Սարգիս Գրիգորյան. «Մեր գործարարները չեն ցանկանում հարստանալ սպորտի միջոցով և փող ծախսելու հարցում ձեռնպահ են մնում»

Սարգիս ԳրիգորյանՀայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը թևակոխեց 60-րդ գարունը: Նա երկար տարիներ եղել է մեր երկրի հանդբոլի հավաքականի դարպասապահը, վերջին տասներկու տարին էլ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահն է և մեր երկրի պետական կառույցներում զբաղեցրել է բարձր պաշտոններ: Անցած բեղուն ճանապարհի, նաև անկատար ծրագրերի մասին զրուցեցինք հոբելյարի հետ:

- Պրն Գրիգորյան, ինչո՞ւ հենց հանդբոլն ընտրեցիք:
- Ճակատագրական դեր է ունեցել հայկական հանդբոլի հիմնադիրներից Սպարտակ Ծառուկյանը: Նա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն էր, նաև հանդբոլի խմբեր էր մարզում 26 կոմիսարների շրջանի մարզադպրոցում: Այն ժամանակ սովորում էի Երևանի թիվ 76 դպրոցում: Նա է ինձ նկատել, երբ Ֆիզկուլտուրայի դասին բասկետբոլ էինք խաղում: Մեր ուսուցիչը` Ալեքսանդր Սարգսյանը, խնդրեց մոտենալ, ծանոթացրեց Ծառուկյանի հետ, խորհուրդ տվեց լսել նրան: Ծառուկյանը բացատրեց, թե ինչ է հանդբոլը, և առաջարկեց պարապել:

- Սպորտով զբաղվելը կյանքում օգնե՞լ է:
- Շատ: Ներկայումս առողջական տարբեր խնդիրներ ունեմ: Բայց նախկինում շուրջ 10 տարի ակտիվորեն սպորտով զբաղվելն է օգնում, որ սիրտս այդ ամենին դիմանում է:

- Ընդհանրապես մարզաշխարհի ներկայացուցիչները փոքր-ինչ առանձնանում են սովորական մահկանացուներից: Հանդբոլն ինքնատիպ է, շատ բանով է տարբերվում մյուս մարզաձևերից: Ձեր աշխատանքի ոլորտներն էլ ուրիշ են եղել: Կա՞ն ընդհանրություններ վերջիններիս աշխատանքի և սպորտի միջև:
- Հանդբոլը մարտունակ մարզաձև է: Այն, ինչպես մյուս մարզաձևերը, դաստիարակչական մեծ դեր ունի, խաղային բոլոր մարզաձևերի նման սովորեցնում է, որ մարդու համար կյանքի մարտահրավերների դեմ միայնակ, առանց թիմի պայքարելը դժվար է: Հանդբոլն իր բնույթով կոշտ խաղ է, կյանքում էլ այն օգնում է շատ դժվարություններից թևաթափ չինել: Ոչ մի ընդհանրություն չկա գործունեությանս ոլորտների և սպորտի միջև: Շուրջ չորս տասնամյակ պետական կառույցներում եմ աշխատում: 20 տարեկանում, երբ ավարտեցի Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, աշխատանքի անցա Հայաստանի գյուղատնտեսության նախարարության վերահսկողական վարչությունում որպես վերահսկիչ և վերստուգիչ: Հետագայում պատասխանատու մի շարք բարձր պաշտոններ եմ վարել Հայաստանի հարկային, մաքսային, տրանսպորտի և կապի, այլ ոլորտներում, տարբեր գերատեսչություններում նախարարի տեղակալ եմ եղել: Շարքային աշխատողից հասել եմ Հայաստանի կառավարության վերահսկողական ծառայության պետի աստիճանին: Հավանաբար, մինչև կենսաթոշակի անցնելը շարունակեմ աշխատել պետական ոլորտում: Պատճառը երևի այն է, որ, անկախ կամքիցս, պետական մտածողությունն իմ խառնվածքում մի փոքր ավելի շատ է: Ի դեպ, երբեք չեմ փորձել օգտագործել զբաղեցրած դիրքը և աջակցության ակնկալիքով դիմել սպորտի, օլիմպիական կոմիտեի ղեկավարներին: Չեմ էլ ցանկանա, որ նման քայլ կատարեմ, քանի որ իմ սկզբունքներին դա դեմ է: Քաջ գիտակցում եմ, որ երկու կառույցներն էլ ունեն բազմաթիվ անելիքներ: Ինքս խնդիր եմ դրել, որ դժվարին պայմաններում փոքրիշատե լուծվեն հանդբոլի հարցերը, այն զարգանա:

- Երկար ժամանակ է, ինչ ստանձնել եք Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի ղեկը, ի՞նչն է ստացվել, ինչը` ոչ:
- Երբ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան գլխավորեցի, կարելի է ասել` այն չկար: Կազմակերպության նախկին նախագահ Հարություն Մելքոնյանը դիմեց, որ օգնեմ: Խոստացա առանց պաշտոն զբաղեցնելու հնարավորինս աջակցել, սակայն նա ասաց, որ ավելի արդյունավետ կլինի, եթե ինքը տեղակալի պարտականությունները կատարի, կազմակերպչական աշխատանքներում ներգրավվի, իսկ ես անմիջականորեն գլխավորեմ ֆեդերացիան: Դժվարին իրավիճակ էր: Մրցումներ, Հայաստանի առաջնություններ գրեթե չէին անցկացվում: Նախ` ֆեդերացիան նորովի վերակառուցվեց: Առաջին խոշոր միջոցառումն իմ մարզչի, հայկական սպորտի երախտավոր Սպարտակ Ծառուկյանի ծննդյան հոբելյանին նվիրված մրցաշարն էր: Աստիճանաբար, Երևանում, Հայաստանի տարբեր մարզերի մարզօջախներում հանդբոլի թիմեր ստեղծվեցին: Թեև մարզաձևը հիմնականում տարածված է մայրաքաղաքում, ֆեդերացիայի որդեգրած քաղաքականությունն այն է, որ մարզերում էլ այն տարածվի: Ներկայումս Լոռիում մեծ առաջընթաց կա: Կոտայքի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում ևս հանդբոլն աշխուժացել է: Նպատակն այն էր, որ մարզաձևը դառնա մասսայական:

Ինչ վերաբերում է միջազգային մրցաշարերում մերոնց խաղալուն, ապա երբեք չենք ձգտել դրանցում մեծ հաջողությունների հասնել, մրցանակային տեղեր գրավել: Նկատի ունեմ Եվրոպայի, աշխարհի առաջնությունները: Իրատես ենք և քաջ գիտակցում ենք, որ դրա համար պետք է պրոֆեսիոնալ ակումբներ ունենալ, մինչդեռ Հայաստանում դրանք չկան, և հանդբոլը սիրողական մակարդակի է: Ուրախալի է, որ մարզաձևի մասսայականացման գործում կարողացել ենք հասնել մեր առջև դրված խնդիրների լուծմանը: Հայաստանում կանոնավոր հանդբոլ է պարապում շուրջ 2 հազար մարդ, կա երկու տասնյակ թիմ: Սկսած դպրոցականներից մինչև ուսանողները հանդբոլի մրցումների են մասնակցում: Տարեկան շուրջ երեք տասնյակ մրցաշար է անցկացվում: Ամեն տարի մերոնք կարողություններն են փորձում 2-3 միջազգային պաշտոնական ստուգատեսներում, միջազգային տարբեր մրցաշարերի են մասնակցում: Հայաստանի անունը դուրս չի մնում հանդբոլային միջազգային անցուդարձից: Իսկ կատարված աշխատանքն աննկատ չի մնում նաև հանդբոլի միջազգային կազմակերպությունների աչքից, աջակցություն է ցույց տրվում: Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիան «Սմարթ» ծրագրով երրորդ անգամ անընդմեջ գնդակներ, մարզագույք է տրամադրում, սեմինարներ անցկացնելու համար մասնագետներ է գործուղում Հայաստան, ի վերջո, հանրակրթական դպրոցներում կանոնավոր խմբեր են գործում:

Երբ մեր մարզիկները եվրոպական միջազգային մրցաշարերում պարտություն են կրում, նախատողներ են հայտնվում, թե ինչու ենք մասնակցում: Հասկանալի է, որ մամուլն իր մոտեցումներն ունի, սակայն մեր համոզմունքներին անդավաճան ենք: Պատանեկան, երիտասարդական հանդբոլը զարգացնելու համար անպայման պետք է միջազգային մրցաշարերի մասնակցել, անկախ այն հանգամանքից, թե ինչ ներուժ ունենք:

- Կարելի՞ է սպասել, որ Հայաստանում հանդբոլը երբևէ բարձր մակարդակ կունենա:
- Մեր երկրում սոսկ սիրողական հանդբոլը կզարգանա: Պրոֆեսիոնալ հանդբոլը կարող է հաջողություններ ունենալ միայն այն դեպքում, եթե ֆինանսական մեծ ներդրումներ կատարվեն: Առանց դրա` որևէ ակնկալիքի մասին խոսելն անիմաստ է:
Էական նշանակություն չունի` պետությունն աջակցության կարգով Հայաստանի հանդբոլի ֆեդերացիային տարեկան 18, թե՞ 28 կամ 38 մլն դրամ է տրամադրում: Դա կախված է պետական հնարավորություններից: Այդ միջոցներով ամեն ամիս Հայաստանում հանդբոլի մի քանի մրցաշար է անցկացվում, մեր երկրի հավաքականները խաղում են միջազգային ներկայացուցչական ստուգատեսներում, տարբեր մրցաշարերում: Շուրջտարին ֆեդերացիան ապահովում է միջոցառումների կազմակերպումը, պատվիրակություններ գործուղում միջազգային տարբեր մրցաշարերի: Ցավոք, երբ հասունանում է պրոֆեսիոնալի անցնելու պահը, այդ ժամանակ էլ խզում է առաջանում, դադարում է զարգացումը: Պետությունն այդ պարագայում դեր չունի, ներդրումների խնդիր է: Ամբողջ աշխարհում է այդպես: Եթե մեծահարուստները ֆինանսներ ներդնեն, կարող են քաղել պտուղները: Սակայն մեր գործարարները սպորտի միջոցով հարստանալ չեն ցանկանում և փող ծախսելու հարցում ձեռնպահ են մնում:

- Ունե՞ք դեղատոմս կյանքում, նաև սպորտում, եթե անհաջողությունները հաղթահարելու կարիք է առաջանում:
- Հեշտ ոչ մի բան չի տրվում, և այդ ամենի կողքից լուրջ մարդը չի կարող անտարբեր անցնել, հնարավոր չէ: Ինքս, նույնիսկ ամենափոքր չհաղթահարված արգելքի հանդիպելով, սրտնեղում եմ, դժվարությամբ տանում, և դա անդրադառնում է առողջական վիճակիս վրա: Թեթև ոչ մի բան չեմ ընդունում ո՛չ աշխատանքում, ո՛չ էլ հանդբոլում: Նույնիսկ, երբ քաջ գիտակցում ենք, որ մերոնք հանդբոլային առումով ուժեղ երկրների հավաքականների հետ մրցամարտերում դատապարտված են պարտության, այդ անհաջողությունն էլ դառնությամբ եմ ընդունում: Բայց կյանքում անհնարին ոչինչ չկա: Իսկ դեղատոմսն այն է, որ մեր երկրում արդեն 4-րդ անգամ անցկացվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթի հանդբոլի միջազգային մցաշարը: Ընդ որում, Հայաստանի հավաքականի կազմն ուժեղացրել են աշխարհի տարբեր երկրներից, հիմնականում Ֆրանսիայից հրավիրված մեր հայրենակիցները: Երկու խնդիր է միաժամանակ լուծվում: Մեր երկրում զարգանում է հանդբոլը, քանի որ մարզասերները, պատանի խաղացողները բարձրակարգ մարզիկների մասնակցությամբ հանդիպումների ընթացքին հետևելու հնարավորություն են ստանում: Բացի այդ, ավելի են ամրապնդվում հայրենիք-սփյուռք կապերը: Ընդ որում, արտասահմանից այնպիսի հայ խաղացողներ են Հայաստան այցելում, որոնք իրենց նախնիների երկրի տեղն անգամ չեն իմացել: Մեծ մասը խառն ամուսնությունների ծնունդ են և Հայաստան գալուց հետո են միայն փորձում հայերեն խոսել սովորել: Եվ միասնական ուժերով համալրված Հայաստանի հավաքականներն էլ կարողանում են հաջող մրցելույթներով ուրախացնել մարզասերներին: Այդ մրցաշարերի ընթացքում մերոնք տարբեր երկրներ ուժեղ հավաքականների նկատմամբ հաղթանակներ են տարել, նաև բարձր տեղեր զբաղեցրել: Երազել անգամ չէինք կարող, որ կարող ենք առավելության հասնել Իրանի, Վրաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի ներկայացուցիչների նկատմամբ: Այդ հաջողությունները հոգեբանական լուրջ ազդակներ են, սեփական ուժերի նկատմամբ վստահության ներշնչանքի միջոց և օգտակար են հատկապես մեր երիտասարդ, պատանի հանդբոլիստների, նաև մարզիչների համար: Այժմ էլ նպատակ ենք դրել, որ 2015-ին կայանալիք Համահայկական խաղերի ծրագրով անցկացվի նաև հանդբոլի մրցաշար:

- Անկատար երազանքներ ունե՞ք:
- Ուտոպիա կլինի, եթե երազենք, որ Հայաստանի հանդբոլիստները կդառնան Եվրոպայի, աշխարհի առաջնությունների չեմպիոն, մրցանակակիր. ֆինանսների խնդիր է: Հանդբոլը թանկ մարզաձև է ոչ այնքան ծախսատարության, որքան եկամուտների առումով: Եվրոպայում իր եկամտաբերությամբ, կարելի է ասել, այն ֆուտբոլից հետո երկրորդ մարզաձևն է: Ամեն դեպքում, որոշ երկրներում այն շատ տարածված է: Եվ գործարարները դրանից օգտվում են: Նպատակս է, որ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում փոխարինող գտնվի, որը կշարունակի զարգացնել այն, ինչին հաջողվել է հասնել: Նորովի մտածող նոր մարդ է պետք, որը ժամանակ կտրամադրի խնդիրների լուծմանը: Ֆեդերացիայի նախագահի 2015-ին կայանալիք ընտրություններում, եթե նոր ղեկավարի թեկնածություն չառաջադրվի, ապա վերջին անգամ կգլխավորեմ կազմակերպությունը: Ինչ վերաբերում է անձնական կյանքին, ապա աղջիկս, տղաս ընտանիք են կազմել, թոռներ ունեմ: Կցանկանայի, որ կենսաթոշակային տարիքս լրանալուց հետո վաստակած հանգստի անցնեի, լիակատար տնօրինեի անելիքս, ընտանիքիս անդամների, զավակներիս, նրանց փոքրիկների կողքին լինեի: Անցած տարիներին չի հաջողվել շատ ժամանակ տրամադրել երեխաներին, քանի որ աշխատանքն ամբողջ օրը խլում է: Այդ բացը պետք է լրացնել: Գաղտնիք չէ, որ գեղանկարչության մեծ սիրահար եմ, դրանով տարվելու համար ևս ժամանակ, հնարավորություն է պետք:

Tags: ,