենը 3.5 տոկոս աճի ցուցանիշ ստանալու առումով տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշում է, որ մեր հարևաններին կամ համաշխարհային տնտեսությանը նայելով` ակնհայտ է, որ մի քանի անգամ փոփոխվել են ՀՆԱ աճի կանխատեսումները: Այսինքն` այնպես չէ, որ մի որևէ երկիր դրել է կոնկրետ ՀՆԱ աճի կանխատեսում ու հասել է դրան: Դա Թաթուլ Մանասերյանը բացատրում է գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո առկա անորոշությամբ ու այն հանգամանքով, որ ոչ մի երկիր հստակ ձևավորված տնտեսության մոդել չունի. նեոլիբերալիզմը վաղուց իր տեղը զիջել է, բայց թե ինչ մոդելներ են ավելի ընդունելի տարբեր երկրների, այդ թվում նաև Հայաստանի համար` դեռևս անորոշ է: Իսկ Հայաստանում գրանցված ՀՆԱ աճի տեմպի մասին, ինչպես նշեց տնտեսագետը, կարելի է ասել նաև, որ գոյություն ունեցող հնարավորությունները լավ չեն օգտագործվել:
«Եթե իմ անձնական կարծիքն եք ուզում իմանալ, դրանից ավելի խիստ էլ կարելի է ասել, որ երկրի ղեկավարի կողմից էլ 6-7 տոկոս տնտեսական աճի պահանջ էր դրվել: Եվ ես ասեմ, որ դա ամենահամեստ պահանջն է, որովհետև դրանից ավելի պակաս տնտեսկան աճ արձանագրելով` չի կարելի հավակնել մրցակցային առավելությունների բացահայտման ու իրացման, երկրորդ` թեկուզ հենց տարածաշրջանում, եթե ոչ համաշխարհային տնտեսությունում, սեփական տեղը զբաղեցնելուն: Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանի տնտեսությունն այս պահին, եթե մեր ունեցած հնարավորություններն ու ռեսուրսները ճիշտ հաշվի առնենք ու օգտագործենք` երկնիշ տնտեսական աճի ռեալ հնարավորություն ունի»,- նշեց Թաթուլ Մանասերյանը` մասնավորեցնելով, թե այդ ռեսուրսների օգտագործումը, առանց չափազանցնելու, ընդհուպ մինչև 10-15 տոկոս, իսկ առավելագույնը մինչև 30 տոկոս տնտեսական աճի հնարավորություններ կստեղծի:
Հարկ է նշել նաև, որ զարգացող երկրները գրանցում են ոչ թե կայուն տնտեսական, այլ վերականգնողական աճ. դա կայուն տնտեսական աճից էապես տարբերվում է:
Օրինակ` 1-2 տոկոս տնտեսական աճը ԵՄ երկրներում, ԱՄՆ-ում կամ Ճապոնիայում բավականին շոշափելի կլինի, իսկ Հայաստանում անգամ երկնիշ տնտեսական աճը չի անդրադառնում կամ շատ քիչ է անդրադառնում բնակչության կենսամակարդակի վրա : Այսինքն` Հայաստանի պես զարգացող երկրներում, նշում է Թաթուլ Մանասերյանը, տնտեսական աճը չի կարող սահմանափակվել միանիշ թվերով:
Ի դեպ, 2014 թվականի բյուջեով էլ կառավարությունը կանխատեսում է ոչ թե Մանասերյանի նշած երկնիշ աճը, այլ ընդամենը 5,2 տոկոս: Եվ 2013 թվականի դառը փորձը ցույց է տալիս` բացառված չէ, որ այս կանխատեսումն էլ արժանանա այս տարվա ցուցանիշի ճակատագրին:
Tags: ՀՆԱ, տնտեսական, տնտեսություն
