Ի՞նչ խնդիրներ են ծագել Եվրոպայի շախմատի երևանյան առաջնությունում

OՀայաստանի մայրաքաղաքում կայացած Եվրոպայի շախմատի անհատական առաջնության մասին տարբեր խոսակցություններ են հնչում: Այն բաց չէր, խաղացողները պարտիաներն անցկացնում էին մեկուսացած, մարզասերներից, նաև մամուլի ներկայացուցիչներից անջատ և չէին զգում հանդիսականների հևքը: Մրցավայրը` «Էլիտ պլազան», այդ առումով թերևս լավագույն մրցատեղին չէր, սակայն կազմակերպիչները չէին գտել մեկ այլ տարբերակ: Ի դեպ, չեմպիոն դարձած ռուսաստանցի Ալեքսանդր Մոտիլյովն էլ զարմացած էր մնացել, որ պարտիաներից մեկի ժամանակ վերևից անձրևաջուր է կաթացել խաղատախտակին, և պարտիան ընդհատել են, որպեսզի տեղափոխվեն: Իմաստ ունե՞ր մեր երկրում Եվրոպայի շախմատի առաջնություն անցկացնել: Այդ և ծագած մի շարք հարցերի շուրջ զրուցեցինք առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանի հետ:

- Առաջնության կազմակերպումը դժվարությունների հետ էր կապված, խնդիրներ առաջացան, այդուհանդերձ այն Հայաստանի համար շատ օգտակար էր: Մեր երկրի մեծ թվով շախմատիստներ հնարավորություն ունեցան խաղալու ուժեղագույնների մասնակացությամբ ստուգատեսում: Հայաստանի շախմատիստներից ոմանք բարձրացրին իրենց վարկանիշները: Մերոնցից 8-ը լրացրին միջազգային տարբեր նորմեր: Դա հնարավոր չէր լինի, եթե առաջնությունը չանցկացվեր Հայաստանում: Վերջին մի քանի տարվա Եվրոպայի առաջնություններում, Հայաստանի հավաքականի անդամներից բացի, սահմանափակ թվով շախմատիստներ էին խաղում, իսկ այս անգամ հանդես էր գալիս 82 շախմատիստ: Մամուլում մեկնաբանություններ եղան, թե ինչու են Հայաստանից այդքան շատ խաղացողները: Այդ անտեղյակությունը զարմացնում է: Բանն այն է, որ Եվրոպայի առաջնությունը բաց է, նույնիսկ վարկանիշ չունեցող շախմատիստը կարող է խաղալ, եթե մուծել է սահմանված մուտքավճարը, այն 220-225 եվրո է: Իսկ մեր պատանի, վետերան լավագույն շախմատիստները, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջնորդությամբ, մասնակցելու համար զեղչերով էին վճարումներ կատարել:

- Նաև մեդալի մյուս երեսը նայենք: Չնայած մեծ ծախսերին, մեդալակիր չունեցանք: Ընդ որում, Եվրոպայի ուժեղագույնները չէին խաղում: Ի վերջո, աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր ստացած շախմատիստներից 3-ը մեր երկրից են, սակայն մերոնք ամենայն հավանականությամբ չեն գնա Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի մասնակցեն այդ ստուգատեսին:
- Բացակայում էր մեր առաջատարը` Լևոն Արոնյանը: Ուժեղագույնները` Հայաստանի հավաքականի մյուս անդամները, իրենց վարկանիշով 100 լավագույնների շարքում շատ բարձր տեղեր չեն զբաղեցնում: Երբ բարձրակարգ շախմատիստներ են խաղում, նրանց հետ մրցավեճում դժվար է հաջողության հասնել, անակնկալ մատուցել: Չէի ասի, թե մերոնք ընդհանրապես հնարավորություն չունեին մրցանակակիր դառնալու: Վլադիմիր Հակոբյանի բախտը մի փոքր չբերեց, թեև նա պայքարում էր ամեն պարտիայում, որպեսզի միավոր վաստակի և բարձր տեղ գրավի: Գաբրիել Սարգսյանին, Հրանտ Մելքումյանին, Սամվել Տեր-Սահակյանին մարզական չարությունը չբավականացրեց: Թերես գիտակցելով, որ մրցանակային տեղի համար պայքարելը դժվար է, նրանք գործնական տարբերակների անցան և ցանկացան անպայման տեղ գրավել 23 ուղեգրերի համար մրցողների խմբում: Այդուհանդերձ, եթե հայացք գցենք վերջին տարիների Եվրոպայի առաջնություններին, ապա կնկատենք, որ մեր երկրի ներկայացուցիչներն այս անգամ ակնհայտորեն ավելի լավ են հանդես եկել: Աշխարհի գավաթի խաղարկության 3 ուղեգիր այդ ստուգատեսներում մերոնք երբեք չեն նվաճել: Երբեք Հայաստանից 13 տարեկան պատանին Եվրոպայի առաջնությունում գրոսմայստերի նորմ չի լրացրել: Խոսքը Հայկ Մարտիրոսյանի մասին է: 11-ամյա Շանթ Սարգսյանն էլ զարմացրեց` լրացնելով միջազգային վարպետի նորմ: Մի՞թե կարելի է առաջնությունը մեր համար անհաջող համարել:

- Խոսակցություններ եղան, նաև հրապարակումներ մամուլում պարտիաներն առանց պայքարի հանձնելու մասին, իբրև թե մեր անվանի գրոսմայստերները, «առատաձեռնություն» դրսևորելով, այդ արել են պատանի մեր այն շախմատիստների հետ մրցամարտերում, որոնք միջազգային նորմեր լրացնելու են հավակնել:
- Ինձ համար տարօրինակ էր, որ դա ասվել է գրոսմայստերի և միջազգային վարպետի նորմ լրացրած Հայկ Մարտիրոսյանի և Շանթ Սարգսյանի հասցեին, քանի որ երկուսն էլ պատանեկան միջազգային մրցաշարերում քանիցս մեդալների են արժանացել: Վերջերս էլ Հայկը Բելառուսում կայացած միջազգային մրցաշարում, վստահորեն խաղալով, լրացրել էր միջազգային վարպետի նորմ, նաև հաղթել է ադրբեջանցի միջազգային երեք վարպետի: Ընդ որում, պատնիների հետ մրցած գրոսմայստերներ էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը պրոֆեսիոնալ խաղացողներ են, և նրանց մարզական կենսագրության ընթացքում նախկինում որևէ դեպք չի արձանագրվել, որ պայմանավորված միավոր նվիրեն կամ ստանան:

- Մեծ գումարներ էին ծախսվել: Դա արդարացրե՞ց իրեն, առաջնությունը ստացվե՞ց:
- 160 հազար դոլար պարգևատրման հիմնադրամն էր, 40 հազար դոլար էլ մուծվել էր Եվրոպայի շախմատի ֆեդերացիայի գանձարկղը, միայն այն բանի համար, որ այդ ստուգատեսն անցկացնելու իրավունքը Հայաստանին էր վերապահվել: Խնդիր կար, մենք պատրաստ չէինք Երևանում շախմատի առաջնություն անցկացնելու: Բանն այն է, որ դժվար էր գտնել համապատասխան պայմաններ ունեցող դահլիճ: Եղած տարբերակներից ընտրվել էր լավագույնը: «Էլիտ պլազան» ժամանակակից պայմաններ ունի: Վատն այն էր, որ մարզասերները դահլիճում գտնվելու, անմիջականորեն շախմատիստների գործողություններին հետևելու հնարավորություն չունեին:

- Իրոք, մարզասերները, նաև լրագրողները դժգոհ էին, որ այդպիսի հնարավորություն չկա: Մինչդեռ 1996-ին, երբ Երևանի մարզահամերգային համալիրը հյուրընկալել էր Շախմատի համաշխարհային օլիմպիադայի մասնակիցներին, այդ ստուգատեսի ընթացքին հետևելու համար ավելի անկաշկանդ պամաններ էին:
- Անցած ժամանակամիջոցում կյանքում, նաև շախմատում շատ բան է փոխվել: Այժմ շախմատի մրցաշարերի ընթացքում այնքան էլ ցանկալի չէ, որ դահլիճում հանդիսականներ լինեն: Մարզասերները տեխնիկական միջոցների, համացանցի օգնությամբ կարող են, համակարգչի առջև նստած, հետևել պարտիաների ընթացքին, մեկնաբանություններին, հստակեցնեն, թե այս կամ այն պարտիայում որ շարունակությունն է ավելի ճիշտ և այլն: Ամբողջ աշխարհում այս միտումը տարածված է:

- Այդուհանդերձ, լրագրողները գերադասում են գտնվել կատարվող իրադարձությունների վայրում: Խաղից առաջ դահլիճում անցկացնելու համար տրամադրված մի քանի րոպեն բավական չէ աշխատելու համար: Թերևս այդ է պատճառը, որ Երևանում կազմակերպված Եվրոպայի առաջնությունը մամուլում մեծ ուշադրության չարժանացավ:
- Մի շարք լրագրողներ գտել էին ելքը և պարտիաների ավարտից հետո շախմատիստների հետ հարցազրույցներ էին անցկացնում, փորձում ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Եթե դահլիճում լրագրողներ, նաև հանդիսականներ գտնվեին, ավելի ճոխ կլիներ, բայց միևնույն է, էական տարբերություն չէր լինի, և լրագրողներն էլ չէին կարող զրուցել խաղացողների հետ: Ի դեպ, շախմատիստներից ոմանք դժգոհ էին, որ հանդիսականների աչքից հեռու են եղել և այն կարծիքին են, որ ինչպես ֆուտբոլի մարզադաշտում, մարզասերների ներկայությունը ոգևորում է խաղացողներին, նույն բանը կարող է կատարվել նաև շախմատում: Ինքս համոզված չեմ, որ շատերն են այդ կարծիքին, քանի որ եթե մարզասերների ներկայությունը ոմանց կարող է քաջալերել, ապա մի մասին էլ կարող է խանգարել:

- Առաջնության օրերին Հայաստանում էին Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը, Շախմատի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Սիլվիո Դանաիլովը, բայց նրանք էլ լրագրողներից հեռու էին: Իսկ առաջնության փակման հանդիսավոր արարողությանը դրսից ներկա չէր շախմատի ոչ մի պաշտոնյա:
- Քանի որ Եվրոպայի առաջնություն էր, ապա Իլյումժինովի Երևանում գտնվելը սոսկ վերաբերմունք էր: Դա Դանաիլովի գլխավորած կազմակերպության միջոցառումն էր: Ցավալի էր, որ փակմանը ոչ մի արտասահմանցի ղեկավար չկար: Բանն այն է, որ շախմատի պաշտոնյաները շարունակ տարբեր երկրներ են այցելում, զբաղված են: Դանաիլովն Իսլանդիայում ներկա էր միջազգային խոշոր մրցաշարի` նվիրված աշխարհի չեմպիոն Ռոբերտ Ֆիշերի հիշատակին: Իլյումժինովը Խանտի Մանսիյսկում էր, ապա` Թբիլիսիում, հետո էլ` Աֆրիկայում և այլն:

- Ձեր` որպես մրցավարի միջամտության կարիքը զգացվե՞ց: Առիթներ ունեցա՞ք պատժելու կարգազանց շախմատիստների:
- Ուշանալու պատճառով երկու մասնակցի պարտություն գրանցվեց: Դրանցից մեկը հայ, մյուսը` ֆինն շախմատիստ էր: Մեր հայրենակիցը պատանի խաղացող է, ոչ այնքան ուժեղ և անլուրջ մոտեցում էր դրսևորել: Իսկ Ֆինլանդիայի ներկայացուցիչը առավոտյան ուղևորվել էր Սևան: Նա հաշվի չէր առել, որ ցերեկը Երևանում խցանումներ են լինում, և չէր հասցրել ժամանակին մրցավայր ներկայանալ: Իսկ կանոնակարգով, երբ սկսվում է տուրը, բացակայողներին անմիջապես պարտություն է գրանցվում: Ի դեպ, նրա մրցակիցը հայ էր և պատրաստ էր մրցելու: Բայց ֆինն շախմատիստը հայտնեց, որ ինքը խախտել է կարգը և գիտակցում է, որ պետք է տուժի:

- Իսկ տուրերի ընթացքում հեռախոսազանգեր չհնչեցի՞ն, դրա համար պատժվողներ չեղա՞ն:
- Ոչ: Նախասրահում խաղացողները հնարավորություն ունեին հանձնելու բջջային հեռախոսները: Արտասահմանցիների մեծ մասը գերադասում էր հետը հեռախոս չբերել: Ի դեպ, դահլիճից դուրս մյուս գոտիներում մեր երկրի ներկայացուցիչները` մարզիչները, ծնողները և այլք, երբեմն կարգը խախտելով` հեռախոսով փորձում էին զրուցել, որի համար խիստ դիտողությունների էին արժանանում: Երևանում երկար ժամանակ խոշորամասշտաբ շախմատի մրցաշար չէր անցկացվել, մարդիկ հավանաբար տնավարի էին վերաբերվում խստացված նոր կանոններին:

- Առաջնությանը մասնակցած 62-ամյա Ռաֆայել Վահանյանի խաղի մասին ի՞նչ կասեք: Ինչո՞ւ էր բացակայում Սերգեյ Մովսիսյանը:
- Վահանյանի փայլուն մեկնարկը, տպավորիչ հաղթանակով ավարտած պարտիաները գեղեցկացրին առաջնությունը: 3-4 տարի է` նա խոշորամաշտաբ ստուգատեսների չի մասնակցում, հանդես է գալիս Գերմանիայի ակումբային առաջնությունում: Նա երկար տարիներ Հայաստանի լավագույն շախմատիստն է եղել, ուժեղագույններից մեկը աշխարհում: Փաստորեն, ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Վահանյանը մնում է Վահանյան: Ցավոք, նա մի փոքր վատառողջ էր և առաջնությունը կիսատ թողեց: Դժվարանում եմ ասել, թե Մովսիսյանն ինչու չխաղաց: Հնարավոր է, որ նա ծանրաբեռնված աշխատանք էր կատարել և օգնել Խանտի Մանսիյսկում կազմակերպված աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում խաղացող Լևոն Արոնյանին ու չէր հասցրել նախապատրաստվել:

Tags: ,