Սեղանի թենիսը մեր երկրում կարոտ է վերակենդանացման

ֆելիքս սարգսյան (2)Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացայի նախագահները շարունակ փոխվում են, հաջորդում մեկը մյուսին, բայց մարզաձևի վիճակը չի բարելավվում: Թե երբ է սկսվելու տեղաշարժը, դեռևս պարզ չէ: Վերջերս կազմակերպությունը գլխավորեց ԽՍՀՄ, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի, Եվրոպայի չեմպիոն, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական խաղերի ամբիոնի դոցենտ, 59-ամյա Ֆելիքս Սարգսյանը: Նրան հարցրինք` անակնկա՞լ էր իր համար այն, որ Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի համաժողովում ընտրվել է կազմակերպության նախագահ:

- Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահության կազմում եմ տարիներ շարունակ, գլխավորել եմ մարզչական խորհուրդը, Հայաստանի հավաքականն եմ մարզել, և նոր պաշտոնում բարդ ժամանակահատվածում եմ հայտնվել: Իրոք, դրությունը շատ ծանր է: Դա գաղտնիք չէ ոչ մեկի համար, և հնարավոր ամեն միջոց անհրաժեշտ է ձեռնարկել, որպեսզի կարողանանք հաղթահարել ճգնաժամը, վերականգնենք նախկինում եղած ավանդույթները: Դա 1-2 տարվա անելիք չէ, պետք է հետևողականություն դրսևորել, եռանդ, իսկ արդյունքը նկատելի կդառնա միայն 5-6 տարի հետո:

- Այդ ուղղությամբ փորձեր նախկինում էլ արվել են, Երևանի քաղաքապետ աշխատած տարիներին Ռոբերտ Նազարյանն էր ֆեդերացիայի նախագահը: Թվում էր, թե նրան կհաջողվի որևէ բան փոխել, բայց դարձյալ ոչինչ չստացվեց: Ի՞նչն էր խանգարողը:
- Միանգամից հնարավոր չէ որևէ բան շտկել: Պետք է լավ ծանոթ լինել միջավայրին, սիրել այս մարզաձևը և ձգտել սկզբում այն հասցնել թեկուզ բազային վիճակի, որից հետո հնարավոր կլինի առաջխաղացումը: Զրոյից պետք է սկսել և թեկուզ մի փոքր ճանաչման հասնել: Իսկ դրա համար հիմնական նախապայմանն այն է, որ ամեն ինչ տեղը-տեղին կատարվի: Մարզական կենտրոններ կան, որոնք մեկ տասնամյակից ավելի է` սեղանի թենիսի գնդակ չեն ստացել, չեն ապահովվել մարզագույքով պարապմունքները նորմալ կազմակերպելու համար: Ինքս առաջին հերթին ուշադիր եմ լինելու, որ այդպիսի բացերը լրացվեն: Խոստանալ չեմ կարող, որ գործարարները կբացեն իրենց քսակները և ֆեդերացիան ֆինանսական մեծ հոսքերով կապահովեն, սակայն գնդակների, մարզագույքի պակասի և այդ կարգի մի շարք այլ խնդիրներն արագորեն կլուծվեն:

- Նախկինում շատ են խանգարել մասնագետների տարաձայնությունները: Ներկայո՞ւմս էլ նույն վիճակն է:
- Ես բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ եմ: Սեղանի թենիսն է եղել առաջին պլանում, և դավաճանություն եմ համարել, եթե մարզաձևի զարգացմանը խանգարող քայլեր են արվել: Կյանքս այդպես է դասավորվել: Ինձ համար առաջին պլանում են եղել ընտանիքը և սեղանի թենիսը: Կինս` Գոհար Խանզրացյանը, ԽՍՀՄ չեմպիոն է, երեք անգամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր է դարձել, մարզել է Հայաստանի սեղանի թենիսի հավաքականը: Աղջիկս` Անիտան, ներկայումս Դուբայում է աշխատում, մարզում է Արաբական Միացյալ Էմիրությունների սեղանի թենիսի հավաքականը: Տղաս` Դավիթը, բնակվում է Մոսկվայում, երեքսենյականոց բնակարան է ստացել նաև Ստամբուլում: Նա մարզել է Ռուսաստանի կանանց հավաքականը, այժմ էլ թուրքական «Ֆեներբախչե» ակումբի գլխավոր մարզիչն է: Դավիթի ղեկավարությամբ թիմը 2013-ին դարձել է Եվրոպայի չեմպիոնների լիգայի մրցաշարի հաղթող, այժմ էլ իրավունք է ստացել խաղալու այդ մրցաշարի եզրափակչում:

- Շարունակելու՞ եք գլխավորել Հայաստանի սեղանի թենիսի հավաքականը:
- Այո, պատասխանատու աշխատանք է, ծանր և այն ինքս կկրեմ, մինչև ամեն բան հունի մեջ ընկնի: Ֆեդերացիայի նախագահի պաշտոնը հասարակական է և այս մարզաձևի հետ կապված ամեն խնդրի համար է պարտավորեցնում:

- Իսկ օգնողներ կլինե՞ն:
- Կասկած չկա: Բոլոր մասնագետներս պետք է համախմբվենք, մեկ բռունցք կազմած աշխատենք: Հակառակ պարագայում որևէ արդյունքի հասնել չենք կարող: Նույնը վերաբերում է նաև ընտանիքիս անդամներին: Որդիս կօգնի իր ունեցած մարզչական փորձով, գիտելիքներով, կապերով: Նա սեղանի թենիսի աշխարհի ճանաչված մասնագետներից շատերի հետ է մտերիմ հարաբերություններ պահպանում: Սակայն մինչև անվանի մասնագետների օգնությանը դիմելը և նրանց այստեղ աշխատելու հրավերի կարիք զգացվելը դեռ ճանապարհ պետք է անցնենք:

ֆելիքս սարգսյան (1)- Հայաստանում կան սեղանի թենիսի մասնագետներ, բայց որպեսզի նրանք եռանդով աշխատեն, նաև նյութական աջակցություն է պետք, շահագրգռվածություն: Այդ հարցն ինչպե՞ս պետք է լուծվի:
- Հայաստանի ֆեդերացիայի նախագահության կազմում և պարզապես սեղանի թենիսը սիրողների թվում կան մարդիկ, որոնք հայտնել են, որ օգնելու են: Նրանց անունները հրապարակել առայժմ նպատակահարմար չեմ համարում: Ժամանակի ընթացքում ամեն ինչ կներկայացվի: Նախագահության կազմում 11 մարդ կա: Շատերն ինձ արդեն հայտնել են, որ անկախ այն հանգամանքից` նախագահության կազմում են, թե ոչ, միևնույն է, պետք է աջակցեն:

- Խոսվում է այն մասին, որ ձեռք է մեկնելու նաև նախկին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը:
- Նա թենիսի մեծ սիրահար է, կանոնավոր մարզվել է և օգնելու պատրաստակամություն է հայտնել: «Քրոնոմետ» բարեգործական հիմնադրամի ղեկավարությունը խաղասեղաններ է տրամադրել և արդեն ծրագիր է կազմվել, թե ինչ պետք է արվի առաջիկայում: Կասկած չունեմ, որ մենակ չենք մնա:

- Պայմանների առումով վիճակն ինչպիսի՞ն է: Դուք պարապում եք «Հայաստան» մարզական միության մարզասրահում: Դահլիճը ներկված է, լուսավոր, մաքուր և կոկիկ, խաղասեղաններն էլ ժամանակակից են: Մյուս կենտրոններում նո՞ւյնպես վիճակը բարվոք է:
- Սպասվում է, որ առաջիկայում «Դինամո» մարզասրահում ամեն ինչ լավ կլինի: Կազմակերպության ղեկավարությունն այդպիսի ցանկություն ունի: Արաբկիրի համայնքի մարզադպրոցում էլ վիճակը լավ է: Բայց Շենգավիթ համայնքի մարզադպրոցի ներկայացուցիչների մարզումային պայմանները բարելավման կարիք ունեն: Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան պետությունից աջակցության կարգով 13 մլն դրամ է ստանում, որը շատ քիչ է աշխատանքը կազմակերպելու համար:

- Իսկ հուսադրող խաղացողներ կա՞ն:
- Վիճակը նաև այդ առումով լավ չէ: Բայց պետք է աշխատել, պատանի մարզիկների շարքերում կգտնվեն շնորհալիներ: Պետք է ի հայտ բերել նրանց: Սեղանի թենիսի միջազգային կազմակերպությունները ճամբարներ են բացում, ուսումնամարզական հավաքներ կազմակերպում պատանի խաղացողների համար: Պետք է պատվիրակներ ուղարկել, որպեսզի նրանք խաղան, միջազգային մրցափորձ կուտակեն: Կարգուկանոն պետք է լինի: Հայաստանում մրցումներն անհրաժեշտ է բարձր մակարդակով անցկացնել, որպեսզի դրանք ծառայեն իրենց նպատակին: Փառատոներ պետք է կազմակերպվեն, զանգվածային մեկնարկներ: Հանրակրթական դպրոցներում ևս խաղասեղաններ պետք է լինեն: Այդ ամենն այժմ ոչ մեկին չի հետաքրքրում, և անտարբեր վերաբերմունքը պետք է փոխվի: Նախկինում մերոնք Եվրոպայի ակումբային առաջնության են մասնակցել, Երևանում էլ մրցամարտ է անցկացվել: Նույնը հիմա էլ պետք է արվի: Բաց մինչ այդ լավ թիմ պետք է ստեղծել: Միայն ինքնանպատակ խոշորամասշտաբ ստուգատեսների մասնակցելն անիմաստ է: Այդ միջոցները ցանկալի է արդյունավետ օգտագործել, պատանի մարզիկ-մարզուհիներին Ռուսաստանում, մոտակա այլ երկրներում միջազգային մրցումների, ուսումնամարզական հավաքների մասնակցելու հնարավորություն տալ: Նաև պետք է մեր երկրում բաց մրցաշարեր կազմակերպել և դրսից թիմեր հրավիրել, մարզչական սեմինարներ անցկանել, մեր մասնագետներին գործուղել արտասահման` վերապատրաստվելու: Աշխատանք շատ կա: Իսկ խոշորամասշտաբ ստուգատեսների մասնակցելու համար պատվիրակներ գործուղել այն ակնկալիքով, որ վերջին տեղեր կարող ենք գրավել, փող ծախսելու իմաստ չկա:

- Այս տարվա անելիքների ծրագիրը պատրա՞ստ է:
- Այն կա, սակայն պետք է հստակեցվի: Ինքս նոր եմ նշանակվել, փոփոխություններ կլինեն:

- Արտասահմանում կա՞ն մարդիկ, որոնք պատրաստ են աջակցել:
- Տիգրան Ձիթօղցյանը հայտնի նկարիչ է, նախինում սեղանի թենիսիստ է եղել, Շվեյցարիայից ԱՄՆ է տեղափոխվել, բնակվում է Նյու Յորքում և առաջինն ինձ շնորհավորեց, խոստացավ ամենայն աջակցություն: Լիբանանի սեղանի թենիսի ֆեդերացիայի փոխնախագահ Րաֆֆի Մոմջողլյանը, որի աղջիկը` Դվինը, 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից էր, առաջարկել է համագործակցել: Շվեյցարիայում ուսումնամարզական հավաքներ անցկացնելու հարցում կարող է օգնել անվանի թենիսիստուհի Էլմիրա Անտոնյանը: Ռուսաստանում, Բելառուսում հին կապերը պահպանվել են, կփորձենք օգտագործել:

Tags: ,