Անկախացումից հետո առաջին անգամ Հայաստանում կանցկացվի վոլեյբոլի միջազգային մրցաշար

կարենԱնցյալ տարվա հոկտեմբերից Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի: Կազմակերպությունը գլխավորում է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, որին անդամակցում են մեր երկրի տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներ, անօրինական է համարում Բաղդասարյանի այդ պաշտոնը զբաղեցնելը: Այդուհանդերձ, Հայաստանում վոլեյբոլը շարունակում է իր գոյությունը: Իսկ տեղաշարժեր կտարվե՞լ են: Պարզաբանում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:

- 2014-ից սկսել ենք ծրագրերի իրականացումը: Ինքս գնահատականներ տալուց փորձում եմ զերծ մնալ, սակայն ակնառու է, որ կազմակերպչական մի շարք հարցեր, մարզագույքի խնդիրներ են լուծվել, գնդակներ են ձեռք բերվել և այլն: Ներկայումս ներհայաստանյան մրցումները կազմակերպվում են միջազգային չափանիշներին համապատասախան: Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ եղած մարզասրահներն իրենց պայմաններով դեռևս գոհացնող չեն, բայց մնացածը բարձր մակարդակի վրա է:

- Մարզագույքի բացն ինչպե՞ս է հաջողվել լուծել:
- Հիմնականում աջակցել է Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիան: Մեր երկրի ֆեդերացիան համագործակցության համաձայնագիր է կնքել այդ կազմակերպության հետ: Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահը Ստանիսլավ Շևչենկոն է, իսկ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն այդ կազմակերպության հսկողական խորհրդի նախագահն է: Նա լավ հարաբերություններ է պահպանում Հայաստանի իր գործընկերոջ` Արթուր Բաղդասարյանի հետ: Գնդակներ են ուղարկվել, մարզագույք, մրցավարական հանդերձանք: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան էլ իր հերթին մարզահագուստ է տրամադրել ապրիլին Պորտուգալիայում կայանալիք դպրոցականների աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի վոլեյբոլիստների և վոլեյբոլիստուհիների թիմերին:
Ռուսաստանի ներկայացուցիչները խոստացել են շարունակել աջակցությունը, մարզագույքի նոր խմբաքանակ է սպասվում: Բացի այդ, ամռանը Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքականները Անապայում ուսումնամարզական հավաք են անցկացնելու: Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիան բոլոր ծախսերն իր վրա է վերցրել: Վերջերս Մոսկվայում հանդիպել եմ այդ կազմակերպության նախագահի հետ, հստակեցրել առաջիկա անելիքը: Հունիսին «Վոլեյգրադում» ոչ միայն ուսումնամարզական հավաք է նախատեսվում, այլև մերոնք խաղալու են Ռուսաստանի լողափնյա վոլեյբոլի բաց առաջնությունում: Բացի այս ամենից, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ֆինանսական կարիքները հոգում է կազմակերպության նախագահը:

- Եղե՞լ եք «Վոլեյգրադում», ի՞նչ է այն իրենից ներկայացնում:
- Անապայի մոտ է գտնվում, հատուկ վոլեյբոլի համար կառուցված մեծ «քաղաք» է: Եթե նախկինում այն միայն վոլեյբոլի համար էր, ապա այժմ արդեն պարապելու նպատակով գալիս են ձյուդոյիստները, սամբիստները, արևելյան տարբեր մարտարվեստի ձևերի ներկայացուցիչները: 2014-ի հոկտեմբերին եմ եղել «Վոլեյգրադում» և շատ զարմացել եմ, ուղղակի հրաշալի պայմաններ են: Լողափնյա վոլեյբոլի 4 խաղահրապարակ կա, լողափնյա վոլեյբոլի մեկ ծածկած մարզասրահ, որի ավազը տաքացվում է, և անգամ ձմռան ամիսներին միջազգային մրցաշարեր են անցկացվում:

- Նախկինում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Սյունիքի այժմ արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, սակայն նա ակտիվ դերակատարությունը վստահել էր Ռազմիկ Սուլթանյանին: Տարաձայնությունները քիչ չէին կազմակերպության նախագահության կազմի ներկայացուցիչների միջև: Այս առումով ի՞նչ է փոխվել:
- Ֆեդերացիան 11 հանձնաժողով ունի: Դրանցից յուրաքանչյուրը կատարում է իր աշխատանքը: Ֆեդերացիայում 7 վարչական աշխատող կա: Հավաքվել են երիտասարդներ, նրանց կողքին են ֆեդերացիայի փորձառու ներկայացուցիչները: Կարևորն այն է, որ որևէ փորձառու մասնագետ անտեսված չէ, բոլորն էլ աշխատելու, օգտակար լինելու հնարավորություն են ստացել: Իսկ որևէ հարց վճռելու համար համատեղ նիստ է հրավիրվում, և համապատասխան որոշում է ընդունվում: Օրինակ` Պորտուգալիա ուղևորվող դպրոցական թիմերի պատվիրակության կազմի թեկնածուների ընտրության հետ կապված խնդիրներ կային: Վերջերս համատեղ քննարկվեց և որոշվեց, թե ինչ պետք է արվի: Նախկին գործելաոճը, երբ հայտարարվում էր, որ այդպես պետք է արվի և վերջ, իսպառ վերացել է: Եթե նախկինում մեծամասնությունը տեղյակ չէր , թե ինչ է կատարվում, ապա այժմ բոլորն են տեղեկացված: Ընտրվում են հավաքական թիմերի մարզիչներ, կազմակերպիչներ միջոցառումների անցացման համար և այլն: Աշխատանքը խոչընդոտողներ չկան: Սուլթանյանը մարզչական հանձնաժողովի նախագահն է, նա հրավիրվում է նախագահության նիստերին, հայտնում իր կարծիքը, և այն հաշվի է առնվում:

խաղ- Ինչպես խաղային բոլոր մարզաձևերը, գարնանը վոլեյբոլը ևս աշխուժանում է: Ինչո՞ւ միայն գարնանը, ո՞րն է ձմեռային պարապուրդի պատճառը, ի՞նչ է արվում ներկայումս:
- Իրոք: Հնարավոր է` ֆեդերացիային աջակցության կարգով պետության կողմից հատկացվող ֆինանսավորումը առաջիկայում մեծանա, այժմ այն տարեկան 8 մլն դրամ է: Դրա հետ կապված` հավանական է, որ աշխատանքի ծավալն ավելի մեծանա: Թեև արդեն հայտնի է, թե ինչքան են ստանալու ֆեդերացիաները, հնարավոր է` փոփոխություններ կատարվեն: Օրինակ` եթե Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի բյուջեն 10 մլն դրամով ավելանա` էական տեղաշարժեր կլինեն: Ինչ վերաբերում է ձմեռային շրջանին, ապա ջեռուցվող մարզադահլիճների, թիմերի խաղացողների մարզվածության խնդիր կա: Ի վերջո, թիմերը ոչ միայն Երևանից են, այլև Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից են գալիս: Ձմռանն այդ խնդիրը լուծելը դժվարությունների հետ է կապված: Արդեն Սիսիանում և Երևանում մինչև 17 տարեկան վելոյբոլիստուհիների և վոլեյբոլիստների Հայաստանի առաջնության փնջային մրցաշարեր են անցկացվել: Առաջիկայում եզրափակիչ մրցաշարերն են: Միանալու են ևս 4-ական թիմեր: Մեծահասակների Հայաստանի առաջնության փնջային մրցաշար է անցկացվել տղամարդկանց 5, կանանց 2 թիմերի մասնակցությամբ: Տղամարդկանց մրցաշարում թիմերը տեղաբաշխվել են հետևյալ հերթականությամբ. 1. «Դինամո-Նոր Նորք», 2. Գյումրի, 3. Վանաձոր, 4. Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարան, 5. Բժշկական համալսարան: Կանանց մրցաշարում` 1. Ավան, 2. ԽՄՕՄՄ: Առաջին տեղերը գրավողներն իրավունք են ստացել մասնակցելու Հայաստանի առաջնությանը:

- «Դինամո-Նոր Նորքը» նոր թիմ չէ, ինչո՞ւ էր այն փնջային մրցաշարի մասնակցում:
- Անցյալ տարի այն եզրափակել է մրցաշարային աղյուսակը և տեղը կորցրել է բարձրագույն խմբում: Այդ թիմը մարզում է փորձառու մասնագետ Նիկոլայ Նիկողոսյանը: Ի դեպ, նրան վստահվել է նաև Հայաստանի հավաքականի ղեկը: Թեև Նիկողոսյանի թիմն անցած տարի հրաժեշտ է տվել ուժեղագույնների խմբին, սակայն առաջարկ եղավ, որ նա գլխավորի հավաքականը, և նիստում հաստատվեց դա:

- Ինչո՞ւ է փոքր կանանց մրցաշարերի մասնակցող թիմերի թիվը:
- ԽՄՕՄՄ-ը, ևս երեք թիմեր կմասնակցեն Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը: Արթիկում շարժ է նկատվում, և առաջիկայում հավանաբար թիմ մասնակցի Հայաստանի ուժեղագույնների պայքարին: Բանն այն է, որ մարզերում այս մարզաձևը եռանդուն մարդկանց ջանքերով է գոյատևում: Եթե այս կամ այն մասնագետը հեռանում է` թիմը ցրվում է: Արթիկում այդպիսի իրավիճակ էր, և նոր-նոր է տեղաշարժ սկսվել: Գյումրիում ընդհանրապես ոչինչ չունենք: Սիսիանում թիմ կա: Հայաստանում դժվար է կանանց թիմեր պահելը: Կարծում եմ` Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների մասնակից 5 և 4 թիմերի քանակը նորմալ է: Ապրիլին Արմավիրում Հայաստանի առաջնությունը կվիճարկեն տղամարդկանց ՖԻՄԱ, Ստեփանակերտ, ԽՄՕՄՄ, Արմավիր, «Դինամո-Նոր Նորք» թիմերը: Կանանց առաջնությանը, որը կանցկացվի Գորիսում մայիսի սկզբին, կմասնակցեն Երևանի «Նժդեհը», ԽՄՕՄՄ-ի, Սիսիանի, Ստեփանակերտի հավաքականները:

-Ինչո՞ւ այդ մրցումերից որևէ մեկը Երևանում չի անցկացվում:
- Որոշում է կայացվել, որ մայրաքաղաքից դուրս մրցումներ անցկացվեն, քանի որ մարզերում էլ մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, լավ թիմերը քիչ չեն: 1996-ից հետո Արմավիրում Հայաստանի առաջնություն չի անցկացվել: Մինչդեռ տեղի թիմը եղել է մեր երկրի չեմպիոն, այժմ էլ ուժեղ թիմ է մրցասպարեզ հանում: Արմավիրի մարզպետը, քաղաքապետը վոլեյբոլի մեծ սիրահարներ են և պատրաստ են աջակցել, որպեսզի ստուգատեսը բարձր մակարդակով կազմակերպվի: Վոլեյբոլիստուհիների առաջնություն նախկինում Սիսիանում է անցկացվել, բայց որոշվեց այն Գորիսում կազմակերպել: Սիսիանում մարզասրահի հետ կապված խնդիրներ կային, մինչդեռ Գորիսի մարզաբազան լավն է, նաև հանդիսականների համար տրիբունաներ կան: Իսկ ահա երկրորդ շրջանի խաղերը կկայանան Երևանում:
Սեպտեմբերին նախատեսվում է Երևանում անցկացնել վոլեյբոլիստների միջազգային մրցաշար, որին կմասնակցի 8 թիմ: Անկախացումից հետո Հայաստանում վոլեյբոլի միջազգային մրցաշար չի անցկացվել: Արդեն խաղալու համաձայնություն են տվել Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Իրանի, Վրաստանի ներկայացուցիչները: Հնարավոր է նաև Լեհաստանի կամ Գերմանիայի թիմերի մասնակցությունը: Միայն թե մարզասրահի խնդիր կա: Եղածը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, հատակն այն չէ: «Միկան» վոլեյբոլի ոչ մի հարմարություն չունի: Հնարավոր է` մրցաշարը կայանա «Դինամո» կամ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մարզասրահում: Ի դեպ, Ռուսաստանի վոլեյբոի ֆեդերացիան խոստացել է, որ հատակի ժամանակակից ծածկ կտրամադրի: Դա թանկ արժի` 40 հազար եվրո: Հայաստանի ներկայացուցիչները Մինսկում (մարզուհիներ), Վիլնյուսում, Բաթումում ( երկուսն էլ` տղամարդիկ) լողափնյա վոլեյբոլի միջազգային մրցաշարերի կմասնակցեն: Նոյեմբերին նախատեսվում է Կիևում դասական վոլեյբոլի պատանեկան մրցաշարի մասնակցություն: Հնարավոր է` ամռանը Երևանի «Գրանդ սան» ակումբում լողափնյա վոլեյբոլի միջազգային մրցաշար անցկացնենք:

- Ֆեդերացիան թիմերին գնդակներ տրամադրո՞ւմ է:
- Ներկայումս միայն մրցումների անցկացման ժամանակ են դրանք տրամադրվում, և թիմերը մրցավայր գնդակներ բերելու կարիք չեն ունենում: Գնդակներ հատկացվում են նաև Հայաստանի հավաքական թիմերին: Հետագայում հիմնականում օգնելու ենք մանկապատանեկան մարզադպրոցներին: Իսկ ակումբների համար գնդակներ չեն նախատեսվում: Ֆեդերացիան պարտավոր չէ ակումբներին գնդակներ հատկացնել:

- Մրցավարների վճարման չափն ավելացե՞լ է:
- Դեռևս նույնն է` մրցումների ընթացքում օրական 2 հազար դրամ: Բայց ֆեդերացիայի նախագահը խոստացել է պահուստային հիմնադրամից ֆինանսներ տրամադրել մրցավարական աշխատանքները լավ կազմակերպելու համար:

Tags: ,