Երբ հայկական ծանրամարտում նոր անուններ չկան

1-in njut pashik_alaverdyanՀայաստանի առաջատար ծանրորդների մի մասը 2013-ի մրցաշրջանում ապաքինում էր վնասվածքները, մյուսներն էլ տարբեր խնդիրներ ունեին, կային նաև որակազրկվածներ: Հետևանքն այն էր, որ մերոնք անմասն մնացին աշխարհի, Եվրոպայի առաջնություններում խաղարկված մեդալներից: Ասում են` օլիմպիական խաղերին հաջորդած տարում նման իրողությունները սարսափելի չեն: Այդուհանդերձ, ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիան տարեկան պետությունից աջակցության կարգով 165 մլն դրամ է ստանում, և ինքնին հարց է առաջանում` եթե մերոնք ներկայացուցչական ստուգատեսներում պարգևներ չեն նվաճում, իմաստ ունի՞ այդքան դրամ ծախսել:

Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ մեր պատանի և երիտասարդ ծանրորդներն անցած տարի միջազգային տարբեր ստուգատեսներում 36 մեդալ են նվաճել: Բայց դա սոսկ փոքր սփոփանք է և չի լրացնում այն բացը, որ ունեն Հայաստանի մեծահասակ ծանրորդները:

Եվ ահա, Երևանում անցկացված Հայաստանի ծանրամարտի առաջնությունը պետք է մի շարք հարցերի պատասխանը տար, նաև բացահայտեր, թե ինչ ներուժ ունենք, վտանգ չկա՞, որ չի կրկնվի նախորդ տարվա պատմությունը:
Ապրիլի 3-13-ը Իսրայելում անցկացվելու է Եվրոպայի առաջնությունը: Թել Ավիվում կայանալիք այդ քննությունից առաջ Հայաստանի առաջնությունում ստուգարք հանձնած մեր ծանրորդների մասին ահա թե ինչ ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար Փաշիկ Ալավերդյանը:

- Արդեն կայացել են Հայաստանի մեծահասակների և պատանիների առաջնությունները, պետք է կազմակերպվի նաև երիտասարդների առաջնություն: Այն կկայանա Երևանում, ապրիլի 19-23-ը: Հունիսի 20-27-ը Կազանում անցկացվելու է երիտասարդների աշխարհի առաջնությունը: Մեր երիտասարդ ծանրորդները դեռ ժամանակ կունենան նախապատրաստվելու: Մինչդեռ մեր մեծահասակ և պատանի ծանրորդներին առաջիկայում են փորձություններ սպասում: Անհրաժեշտ էր այժմ համալրել այդ տարիքի մարզիկների հավաքականները: Պատանիների Եվրոպայի առաջնության մասնակիցներին ապրիլի 28-ից մինչ մայիսի 5-ը հյուրընկալելու է Չեխիայի Չեխանով քաղաքի մարզապալատը: Ինչ վերաբերում է Հայաստանի մեծահասակների առաջնությանը, ապա մասնակցեցին 23 մարզուհի և 100 մարզիկ:

- Այն հնարավորություն տվե՞ց կողմնորոշվելու, թե քանի մարզիկ և մարզուհի ենք մրցահարթակ դուրս բերելու Եվրոպայի առաջնությունում:
- Առաջնությունը կարևոր էր անկախ այն հանգամանքից, թե ինչ արդյունքներ են արձանագրվել: Դա հնարավորություն էր ծանրամարտով զբաղվողների համար, որպեսզի մրցության բովում ստուգեին իրենց կարողությունները, նաև փորձեին արժանանալ հավաքականի մարզիչների ուշադրությանը: Առաջնությունում եղանակ ստեղծեցին մեր փորձառու ծանրորդները: 2014-ի հիմնական նպատակը նոյեմբերի 1-8-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը կազմուպատրաստ ներկայանալն է, քանի որ այն վարկանիշային է 2016-ի օլիմպիական խաղերի համար: Եվրոպայի առաջնությունում նախատեսել ենք մրցահարթակ դուրս բերել 7 մարզիկի և 4 մարզուհու: Դեռ ժամանակ կա, հուսանք, որ մինչ այդ որևէ անցանկալի բան չի կատարվի, հավաքականի թեկնածուները վնասվածքներ չեն ստանա:

- Առաջնությունից առաջ խոսակցությունները շատ էին, որ մեր անվանի ծանրորդները պետք է մասնակցեն:
- 77 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը մասնակցեց միայն պոկում վարժությանը, սակայն ձեռքը մի փոքր վնասված էր, և հրում վարժությունը բաց թողեց: Առաքել Միրզոյանն ապաքինում է ոտքի վնասվածքը: Մեր ճանաչված բոլոր ծանրորդները հանդես եկան: Որոշվել է նաև հավաքականի կազմը: Մարզուհիներից մեր երկրի պատիվը կպաշտպանեն 48 կգ քաշային Էլեն Գրիգորյանը, Աննա Գովելյանը (53 կգ), Մելինե Դալուզյանը (69 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ): 63 կգ քաշային կարգում նախատեսել էինք, որ հանդես կգա Քրիստինե Պետրոսյանը, սակայն նա չհասցրեց բուժել ծնկի վնասվածքը: Խուրշուդյանը մայր դառնալուց հետո երկար ժամանակ չէր մտել մրցահարթակ: Նա դեռևս իր լավագույն մարզավիճակում չէ, ժամանակ է պետք, որ աստիճանաբար հունի մեջ մտնի: Խուրշուդյանը պետք է փորձամրցումների, մրցումների մասնակցի: Դժվար է ընդմիջումից հետո խոշորամասշտաբ ստուգատեսում հանդես գալ:

- Բայց ոչ միայն նրա համար է դժվար լինելու, այլև` մյուս մարզուհիների, քանի որ նրանք էլ տևական դադար են ունեցել:
- 2012-ի օլիմպիական խաղերում նրանք հանդես են եկել և այժմ կրկին մրցահարթակ են բարձրանալու: 2013-ին մեր ծանրորդուհիները բաց են թողել աշխարհի, Եվրոպայի առաջնությունները: Ներկայումս նրանց ցույց տված արդյունքները քիչ են ոգևորում, բայց հուսադրող են:

- Մեր երկրի տղամարդկանց հավաքականի թեկնածուներն այդ առումով ավելի լա՞վ վիճակում են, ովքե՞ր են նրանք:
- Բոլորի անուններն էլ մարզասերներին քաջածանոթ են: Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվում են Սմբատ Մարգարյանը (56 կգ), Վանիկ Ավետիսյանը (69 կգ), Տիգրան Մարտիրոսյանը, Առաքել Միրզոյանը (երկուսն էլ` 77 կգ), Աղասի Աղասյանը (85 կգ), գերծանրքաշայիններ Հայկ Հակոբյանը, Ռուբեն Ալեքսանյանը:

- 77 կգ քաշային մարզիկներից մեկը Հայաստանի առաջնությանը չի մասնակցել, մյուսն էլ կիսատ է հանդես եկել: Թիմում նրանց ընդգրկելն ինչքանո՞վ է նպատակահարմար:
- Երկուսն էլ մեր տիտղոսակիր ծանրորդներից են և պետք է Եվրոպայի առաջնությանը մասնակցեն, որպեսզի իմանանք, թե ինչ անելիք ենք ունենալու աշխարհի առաջնությունում: 2014-ի և 2015-ի աշխարհի առաջնություններում հավաքած միավորներով կորոշվի, թե քանի մասնակից կունենանք առաջիկա օլիմպիական խաղերում: Ունենք այն, ինչն ունենք: Առաքելը վերջին անգամ հանդես է եկել 2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերում և 0 ստանալով` ձախողվել է:

- Հայաստանի մարզիկ-մարզուհիները Եվրոպայի առաջնությանը որտե՞ղ են նախապատրաստվում:
- Մեր ունեցած հնարավորությունները սահմանափակ են: Ծանրորդները հիմնականում պարապում են Աբովյանի և Ծաղկաձորի մարզաբազաներում: Ներկայումս հավաքականի բոլոր թեկնածուները Ծաղկաձորում են: Վերջին փուլում մարզիկ-մարզուհիների պարապմունքները կկազմակերպվեն Աբովյանում, որից հետո էլ թիմը կուղևորվի մրցավայր: Ինչ խոսք, ցանկալի էր, որ նախապատրաստությունն ավելի ցածրադիր վայրում լիներ` ծովի ափին: Թել Ավիվը հենց այդպիսի վայրում է: Փաստորեն, մերոնք բարձրադիր վայրից իջնելուց հետո են մրցման մասնակցելու: Մտավախություն ունեմ, որ գուցե Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները չկարողանան դրսևորել իրենց կարողությունները:

- Ինչո՞ւ հավաքականը ուսումնամարզական թեկուզ մեկ հավաք դրսում չի անցկացնում: Դրա հնարավորությունը չկա՞:
- Պարզապես օրական ամեն մարզիկի համար ոչ թե 9 հազար 90 դրամ պետք է վճարեինք, այլ` 100 դոլար: Ֆինանսները սահմանափակ են, և մեր պատանիներին մրցումների գործուղելու համար այլևս փող չէր մնա: Այդուհանդերձ, հնարավորն արվելու է, որ մերոնք պատվով դուրս գան այդ փորձությունից: Իսկ աշխարհի առաջնությունից առաջ Հայաստանի հավաքականը 1-2 ուսումնամարզական հավաք արտասահմանում գտնվող լավագույն մարզաբազաներում կանցկացնի:

- Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճելու հույս կա՞:
- Եթե վնասվածքները չխանգարեն, ապա հավաքականը ձեռնունայն չի վերադառնա: Առանց սպասելիքների մրցման չենք գնա:

- Աշխարհի առաջնությա՞նն էլ հավաքականն այս նույն կազմով է նախապատրաստվելու:
- Այո, հնարավոր է նաև, որ թիմը նոր համալրողներ լինեն: Առայժմ հայկական ծանրամարտում նոր անուններ չկան: Այդպիսիք Հայաստանի առաջնությունում գուցե լինեն, բայց ոչ Եվրոպայի, աշխարհի առաջնություններում:

- Արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար որակազրկված 10 մարզիկ- մարզուհի ունենք, նրանց «մեղքը քավելու» ժամկետը չի՞ լրացել, վճարվե՞լ են սահմանված տուգանքները, որոնց չափը 400 հազար դոլարից ավելի էր:
- Մեկ տարի հետո միայն կլրանա որակազրկման ժամկետը: Ինչ վերաբերում է տուգանքներին, ապա դրանք մարվում են: Եթե վճարումներ չանեինք, չէին թույլատրի Եվրոպայի, նաև աշխարհի առաջնութունների մասնակցել: Այդ առումով պետությունը խնդիր չունի, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան է վճարումներ կատարում:

- Հայաստանի առաջնության ժամանակ դոպինգի ստուգում արվե՞լ է:
- Ստուգատեսի ավարտից հետո 5 փորձանմուշ է վերցվել և ուղարվել Քյոլնի լաբորատորիա: Այդ ամենը կատարվել է պաշտոնական:

- Ի՞նչ է ձեռնարկվել, որպեսզի Հայաստանի ծանրորդների կողմից արգելված դեղամիջոցների օգտագործման նոր դեպքեր չլինեն: Ներքին կարգով դոպինգի ստուգումներ կատարվելո՞ւ են:
- Պատասխանատվությունը խստացվել է, մարզիկների, մարզիչների հետ բացատրական աշխատանք է տարվել: Մինչև մրցավայր մեկնելը, եթե անգամ մենք էլ ձեռնպահ մնանք, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պահանջով Հակադոպինգային միջազգային կազմակերպությունը ստուգումներ կատարելու է: Այնպես որ ավելորդ ծախսեր անելու կարիք չկա: Երաշխիք կա, որ այլևս Հայաստանի հավաքականում դոպինգ օգտագործելու հանցանքում բռնված ծանրորդներ չեն լինի:

Tags: ,