ԱՐՇԱՎԻՐ ՇԻՐԱԿՅԱՆ. հայ վրիժառու բազուկը…

Arshavir_ShirakyanՀայոց «Նեմեսիսի» ականավոր գործիչներից է Արշավիր Շիրակյանը:

Ապագա վրիժառուն ծնվել է 1900 թ. Կոստանդնուպոլսում: Նրա կյանքի մասին շատ հետաքրքիր մանրամասներ են հայտնի` շնորհիվ իր հրատարակած ինքնակենսագրական «Կտակն էր նահատակներուն» վեպի:

Դեռ պատանության տարիներին Արշավիրն անդամագրվեց հայ ազատագրական պայքարի առաջամարտիկը համարվող Հայ հեղափոխական դաշնակցությանը: Դաշնակցությունը լավ դպրոց և դարբնոց եղավ հերոսի համար: Դաշնակցական էր Արշավիրի ողջ ընտանիքը: Պոլսի իրենց տունը հայ գործիչների հավաքատեղի էր: Այնտեղ հաճախ էին հավաքվում հասարակական, քաղաքական, մշակույթի գործիչներ` քննարկելու ստեղծված բարդ իրավիճակը: Այս քննարկումներին մասնակցում էր նաև պատանի Արշավիրը: Առաջին աշխարհամարտի սկզբից ևեթ Պոլսում ծանր ու լարված իրավիճակ էր: Չնայած երիտթուրքերի հավաստիացումներին` հայ գործիչները նոր կոտորածների կասկածանքով զգուշորեն էին գործում: Վիճակն ավելի ծանրացավ, երբ սկսված պատերազմի ժամանակ ՀՅԴ-ն հրաժարվեց ընդդեմ Ռուսաստանի համագործակցել թուրքական իշխանությունների հետ:

Այս պարագայում պատանի Արշավիրը իրենց տանը կատարվող գաղտնի հավաքների և քննարկումների ժամանակ հետախույզի դեր էր ստանձնում և ներկաներին փոխանցում իր հավաքած տեղեկությունները թուրքերի ծրագրերի մասին:

Շուտով համարձակ երիտասարդը կուսակցության առաջադրանքով լծվում է այլ պատասխանատու գործի. նա զենք-զինամթերք է հայթայթում և տեղավորում պահեստներում:

Սակայն, ցավոք, ՀՅԴ նախապատրաստական միջոցառումներն այլևս ժամանակավրեպ էին, և երիտթուրքերը կարողացան ի կատար ածել մեծ ոճիրը:

Փրկվելով թուրքական յաթաղանից` Արշավիր Շիրակյանը գործի անցավ: Նա անդամագրվեց ՀՅԴ-ի ստեղծած «Նեմեսիս» գործողության պատասխանատու մարմնին, որի նպատակը հայոց ցեղասպանություն իրականացնող դահիճների և հայ դավաճանների ահաբեկումն էր:

Եվ ահա Արշավիրը 1920 թ. ստանձնում է իր առաջին պարտավորությունը` շանսատակ անել Պոլսի հայերի մատնիչ` հայ մտավորականների ցուցակը կազմող Վահե Իհսանին: Մինչ այդ նա Պոլսում արդեն իսկ ահաբեկել էր մի քանի թուրք ոստիկանների և ձեռք բերել մարտական մկրտություն: Եվ ահա «Նեմեսիսի» պատասխանատու մարմնի որոշումով 1920 թ. մարտի 27-ին Արշավիր Շիրակյանը սպանում է Վահե Իհսանին:

Վրիժառուն դավաճանին հանդիպում է Թալաբաշ փողոցում: Ատրճանակից արձակած առաջին գնդակը վիրավորում է ստահակին, ով փորձում է փախչել: Սակայն հասնելով նրան` Արշավիրը գետին է տապալում և ատրճանակի ողջ պարունակությունը դատարկում գլխին: Ապա դարձյալ լիցքավորում է ատրճանակը, սպառնում իր շուրջը հավաքվող թուրք ամբոխին ու հեռանում:

Դավաճանի ահաբեկումից հետո Արշավիր Շիրակյանը հեռանում է Պոլսից և 1920 թ. ամռանը հայտնվում Երևանում: Այստեղ նա մտերմանում է հայ ազատամարտի ականավոր գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանի հետ, որի հանձնարարականով ծառայության է անցնում ՀՀ ոստիկանությունում: Հենց Ռուբեն Տեր-Մինասյանն էլ կազմակերպում է երկու արժանավոր հայորդիների` Արշավիր Շիրակյանի և Արամ Երկանյանի բախտորոշ հանդիպումը իր բնակարանում:

Նրանց հանդիպումը պատահական չէր: Ռուբեն Տեր-Մինասյանն իր բնակարան էր հրավիրել վրիժառու երիտասարդներին` կարևոր առաջադրանքով: Նրանք պետք է Բաքու ուղևորվեին և այնտեղ ի կատար ածեին Էնվեր և Խալիլ փաշաների գնդակահարությունը: Սակայն նրանց վիճակված չէր ի կատար ածել Ռուբենի հրահանգները: Վրիժառուները, բնականաբար, Բաքու կարող էին հասնել միայն Վրաստանով: Այդպես էլ անում են, սակայն Թիֆլիսում ձերբակալվում են վրացական ոստիկանության կողմից և բանտ նետվում: Բարեբախտաբար` կուսակցական ընկերներին հաջողվում է կազմակերպել նրանց փախուստը, որից հետո երկու վրիժառուները Պատասխանատու մարմնից հանձնարարություն են ստանում անցնել Պոլիս և այնտեղ սպասել նոր առաջադրանքի:

Պոլսում Շիրակյանը երկար չմնաց: Նա շուտով ուղևորվեց Հռոմ` ի կատար ածելու հայոց «Նեմեսիսի» մյուս առաջադրանքը` գնդակահարել երիտթուրքական կառավարության վարչապետ Սայիդ Հալիմ փաշային, որը փախել և ապաստանել էր Հռոմում:

Երկար ժամանակ չպահանջվեց Շիրակյանից Հռոմում հայտնաբերելու երիտթուրք պարագլուխներին: Նա այնտեղ հանդիպեց անգամ Էնվեր փաշային, բայց հանգամանքները բարենպաստ չէին` ի կատար ածելու ոսոխի մահապատիժը:

Հռոմում Արշավիր Շիրակյանի գլխավոր թիրախը Սայիդ Հալիմն էր: Նա որոշ ժամանակ զննեց Հալիմի կենցաղը և 1921 թ. դեկտեմբերի 5-ին պատուհասեց նրան: Երբ Հալիմը կառքով իր թիկնապահի հետ վերադառնում է զբոսանքից, Արշավիրը ցատկում է կառքի ոտնատեղին, ատրճանակը պարպում վախից անշարժացած Սայիդ Հալիմի քունքին, ապա սառնասրտորեն գլխարկն ու վերարկուն հանում է, թողնում կառքում և արագ հեռանում: Սայիդ Հալիմի թիկնապահը վախեցած անգամ փորձ չի անում հակառակվել հերոսին: Երիտթուրք պարագլուխները, ահաբեկված Շիրակյանի գործողությունից, փախուստի են դիմում Հռոմից, իսկ վրիժառուն «Նեմեսիսի» հանձնարարականով կրկին վերադառնում է Պոլիս` սպասելով հետագա ցուցումների:

Շահան Նաթալու կողմից նոր կարգադրությունը չի ուշանում. 1922 թ. փետրվարին Արշավիր Շիրակյանը Շահան Նաթալու, Արամ Երկանյանի և մի քանի այլ ընկերների հետ ժամանում է Բեռլին` պատուհասելու երիտթուրք պարագլուխ, «Թեշքիլաթը մահսուսե» կազմակերպության ստեղծող, «Թուրքիան` թուրքերին» կարգախոսի հեղինակ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի ջարդերի կազմակերպիչ Ջեմալ Ազմիին:

Շատ չանցած` խումբը հայտնաբերում է Ջեմալ Ազմիի բնակարանը և հետախուզում նրան: Այս գործում «Նեմեսիսին» մեծ ծառայություն է մատուցում Մեհմեդ Ալի կեղծանունով թուրքերի շրջապատ սողոսկած վրիժառու հայորդին` Հրաչ Փափազյանը: Նա հայտնում է «Նեմեսիսի» պարագլուխներին, որ թուրքերի հավաքատեղին հենց Ազմիի խանութն է: Վրիժառուները որոշում են հավաքի ժամանակ ներխուժել խանութ և բոլորին շանսատակ անել այնտեղ: Սակայն այս պլանը ձախողվում է: Բայց դա չի հուսահատեցնում Շիրակյանին ու իր ընկերներին, որոնք մշակում են վրիժառության երկրորդ պլանը: Վրիժառուները որոշում են գործողությունն ի կատար ածել մարտի 15-ին, երբ թուրքերը հավաքվելու էին Թալեաթի տանը` նշելու նրա սպանության տարելիցը: Պլանի համաձայն` այդ օրը պիտի իսկական «տոն» դառնար թուրք ոճրագործների համար: Սակայն այս պլանը նույնպես ձախողվում է:

Սա հուսահատեցնում է Շահան Նաթալիին, որը ցանկանում է անգամ չեղյալ համարել գործողությունն այդ փուլում: Այնուամենայնիվ, վճռականությունը հաղթեց: 1922 թ. ապրիլի 17-ին թուրք հասարակության սերուցքը խնջույքի էր հավաքվել Պոլսի նախկին ոստիկանապետ Ազմի բեյի տանը: Կեսգիշերից առաջ ավարտվեց խնջույքը, և թուրքերը խմբերով հեռացան հյուրընկալի տնից:  Նրանց մեջ էին Թալեաթի կինը` Հայրիե Թալեաթը, Բեհաէդդին Շաքիրը, Ջեմալ Ազմին` իրենց կանանցով և երեխաներով, մի խումբ թիկնապահներ:

Հետևի կողմից մոտենալով խմբին` Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը հարձակվեցին նրանց վրա: Արշավիրը, հայտնվելով Ջեմալի կողքին, մի կրակոցով գետին տապալեց նրան: Մյուս կրակոցն ուղղված էր Բեհաէդդին Շաքիրին, սակայն այս անգամ Արշավիրը վրիպեց: Գնդակը մտավ այտի մեջ, դուրս եկավ մյուս այտից: Այդ պահին չուշացավ Արամ Երկանյանի կրակոցը, որը գլխի թափանցիկ կրակոցով վերջ տվեց ճիվաղի կյանքին:

Երբ իրենց առաքելությունը ավարտած հայորդիները սկսեցին նահանջել, Թալեաթի այրին փորձեց խանգարել Արշավիրին: Վերջինս ատրճանակը պահեց նրա կրծքին, սակայն վեհանձնաբար չկրակեց: Վախեցած այրին հետ քաշվեց, և Արշավիրը հեռացավ դեպքի վայրից: Սակայն չդիմանալով գայթակղությանը` նա քիչ անց հետ վերադարձավ` հիանալու իր և Արամի աշխատանքի արդյունքով. երկու հայասպանները և մեկ թիկնապահ թավալգլոր սատակած էին Ուհլանդ փողոցի մեջտեղում, իսկ նրանց ուղեկցող կանայք և տղամարդիկ խելակորույս վայնասուն էին բարձրացրել:

Իմանալով, որ թուրք պարագլուխներին հանդիսավոր ու պատվավոր թաղում են նախապատրաստում, Շահան Նաթալին միտք հղացավ հենց թաղման օրը սպանդ սարքել և միանգամից լուծել հայության վրեժը երիտթուրքերից: Սակայն հետախուզությունը հաղորդեց, որ Գերմանիայի իշխանությունները խիստ հսկողություն են սահմանել և տասնյակ հայեր են արդեն ձերբակալվել: Իրենց գործը փառահեղ ավարտած` հայ վրիժառուները հեռացան Բեռլինից:

Թվում էր, թե ամեն ինչ ավարտված է, սակայն Բուլղարիայում նրան փորձություն էր սպասում: Վառնայի «Բալկան» հյուրանոցի սրճարանում թուրքերը ծուղակ են պատրաստում Արշավիրի համար և մի քանի հոգով շրջապատում են նրան առևանգելու և հաշվեհարդար տեսնելու մտադրությամբ: Այս ծանր պահին քաջ հայորդին չի կորցնում իրեն: Ուղղակի գրպանից հանում է ատրճանակը, պահում թուրքերի վրա և սպառնում գնդակահարել ավելորդ շարժում անողին: Ապահովելով իր կյանքը` նա սրճարանի աշխատակիցներից պահանջում է ոստիկանություն կանչել:

Մոտեցած ոստիկանը պարզաբանում է, որ Արշավիրի պատանդները թուրք գաղտնի ոստիկաններ են, որոնք ուզում են վրիժառուին ձերբակալել և Պոլիս տանել հաշեհարդարի: Արշավիր Շիրակյանը ստիպված խոստովանում է բուլղարացի ոստիկանին իր ով լինելը. նա ասում է, որ ինքն է Հռոմի և Բեռլինի սպանությունների հեղինակը, ՀՅԴ անդամ է և բուլղարների պես պայքարում է թուրքական բռնապետության դեմ: Ոստիկանը Արշավիրին ոչ միայն չի հանձնում թուրքերին, այլև իր պաշտպանության տակ է առնում:

Նույն 1922 թ. Արշավիր Շիրակյանը ընտանիք է կազմում` ամուսնանալով  վաղուց սիրած աղջկա` Գայանեի հետ: Շուտով ՀՅԴ-ն փոխում է իր մարտավարությունը Թուրքիայի նկատմամբ, «Նեմեսիս» ծրագիրը կասեցվում է: Այլևս անելիք չունենալով Եվրոպայում` Արշավիր Շիրակյանը 1923 թ. ընտանիքով հաստատվում է ԱՄՆ-ում, որտեղ էլ գործում է մինչև կյանքի վերջը: Նա հաստատվեց Նյու-Յորքում, որտեղ զբաղվեց արևելյան գորգերի առևտրով:

Մեծ հայորդին ու վրիժառուն վախճանվեց 1973 թ. ապրիլի 12-ին:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Tags: