Ցրտահարության հետևանքները կփորձեն մեղմել, իսկ հետո՞…

ցրտահարությունԱրդեն երկու շաբաթ է անցել Արարատյան հարթավայրի ու հանրապետության ցածրադիր վայրերի գյուղատնտեսությանը պատուհասած ցրտահարությունից: Եղածն անդառնալի է, ոչինչ փոխել հնարավոր չէ: Ու հիմա գլխավոր հարցը մնում է գյուղացիական տնտեսությունների վնասի փոխհատուցումը, գյուղացիների հոգսի գեթ մասամբ մեղմացումը:

Կառավարությունը, ինչ խոսք, հայտարարեց իր աջակցության մասին: Ցրտահարությունից հետո կայացած առաջին նիստում էլ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ ցրտահարության խնդրին, թե շուրջ 11 հազար 500 հեկտար տարածքի վրա արձանագրվել են վնասներ, դրանց վերջնական չափերն ու ծավալներն էլ ճշգրտման փուլում են: Նա շեշտեց, որ վնաս կրած գյուղացիներին տրամադրվելիք օգնությունն ու օժանդակությունն առարկայական կլինի:

«Դեռևս ժամանակ ունենք գյուղատնտեսական տարվա ընթացքում շտկելու այն վնասները, որ եղանակային պայմանները հասցրել են, և մենք օգնելու ենք գյուղացիներին, որպեսզի նրանք ստանան լրացուցիչ տարբեր տեսակի սերմեր, պարարտանյութ, որպեսզի այս տարին այդ տնտեսությունների համար կորցրած տարի չլինի»,- հայտարարեց Տիգրան Սարգսյանը:

Գյուղացիների, գյուղապետների, մարզպետների բարձրացրած ամենակարևոր հարցերից մեկը, բնականաբար, գյուղացիների վարկային պարտավորություններին էր վերաբերում: Գյուղացիները վերցրած վարկեր ունեն, որոնք հիմնականում փակում են իրենց այգիներից ստացված բերքը վաճառելով: Ու քանի որ այդ բերքն այլևս չկա, պետք է միջոցներ ձեռնարկվեն, որ մի քանի ամսից մի քանի հազար գյուղացի չհայտնվի ԴԱՀԿ տեսադաշտում: Այս կապակցությամբ, ինչպես այն ժամանակ հայտարարեց Տիգրան Սարգսյանը, կառավարությունը խնդրել է ԿԲ-ին, որպեսզի քննարկվեն ֆինանսական խնդիրները: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն էլ հայտնեց, որ արդեն իսկ տեղերում որոշակի ուսումնասիրություններ արվել են, տարբեր գյուղերում հարցումներ են կատարվել, աշխատանք է տարվում բանկերի և վարկային կազմակերպությունների հետ:

Ընդհանուր առմամբ, ինչպես նշեց Արթուր Ջավադյանը, մոտ 6 մլրդ վարկային ներդրումների մասին է խոսքը: Այսինքն` ինչպես անցած տարի Արմավիրի մարզում գյուղացիական տնտեսություններին օգնեցին վարկային միջոցներով, վերաձևակերպումներով, տոկոսադրույքները սուբսիդավորելով, այս տարի նույն գործիքը կօգտագործվի, և պետական բյուջեն կաջակցի գյուղացիներին այդ հարցում: Բայց պետական բյուջեով կառավարությունը կօգնի գյուղացիական տնտեսություններին նաև ֆինանսական խնդիրները հաղթահարելու հարցում, որպեսզի նրանք կարողանան իրականացնել և՛ գարնանացանը, և՛ աշնանացանը:
Կառավարությունը հաջորդ նիստում, արդեն առանց Տիգրան Սարգսյանի, կրկին անդրադարձավ այս խնդրին և հաստատեց ցրտահարության հետևանքով տուժած գյուղացիներին ու գյուղացիական տնտեսություններին պատճառված վնասները հնարավորինս մեղմելու և նրանց աջակցություն և օգնություն տրամադրելու մի շարք որոշումներ:

Օգնության ձևն ու չափը պարզ են

Առաջինը «Սերմացուների ձեռքբերումը թույլատրելու և դրանք մարզերի` ցրտահարությունից տուժած հողօգտագործողներին հատկացնելու մասին» որոշման նախագիծն էր, որով նախատեսվում է, ըստ առաջացած պահանջարկի, ձեռք բերել 85 մլն դրամ արժողությամբ տարբեր գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուներ և դրանք անհատույց հատկացնել ցրտահարությունից առավել տուժած այգետերերին: Գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Կարապետյանը տեղեկացրեց, որ ձեռք կբերվեն հիմնականում բանջարաբոստանային մշակաբույսերի մոտ 3.5 տոննա տարբեր սերմեր ու սերմացուներ:

Հաջորդ որոշմամբ կառավարությունը նախատեսում է 2014 թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրի շրջանակներում հողօգտագործողներին տրամադրվող գարնանացան գարու սերմացուի գինը 200 դրամից իջեցնել 150 դրամի: Իսկ 2014 թ. գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարարտանյութերի և դիզվառելիքի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերի շրջանակներում որոշվեց ազոտական պարարտանյութի և վառելանյութի վաճառքը ցրտահարությունից տուժած այգետերերին մատակարարել առանց սահմանափակման` փաստացի ունեցած հողատարածքի չափով:

ցրտահարությունԿառավարությանը մի որոշման նախագիծ էլ ներկայացրել էր տարածքային կառավարման նախարարությունը, ըստ որի` ցրտահարությունից տուժած մարզերին որոշակի օժանդակություն տրամադրելու նպատակով մարզերին հրատապ ծրագրերի իրականացման համար տրամադրված 10 մլրդ դրամից, որոշ ծրագրերի իրականացումը հետաձգելով, առանձնացնել ընդհանուր մոտ 750 մլն դրամ, որից 450 մլն ջրի վարձի 50 տոկոսը փոխհատուցելու և 271 մլն դրամ` հողի հարկի վճարումները կատարելու համար:

«Մեր պայմանավորվածությունը նաև հետևյալն է. մարզային իշխանությունները տեղական իշխանությունների հետ միասին պետք է կազմեն այն բոլոր շահառուների ցուցակը, որոնք այս օժանդակությունից օգտվելու են: Այդ ցուցակները պետք է լինեն հրապարակային»,- հայտարարեց նիստը վարող փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

Ցրտահարությունից տուժածներին ցուցաբերվող օժանդակության և օգնության ծրագրերը, նշեց Արմեն Գևորգյանը, շարունակություն են ունենալու նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գծով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց ժամանակավոր զբաղվածության ծրագրերի շրջանակներում այդ տնտեսություններին ցուցաբերվելիք օժանդակության մանրամասները: Ըստ այդմ` այն գյուղացիական տնտեսությունների համար, որոնք կհամապատասխանեն չափորոշիչներին, կիրականացվի նույնպիսի ծրագիր, ինչ անցյալ տարի Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին օժանդակություն ցուցաբերելիս: Հիշեցնենք, որ անցած տարի 630 տնտեսությունների 120 մլն դրամի չափով օժանդակություն ցույց տրվեց` փոխհատուցելով աշխատողների օրական աշխատավարձը 4000 դրամի չափով: Արտեմ Ասատրյանը հայտնեց, որ այս նպատակով նախատեսվել է 150-200 մլն դրամի գումար, ինչը, Արմեն Գևորգյանի մեկնաբանությամբ, որոշ չափով կթեթևացնի ցրտահարությունից տուժած տնտեսություններում առաջացած ֆինանսական խնդիրները:

Սրանք նախկին կառավարության որոշումներն էին, և վստահաբար կարելի է ասել, որ նոր կառավարությունը կշարունակի այս մոտեցումը:

Բայց մի կարևոր հարց է բաց մնում: Ինչո՞ւ չեն ստեղծվում այնպիսի մեխանիզմներ, որ կառավարության միջամտության ու առարկայական աջակցության կարիքը ծայրահեղ դեպքերում զգացվի: Ինչո՞ւ գյուղատնտեսության ոլորտում չի ներդրվում ապահովագրության ինստիտուտը, ինչի մասին թե՛ գյուղացիները, թե՛ ոլորտի մասնագետները բազմիցս նշում են: Այդ մասին անցյալ տարի մայիսին ԱԺ-ում հայտարարում էր անգամ գյուղատնտեսության նախարարը: Կամ ինչո՞ւ է կառավարությունը, ի դեմս գյուղնախարարության, ամեն տարի ցրտահարության դեմ պայքարելու համար խորհուրդ տալիս դիմել ավանդական միջոցների ու քայլեր չի ձեռնարկում միջազգային առաջադեմ փորձը Հայաստանում ներդնելու ուղղությամբ:

Մի խոսքով` գյուղացիները հավանաբար արդարացի են իրենց բողոքներով, երբ նշում են, որ իրենք մենակ են բնության ու նրա արհավիրքների դեմ, իսկ իրենց հույսն էլ Աստծո ողորմածությունն է:

 

 

Tags: ,