Մարտի 22-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի և Ֆրանսիայի համատեղ արտադրության «Փարաջանով» ֆիլմի պրեմիերան, դրանից մի օր առաջ` մարտի 21-ին, ՀՀ նախագահը պետական մրցանակ հանձնեց ֆիլմը ստեղծողներին: Բայց այս իրադարձությունը ոչ այնքան մշակութային, որքան քաղաքական իրարանցում առաջացրեց:
Անողոք ու քմահաճ տիկին է այդ ճակատագիր կոչվածը, որ պարզվում է` մարդուն կարող է հետապնդել անգամ նրա մահից երկար տարիներ հետո էլ: Սերգեյ Փարաջանովը հալածվեց խորհրդային իշխանությունների կողմից, քանիցս բանտ նետվեց այն պատճառով, որ ուզում էր ապրել այնպես, ինչպես ինքն էր ուզում, ոչ այնպես, ինչպես կոմունիստական կուսակցությունն էր թելադրում, այն պատճառով, որ չէր վարանում ու վախենում ասել այն, ինչ մտածում էր: Ահա նրա մահից այսքան տարի անց նրան նվիրված կենսագրական ֆիլմն էլ կրկին քաղաքական բախումների առարկա դարձավ:
Բանն այն է, որ ՀՀ պետական մրցանակի շնորհման արարողությունից երկու օր առաջ ֆիլմի համառեժիսոր Ելենա Ֆետիսովան մամուլում հրապարակավ հրաժարվեց Հայաստանի պետական մրցանակը ստանալուց: Ուկրաինական «Կոմենտարի»-ին գրեց, որ «Փարաջանով» ֆիլմի սցենարի հեղինակ, պրոդյուսեր և համառեժիսոր Ելենա Ֆետիսովան չի ներկայանա Հայաստանի պետական մրցանակի շնորհման արարողությանը, որը տրվել է Փարաջանովի մասին գեղարվեստական կինոնկարի համար: Ֆետիսովայի խոսքով` բոյկոտի պատճառը Հայաստանի կողմից Ղրիմի հանրաքվեի ճանաչումն է:
«Քանի որ դուք արտահայտվել եք Ղրիմում անցկացված հանրաքվեի օգտին` անվանելով այն «ժողովուրդների` ազատ կամարտահայտման միջոցով ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ», բայց որը իմ`որպես Ուկրաինայի քաղաքացու տեսանկյունից միջազգային իրավակարգի և եվրոպական արժեքների խախտում է, նաև Ուկրաինայի քաղաքացիների և համայն մարդկության խաղաղությանն ու հանգստությանը սպառնացող վտանգ է պարունակում, պաշտոնապես հայտարարում եմ, որ անհնարին եմ համարում իմ մասնակցությունը ֆիլմի ստեղծողների պարգևատրման արարողությանը, որը կայանալու է մարտի 21-ին, Երևանում: Իսկ պարգևի ինձ հասանելիք մասը խնդրում եմ փոխանցել հայ որբ երեխաների կարիքների համար,- ասված է Ֆետիսովայի` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում:- Վստահ եմ, որ Սերգեյ Փարաջանովը նույն կերպ կվարվեր»- եզրափակել է նա:
Իհարկե, ոչ ոք չի կարող ժխտել ու չհարգել յուրաքանչյուր մարդու սեփական քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումն ունենալու և ազատորեն արտահայտելու իրավունքը: Եվ բոլորս կհասկանայինք ուկրաինացի ռեժիսորին, եթե նա իր հրաժարումը մրցանակից արտահայտեր մեր դիրքորոշումը հարգելով, քաջ իմանալով, որ իր նման հազար ռեժիսոր էլ լինի, հազար Ուկրաինա էլ լինի, հայերս` ունենալով Արցախի խնդիրը, միշտ էլ պաշտպանել ու պաշտպանելու ենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Ինչպես ասում են` ասելուն ձև կա, ինչո՞ւ այսպես վիրավորելով, ինչո՞ւ այսքան անհարգալից: Իր կամքն է պարգևից հրաժարվելը, բայց ինչո՞ւ է թելադրում, թե այդ դրամը ինչ անենք` «փոխանցել հայ որբ երեխաների կարիքների համար»: Ո՞ր հայ որբերի, որոնց ծնողները նահատա՞կ եղան իրենց հայրենի տան շեմին, որոնց ծնողները զոհվեցի՞ն ազատագրական մարտերում, թշնամուն դիմակայելիս: Եվ առնվազն բարոյական չէ խոսել Փարաջանովի անունից, որը կենդանի չէ և այսօր չի կարող ո՛չ առարկել, ո՛չ հաստատել այն, ինչ ասվում է իր փոխարեն:
Ահավասիկ հասարակության մեջ նախօրոք կանխակալ կարծիք առաջացավ կինոնկարի նկատմամբ, մտածում էիր` եթե կինոնկարի ուկրաինուհի հեղինակն այսքան անհանդուժող է ուրիշի` սեփական ճակատագիրը տնօրինելու կամքի հարցում, ապա ի՞նչ պիտի նկարահանած լինի մի մարդու մասին, որն իր կյանքում չափազանց թանկ վճարեց իր ազատության, իր կամքն արտահայտելու համարձակության համար:
Այսպես թե այնպես հասարակությունը սպասում էր իշխանությունների արձագանքին: Ակնկալվում էր, որ տիկին ռեժիսորի հայտարարությունը կընդունեն որպես ի գիտություն և առաջ կացնեն: Բայց ոչ, հետևեցին տարօրինակ ռևերանսներ:
Հանրապետության նախագահը մրցանակները հանձնելիս հայտարարեց, որ առավոտյան տիկին Ելենա Ֆետիսովայից ստացել է նամակ, որում նա շատ հարգալից կերպով շարադրում է Երևան չժամանելու իր դրդապատճառները: «Ես իր գործընկերների միջոցով իրեն կփոխանցեմ պետական մրցանակը և իր իսկ ցանկությամբ, մրցանակի դրամական բաղադրիչը կուղղենք բարեգործական նպատակների՝ այն կրկնապատկելով հանրապետության նախագահի հիմնադրամից»,- ասաց նա:
Պարզվեց, որ նույն անձնավորությունը մի օրվա տարբերությամբ անհարգալից բաց նամակ է հղում ՀՀ նախագին, ապա շատ հարգալից փակ նամակ: Ինչո՞ւ ուրեմն չհրապարակվեց այդ հարգալից նամակը, որ տեսնեինք ու տարակուսանքները փարատվեին: Եվ արժե՞ր արդյոք երկար-բարակ հիշեցնել տիկին Ֆետիսովային հայ և ուկրաինական ժողովուրդների դարավոր բարեկամության մասին: Իսկ եթե այդ բարեկամության դարավոր պատմությունը չլիներ, կարելի՞ էր անհարգալից լինել: Ամեն դեպքում կարելի է հասկանալ նախագահի` այս միջադեպը դիվանագիտորեն հարթելու ցանկությունը: «Այնպես է պատահում, որ ժամանակի և իրադարձությունների թոհուբոհի մեջ տարբեր երևույթներ ունենում են տարընկալումներ, բայց ժամանակի մեծությունը նաև նրանում է, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ հստակեցվում է, տարըմբռնումները վերանում են, և ամեն ինչ ընկնում է իր տեղը: Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ ուկրաինացիները մեր եղբայրներն են: Այնպես որ ես խնդրում եմ գործընկերներին մրցանակը փոխանցել տիկին Ֆետիսովային»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարց է ծագում` ո՞վ է «Փարաջանով» ֆիլմի այս կադրի մտահղացողը, Ելենա Ֆետիսովա՞ն, թե՞ համառեժիսոր Սերժ Ավետիքյանը: Սերգեյ Փարաջանովը` նստած Բրեժնևի ուսերին, երբեմնի խորհրդային շքերթների ժամանակ, երբ միշտ թմբակահարվում էր ժողովուրդների համերաշխությունը: Ամենայն հավանականությամբ ոչ Ֆետիսովան: Այլապես կհասկանար, որ քաղաքական գործիչները գալիս գնում են, քաղաքական իրադրությունները փոխվում են, ու հանդուրժենք թե ոչ, միևնույն է, պատմության ուսերին նստած են արվեստագետները, նրանք են, որ մնում են հավերժության մեջ…
Այնպես որ մնում է ևս մեկ անգամ հարց տալ, հռետորական հարց` ի՞նչ կաներ այս իրավիճակում Փարաջանովը: Ամեն ոք ազատ է իր մտքի չափով պատասխանելու այս հարցին: Եվ մնում է գոհանալ, որ գոնե այս անգամ Փարաջանովը խուսափեց քաղաքական խաղերի զոհը դառնալուց, քանի որ ուկրաինական դեպքերը սկսվեցին ավելի ուշ, քան կավարտվեր ֆիլմը: Ինքը` Սերժ Ավետիքյանն էլ մամլո ասուլիսի ժամանակ դժվարացավ ասել, թե այդ դեպքում ինչ կլիներ ֆիլմի ճակատագիրը:
Tags: մշակույթ, Սերգեյ Փարաջանով
