Բելառուսահայ Նինան հայրենիք է վերադարձել ազգային գաղափարախոսության իր տեսլականով

Nina-2Նինա Մեհրաբյանի հայրը 20 տարեկանից տեղափոխվել է Բելառուս, 15 տարի անց վերադարձել է հայրենիք, ամուսնացել ու արդեն ընտանիք կազմած մեկնել:
1987 թ. ծնվել է Նինան, մեկ տարի անց` եղբայրը: Չնայած բելառուսական միջավայրում բավականին հաջող հաստատվելուն` ընտանիքում հայկական ավանդույթներն ու մշակույթը խստորեն պահպանվել են: Եվ այն, որ այսօր 27-ամյա Նինան որոշել է մենակ վեր կենալ գալ Հայաստանում ապրելու, ինքն էլ է համարում այդ դաստիարակության արդյունք և երախտապարտ է իր ծնողներին. «Մեր տանը հնչել են հայկական երգեր, մեր ծնողները մեզ համար հայկական գրքեր են կարդացել, մեզ միշտ ասել են, որ Հայաստանն ամենալավն է: Մեր տանն արգելված է եղել օտար լեզվով խոսելը: Հայրս ասում էր` տանը թուրքերեն չլսեմ: Այսինքն` ինչ էլ որ լիներ` ռուսերեն, բելառուսերեն, եթե հայերեն չէր` ուրեմն թուրքերեն էր»:

Սակայն նրանք հաճախ չէին լինում Հայաստանում: Չորս տարեկանից հետո, օրինակ, Նինան առաջին անգամ Հայաստան է եկել 19 տարեկանում` մասնակցելու միջազգային մշակութային մի կոնֆերանսի, ներկայացնում էր Բելառուսը: Դա առաջին լուրջ ծանոթությունն էր հայրենիքի հետ: Հաջորդ այցն արդեն քաղաքական էր` 2008-ի նախագահական ընտրություններին, որպես միջազգային դիտորդ:

Այդ այցը նրա համար շատ կարևոր էր, որովհետև բացահայտում է իրական Հայաստանը. «Երևանից բացի, ես տեսա նաև Արարատի մարզի գյուղերը: Ընտրական հանձնաժողովները տեղակայված էին գյուղերի դպրոցներում: Տեսա դպրոցներ, որոնք այդ ցրտին պատուհան չունեին, հատակը բետոնից էր, գրատախտակն աթոռով հենված էր պատին, որ չընկնի, երեխաները վերարկուով ու ձեռնոցներով դաս էին գրում… Ես նման բաներ երբեք չէի տեսել, և դա ինձ համար մեծ շոկ էր»:

Վերադառնալով Բելառուս` սկսում է մտածել Հայաստանի հետ կապերն ամրապնդելու մասին, որպեսզի ինչ-որ կերպ կարողանա նաև օգտակար լինել: Սակայն Նինայի ծննդավայրում` Վիտեբսկ քաղաքում, շատ հայեր չէին ապրում, հայ համայնք` որպես այդպիսին, գոյություն չուներ:

Երբ ընդունվում է Բելառուսի մշակույթի համալսարան և տեղափոխվում մայրաքաղաք` Մինսկ, միանգամից միանում է տեղի հայ համայնքի կյանքին: Սակայն նկատում է, որ Մինսկում էլ համայնքը, մասնավորապես` երիտասարդությունը, համախմբված ու կազմակերպված չէ, չկա որևէ երիտասարդական կառույց: Նինան մի քանի ընկերների հետ հիմնում է երիտասարդական հայ համայնք: «Հինգ տարվա ընթացքում Բելառուսը դարձավ ԱՊՀ երկրների ամենաերիտասարդ և հզոր հայ համայնքներից մեկը»,- ասում է նա:

Այդ ժամանակ Նինան ավելի հաճախ է տարբեր ծրագրերով Հայաստան գալիս: «Եվ այդպես, մեկ, երկու, զգացի, որ ամեն անգամ Հայաստանից ավելի ծանր հոգով եմ գնում, չեմ ուզում գնալ: Ճիշտ է` Բելառուսում ինձ համար շատ լավ էր, այնտեղ բավականին կայացած էի, դասախոսում էի համալսարանում, ի դեպ, հիմա էլ դեռ ասպիրանտ եմ, ղեկավարում էի Բելառուսի երիտասարդ հայ համայնքը, և բոլորը Հայաստան տեղափոխվելու միտքս անլուրջ էին համարում: Բայց որոշեցի վերադառնալ»:

Այդ որոշումն ավելի գործնական բնույթ է ստանում, երբ անցյալ տարի Երևանում հանդիպում է «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հասարակական կառույցի հիմնադիր Վարդան Մարաշլյանին, որին` որպես նախկին մոսկվաբնակ ակտիվ երիտասարդի, վաղուց գիտեր: «Repat»-ը շատ ճիշտ է աշխատում, հայրենադարձին երազներ ու հույսեր չի տալիս, շատ ճշգրիտ ներկայացնում է և՛ Հայաստանի դժվարություններն ու խնդիրները, և՛ առավելությունները, տեղեկացնում, թե ինչ ռեսուրսներ են պետք այստեղ հաստատվելու համար, և եթե դու պատրաստ ես հաղթահարելու բոլոր խոչընդոտները, ապա բարի գալուստ»:

Ըստ Նինայի` հիմնադրամի շուրջ հավաքված հարյուրավոր հայրենադարձներն են, որոնք օգնում են նորեկներին ավելի հեշտ անցնել այն ճանապարհը, որ անցել են իրենք:

«Repat»-ի շուրջ հավաքված տարբեր երկրների հայերն այսօր կուռ համայքն են ձևավորել Հայաստանում, և այդ բազմերանգությունը կարող է լրջորեն վերափոխել ու հարստացնել Հայաստանի գունապնակը: «Շատ ուրախ եմ, որ Հայաստանում գտնվում են տարբեր մարդիկ, անգամ արտասահմանցիներ, որոնք նոր շունչ, նոր ժպիտներ են բերում: Հիմա, երբ դուրս ես գալիս փողոց, ավելի հաճախ ես տեսնում ժպտացող մարդկանց»,- նկատել է Նինան:

397385_10151717476979203_980184517_nՉնայած ահռելի փոփոխություններին, որ մեր հայրենադարձ զրուցակիցը տեսել է Հայաստանում 2007-ից ի վեր, լավ գիտի, որ այսօր Հայաստանի առջև ծառացած է լրջագույն մի մարտահրավեր` արտագաղթը: «Այո, կան մարդիկ, որոնք օբյեկտիվ պատճառներով են գնում, բայց կա նաև մարդու մի տեսակ, որի կյանքի նպատակը կենցաղն է, նման մարդիկ առաջնորդվում են «որտեղ հաց, էնտեղ կաց» կարգախոսով, և այդ տեսակի մարդկանց անիմաստ էլ է բացատրել բարձր գաղափարներ` ազգ, ժողովուրդ, պարտականություն: Մեկ է` քեզ չեն լսի: Պիտի գնան ու համոզվեն, որ ստամոքսի խնդիրը լուծվում է, բայց դրա փոխարեն կորցնում են շատ ավելի մեծ բան»:

Նինան հասկացել է, թե որն է այսօր Հայաստանի և ընդհանրապես, հայության ամենագլխավոր խնդիրը: Ասում է` չունենք ընդհանուր մի նպատակ, ռազմավարություն, գաղափարախոսություն` պետականորեն մշակված: «Այսօր որևէ պետական անձ կարո՞ղ է ասել, թե մենք ուր ենք գնում: Իմ կարծիքով` ոչ: Հայաստանն ու Սփյուռքն առանձին-առանձին են գործում: Միասնական են միայն Ցեղասպանության ճանաչման գաղափարի շուրջ, վերջին օրերին համախմբվեցին նաև Քեսաբի դեպքերի շուրջ, բայց եթե Ցեղասպանության խնդիրը լուծվի, ինչի՞ շուրջ ենք համախմբվելու»:
Երիտասարդ բելառուսահայն ունի իր պատասխանը. ողջ հայությանը համախմբել Անկախ Հայաստան պետության շուրջ:

Ի դեպ, նա նշում է, որ Սփյուռքում շատերն են ուզում հայրենադարձվել, սակայն ռիսկ չեն անում, քանի որ Հայաստանի մասին Սփյուռք հասնող լուրերը հիմնականում բացասական են: Նույն բացասական ֆոնն էլ` ավելի խիտ գույներով, Հայաստանում է: Նինան զարմանում է, որ տեղաբնակները, փոխանակ իրենց վերադարձով ուրախանան ու ոգևորվեն, հարցնում են, թե ինչու են եկել մի երկիր, որտեղից բոլորն ուզում են գնալ: «Սա նույնն է, որ երկար տարիներ հետո վերադառնաս քո տուն, դուռը բացես ուրախ սրտով, դրական էներգիայով, ոգևորությամբ, ու քեզ չասեն` ներս արի»:

1801349_10201491610446435_316227844_oՆինան ընդամենը չորս ամիս է, ինչ Հայաստանում է մշտական բնակություն հաստատելու նպատակով: Չնայած երեք բարձրագույն կրթություններին` առայժմ լուրջ աշխատանք գտնելու փուլում է և ընդունում է, որ այստեղ դա հեշտ բան չէ, քանի աշխատաշուկան փոքր է, լավ մասնագետները` շատ, մրցակցությունը` մեծ: Սակայն վստահ է, որ իր մասնագիտությամբ կկարողանա աշխատանք գտնել:
Համալսարանը միջազգային մշակութային կապերի մենեջերի որակավորմամբ ավարտած, զուգահեռ նաև պետական կառավարման խորհուրդն ավարտած ու դրանից բացի`քոուչինգի բնագավառում խորացած երիտասարդն այսօր Հայաստանում աշխատելու համար ընտրել է վերջինը: Ինչո՞ւ, որովհետև քոուչինգն այստեղ տարածված ու զարգացած չէ, մինչդեռ դա մի կարևոր ոլորտ է, որի նպատակն է մարդուն բերել այն համոզման, որ ինքն ի վիճակի է հասնելու իր առջև դրված նպատակներին, ճանաչելու ինքն իրեն, բացահայտելու իր հնարավորություններն ու կարողությունները: Արտերկրում այն տարածված է տարբեր բնագավառներում:

1488040_10201059424362053_1456644567_nՆինան բիզնես քոուչինգի մասնագետ է, ինչը, ցավոք, Հայաստանում դեռևս այնքան էլ տարածված չէ, և դրանից օգտվում են միայն որոշ խոշոր կազմակերպություններ:
«Եթե քայլում ես, պետք է ինչ-որ տեղ հասնես: Ես ջահել եմ, ճկուն, սա չլինի` մյուսը կփորձեմ, դա էլ չլինի` մեկ այլ բան կձեռնարկեմ, բայց գիտեմ, որ առանց աշխատանքի չեմ մնա: Միշտ կարելի է ինչ-որ բան անել, եթե ցանկություն ունես»:
Կարևոր է, որ հիմա նա այստեղ է` տանը, ինչպես ինքն է ասում: Ճիշտ է` նրան ի սրտե «ներս արի» չեն ասել, բայց դե դուռն էլ երեսին չեն շրխկացրել, այնպես որ ամենևին չի պատրաստվում իր տնից հեռանալ:

 

Անի Գասպարյան

 

Անկախ

Tags: , , ,