Մարինե Ասատրյան. «Ամեն մի կին պետք է կանոնավոր պարապի ֆիզկուլտուրայով, մարզվի, նաև զբաղվի սպորտով»

սպորտ-կին (1)Հայաստանում շարունակվում է կանանց նվիրված միամսյա տոնը: Ինչպես մեր երկրի տարբեր ոլորտներում, այնպես էլ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ակտիվ դերակատարություն ունեն գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Զրուցեցինք դոցենտ Մարինե Ասատրյանի հետ: Նա ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի գիտական խորհրդի և ռեկտորատի պատասխանատու քարտուղարն է, գլխավորում է ֆիզիոլոգիայի և սպորտային բժշկության ամբիոնը, հեղինակ է մի շարք գիտական ուսումնասիրությունների, հոդվածների, ուսումնական ձեռնարկների, որոնք հիմնականում նվիրված են մարզումների ընթացքում օրգանիզմում կատարվող կենսաքիմիական փոփոխություններին:

- Երբվանի՞ց եք սկսել սպորտով զբաղվել:
- Դպրոցում սովորելու, հետո էլ բուհում ուսանելու տարիներից. վոլեյբոլի կանոնավոր մարզումների եմ հաճախել: Բարձրակարգ մարզուհի դառնալ չհաջողվեց, բայց խաղացել եմ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հավաքականում: Հայրս` Ռոլանդ Ասատրյանը, 1974-1981 թթ. աշխատել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի նախագահ: Տարիներ ի վեր մարզիկների, սպորտի ոլորտի մարդկանց կողքին եմ:

- Դժվա՞ր է նրանց հետ ընդհանրություններ գտնելը, հաղորդակցվելը:
- Ինձ համար այդպիսի պատնեշ չի եղել, քանի որ շփվելու առիթներ շատ եմ ունեցել և ծանոթ եմ եղել առանձնահատկություններին: Կան մարզաձևեր, որոնց ներկայացուցիչները տարբերվում են: Պարզապես անհրաժեշտ է համապատասխան մոտեցում դրսևորել: Նկատի ունեմ բռնցքամարտի, կարատեի և մի շարք մենապայքարային այլ մարզաձևերի ներկայացուցիչներին, որոնք առանձնանում են, մի փոքր ավելի դյուրաբորբոք են, բռնկուն:

- Սպորտը մարզվողներից շատ ժամանակ է խլում` պարապմունքներ, ուսումնամարզական հավաքներ, մրցումների մասնակցություն և այլն: Դա խանգարո՞ւմ է, մտավոր զարգացումը հետին պլա՞ն է մղում: Հնարավո՞ր է, որ սպորտին նվիրված մարդը համակողմանի զարգանա:
- Մարդու ներդաշնակ զարգացմանն ավելի շատ կարող է օգնել ֆիզկուլտուրան: Անգամ այն ամենը, ինչ անում է մեր մարզիկների մեծ մասը, չի կարող հետ պահել մարդուն ընդհանուր զարգացած լինելուց, ազդել առողջության վրա: Միայն մեծ սպորտը գուցե որոշ բացասական հետևանքներ ունենա: Շարունակական, ծանրաբեռնված մարզումները փոփոխություններ են առաջացնում մարդու օրգանիզմում, նաև հանգեցնում կենսաքիմիական շեղումների: Ընդ որում, դրանք նպաստում են, որ մարզիկները բարձր, նաև գերմարդկային արդյունքների հասնեն: Ինչ խոսք, հնարավոր է, որ նաև առողջական խնդիրներ առաջանան: Սակայն մտավոր զարգացման առումով խանգարող որևէ բան չկա: Պարզապես մարզիկները, իրենց սպորտին նվիրելով, ակամա հետ են մնում կյանքի շատ բաներից:

- Հնարավո՞ր է ուժեղ մարզիկ լինել ու նաև խելացի:
- Անհատականություններ եղել են և կան: Օրինակ` մեր առաջին օլիմպիական խաղերի չեմպիոն Հրանտ Շահինյանն այդպիսին էր: Նրա հետ անձամբ ծանոթ եմ եղել, շփվել և միշտ հիացել, զարմացել եմ, թե այդ վառ անհատականությունն ինչ բազմակողմանի գիտելիքներ ունի: Ներկայումս առանձնանում են մեր որոշ առաջատար շախմատիստներ: Այդուհանդերձ, չի կարելի անվերապահորեն ասել, թե շախմատը նպաստում է այդ մարզաձևով զբաղվողների մտավոր զարգացմանը, ինտելեկտուալ աճին: Մեր բուհում նաև շախմատիստներ են սովորում, և նրանք իրենց զարգացման մակարդակով էականորեն չեն տարբերվում մյուս մարզաձևերով զբաղվողներից:

- Ֆիզկուլտուրան և սպորտը կանանց կյանքում ի՞նչ դեր ունեն:
- Ֆիզկուլտուրան շատ օգտակար է: Սպորտով զբաղվելն էլ դրական է: Սակայն կան մարզաձևեր, որոնք, իմ կարծիքով, կանանց համար չեն: Նկատի ունեմ ծանրամարտը, բռնցքամարտը, մենապայքարի մի շարք մարզաձևեր: Խրախուսելի է, որ հայուհիներից ոմանք իրենց կարողությունները փորձում են, հաջողությունների են հասնում նաև այդ մարզաձևերում: Ընդ որում, մարզուհիներին հաջողվում է պահպանել գեղեցկությունը, նրանք նաև ամուսնանում են, մայր դառնում: Այդուհանդերձ գերադասելի է, որ այդ մարզաձևերով միայն տղամարդիկ զբաղվեն: Մեծ սպորտն էլ կանանց կյանքում դրական ազդեցություն չի կարող թողնել: Կյանքը ցույց է տալիս, որ սպորտը խլում է ժամանակը, իսկ դա շատ դեպքերում խանգարում է, որ կինը կին մնա, ունենա ընտանիք, երեխա, առտնին հոգսեր և այլն:

- Մեր մարզուհիներից ովքե՞ր են, հիացրել ձեզ:
- Սկավառականետորդուհի Ֆաինա Մելնիկը, հրաձգուհի Զինաիդա Սիմոնյանը: Նրանք սպորտում համաշխարհային փառքի են հասել, հարստացրել Հայաստանի մարզական տարեգրությունը: Ուշագրավն այն է, որ երկուսն էլ հայկական ծագում չունեն: Խորհրդային ժամանակներում, չգիտես ինչու, հայուհիների մեծ մասը խուսափում էր սպորտով զբաղվելուց: Իսկ այժմ համաշխարհային փառքի են հասել մեր ծանրորդուհիները:

- Նրանք ակնառու հաջողությունների են հասել, բայց Հայաստանում ներկայումս ծանրամարտով զբաղվող կանանց թիվը մեծ չէ: Ի դեպ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը մայր դառնալուց հետո կրկին մրցահարթակ է վերադարձել: Փաստը խոսուն է և վկայում է, որ անգամ այդ դժվարին մարզաձևով զբաղվելը կանանց համար խնդիր չէ:
- Այնուամենայնիվ, հայկական մենթալիտետի համար դա տիպական չէ: Սամբոյի, ձյուդոյի խմբերում, երբ մարզուհիների եմ հանդիպում, մտածում եմ, որ այդ մարզաձևերը նրանց համար չեն: Ամեն մի կին պետք է կանոնավոր պարապի ֆիզկուլտուրայով, մարզվի, նաև զբաղվի սպորտով: Պարտադիր չէ, որ նա դառնա աշխարհի չեմպիոն, դա կարող է օգնել ամբողջ կյանքում: Ինչ վերաբերում է Խուրշուդյանին, փորձը ցույց է տալիս, որ եթե մայր դառնալուց հետո մարզուհիները վերադառնում են մեծ սպորտ, ավելի մեծ հավանականություն կա, որ նրանք կրկին կարող են հաջողությունների հասնել: Բանն այն է, որ առանց սպորտի նրանք այլ կյանք չունեն: Ընդհանրապես մարզիկները կարգուկանոնը սիրող, կազմակերպված մարդիկ են: Եվ մարզուհիներին էլ դա օգնում է, որ ոչ միայն սպորտում, այլև կյանքում իմանան, թե ինչ են ցանկանում, ինչպես հասնեն դրան: Խուրշուդյանն էլ, մեծ սպորտ վերադառնալով, քաջ գիտակցում է, թե ինչ է իրեն պետք:

- Սպորտային բժշկության գիտելիքներն ինչո՞վ կարող են օգտակար լինել:
- Նախ` Հայաստանի բոլոր հավաքական թիմերը պետք է ունենան սպորտային բժիշկներ: Մեր բուհում սպորտային բժշկություն է դասավանդվում և այն ամենահետաքրքիր առարկաներից է: Ընդ որում, դասավանդում են Հայաստանի ճանաչված մասնագետները, մեծ մասը գիտությունների դոկտորներ, թեկնածուներ են, պրոֆեսորներ: Շատ կարևոր է, որ դասավանդողները ոչ միայն բժիշկ լինեն, այլև սպորտին մոտ մարդիկ: Եվ ապագա մանկավարժները` ֆիզկուլտուրայի մասնագետները, նաև մարզիչները պետք է տեղյակ լինեն սպորտային բժշկության առանձնահատկություններին: Ի դեպ, երբեմն մեր մասնագետների օգնությանն են դիմում նախկինում տղամարդկանց թիմերի հետ երկար ժամանակ աշխատած, սակայն այժմ մարզուհիների հետ պարապող մարզիչները: Բանն այն է, որ տղամարդկանց և կանանց օրգանիզմները տարբեր են և մի շարք նրբություններ կան` կապված մարզումները կազմակերպելու, բեռնվածության հետ:

սպորտ-կին (2)- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում դասավանդող մասնագետների թվում տղամարդի՞կ են շատ, թե՞ կանայք:
- Տղամարդիկ գերակշռում են, բայց բուհի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը այն եզակի ղեկավարներից է, որոնք գեղեցիկ սեռի մասնագետների կարծիքը հաշվի են առնում, նրանց մեծ տեղ են հատկացնում: Բուհում դեկաններից մեկը և ամբիոնի վարիչներից հինգը կին են: Ընդամենը 18 ամբիոն ունենք:

- Դժվա՞ր չէ սպորտում կին մնալը, կանանց յուրահատուկ գրավչությունը պահպանելը:
- Դժվար է: Մեր ամբիոնում ուսուցանվում են նաև առողջ ապրելակերպը, ճիշտ սնվելու առանձնահատկությունները: Ընդ որում, այդ ամենի իմացությունը կարող է օգտակար լինել ոչ միայն կանանց:

- Այժմ հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների համար պահքի շրջան է: Մարզիկները պե՞տք է որոշակի ռեժիմ պահպանեն:
- Պահքի ժամանակ միայն սնվելու խնդիր չէ, պետք է հոգով դրան պատրաստ լինել: Մարզիկ-մարզուհիների մեծ մասը նախապաշարումներ ունի, մրցումների ժամանակ էլ հույսը ոչ միայն իր ուժերի վրա է դնում, այլև սպասում է, որ Աստված օգնի: Մարզիկն ինքը պետք է որոշի` պատրա՞ստ է պահքի, թե՞ ոչ: Ընդհանրապես սպորտով զբաղվելը չի խանգարում նաև սննդամթերքի սահմանափակումներին: Այնուամենայնիվ, որոշ սպիտակուցներ միայն մսամթերքում կան, և առանց դրանց ընդունման` մարզիկը չի կարող լիարժեք պարապել, մրցումների հաջողությամբ մասնակցել:

Tags: ,