Մարտի 28-ին ընդառաջ` գործող իշխանությունները կանգնած են ընտրության առջև

“Dem Em” civil initiative held a rally on Freedom SquareՆախորդ 6 ամիսների ընթացքում, այսինքն` այն օրվանից, երբ կառավարությունը հայտարարեց, թե հունվարի 1-ից Հայաստանում կներդրվի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ու դրա հետևանքով սկիզբ առավ երիտասարդների բողոքի շարժումը, որը հետո ստացավ «Դեմ եմ պարտադիրին» անունը, իշխանություններն ու կառավարությունը տարբեր ձևերով ու մեթոդներով փորձեցին լուծել այդ խնդիրը, բայց բոլոր դեպքերում անսասան մնաց համակարգը ներդնելու նպատակը: Զուգահեռաբար արեցին քայլեր, որոնք ամենևին չէին առնչվում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ, բայց ժողովրդի տարբեր հանրույթների մեջ զայրույթ ու բողոք առաջացրին` սկսած գազային պայմանագրերից մինչև պետական խոշոր գույքի վաճառքը, արտաքին քաղաքական դիրքորոշումը և այլն:

Մի կողմից`ակնհայտ էր, որ պայքարը քաղաքական է, քանի որ տարվում է քաղաքական որոշման դեմ, մյուս կողմից` պետք էր գտնել այնպիսի լուծում, որ ոչ մի քաղաքական ուժ չկարողանար շարժման շնորհիվ քաղաքական շահաբաժին ունենալ:

«Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամները հայտարարեցին, որ շարժումը գտնվում է քաղաքական հարթությունում, սակայն քաղաքական չէ այնքանով, որքանով շարժման անդամները չեն ուզում այս պայքարի արդյունքում գալ իշխանության: Սա թերևս ամենաճիշտ դիրքորոշումն ու ձևն էր, որ ընտրեցին շարժման մասնակիցները և զերծ մնացին թե՛ քաղաքական շահարկումներից, թե՛ քաղաքական ուժերի կողմից ուղղորդվելու վտանգից:

«Մեր շարժումը համագործակցում է քաղաքական չորս խմբակցությունների հետ, նրանք խորհրդարանում ներկայացնում են մեր շահերը: Ուստի այս շարժումը չի կարող քաղաքականացվել, այն ի սկզբանե եղել է քաղաքացիական, այդպիսին էլ կմնա»,- նշում են «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամները:
Երբ իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ վերջիվերջո հասկացան, որ չի հաջողվի «Դեմ եմ պարտադիրին» շարժմանը քաղաքական պիտակներ փակցնել, ուշագրավ նախադեպ գրանցվեց:
Մարտի 19-ին` կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը պարտադիր կենսաթոշակային համակարգի ռեֆորմի վերաբերյալ հայտարարություն արեց և արձանագրեց, որ Հայաստանում ձևավորվում է քաղաքացիական հասարակություն, որը թելադրում է իր կանոնները: «Դա նշանակում է, որ մենք` որպես կառավարություն, պետք է շտկենք մեր գործունեությունը»,- նշեց վարչապետը` հավելելով, որ կառավարությունը պետք է այնպես անի, որ իր գործունեությամբ բավարարի քաղաքացիական հասարակության պահանջները:
Անդրադառնալով «Դեմ եմ պարտադիրին» շարժմանը` Տիգրան Սարգսյանը նշեց, որ դրա անդամները հիմնականում երիտասարդներ են, որոնք կառավարությանը դիմում են բազմաթիվ նամակներով, և դրանցում մտահոգություն կա երկրի ապագայի վերաբերյալ: Երիտասարդները նամակներում գրում են, որ սիրում են Հայաստանը և ամեն ինչ անում են հանուն դրա պայծառ ապագայի: «Մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք երկխոսության «Դեմ եմ պարտադիրին» շարժման հետ: «Կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ» տարբերակն անընդունելի է: Մենք ընդունում ենք, որ օրենքները չեն կարող լինել առանց թերությունների, և հենց այդ թերություններն են մատնանշում մեր ընդդիմադիրները: Ճիշտ պատասխանը երկխոսելն է, և մենք հրավիրում ենք երկխոսության»,- ասաց Տ. Սարգսյանը:

Նա հավելեց, որ երկխոսությունը օգտակար կլինի թե՛ կառավարության, թե՛ շարժման համար: Վարչապետը հույս հայտնեց նաև, որ «Դեմ եմ»-ը կվերափոխվի ու կդառնա «Հանուն» շարժում, որը էական նշանակություն կունենա ՀՀ ապագայի զարգացման համար:
Ու երբ նման հայտարարություն արվում է շարժման ձևավորումից ու զարգացումից 6 ամիս հետո միայն, երբ անօգուտ էին այն արժեզրկելու, նրա վրա ուշադրություն չդարձնելու, քաղաքականացնելու ու մարելու տարաբնույթ փորձերը, երբ պարտադիր կուտակայինի սահմանադրականությունը վիճարկող ՍԴ քննությանն ընդամենը 9 օր, իսկ շարժման հրավիրած բազմամարդ հանրահավաքին 3 օր էր մնում, մտածելու տեղիք է տալիս` արդյոք կառավարությունն անկե՞ղծ է, և իրո՞ք ուզում է երկխոսել, թե՞ էլի դեկլարատիվ բնույթի հայտարարություն էր դա կամ ավելի «կառուցողական» երևալու փորձ: Այսինքն` հետքա՞յլ է անում իր անդրդվելի նպատակադրումից, թե՞, այնուամենայնիվ, պատրաստ է զիջումների գնալու:

Երբ լրագրողները աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից հետաքրքրվեցին` եթե վարչապետն իր հայտարարության մեջ նշեց, որ անընդունելի է «կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ» սկզբունքը, ի՞նչ է զիջելու կառավարությունը, ու եթե երկխոսությունը սկսվելու է ու ոչինչ չի զիջվելու, ի՞նչ իմաստ ունի այդ երկխոսությունը: «Կառավարությունը, նախատեսված և իրականացվող քաղաքականության առումով իրականացնելու է իր քայլերը: Այլ խնդիր է, որ կան մտահոգություններ, դիտարկումներ ու խնդիրներ, որոնք հիմա բազմակողմանի քննարկում են պահանջում, որոնց շրջանակներում կարող են լինել տարբեր միտումներ»,- ասաց նախարարը: Փաստորեն, ոչինչ էլ չի նախատեսվում զիջել:

Ուստի սպասված էր «Դեմ եմ»-ի պատասխանը վարչապետ Տիգրան Սարգսյանի երկխոսելու առաջարկին, որով շարժման անդամները, ըստ էության, մերժեցին այն. «Երբ կլինի հստակ հաղորդագրություն այն մասին, որ կա պատրաստակամություն պարտադիր բաղադրիչը օրենքից վերացնելու և կա ցանկություն երկխոսության օրենքի նոր տարբերակի շուրջ` առանց պարտադիր բաղադրիչի, մենք պատրաստ կլինենք գնալ երկխոսության` նշելով, որ ողջ հանրությունը պիտի այդ որոշման կայացման մասնակիցը լինի: Իսկ «Դեմ եմ»-ը, լինելով հանրության մի մասը, ևս իր ներդրումը կփորձի ունենալ հանուն ՀՀ քաղաքացու բարօրության մշակվող իրական բարեփոխման գործում: Այս պահին մենք նման հաղորդագրություն վարչապետի կողմից չունենք»:

Սրանից հետո հետո հետաքրքիր էր, թե ինչպիսի զարգացումներ կգրանցվեն մարտի 22-ին` Ազատության հրապարակում «Դեմ եմ պարտադիրին» շարժման կազմակերպած հանրահավաքի ժամանակ: Բացի շարժման հաղթանակի վերաբերյալ վստահություն հայտնող բազմաթիվ ելույթներից, հանրահավաքի ժամանակ մեկ անգամ ևս ակնարկ հնչեց, թե ինչպես կարող են իշխանությունները լեզու գտնել հասարակության հետ: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ քաղաքացիները կունենան հաղթանակ, եթե կարողանան միավորվել: Նա ասաց, որ շարժումը չի գործում միմիայն «դեմ» տրամաբանությամբ, որովհետև շարժման բոլոր անդամները կողմ են ռեֆորմների` առանց պարտադիր բաղադրիչի: Այսինքն` կառավարությանը հուշեցին, թե որն է իրավիճակը փրկելու իրական ճանապարհը:
Այսպիսով, մարտի 28-ին ՍԴ-ում պարզ կլինի` իշխանությունները իրոք կկատարե՞ն հասարակության պատվերը, թե ինչպես ԵԿՄ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, հանրության 80 տոկոսը դժգոհ է պարտադիր բաղադրիչից, սակայն, միևնույն է, իրենք ներդնելու են այդ համակարգը:

Ու եթե այդպես լինի, ապա հարց է առաջանում` ի՞նչ պետք է անի շարժումը: Այս հարցի պատասխանը շարժման ներկայացուցիչները տվել են հանրահավաքից մեկ օր առաջ` պատասխանելով լրագրողների հարցին: Եթե ՍԴ-ն սահմանադրական ճանաչի օրենքը, եթե սպառվեն ինստիտուցիոնալ պայքարի բոլոր մեխանիզմներն ու հնարավորությունները, նրանք անցնելու են ոչ ինստիտուցիոնալ պայքարի` քաղաքացիական անհնազանդության, որը կարող է ներառել բազմաթիվ մեխանիզմներ:

«Սկսելու ենք փողոցային պայքար, բայց ոչ այդ արտահայտության վուլգար իմաստով, բնականաբար, օրենքի շրջանակներում դիմելու ենք քաղաքացիական անհնազանդության գործնական քայլերի: Դրանց ձևերը շատ են, մենք կկարողանանք ինքնակազմակերպվել և ընդունել ճիշտ որոշումներ, թե որ գործողությունը երբ պետք է իրականացնենք»,- ասել են «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամները: Նրանց խոսքով` քաղաքացիական անհնազանդության դերը չպետք է թերագնահատել, որովհետև այն հզոր գործիք է, մնում է ճիշտ կիրառել:

Այժմ իշխանությունները դժվարին ընտրության առջև են կանգնած: Մի կողմում` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնելու իրենց ձգտման նահանջն է: Իսկ դա կնշանակի, որ նախագահի` համակարգը ներդնելու հավաստիացումը չեղյալ է համարվում, ինչը դժվար սպասելի է, քանի որ գործող իշխանությունները երբեք չեն ընդունել իրենց սխալները: Մյուս կողմից` արդեն ոչ սահմանադրական պայքարի սպառնալիքն է, որն իրենց համար հղի է ամենաանկանխատեսելի հետևանքներով, քանի որ «Դեմ եմ» շարժումն էլ իր հերթին է ապացուցել, որ վճռական է տրամադրված իր պահանջների հարցում և գնալով ոչ թե մարում, այլ ավելի է ուժգնանում:

Թե որ ուղին կընտրեն իշխանությունները, հստակ կլինի մարտի 28-ին` ՍԴ նիստից հետո:

 

Tags: ,