Ավարտվեցին նաև «ոչ քաղաքական» ևս մեկ ընտրություններ, ու քաղաքը, համաձայն պաշտոնական տվյալների, «ընտրեց» նոր ավագանի: Ու ի՞նչ ստացվեց. Հայաստանի ներքաղաքական կյանքում այսպես թե այնպես որոշակի դերակատարում ունեցող քաղաքական ուժերից երեքը, որոնք մասնակցում էին Երևանի ավագանու ընտրությունների ընտրապայքարին` ՀՅԴ-ն, նորաստեղծ ՀԱԿԿ-ն ու ՕԵԿ-ը, տեղ չունեցան ավագանու կազմում: Ու երևանի ղեկավարումը հաջորդ 4 տարիներին իրականացնելու են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու «Բարև Երևան» դաշինքը:
Հիմա քաղաքապետարանը «բաժանելու» հերթն է
Ամենևին էլ ցանկություն չունենք այս նյութում անդրադառնալ ո՛չ ընտրությունների ընթացքի, ո՛չ դրանց որակի ու ո՛չ էլ քաղաքական նշանակության կամ դրսևորումների վրա: Մի բան ակնհայտ է. թեկուզ ավագանու կազմ անցած ուժերը` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Բարև Երևանը», հավաքել են, համապատասխանաբար, 55, 23 և 8 տոկոսից ավելի, բայց քանի որ ընտրապայքարից դուրս մնաց 4 ուժ, նրանց ստացած քվեների տոկոսները կբաշխվեն ավագանի անցած ուժերի միջև: Այսպիսով, Երևանի ավագանու կազմում ՀՀԿ-ն կունենա 41 կամ 42 մանդատ, ԲՀԿ-ն` 17 մանդատ, իսկ «Բարև Երևանը»` 6 կամ 7 մանդատ: Սա արդեն ոչ թե կանխատեսում է, այլ իրական պատկեր: Ու հիմա հարց է առաջանում` Երևանի ավագանու կազմ ձգտող քաղաքական ուժերն ինչպե՞ս են իրենց դրսևորելու ավագանու «կերակրատաշտի» վերաբաշխման հարցերը լուծելիս:
Դատելով պատկերից, պարզ է, որ ՀՀԿ-ն հնարավորություն ունի միանձնյա որոշելու, թե ինչպես են բաշխվելու ավագանու հաստիքացուցակները, քանի որ բացարձակ մեծամասնություն է կազմում: Իսկ բացարձակ մեծամասնությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի կառավարման գործերի հաստիքները բաշխվում են ավագանու քվեարկությամբ, ենթադրում է, որ ՀՀԿ-ն, առանց կողմնակի «աջակցության», կարող է իր ուզած որոշումներն ընդունել ու իր ուզած արդյունքները ստանալ:
Այս պայմաններում հարց է, թե ինչ են անելու իրենց համամասնական ցուցակները ԲՀԿ-ն ու «Բարև Երևան» դաշինքը:
Եթե ՀՀԿ-ն ավագանիում բացարձակ մեծամասնություն չկազմեր, ասել է թե` չկարողանար միանձնյա քաղաքապետ «ընտրել» կամ նշանակել, պարզից էլ պարզ է, որ մյուս ուժերի համամասնական ցուցակների առաջին համարները թեժ պայքար կմղեին ինչպես քաղաքապետի, այնպես էլ քաղաքապետի տեղակալների, թաղապետերի և այլ կարևոր պորտֆելների համար:
Որովհետև, քանի որ Երևանում է բնակվում ՀՀ բնակչության մոտ 2/3-ը, այստեղ է կենտրոնացած երկրի ֆինանսատնտեսական ռեսուրսների 70 տոկոսից ավելին, Երևանի քաղաքապետի պաշտոնը դառնում է ոչ թե մարտավարական, այլ ռազմավարական նշանակության պաշտոն: Ուստի այն բավական «ցանկալի պատառ» էր, օրինակ, ԲՀԿ-ի ցուցակի առաջին ու երկրորդ համարներ Վարդան Օսկանյանի և Գուրգեն Արսենյանի համար, ախորժալի էր նաև Արմեն Մարտիրոսյանի և այլոց համար: Բայց երբ այդ պաշտոնին ԲՀԿ-ի ու «Բարև Երևանի» առաջատարները արդեն չեն կարող հավակնել, կարելի՞ է պատկերացնել մի սցենար, որ, օրինակ, Վարդան Օսկանյանը կամ Գուրգեն Արսենյանը հրաժարվեն ԱԺ պատգամավորի իրենց մանդատներից ու վերցնեն Երևանի ավագանու, թեկուզ փոխքաղաքապետի մանդատներ: Ճիշտն ասած, մի քիչ դժվար է պատկերացնել: Ամենայն հավանականությամբ` ԲՀԿ ցուցակի առաջին երկու համարներն իրենց իրավունքները Երևանի ավագանիում կզիջեն, օրինակ, ավագանու ընտրություններում ԲՀԿ նախընտրական շտաբի պետ Աբրահամ Մանուկյանին: Ի դեպ, մամուլում արդեն լուրեր են պտտվում, որ իշխող ուժի մոտ շրջանառվել է նաև Մանուկյանին Երևանի քաղաքապետի տեղակալներից մեկի պաշտոնում նշանակելու մասին միտքը: Ու եթե քաղաքական աշնանը ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն «օպերացիա ՕԵԿ» չխաղարկեն, այսինքն` ԲՀԿ-ն չդարձնեն ընդդիմություն, ինչի մասին խոսակցություններ նույնպես շրջանառվում են, ապա շատ հնարավոր է, որ Աբրահամ Մանուկյանին էլ տեսնենք Երևանի փոխքաղաքապետների շարքում: Այսինքն` պարզ է, որ Արսենյանն ու Օսկանյանն ԱԺ-ի իրենց մանդատները չեն թողնի ու գան Երևանի ավագանի` պայքարելու իրենց նախընտրական դրույթներն ի կատար ածելու համար:
«Բարև Երևանի» գործը դժվարացավ
Այս դեպքում «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչների մասին նույնիսկ չենք էլ խոսում: Մեր տեղեկություններով` նրանց ցուցակի առաջատարները կվերցնեն ավագանու մանդատները: Այս ուժը ցանկանում է Երևանի ավագանիում ստեղծել ուժեղ թիմ, ու այդ նպատակով ավագանի կգործուղի ցուցակի առաջատար համարների տակ հանգրվանած «Ժառանգության» ներկայացուցիչներին` գումարած նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին:
Ընտրություններից հետո էլ մանդատները վերցնելու մասին խոսեց նաև «Ժառանգության» փոխնախագահ, «Բարև Երևան» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար Արմեն Մարտիրոսյանը` շեշտելով, որ եթե ինչ-որ ուժի կամ կուսակցության ժողովուրդը վստահության քվե է տվել, ապա այդ ուժը պետք է այդ վստահությունն արդարացնի…
Այսինքն` «Բարև Երևանը», ի տարբերություն ՀԱԿ-ի, որը նախկին ավագանու կազմում վայր դրեց իր մանդատները` հանդիսանալով ավագանու միակ ընդդիմադիր խմբակցությունը, կվերցնի այդ մանդատները: Առհասարակ, ճիշտ էլ կանի, որովհետև սխալ է, երբ մի ինչ-որ ուժ կամ ուժեր պայքարում են ինչ-որ արդյունքի համար, բայց ստանում են ավելի պակաս արդյուք, քան ակնկալում էին, ու հրաժարվում են իրենց այդ ձեռքբերումից: Ճիշտ է` Երևանի ավագանիում «Բարև Երևանը» որոշումների ընդունման վրա չի կարող ազդել: Չի կարող նույնիսկ ԲՀԿ-ի հետ միավորվելով: Բայց Երևանի ավագանիում մանդատ ունենալը լրացուցիչ գործիք է յուրաքանչյուր քաղաքական ուժի համար` թեկուզ այն որպես քաղաքական գաղափարներ առաջ քաշելու և ավագանին որպես հարթակ, ամբիոն օգտագործելու նկատառումներից ելնելով:
Այս առումով, ի տարբերություն ԲՀԿ ցուցակի առաջին հորիզոնականներում հանգրվանած թեկնածուների, «Բարև Երևանի» ներկայացուցիչներն ընտրելու անհրաժեշտություն էլ չունեն. նրանցից ոչ ոք ներկայումս ավելի բարձր պաշտոնում չէ:
Մի խոսքով` քանի դեռ ԲՀԿ-ն հստակ դիրքորոշում չի հայտնել, թե քաղաքական դաշտի որ կողմում է դիրքավորվում, ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական, Երևանի ավագանիում ամբողջ ընդդիմադիր հատվածի «շահերը» կներկայացնի «Բարև Երևանը»` 6 կամ 7 անդամներով: Ասել է թե` նրանց թեժ քառամյակ է սպասում…
Tags: Երևանի ավագանու ընտրություններ
