Ո՞ւմ մեղադրել ձյուդոյիստների սայթաքումների համար

 ձյուդոՀունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում վերջերս կայացած ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 6 մարզիկ էր ներկայացնում: Ցավոք, նրանցից ոչ մեկը չարդարացրեց սպասելիքները: Ընդ որում, մեր թիմի կազմում տիտղոսակիրներ կային: Կատարվածի պատասխանը ստանալու համար, դիմեցինք Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանին:

- Իրոք, գոհ մնալու առիթ չկա: Հույսեր էր ներշնչում 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը: Առաջին հերթին նրանից սպասելիքներ ունեինք, հետո է 66 կգ քաշային Արմեն Նազարյանից: Հաշվի էր առնվում, թե նրանք ինչ մարզավիճակում են: 

- Կողմնակալ մրցավարությունը դեր չի՞ խաղացել, չի՞ նպաստել մերոնց ձեռնունայն մնալուն:

- Մրցավարական խնդիրներ եղել են, բայց կատարվածն այդ ամենին վերագրել չեմ ցանկանում: Մասնավորապես, ռուսաստանցի մրցակիցը Նազարյանին չգցեց, սակայն մրցավարը հնարքն այդպես գնահատեց: Մեր մարզիկը որովայնի վրա ընկավ: Դավթյանին էլ բուլղարացի մարզիկի հետ գոտեմարտում, միակողմանի բռնվածքի համար, չափից ավելի շուտ նկատողություն հայտարարեցին: Դա հոգեբանորեն ազդեց, և նա համարձակ քայլի չդիմեց, նույն բռնվածքը չկիրառեց, որպեսզի կրկին չպատժվի: Մրցակիցն էլ մարտականորեն էր տրամադրված, և մեր մարզիկը չկարողացավ դրսևորել իր կարողությունները: Ի դեպ, ավելի տիտղոսակիր ձյուդոյիստներ էլ առաջին գոտեմարտերում պարտվեցին: Այնպես որ սպորտում ամեն ինչ հնարավոր է: Ընդ որում, նրանք զիջեցին այնպիսի մրցակիցների, որոնք միջազգային մրցասպարեզներում նախկինում ոչնչով աչքի չեն ընկել: Մասնավորապես, հույն Իլիադիսը էստոնացի ձյուդոյիստին պարտվեց, ուկրաինացի Զանտարայան էլ` հունգարացի մարզիկին:

 - Առաջնությունում Հայաստանից մրցավար ունեի՞նք:

- Ոչ: Բանն այն է, որ Եվրոպայի ձյուդոյի ֆեդերացիան է հրավիրում այն մրցավարներին, որոնք սպասարկում են առաջնությունը: Ինչ խոսք, մրցավարի բացակայությունը դեր խաղում է: Եթե ներկայացուցիչ ունենանք այդ կարգի մրցումներում, ապա ավելի զգույշ կլինեն, կողմնակալ մրցավարությունն էլ քիչ կլինի:

 - Այնուամենայնիվ, սկսած 2012-ի օլիմպիական խաղերից, մեր մեծահասակ ձյուդոյիստների արդյունքներն այն չեն: Փաստը խոսուն է և վկայում է, որ կատարվածը չի կարելի պատահականությանը վերագրել:

- 2012-ին Դավթյանը Եվրոպայի առաջնությունում 2-րդն էր: Օլիմպիական խաղերում էլ նա 7 լավագույնների թվում էր: Ամենևին էլ այն կարծիքին չեմ, որ վերջինը գերազանց արդյունք է, սակայն եթե համեմատենք նախորդ օլիմպիական խաղերում մեր ձյուդոյիստների ունեցած մրցելույթների հետ, ապա առաջընթաց կա: Ընդ որում, օլիմպիական խաղերում էլ մրցավարական կոպիտ սխալ եղավ, երբ մեր մարզիկը ֆրանսիացի ձյուդոյիստի հետ սփոփիչ գոտեմարտում գցում կատարեց, սակայն այն չգնահատվեց: Հետո էլ մեր երկրի ներկայացուցիչը հավասար պայքարում պարտվեց ստացած նկատողության համար: 2013-ին մեծահասակների մրցումներում երիտասարդ ձյուդոյիստների ենք փորձարկել: Մասնավորապես, Վրաստանի մայրաքաղաղաք Թբիլիսում կայացած Եվրոպայի բաց մրցաշարում (նախկինում այն կոչվում էր աշխարհի գավաթի խաղարկության մրցափուլ) Դավթյանը և Նազարյանը նույնպես մասնակցում էին: Դավթյանն առաջին իսկ գոտեմարտում զիջեց մրցակցին, Նազարյանը պարտվեց մեկ հաղթանակ տանելուց հետո, իսկ մյուսները երիտասարդ ձյուդոյիստներ էին, այնպես որ նրանց նկատմամբ շատ խիստ լինել չենք կարող: Կրկին անդրադառնալով Եվրոպայի առաջնությանը` պետք է խոստովանել, որ այն շատ դժվարին մրցում է և չի կարելի համեմատել միջազգային այլ մեկնարկների հետ:

 - Մեր ձյուդոյիստների սայթաքումների համար ո՞ւմ պետք է մեղադրել:

- Մի քանի հանգամանք կա, սակայն մեղքը մերն է: Պատճառներ գտնել, մարզիկներին մեղադրել չեմ ցանկանում: Մեր ձյուդոյիստները քանիցս ապացուցել են, որ կարող են կամային հատկանիշներ դրսևորել և պատվով դուրս գալ փորձություններից:

 - Մեր թրծված ձյուդոյիստները Նազարյանը և Դավթյանն են, բայց նրանք տարիքով մեծ չե՞ն, սպորտում նոր հաջողությունների ի վիճակի՞ են հասնել:

- Նազարյանը 31, Դավթյանը 30 տարեկան է: Առայժմ երկուսն էլ Հայաստանի հավաքականին պետք են: Նրանց ներկայությունն անհրաժեշտ է, որպեսզի նոր սերնդի մեր ձյուդոյիստները վեր բարձրանան:

 - Երրորդ տարին է, ինչ  փոխվել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը: Գո՞հ եք ֆեդերացիայի ներկայիս նախագահ Վարդան Ոսկանյանի աշխատանքից: Հետաքրքիր է, քանի որ նա Ռուսաստանում է հիմնականում լինում, և ֆեդերացիայի աշխատանքները կատարում է կազմակերպության փոխնախագահ Դավիթ Խիթարյանը: Կազմակերպության նախորդ նախագահ Ալեքսան Ավետիսյանի ղեկավարության տարիներին մեր ձյուդոյիստների արդյունքներն ավելի բարձր են եղել` Եվրոպայի չեմպիոն, մրցանակակիրներ, աշխարհի առաջնության մրցանակակիր և այլն: Ինչո՞ւ

- ճիշտ է, 2005-ին Եվրոպայի չեմպիոն ունեցել ենք, 2009-ի աշխարհի առաջնությունում` բրոնզե մեդալակիր: Բայց  ֆեդերացիայի նախագահի փոխվելուց հետո` 2011-ին, Եվրոպայի երիտասարդների երկու չեմպիոն ենք ունեցել` Գոռ և Գարիկ Հարությունյանները: Ունեցել ենք   մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության 2-րդ մրցանակակիր, 2012-ին էլ` 2-րդ և 3-րդ մրցանակակիրներ: Այժմ ավելի շատ, քան նախկինում ուսումնամարզական հավաքներ են անցկացնում մեր պատանի ձյուդոյիստները, նաև` մրցումների մասնակցում: Այնպես որ հուսադրող հերթափոխ է աճում:

 - Ճի՞շտ էր, որ Հայաստանի հավաքականի ղեկը ֆեդերացիայի ղեկավարության փոփոխությունից հետո հանձնվել էր ռումինացի Ադրիան Կրոիտորուին: Ցանկալի արդյունքը ստացվե՞ց: Ի վերջո, նա մեր երկրից հեռացավ բացասական ցուցանիշով:

- Չեմ կարող ասել ճի՞շտ էր, թե՞ սխալ էր հավաքականն օտարերկրացի մասնագետի վստահելը: Պարզապես այդ իրավիճակում հարցն այդպիսի լուծում էր ստացել:  Ամեն փոփոխություն հնարավոր է` բացասական արդյունքի հանգեցնի, բայց այն  դրական կողմեր էլ կարող է ունենալ: Այդ ամենին միանշանակ գնահատական տալ չի կարելի: Անխոս, դրական հետքը կա:

 - Ներկայիս ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ի՞նչ կարելի է անել:

- Եվրոպայի առաջնությունում մեդալ չունենալը, անկախ ամեն ինչից, տակտիկական պատրաստականության խնդիրների հետ է կապված: Այդուհանդերձ, հոգեբանորեն պատրաստ լինելու դեպքում, մերոնք կկարողանային դրանք հաղթահարել:

 - Կանանց ձյուդոն ասես մահանում է Հայաստանում: Մարզաձևը գեղեցիկ է, բարեկազմ լինելուն չի խանգարում: Ո՞րն է դրա պատճառը:

- Իրոք, գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից պարապողները քիչ են: Մարզիչներ կան, որոնք ձյուդոյիստուհիների հետ են պարապում: Մարզուհիների երեք մարզիչ է աշխատում: Նրանց թվում է նաև կինս` Սուսաննա Մկրտչյանը: Բելառուսից Ժաննա Ստանկևիչը և Ռուսաստանից Գայանե Հարությունյանը Հայաստանի հավաքականում էին ընդգրկվել: Առաջինն ամուսնացել է, մայր է դարձել, երկրորդն էլ թողել է սպորտը:

 - 2013-ին Բրազիլիայի Ռիո դե ժանեյրո քաղաքում կայանալու է աշխարհի առաջնությունը: Հայտնի է, որ մեր երկրից 2-3 մարզիկ է մասնակցելու այդ ստուգատեսին: Ֆինանսների պակասի հե՞տ է կապված, թե՞  արժանավոր մարզիկներ չունենք, որ ավելի շատ մասնակիցներ տատամի դուրս բերենք: Հնարավո՞ր է, որ հավաքականի հնաբնականեր Նազարյանը և Դավթյանն արդեն իրենց տեղն ապահովել են թիմում, և նրանք են պաշտպանելու մեր երկրի պատիվը: Հավաքականում թափուր տեղեր կա՞ն:

- Պարզապես, այն մարզիկներին կտանենք, որոնք մեդալ նվաճելու հույսեր կներշնչեն: Մրցավայրը հեռու է, ֆինանսների հարց էլ կա: Մասնավորապես, Եվրոպայի առաջնությունում Մոսկվայում բնակվող 81 կգ քաշային Ռաֆայել Դավթյանը հովանավորի միջոցներով էր մասնակցում: Մայիսի 9-ին հավաքականը կուղևորվի Դաղստան, որպեսզի մասնակցի միջազգային մրցաշարի: Մինչև 23 տարեկանների հավաքականն Օրենբուրգում մայիսի 16-ից կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկության մրցաշարին: Հունիսի սկզբին Եվրոպայի բաց մրցաշար կանցկացվի Տալլինում: Հուլիսին  էլ մերոնք Կազանում կմասնակցեն համաշխարհային ուսանողական խաղերին: Ապա Մոսկվայում կկայանա «Մեծ սաղավարտի» խաղարկության մրցաշար: Միայն այդ մրցումներից հետո կորոշվի, թե ովքեր են մեկնելու Բրազիլիա: 100 տոկոսով ոչ մի ձյուդոյիստ չի ապահովել իր տեղը հավաքականում: Դավթյանը և Նազարյանը մեծ ցանակություն ունեն հարստացնելու մեդալների իրենց հավաքածուները: Ինքս, նաև  մյուս մասնագետներն այն կարծիքին ենք, որ հատկապես Դավթյանը նոր հաջողությունների հասնելու մեծ հնարավորություններ ունի: Մեր հիմնական նապատակն է, որ  լավ մասնակցենք 2016-ին Ռիոյում կայանալիք օլիմպիական խաղերին: Նազարյանի հետ զրուցել եմ, նա այդքան երկար մտադիր չէ մնալ ակտիվ սպորտում, իսկ Դավթյանը ցանկություն ունի ևս մեկ անգամ կարողությունները փորձելու օլիմպիական խաղերում:

 - Մեր առաջատար մարզիկներին վարձատրելու ֆինանսական խմդիրներ կա՞ն:

- Դավթյանը 2012-ի արդյունքների համար Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից վարձատրվում է, Նազարյանը` ոչ: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան առայժմ միայն լրացուցիչ ֆինանսներ է հատկացնում մարզական միջոցառումների կազմակերպման համար:

 

Tags: ,