ՍԴ-ն հաճելիորեն զարմացրեց . «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական են

սդԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 2014 թ. ապրիլի 2-ին որոշում ընդունեց, որով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք հոդվածներ ու դրույթներ հակասահմանադրական ճանաչվեցին:

Անվավեր ճանաչվեց վիճարկվող հոդվածների ու դրույթների մեծ մասը

Մասնավորապես ՍԴ-ն որոշեց, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, 7-րդ հոդվածի 1-ին և 11-րդ մասերի, դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված 13-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները` այն մասով, որով չեն ապահովում յուրաքանչյուր անձի հայեցողությամբ իր սեփականություն հանդիսացող աշխատավարձի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը և հանգեցնում են մարդու կամքից անկախ նրա սեփականության իրավունքի սահմանափակման, ճանաչել ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

Իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սկզբունքների պահանջներին համարժեք իրավունքների պաշտպանության կոնկրետ երաշխիքներ չամրագրելու և տվյալ իրավահարաբերություններում գործադիր իշխանության հայեցողության սահմանները չհստակեցնելու հանգամանքից ելնելով` անվավեր ճանաչվեց նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասը:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի՝ վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված 2-րդ հոդվածի 6-րդ կետի «…որի տնօրինման … կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» դրույթը և 44-րդ հոդվածի 1-ին մասը ևս ճանաչվեցին Սահմանադրության համապատասխան պահանջներին հակասող և անվավեր:

Սահմանադրությանը հակասող ու անվավեր ճանավեցին վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված 41-րդ հոդվածի 4-րդ մասի «Ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով» և 76-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գույքի արգելանքի միջոցով վարչական ակտի հիման վրա գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման սահմանափակման միջոցով սեփականության իրավունքը սահմանափակող դրույթները ևս` երկրորդի մասով հաշվի առնելով նաև, որ տվյալ դրույթին առնչվող իրավահարաբերությունները չեն վերաբերում սույն օրենքի իմաստով պարտադիր կուտակային վճար կատարողի (հարկային գործակալի) անմիջական հարկային պարտավորությունների կատարմանը:

Սահմանադրական դատարանը վճռեց, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-10-րդ մասերի, 8, 37, 38, 45-րդ հոդվածների, 49-րդ հոդվածի 2-րդ մասի և 86-րդ հոդվածի վեճի առարկա դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը:

Հաշվի առնելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, մասնավորապես` տվյալ որոշման եզրափակիչ մասի 1-5-րդ կետերով ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթները համակարգային առումով փոխկապակցված են Հայաստանի Հանրապետության շուրջ 50 օրենքներով և 80-ից ավելի այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված իրավակարգավորումների հետ, որոնց շատ դրույթներ տվյալ որոշման հիման վրա օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման, ինչպես նաև նկատի ունենալով օրենքի պահանջը համակարգային առումով իրավական անվտանգությունը չխաթարելու վերաբերյալ, բարձր դատարանը ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանեց 2014 թ. սեպտեմբերի 30-ը` հնարավորություն տալով ԱԺ-ին և կառավարությանն իրենց իրավասության շրջանակներում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու տվյալ որոշման պահանջներին:

Թերևս ՍԴ-ի որոշման ամենակարևոր կիզակետերից մեկն էլ վերաբերում է արդեն իսկ հաշվարկված պարտադիր վճարներին: Այս առումով որոշման մեջ նշվում է, որ տվյալ որոշման պահանջներից բխող նոր իրավակարգավորումներից ելնելով և հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները` վերահաշվարկման են ենթակա մինչ այդ կատարված կուտակային վճարները:
ՍԴ-ի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից` 2014 թվականի ապրիլի 2-ից:

ՍԴ որոշումը դեռ պետք է ուսումնասիրել, բայց քաղաքական գործիչները ոգևորված են

Օրենքի դրույթների ուժը կորցրած ճանաչելու ժամկետ սահմանելու կապակցությամբ ՍԴ-ում օրենքի դրույթների սահմանադրականությունը վիճարկող խմբի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելուն զուգահեռ` ՍԴ-ն գործադրեց դրանք որոշակի ժամանակ հետո ուժը կորցրած ճանաչելու ինստիտուտը, ինչը խնդիրներ կարող է առաջացնել, ուստի դեռ չպետք է շտապել: Ըստ պատգամավորի` ՍԴ-ի որոշումը կարող են մեկնաբանել միայն այն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո:
«Կարևորն այն է, որ հստակ է` Սահմանադրությանը հակասող նորմերի վերաբերյալ մեր ներկայացրած փաստարկները ճիշտ էին, շնորհակալություն բարձր դատարանին, որ ընդունեցին դա»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է իրավական հետևանքներին, Արծվիկ Մինասյանը չբացառեց, որ կսկսվի դատական հայցերի նոր փուլ քաղաքացիների, աշխատակիցների և գործատուների կողմից, որոնք պահանջելու են իրենց վճարները հետ վերադարձնել: Ընդհանուր առմամաբ Արծվիկ Մինասյանը ՍԴ-ի որոշումը գոհացուցիչ համարեց:

Որոշումը դրական գնահատեց նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` նշելով, սակայն, որ որոշման վերաբերյալ վերջնական կարծիք կարող է հայտնել միայն վճռին մանրամասնորեն ծանոթանալուց հետո:
ՍԴ-ի որոշումը, բնականաբար, ունեցավ նաև քաղաքական հետևանքներ: Այն լսելուց անմիջապես հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ քաղաքական պատասխանատվություն ունենալու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն անմիջապես պետք է հրաժարական տա:
Նման միտք էլ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը` ֆեյսբուքյան իր էջում գրելով անուններ, որոնք, իր կարծիքով, ՍԴ որոշումից անմիջապես հետո պետք է հրաժարական տան: Շնորհակալություն հայտնելով քառյակին` ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին, «Ժառանգությանն» ու ՀՅԴ-ին, «Դեմ եմ» շարժմանը, Արծվիկ Մինասյանին, Արտակ Զեյնալյանին և Մարինե Խաչատրյանին, ինչպես նաև Սահմանադրական դատարանին այս որոշման համար` Բագրատյանը նշում է. «Լուրջ հետևություններ պիտի անեն USAID-ը և Համաշխարհային բանկը` Հայաստանի Հանրապետության տարածքում հակասահմանադրական «բարեփոխումները» խրախուսելու համար: Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումից հետո հրաժարական պիտի տան վարչապետ Տ. Սարգսյանը, նախարարներ Ա. Ասատրյանը, Վ. Գաբրիելյանը, Դ. Սարգսյանը, Հ. Թովմասյանը, ԿԲ-ից` Ա. Ջավադյանը և Ն. Երիցյանը»:
Ինչ վերաբերում Հրայր Թովմասյանին, ապա նա էլ իր ֆեյսբուքյան էջում իր վերաբերմունքն արտահայտեց ՍԴ-ի որոշման վերաբերյալ. «Այս պահին արձագանքները տարբեր են և հակասական: Սահմանադրական դատարանի որոշման մեջ յուրաքանչյուրը տեսնում է այն, ինչ ցանկանում է տեսնել: Բոլորին, հատկապես` իրավաբաններին հորդորում եմ ձեռնպահ մնալ սահմանադրական դատարանի որոշումից չբխող եզրահանգումներ ու հետևություններ անելուց: Ակնհայտ է, որ սահմանադրական դատարանի որոշումը ևս մեկ քայլ է մեր իրավական համակարգի զարգացման ուղղությամբ: Վստահ եմ` այն կնպաստի Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային առավել արդյունավետ համակարգ ունենալու հարցում: Հուսով եմ` առաջիկայում հնարավորություն կունենամ տեսակետ արտահայտելու և ներկայացնելու սույն որոշումը»:

ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որ նաև ՍԴ-ում օրենքը պաշտպանողներից էր, ՍԴ-ի շենքից դուրս գալով` հայտարարեց, որ ինքը, միևնույն է, մնում է պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման կողմնակից: Լրագրողների հետ զրուցում նա նշեց, որ ՍԴ-ն ոչ թե օրենքն է հակասահմանադրական ճանաչել, այլ օրենքի հոդվածները, «սահմանադրական դատարանն ասաց, որ սա սա, սա չի համապատասխանում սահմանադրականությանը, հետևաբար մենք դա, դա, դան` պետք է փոխենք»,- նշեց պատգամավորը, իսկ արդեն ՍԴ-ի շենքի բակում, պատասխանելով իրեն ուղղված հարցերին, թե ինչու իրենց պաշտպանած օրենքը հակասահմանադրական ճանաչվեց, հայտարարեց, որ իրավական դաշտն է թերի:
«Դրա պատճառը ոչ թե ես եմ կամ մեծամասնությունը կամ փոքրամասնությունը, դրա պատճառները շատ-շատ են»,- ասաց պատգամավորը:
ՍԴ որոշման վերաբերյալ մեկնաբանությունները, պարզաբանումները, իրոք, հնարավոր կլինի լսել, ստանալ կամ նշել այն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո միայն: Ուստի այդ որոշմանը դեռ կանդրադառնանք:

Tags: , ,