Վերջերս շրջանառության մեջ է դրվել մի վարկած, ըստ որի` Հեյդար Ալիևը ծնվել է 1923 թ. Հայաստանի Սիսիանի շրջանի ադրբեջանական գյուղերից մեկում:
Խորհրդային պատմագիտության առաջ քաշած այն թեզը, թե անհատը չի կարող փոխել պատմության ընթացքը, թե անհատներն այդ իմաստով սոսկ դերասաններ են պատմության թատերաբեմում, վաղուղ հերքվել է:
Հայոց պատմության մեջ ունեցել ենք գործիչներ, որոնց անհատական կարողությունների շնորհիվ պատմության անիվը շրջվել է. օրինակ` Գարեգին Նժդեհը: Սակայն իսկական հերոսները, որպես կանոն, իրենց առաքելությունն ավարտելուց հետո համեստորեն անէանում են` դառնալով անուն. իսկ այ, կեղծ հերոսներն ու արժեքները կուռք ու պաշտամունք են դառնում շատ արագ:
Ադրբեջանի Հանրապետությունում նման կեղծ հերոս է Հեյդար Ալիևը, առհասարակ` Ալիևների գերդաստանը:
Հեյդար Ալիռզա օղլի Ալիևը Խորհրդային Միության աչքի ընկնող բացառիկ գործիչներից էր: Նրա բացառիկությունը պայմանավորված է անցած ճանապարհով, գլխապտույտ հաջողություններով, որ ունեցավ նաև բախտի բերմամբ: Հեյդար Ալիևը ճակատագրի սիրելին էր:
Առհասարակ խորհրդային անվտանգության մարմիններն աչալուրջ էին իրենց կադրերի ընտրության հարցում: Խորհրդային չինովնիկները պետք է անվերապահ հավատ ու նվիրվածություն ունենային երկրի ու վարչախմբի հանդեպ: Սակայն դա չխանգարեց Հեյդար Ալիևին, որ փաստաթղթեր կեղծելով` խուսափում էր բանակային ծառայությունից, առաջխաղացում ապրեր ու դառնար ԽՍՀՄ ԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ:
Այո, Հեյդար Ալիևը կարողացավ սրընթաց վերելքով Կենտկոմի բարձունքները նվաճել: Սակայն գորբաչովյան պերեստրոյկան թե՛ նրան, թե՛ բրեժնևյան շրջանի հին կադրերին դուրս մղեց Կրեմլից: Թվում էր` Ալիևը հեռացավ ասպարեզից ընդմիշտ:
Մոսկվայից հայրենիք գնալով` նա անգամ չհաստատվեց Բաքվում, քանզի այնտեղ շատ թշնամիներ ուներ: Նա հաստատվեց Նախիջևանում` սպասելով իր նոր ժամին:
Ո՞վ է Հեյդար Ալիևը: Որտեղից է ծագում նրա տոհմը:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն` Հեյդար Ալիևը ծնվել է 1923 թ. Նախիջևանում: Մի այլ վարկած փաստում է, որ Ալիևը ծնվել է 1919 թ.: Ի դեպ, այդ ժամանակ Նախիջևանը Հայաստանի Հանրապետության կազմում էր:
Վերջերս շրջանառության մեջ է դրվել մեկ այլ վարկած ևս. համաձայն որի` Հեյդար Ալիևը ծնվել է 1923 թ. Հայաստանի Սիսիանի շրջանի ադրբեջանական գյուղերից մեկում: Այս մասին 1997 թ. գրեց անգամ մոսկովյան «Պրավդա» թերթը:
Ալիևները ծագումով քուրդ են: Նրանք, համաձայն այս նոր վարկածի, Հայաստանի Սիսիանի շրջանի Ջոմարթլու գյուղից են, որտեղից էլ տեղափոխվել են Նախիջևան: Ալիևի հայրը` Ալիռզա Ալիևը, մասնագիտությամբ քիսաչի էր և 1927 թ. Սիսիանից տեղափոխվելով Նախիջևան` տեղական բաղնիքներից մեկում շարունակել է աշխատել իր մասնագիտությամբ:
1940-ական թթ. Հեյդար Ալիևի ավագ եղբայրը` Հասան Ալիևը, որ Ադրբեջանի ԳԱ անդամ էր, նախիջևանյան մի թերթում տված հարցազրույցում պարծեցել է, թե ինքը աշխարհում առաջին քուրդն է, որ պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա:
Սակայն տոհմի ծագումն ու ծննդավայրը միակ մութ կետերը չեն Ադրբեջանի առաջնորդի կենսագրության մեջ:
Պարզվում է` Ալիևը խուսափել է խորհրդային բանակում ծառայությունից: Հայրենական պատերազմի սկզբում նա սովորում էր Բաքվի արդյունաբերական ինստիտուտում: Պատերազմը սկսվելուն պես նա թողում է ուսումը, վերադառնում Նախիջևան և կեղծ բժշկական տեղեկանք սարքում այն մասին, որ տառապում է ծանր թոքային հիվանդությամբ: Նա ոչ միայն ազատվում է բանակում ծառայելու և պատերազմին մասնակցելու պարտավորությունից, այլև տաքուկ աշխատանք է գտնում ՆԳԺԿ արխիվում: Հետագայում, իհարկե, Ալիևի համար դժվար չէր նոր փաստաթուղթ ձեռք բերել, որը հավաստում էր պատերազմին մասնակցելու մասին: Ահա այսպիսին էին խորհրդային ՊԱԿ-ի ապագա գեներալի առաջին քայլերը: Իսկ 1967 թ. նա արդեն Ադրբեջանական ԽՍՀ ՊԱԿ-ի ղեկավարն էր:
Առհասարակ Ալիևը հմուտ դիվանագետ էր, բարձրարվեստ քծնող: Նա կատարելապես էր տիրապետում արևելյան շողոքորթության արվեստին: Նաև լավ կաշառք մատուցող էր: Մոսկվա ուղարկվող թանկարժեք իրերը, արվեստի գործերն ու ձկնկիթով լի արկղերը ճանապարհ էին հարթում Ալիևի համար: 1982 թ. նոյեմբերին, երբ Բաքու այցելեց Բրեժնևը կնոջ` Վիկտորյա Բրեժնևայի հետ, Բաքվի ոսկերչական գործարանում Ալիևը առաջին տիկնոջը ոսկյա շղթա և ապարանջան նվիրեց: Վիկտորյա Պետրովնան շփոթվեց ասելով, որ այն շատ թանկ նվեր է: Վիճակը շտկեց Բրեժնևը, որ հափշտակեց ընծան ու խցկեց բաճկոնի գրպանը:
Նույն ոճով 1978 թ. Բրեժնևին շռայլորեն կաշառելով ոսկով և ադամանդով` Հեյդար Ալիևը լռեցրել է նրա խիղճը և արդարամտությունը` Հայաստանի ղեկավարության` Ղարաբաղն ու Նախիջևանը Հայաստանին միացնելու շարունակական կոչերի առնչությամբ:
Ժամանակակիցները ծաղրով վկայում են, որ Բրեժնևի շուրթերը համբուրելը Ալիևի թուլությունն էր: Համենայն դեպս, նա երկար ժամանակ իր անձնական հատկանիշների շնորհիվ ԽՍՀՄ ղեկավարների առաջատարների թվում էր: 1969-ից նա Ադրբեջանական ԽՍՀՄ Կենտկոմի առաջին քարտուղարն էր և մեծ ազդեցություն ուներ Մոսկվայում: Մանավանդ որ մտերիմ էր ԽՍՀՄ առաջնորդ Լեոնիդ Բրեժնևի հետ:
Սակայն Ալիևի մտերմությունը չէր սահմանափակվում միայն Բրեժնևով: Բրեժնևի մահից ամիս չանցած` ԽՍՀՄ նոր առաջնորդը` Անդրոպովը, Ալիևին կանչեց Մոսկվա և նշանակեց ԽՄԿԿ ԿԿ Քաղխորհրդի անդամության թեկնածու:
Սկսվեց Ալիևի կյանքի մոսկովյան փուլը, որը համեմատաբար կարճ էր, բայց շքեղ: Նրանց ընտանիքը հաստատվեց Կենտկոմի մերձմոսկովյան ամառանոցներից մեկում, չնայած Մոսկվայի կենտրոնում` Տոլստոյի փողոցում նրան հատկացվել էր հինգսենյականոց բնակարան: Ալիևն օգտվում էր ծառայողական ԶԻԼ-ից, որի ներսը հատուկ իր պատվերով կարմիր մահուդից պաստառներով էին զարդարել: Նույն արևելյան գույներով էր վերանորոգված Ալիևների բնակարանը:
Թվում էր` Ալիևներն ընդմիշտ են հաստատվել Մոսկվայում, և բախտի անիվը անշրջելի է: Նա անգամ տղային լավ աշխատանքի տեղավորեց. Իլհամը դասավանդում էր Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում: Սակայն շուտով վրա են հասնում դժբախտությունները: 1985 թ. մահանում է Հեյդար Ալիևի կինը, երկու տարի անց նրան հեռացնում են աշխատանքից: Շատ չանցած` աշխատանքից ազատվում է նաև որդին:
Սակայն հանգուցալուծումը եղավ ոչ հեռավոր 1993 թ.: Օգտվելով Ադրբեջանի խառնակ դրությունից, արցախյան ճակատում խոշոր պարտություններից` Հեյդար Ալիևը կարողացավ ապահովել իր հաղթարշավը Նախիջևանից Բաքու: Բայց որպես Ադրբեջանի նախագահ` նա փառավորվեց միայն Արցախի հետ կնքած ստորացուցիչ զինադադարով: Փոխարենը Հեյդար Ալիևն իր որդու և տոհմի համար ապահովեց հարատև իշխանություն Ադրբեջանում:
Նա մահացավ 2003 թ. դեկտեմբերի 12-ին, ԱՄՆ-ում:
Tags: ադրբեջան, ալիև, Իլհամ Ալիև, Հեյդար Ալիև
