ՌՈՒԲԵՆ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ

ռուբեն տեր մինասյանԱռաջին աշխարհամարտից առաջ ռուսական կառավարությունն առաջարկեց հայ ազատամարտի առաջատար Հայ հեղափոխական դաշնակցությանը, որ համաժողովրդական ապստամբություն բարձրացնի Թուրքիայում: Գրեթե նույն առաջարկն արեցին թուրքերը. ՀՅԴ-ն պետք է ապստամբեցներ արևելահայությանը:

Դաշնակցությունը, մերժելով երկու կողմին էլ, ընդունեց իր պատմության մեջ թերևս ամենասխալ ու վնասակար որոշումը. արևմտահայերը պետք է հավատարմորեն ծառայեն Թուրքիային, արևելահայերը` Ռուսաստանին: Ոչ ոք չլսեց անգամ Ռուբեն Տեր-Մինասյանի խորհուրդը, որ էր` խաբել Թուրքիային, զինվել նրա զենքով ու այդ զենքը շրջել հենց թուրքի դեմ: Իդեալական ծրագիր: Հիմա պատմությունն այլ կերպ կընթանար:
Այս առթիվ հետագայում Ռուբենը գրել է. «Դաշնակցությունը, դեմ լինելով պատերազմին, դեմ լինելով Իթթիհաթի կառավարության քաղաքականությանը, այնուամենայնիվ որոշում է (8-րդ ընդհանուր ժողով) հորդորել հայ ժողովուրդին՝ կռվի դեպքում անթերի կատարել իր պարտականությունը Թուրքիո հանդեպ:
Միայն ազնիվ հեղափոխական կուսակցությունն այսպես կարող էր վարվել (կռվի դեպքում ծառայել «Օսմանյան հայրենիքին»), սակայն ազնիվ մարդկանց հետ: Այս վերջին կետը մոռացվեցավ ՀՅԴ կողմից, և այս մոռացումը, անշուշտ, մեծ ճակատագրական սխալ էր: Այժմ դեպքերից հետո կարելի է այդ ճակատագրական սխալն ափսոսալ, քանի որ 200.000 հայ զինվոր ավելացնելով այդ պատկառելի ուժին, նաև ռուսական հսկա օժանդակությունները զորքով, սնունդով և ճարտարվեստով, բավական պիտի լինեին մեկ վճռական հարվածով Թուրքիան ջախջախելու: Այդ ուժի գիտակցությունը Դաշնակցությունն ուներ, բայց նա խուսափեց դրանից օգտվելուց` մնալով կաշկանդված ընդհանուր ժողովի որոշումների սահմանների մեջ»:

Ռուբեն Տեր-Մինասյանը ծնվել է 1882 թ., Ախալքալաքում: Նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում: Ծնողների ցանկությամբ շուտով մեկնում է Էջմիածին և ընդունվում Գևորգյան ճեմարան: Սակայն նրա ձգտումը հոգևորական դառնալը չէր. Տակավին պատանի` Ռուբենը զգաց իր հոգու փոթորիկն ու իր կոչումը` ազատամարտ:
Եվ ահա, լքելով ճեմարանը, նա մեկնում է Մոսկվա և ընդունվում Լազարյան ճեմարան: Այստեղ էլ տիրող հեղափոխական մթնոլորտի ազդեցության տակ անդամագրվում է Հայ հեղափոխական դաշնակցությանը: Իր եռանդուն ու փոթորկոտ բնավորությամբ Ռուբենը շատ արագ ներգրավվեց կուսակցական գործունեության մեջ և արագ աչքի ընկավ:
1903 թ. նա Թիֆլիս ժամանեց Արևմտյան Հայաստան մեկնելու հաստատակամությամբ: Սակայն մինչ Երկիր հասնելը նա հաստատվեց Կարսում և ինչպես հետագայում իր հուշերում գրեց, Կարսի հնոցի մեջ ոչ միայն զարգացրեց իր գիտակցությունը, այլև կոփվեց կամքով և գաղափարապես: Ավելորդ չէ նշել, որ այդ օրերին ՀՅԴ Կարսի Կենտրոնական կոմիտեի ղեկավարն էր Արամ Մանուկյանը, որ մեծ դեր ունեցավ Ռուբենի` որպես հեղափոխականի ձևավորման մեջ:

Կարսում շուրջ երկու տարի անցկացնելուց հետո, Ռուբենը 1905 թ. անցնում է Վան` Լեռնապարի կոմիտեություն, ուր Վանա Իշխանի հետ զբաղվում է կազմակերպչական աշխատանքներով: Շուտով Վանում է հաստատվում նաև Արամ Մանուկյանը, իսկ Ռուբենը Սասուն մեկնելու հանձնարարություն է ստանում, ուր Վարդան Շահբազը մարտական պարապմունքներ էր անցկացնում անփորձ դաշնակցականների և նորաթուխ ֆիդայիների համար:

Սասունում Ռուբենը Գևորգ Չաուշի հետ գործի անցավ և ձեռնամուխ եղավ շրջանի ինքնապաշտպանական ուժերի կազմակերպմանն ու ամրապնդմանը: Նա իր առաջ խնդիր դրեց նախ և առաջ կարգ ու կանոն հաստատել ֆիդայիների հարաբերություններում, սրբագրել ներքին չգրված կանոնակարգը: Իր ծրագիրն իրագործելու համար երիտասարդ Ռուբենը կանգ չէր առնում ծայրահեղ միջոցների առաջ. անգամ զինաթափեց մեծ անուն ու համբավ ունեցող տարեց ֆիդայուն` Սպաղանաց Մակարին:
Սասունում եղած ժամանակ Գևորգ Չաուշի ղեկավարությամբ էլ նա մարտական մկրտություն ստացավ, բազում մարտերի մասնակցեց և թրծվեց իբրև քաջ ու անվեհեր մարտիկ:

Ռուբենը մասնակցեց նաև 1907 թ. մայիսի 27-ի Սուլուխի տխրահռչակ կռվին, որտեղ զոհվեց Գևորգ Չաուշը: Ռուբենը մի քանի մարտիկների հետ հազիվ կարողացավ ճեղքել պաշարման շղթան ու բարձրանալ սարերը:

1908 թ. հռչակվեց Օսմանյան սահմանադրությունը: Այս գործի մեջ ուրույն մասնակցություն ուներ նաև ՀՅԴ-ն, որի գործիչներից շատերը, շլացած այս «փառահեղ հաղթանակով», ցրեցին ֆիդայական խմբերը: ՀՅԴ գործիչներն ամենուր «սիրախաղի» մեջ էին երիտթուրքերի հետ: Ռուբեն Տեր-Մինասյանն այն եզակիներից էր, որ կոչ էր անում չհավատալ ու չվստահել երիտթուրքերին, չկորցնել զգոնությունը:
Ավաղ, նրան լսող գրեթե չկար:

Գուցե թե հենց հիասթափությունն էր պատճառը, որ Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո Ռուբենը որոշ ժամանակ հեռացավ կուսակցական գործունեությունից և ուղևորվեց Եվրոպա, ուր 1913 թ. ավարտեց Ժնևի համալսարանի քիմիական ֆակուլտետը:

Սակայն իրադրությունն աշխարհում լարված էր, արդեն ուրվագծվում էր առաջիկա պատերազմը, և 1913 թ. ՀՅԴ բյուրոյի հրահանգով Ռուբենը դարձյալ հայտնվում է Սասունում և անցնում կազմակերպչական աշխատանքների: Նրան է վստահվում Դուրան-Բարձրավանդակի և Սոլնո ձորի կոմիտեությունների պատասխանատվությունը: Իսկ դա շատ պատասխանատու պաշտոն էր, քանզի այդ կոմիտեությունն ընդգրկում էր ողջ Սասունը և Տարոնը. այդ շրջանը երկար ժամանակ հայ ազատամարտի հնոցն է եղել:
Գևորգ Չաուշի եղերական մահից հետո տարածաշրջանում շատ բան կար անելու: 1915 թ. Ռուբենը գլխավորեց Տարոնի ինքնապաշտպանությունը, որի եղերական տապալումից հետո անցավ Կովկաս:

Այստեղ ևս Ռուբեն Տեր-Մինասյանը ակտիվ հասարակական կյանքով է ապրում: Դառնալով Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի անդամ` նա մասնակցեց Անդրկովկասյան սեյմի աշխատանքներին:

Հայաստանի անկախության հռչակումից հետո Ռուբենն ընտրվում է Հայաստանի խորհրդարանի անդամ, ապա նշանակվում զինվորական նախարար, զորավար Արարատյանի օգնական, ներքին գործերի նախարար, իսկ Խատիսյանի կառավարության օրոք` Հայաստանի Հանրապետության զինվորական նախարար: Ռուբեն Տեր-Մինասյանը նաև մինչև իր կյանքի վերջը ՀՅԴ Բյուրոյի անդամ էր:
Մեծ է Ռուբենի` որպես զինվորական նախարարի ներդրումը հայկական բանակի կազմավորման գործում: Բանակը, որ կազմավորվեց` հիմք ունենալով նախկին ցարական բանակում ծառայած զինվորականներին և կամավորական խմբերին, ուներ պարենավորման, հանդերձավորման դժվարություններ, ինչն ամբողջությամբ պետական միջոցների հաշվին անելը գրեթե անհնարին էր, քանզի Հայաստանի Հանրապետությունը ծանր դրության մեջ էր: Եվ Ռուբենը, ով անցել էր շարքային հայդուկից մինչև ռազմական նախարարի պաշտոն դժվարին ճանապարհը, պատվով լուծեց այդ խնդիրները: Նա նաև ձեռնամուխ եղավ Հայաստանում ռազմական ուսումնարանի ստեղծմանը, սակայն վերահաս ռուս-թուրքական ներխուժումը վիժեցրեց այդ ծրագիրը:

Դեռ մինչև նախարար դառնալը նա աչքի ընկավ Արարատյան դաշտավայրի թուրքական գյուղերի ապստամբությունները ճնշելով և այդ բնակավայրերը կառավարությանը ենթարկեցնելով:

Նա նաև հիանալի վարչարար էր: Պատերազմի հետևանքով դատարկված շատ բնակավայրեր Ռուբենը բնակեցրեց գաղթական ընտանիքներով:

ՀՀ անկումից հետո Ռուբեն Տեր- Մինասյանն անցավ արտասահման: Նա բնակություն հաստատեց նախ Իրանում, ապա` Ֆրանսիայում, Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում:

Կյանքի մայրամուտը Ռուբեն Տեր-Մինասյանն անցկացրեց Ֆրանսիայում, որտեղ էլ մահացավ 1951 թ. նոյեմբերի 27-ին:

Սակայն Ռուբեն Տեր-Մինասյանը սերունդների հիշողության մեջ կմնա ոչ միայն որպես ազատագրական շարժման կամ ռազմական-վարչական գործիչ: Սփյուռքում ապրած տարիներին նրա զենքը գրիչն էր: Իր երկար թափառումների ու մաքառումների տարեգրությունը Ռուբենը թղթին հանձնեց և լույս ընծայեց «Հայ յեղափոխականի մը հիշողությունները» բազմահատոր աշխատությունը, ինչը մեծ արժեք է ներկայացնում պատմագիտության համար ոչ միայն ՀՅԴ պատմության, այլև առհասարակ. ժամանակաշրջանի հայոց պատմության ուսումնասիրության համար:

 

Tags: ,