Մյուսների համար տոն, մեզ համար` եռատոն

եռատոն-արցախՀայոց նոր և նորագույն շրջանի պատմության մեջ մայիսն իրավամբ համարվեց մեր հաղթանակների ամիսը: Վերջին հարյուր տարվա մեջ Հայաստանի երեք հանրապետություների  գծած պատմական ուղեգծում մայիսն առանձնանում է հայերիս գոյամարտի հաղթական հանգուցակետերով: Մեր հաղթանակների մայիսը թերևս սկսվում է մայիսի 8-9-ից: Այն արդեն 21 տարի է, ինչ կոչվում է նաև եռատոն:

 Երկրորդ աշխարհամարտը նաև հայերի պատերազմն էր

Եռատոնի «առաջին արարը» կապված է  ֆաշիստական Գերմանիայի դեմ ԽՍՀՄ-ի տարած հաղթանակի հետ Հայրենական մեծ պատերազմում, որում ամենաակտիվ մասնակցությունն ունեցավ նաև հայ ժողովուրդը: Ճիշտ է, Հայաստանում, բարեբախտաբար, ռազմական գործողություններ տեղի չունեցան, սակայն սա նաև մեր պատերազմն էր, որում վճռվում էր նաև մեր ժողովրդի ապագան, քանի որ Խորհրդային Հայաստանը կոմունիստական ճամբարի երկիր էր և խորհրդային բանակում կռվող հարյուրհազարավոր հայեր իրենց  արյունն էին հեղում:

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 500 հազար հայ, որոնցից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից, իսկ մնացած 200 հազարը` Խորհրդային Միության այլ հանրապետություններից: Սա իրոք պատկառելի թիվ է, եթե հաշվի առնենք, որ 1939 թ. տվյալներով հայերի թիվը ողջ ԽՍՀՄ-ում մոտ 2 մլն էր, այսինքն` հայերի 25 տոկոսը կռվում էր: Բացի նրանցից, 100 հազար հայ էլ մարտնչում էր հակահիտլերյան կոալիցիայի երկրների զորքերի կազմում: Այսինքն` ամբողջ աշխարհում 1939-ից մղվող  Երկրորդ համաշխարհային պատերազմում հայերի մասնակցության թիվը  600 հազար էր: Շուրջ 200 հազար հայ հերոսաբար ընկել է ռազմի դաշտում: Շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով:

Այս պատերազմում հայերն աչքի ընկան ոչ միայն մասնակցության մեծ թվով, այլև ռազմական տաղանդով և սխրանքներով: Հայերը պատերազմ ուղարկեցին 6 ազգային դիվիզիա: Իսկ 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան Կովկասից հասավ Բեռլին:

Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանն է արժանացել 106 հայ` գրավելով 6-րդ տեղը ռուսներից, ուկրաինացիներից, բելառուսներից, թաթարներից և հրեաներից հետո, նրանցից 2-ը` Հովհաննես Բաղրամյանն ու Նելսոն Ստեփանյանը Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման են արժանացել: 27 հայեր դարձել են «Փառքի» շքանշանի բոլոր 3 աստիճանների ասպետներ:

Պատերազմի մասնակից 4 հայորդիներ դարձան մարշալներ` Հովհաննես Բաղրամյանը, ծովակալ Իվան (Հովհաննես) Իսակովը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամփերյանցը) և զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանը: 160-ն արժանացան գեներալի կոչման, որոնցից 64-ը` հենց պատերազմի ժամանակ: Գեներալների և ռազմաօդային ուժերի, զրահատանկային և հրետանային զորքերի սպաների թվով հայերը 4-րդն են ռուսներից, ուկրաինացիներից և բելառուսներից հետո: ԽՍՀՄ-ը 1945 թ. մայիսի 9-ին գրավեց Բեռլինը` այդպիսով հաղթանակ տանելով ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ: Եվ 1945-ից սկսած մինչև փլուզումը` 1991 թ., ԽՍՀՄ-ում, իսկ 1991-ից հետո հետխորհրդային երկրներում մայիսի 9-ը նշվում է որպես հաղթանակի տոն: Այդ թվում և Հայաստանում:

Հենց մեր պապերի փառահեղ հաղթանակն էլ կրթեց նոր սերնդին, որը 1991 թվականին Արցախում պարզեց ազատության դրոշն ու դուրս գալով գոյամարտի` հաղթեց, վերահաստատեց հայերիս ապրելու իրավունքը արևի տակ ու մայիսյան հաղթանակն էլ մեր ազգի համար դարձրեց եռատոն:

Եռատոնի «երկրորդ արարը»

Արդեն 21 տարի է` 1992 թվականից, ինչ մայիսի 9-ին հայ ժողովուրդը նշում է ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, այլև հայ ժողովրդի համար ճակատագրական մեկ այլ կարևոր հաղթանակի` Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշիի ազատագրման օրը:  Շուշիի ազատագրումը կարևոր էր Ղարաբաղյան պատերազմում: Հենց այստեղից էին ադրբեջանցիները հարվածում Ստեփանակերտի և մերձակա գյուղերի ուղղությամբ:

Կարագյավ գյուղից մինչև Քիրս մոտ 40 կմ ձգվող ռազմաճակատի գծով նախատեսված էր հարձակման 4 ուղղություն: Առաջինը Հյուսիսային կամ 26-ի ուղղությունն էր, հրամանատար Վալերի Չիթչյան, երկրորդը` Շոշի, հրամանատար Արկադի Կարապետյան, երրորդը Սամվել Բաբայանի հրամանատարությամբ Հարավային (Լաչինի) ուղղությունն էր, չորրորդը` Ջանհասան-Քյոսալարինը (հարավարևմտյան), հրամանատար Սեյրան Օհանյան: Ստեղծված էր նաև գլխավոր պահեստային ստորաբաժանում, որի հրամանատարն էր Յուրա Հովհաննիսյանը, և մոտ 300 հոգանոց պահեստային ուժեր, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է օգնության հասնեին: Ամբողջ օպերացիան, որը կրում էր «Հարսանիք լեռներում» անունը,  ղեկավարում էր Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), շտաբի պետն էր Ֆելիքս Գզողյանը: Կոմանդոսը դեռևս մայիսի 4-ին էր ստորագրել հարձակման հրամանը, որը, սակայն, նախապատրաստական որոշ հարցերի պատճառով հետաձգվեց: Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» ծածկանունը կրող մարտական գործողությունը սկսվեց մայիսի 8-ին, ժամը 2.30-ին և ավարտվեց մայիսի 9-ի լուսաբացին:

Մերոնք հաղթանակած մտան Շուշի և Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին ծածանվեց հայոց եռագույնը:

Մարտական գործողության ժամանակ հայկական կողմն ունեցավ 57 զոհ, հակառակորդը` 250-300: Շուշիի ազատագրումից հետո հայկական ուժերը ազատագրեցին նաև մերձակա բնակավայրերը, Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը, Բերձորը (Լաչին) և մայիսի 18-ին, բացելով «Լաչինի մարդասիրական միջանցքը», հասան ՀՀ սահման: Պատերազմը մտավ նոր փուլ:

Շուշիի ազատագրումով ու միջանցքի բացումով պիտի որ  պատերազմը բեկվեր: Բայց դրան հաջորդեց հայկական զինուժի դիմակայությունը նույն տարվա ամառվա աննախադեպ ուժեղ գրոհներին, եղան ծանր պարտություններ, սակայն աշնանից սկսած` հակահարձակման ու լայնածավալ առաջխաղացման ոգին վերականգնվեց, արդյունքում ազատագրվեցին Լաչինի, Քելբաջարի, Աղդամի, Զանգելանի, Ղուբաթլուի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի շրջանները, ինչը, ի վերջո, ավարտվեց 1994-ի մայիսին զինադադարի կնքմամբ:

Հենց Շուշիի ազատագրումն էլ համալրեց մայիսի 9-ի` Հաղթանակի օրվա տոնական խորհուրդը, և այժմ այս օրը նշվում է ոչ միայն «միասնական հայրենիք» ԽՍՀՄ-ի տարած հաղթանակը Մեծ հայրենականում, այլև հենց բուն հայկական հողում հայ ժողովրդի գոյապայքարի հերոսական ու փառահեղ էջերից մեկը:

Ինչ վերաբերում է եռատոնի «երրորդ արարին», ապա պետք է նշել, որ 1992 թ. մայիսի 9-ը համարվում է նաև ԼՂՀ պաշտպանության բանակի օր: Ու դրա  շնորհիվ էլ առաջացել է «եռատոն» անվանումը:

Tags: , ,