Բնական աղետներն այս տարի էլ մարտահրավեր նետեցին հայ գյուղացուն

ցրտահարությունՄարտի 28-ին գյուղատնտեսության նախարարությունը հանդես եկավ հայտարարություն-նախազգուշացումով, որ հանրապետությունում մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում և ցրտահարություն, որից պաշտպանվելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիներին խորհուրդ է տալիս դիմել ավանդական միջոցների` այգիները ծխեցնել, և եթե հնարավոր է` առատ ոռոգել:

Ցուրտ էին սպասում` ձյուն ստացան

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը լրագրողներին հայտնեց, որ ցրտահարությունից տուժելու վտանգի առջև են հայտնվել հիմնականում ծիրանենիները, սալորենիները, կեռասենիները, դեղձենիները, որոշ շրջաններում` վաղահաս խաղողի վազերը: Այնուհետև Գառնիկ Պետրոսյանը երկար ու մանրամասն բացատրում էր «ավանդական» մեթոդների կիրառման տեխնոլոգիաները` ժամերը և այլն, քանի որ վստահ էր, որ -1-ից -2 աստիճան ցրտի դեպքում ցրտահարությունից հնարավոր կլիներ 100 տոկոսով պաշտպանվել, իսկ մինչև -6 կամ -7 աստիճան ցրտի դեպքում` ցրտահարության վտանգն էականորեն մեղմել:

Գյուղնախարարությունում նույնիսկ արտակարգ նիստ-խորհրդակցություն հրավիրեցին, քննարկեցին ցրտահարության դեմ պայքարի միջոցները, կազմեցին ծրագրեր, այնուհետև լրատվամիջոցներով ու երեք բջջային օպերատորների կողմից ուղարկվող sms հաղորդագրությունների միջոցով լայնորեն տեղեկացրին ցրտահարության վտանգի ու «ավանդական» միջոցներով դրա դեմ պայքարելու մասին: Սա, ինչպես նշում է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, իհարկե ճիշտ են արել:

Ուշադրություն դարձնենք, սակայն, մի հանգամանքի վրա. նախարարությունը խորհուրդ էր տալիս ոռոգել այգիները, իսկ այն հարցին` ոռոգման հնարավորություն կա՞, գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը նշում էր, թե կան բավականաչափ մեծ տարածքներ, որտեղ ինքնահոս ոռոգման համակարգեր են գործում, և այդ վայրերում ոռոգումը հնարավոր է, իսկ քանի որ ոռոգման սեզոնը դեռ չի սկսվել, պոմպակայանները դեռ պատրաստ չեն աշխատանքի, ապա, ցավոք, պոմպակայանների միջոցով ոռոգվող վայրերում ոռոգման հնարավորությունը բացակայում է:
Այս էլ որերորդ տարին է, որ Հայաստանում խոսվում է ցրտահարության վտանգի, դրա դեմ ծխահարությամբ ու առատ ոռոգումով պայքարելու մասին, բայց հենց գալիս է վճռական պահը, պարզվում է, որ ոռոգման սեզոն չլինելու պատճառով պոմպակայանները պատրաստ չեն աշխատանքին: Ընդ որում` նույնիսկ 1-2 օրով հնարավոր չի լինում այդ պոմպակայանները բերել աշխատանքային վիճակի:

Բայց այս պահին սա հարցի ոչ այնքան կարևոր կողմն է: Որովհետև մարտի 31-ին, երբ արդեն պարզ էր, որ ցրտահարությունն ուղեկցվել է առատ ձյան տեղումներով, պարզվեց, որ Արարատյան հարթավայրում 80-100 տոկոսով ոչնչացել է ծիրանի, վաղահաս դեղձի, վաղահաս կեռասի, սալորի, խաղողի վաղահաս տեսակների ամբողջ բերքը, լրիվ ցրտահարվել են բաց դաշտում տնկված սածիլները: Վնասվել են Արարատի, Արմավիրի գրեթե բոլոր համայնքները, իսկ Վայոց ձորի ու Արագածոտնի մարզերը` մասամբ:

Ինչպես նշում էր Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը, մարտի 30-ի լույս 31-ի գիշերը մարզում գետնի մակերեսին գրանցվել է ոչ թե -1 կամ -2 աստիճան ցուրտ, այլ -3.5 աստիճան հողի մակերևույթին ու -2.5 աստիճան` օդում: Մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերն էլ Հայպետհիդրոմետը ցուրտ էր կանխատեսում -6-ից -7 աստիճանի սահմաններում, սակայն պարզվեց, որ որոշ համայնքներում օդի ջերմաստիճանն իջել է մինչև -10 աստիճան:

Եղանակներն ինքնուրույն կտաքանան, բայց գյուղացիների վարկերն ինքնուրույն չեն մարվի

Այստեղ արդեն ակնհայտ է, որ գյուղատնտեսության նախարարության խորհուրդները` ավանդական միջոցներով` ծխահարելով ու առատ ոռոգումով պայքարել ցրտահարության դեմ, օգուտ չէին տալու: Ցրտահարության դեմ պայքարելու աշխատանքների առումով Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը նշեց. «Ձյունը գալիս է, ցրտահարություն է, ձյան դեմ ի՞նչ աշխատանքներ պետք է անել, որ վնասները շատ չլինեն: Ցրտահարություն է: Ո՞վ է ուզում, որ այդպես լինի»:

Վայոց ձորի մարզում, ինչպես տեղեկացրեց մարզպետ Էդգար Ղազարյանը, ցրտահարության վնասն այնքան էլ մեծ չէ, որքան Արարատյան հարթավայրում, քանի որ մարզում տարբեր գոտիներ կան, բնականաբար, ծիրանենիների ծաղկման ժամանակները տարբեր են, ուստի վնաս են կրել մարզի ցածրադիր համայնքներում ու գոտիներում գտնվող այգիները: Իսկ ցրտահարության դեմ իրականացվող աշխատանքների մասով մարզպետը նշեց, որ այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք մտադրված են եղել իրականացնել մարզում գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, անիմաստ են եղել, որովհետև սպասվել է միայն օդի ջերմաստիճանի անկում և նախատեսվել են ցրտի դեմ կանխարգելիչ ծրագրեր, բայց այդ ցրտահարությունն ուղեկցվեց ձյունով, իսկ դրա դեմ իրենք անզոր են եղել: Անցած օրերի ցրտահարությունից ամենից շատ տուժած համայնքներից մեկի` Արմավիրի մարզի Այգևան համայնքի ղեկավար Սպարտակ Էքիզյանը պատմեց, թե ինչ տիտանական ջանքեր են թափել ինքն ու իր համայնքի ժողովուրդը ցրտահարության գիշերներին. փորձել են ծխահարումով պաշտպանել այգիները, առատ ոռոգել են, քանի որ այդպես են իրենց խորհուրդ տվել գյուղնախարարությունից, ամբողջ երկու գիշեր դաշտերում ու այգիներում են եղել, ովքեր ջերմոցներ ունեն, ջերմոցներում են գիշերել, շորերով, լաթերով, էլեկտրական սալօջախներով ու գազով, սովորական կրակով փորձել են գոնե բերքից ինչ-որ բան փրկել, բայց ապարդյուն:

Ցրտահարությունից ամենից շատ տուժած համայնքներից մեկն էլ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքն է, որի ղեկավար Եսայի Մովսիսյանը ձեռնարկված միջոցառումների արդյունավետության առումով նշեց. «20 սանտիմետր ձյուն է դրել, ի՞նչ միջոց ձեռնարկեինք: Ծխահարելն էլ, ոռոգումն էլ այդ դեպքում սխալ բաներ են, հնարավոր չէ ձյան դեմ պայքարել: Դա բնության աղետ է, ու ո՛չ պետությունը, ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ որևէ մեկն ի զորու չէր ինչ-որ ձևով օգնել: Շատ չարչարվեցինք, բայց ինչ էլ արեցինք` անօգուտ էր»:

Մայիսյանի և Այգևանի համայնքապետները նշեցին, որ համարյա բոլոր գյուղացիները վարկեր ունեին, մեծ մասի հույսը տարվա բերքն էր, որը, սակայն, փչացավ: Սա արդեն լուրջ հարցեր է առաջացնում, չնայած այլ հարցեր էլ կան, որոնք հրատապ լուծում են պահանջում:

Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի ուղեկցությամբ այցելում է ցրտահարությունից տուժած մարզեր` ստեղծված իրավիճակին ծանոթանալու և առաջացած խնդիրների լուծման միջոցներ գտնելու համար: Այդ այցելությունների ժամանակ համայնքների ղեկավարների հետ քննարկվեցին ցրտահարության հետևանքները մեղմելու հնարավորությունները, մասնավորապես` բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածություններն ավելացնելու և այլ միջոցներով: Համայնքների ղեկավարները և բնակիչները փոխվարչապետի և նախարարի հետ հանդիպման ընթացքում բարձրացրին ստանձնած վարկային պարտավորությունների, սերմացուի, ոռոգման ջրի պահանջարկի բավարարման հետ կապված և այլ հարցեր:
Անդրադառնալով ստեղծված իրավիճակին, հետագա անելիքներին և համայնքներում հնչած մտահոգություններին` փոխվարչապետը նշեց. «Առաջին մտահոգությունը կապված է գյուղացիական տնտեսությունների ստանձնած վարկային պարտավորությունների հետ: Նմանատիպ խնդիր անցած տարի առաջացել էր Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած համայնքներում, որտեղ հնարավոր եղավ հնարավորինս փոխընդունելի լուծումներ գտնել: Մենք կառաջարկենք, որ վարկային կազմակերպությունները նմանատիպ գործընթաց նախաձեռնեն նաև հիմա: Մյուս ուղղությունը ցրտահարության հետևանքների մեղմումն ու այգիների համար համապատասխան խնամքի` պարարտացման, ոռոգման ապահովումն է` հաջորդ տարիներին նորմալ բերք ունենալու համար»:

Փոխվարչապետը տեղեկացրեց նաև, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնարարվել է գարնանային սելավային ջրերն ինքնահոս համակարգերի միջոցով հասանելի դարձնել գյուղացիական տնտեսություններին:
Իսկ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էլ իր հերթին հավաստիացրեց, որ իր ղեկավարած նախարարությունն աշխատում է սերմ ներկրող ընկերությունների հետ`տնտեսություններին բանջարաբոստանային մշակաբույսերի որակյալ սերմացուով ապահովելու համար: Ներկրվել են նաև գարնանացան գարու և կերային այլ մշակաբույսերի սերմեր: Նախարարը միաժամանակ տեղեկացրեց, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են բավարարել նաև հողօգտագործողներին մատչելի գնով տրվող պարարտանյութի և դիզվառելիքի լրացուցիչ պահանջարկը:

Ցրտահարության հասցրած ամբողջ վնասը դեռ վերջնականապես կճշտվի ու կհրապարակվի, բայց ակնհայտ է` այս տարի ծիրանը «կարոտով» ենք հիշելու, ու խիստ «հարգանքով» ենք վերաբերվելու վաղահաս կեռասին, դեղձին, խաղողի սեղանի սորտերին: Բայց կարևորն այն է, որ առանց այն էլ հոգսաշատ ու վարկերի տակ «ճկռած» գյուղացիներին անհրաժեշտ օգնությունը տեղ հասնի, ինչպես որ խոստանում են պատկան մարմինները:

 

Tags: ,