Մեր ծանրորդները փորձում են վերականգնել սասանված հեղինակությունը

խուրշուդյանՀայաստանի ծանրորդների համբավը հայտնի է, ունեցել ենք օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ: Այդուհանդերձ, օրերս Իսրայելում անցկացված Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում մեր երկրի ներկայացուցիչների նվաճած մեդալները շատ կարևոր են: Բանն այն է, որ երկար ժամանակ մերոնց չէր հաջողվում ցանկալի արդյունքի հասնել, այն տպավորություններ էր, թե ձախորդ օրերին վերջ չի լինելու:

Մեր առաջատար մարզիկները, շարունակ ապաքինելով վնասվածքները, ի վիճակի չէին լիովին դրսևորել կարողությունները: Փաստն այն է, որ մերոնք ներկայացուցչական ստուգատեսներում անմասն էին մնում խաղարկված մեդալներից: Իսկ եթե ավելացնենք այն, որ մեր երկրի մեկ տասնյակ ներկայացուցիչներ վերջին շրջանում որակազրկվել են արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար, և տարբեր պատիժներ են կրում, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան էլ պատկառելի ֆինանսներ է վճարում մեղքը քավելու համար, ապա պատկերն ավելի կամբողջանա:

Ինքնին հարց է ծագում, թե արժե՞ մեծ փողեր ծախսել մի մարզաձև զարգացնելու համար, որը տխուր վիճակում է հայտնվել:

Թել Ավիվում կազմակերպված ստուգատեսին մեր երկրից 7 մարզիկ և 3 մարզուհի էր մասնակցում: Գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը, Վանիկ Ավետիսյանը (69 կգ) երկամարտում դարձան արծաթե մեդալակիր, 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն էլ բավարարվեց բրոնզե մեդալով: Ընդհանուր հաշվով մերոնք տիրացան 7 մեդալի` 3 մեծ (2 արծաթե, 1 բրոնզե) և 4 փոքր (2 ոսկե, 2 արծաթե)` թիմային ընդհանուր հաշվարկով գրավելով 8-րդ տեղը:
Հավելենք, որ 2008-ին Պեկինում կայացած օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ) պոկում վարժությունում տիրացավ ոսկե մեդալի, Մարգարյանը ոսկե մեդալի արժանացավ հրում վարժությունում, իսկ Ավետիսյանը, Ալեքսանյանը նույն վարժությունում դարձան արծաթե մեդալակիր:
Փաստորեն, երկաթախաղի մեր վարպետները մասամբ վերականգնեցին սասանված հեղինակությունը: Այդուհանդերձ, բոլոր հարցականներին վերջ չի տրվել:

Եթե 2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը մայր էր դաձել, տևական` 3 տարվա ընդմիջումից հետո էր միջազգային մրցումների մասնակցում, և +75 կգ քաշային կարգում զբաղեցնելով 5-րդ տեղը` հավատ է ներշնչում, ապա մեր մի շարք մարզիկ-մարզուհիների մասին նույնը չի կարելի ասել:
Խոսքը հատկապես վերաբերում է նրանց, ովքեր տարբեր պատճառներով երկար ժամանակ բացակա էին տեսադաշտից ու Եվրոպայի առաջնությունում էլ ոչնչով իրենց չդրսևորեցին: Մասնավորապես, 77 կգ Առաքել Միրզոյանը 2012-ի օլիմպիական խաղերում ձախողվելուց` 0 ստանաուց հետո չէր երևացել մրցահարթակում: Այս անգամ նա բավարարվեց 10-րդ տեղով, որը գուցե մեկ ուրիշի համար կարող է պատվաբեր համարվել, բայց ոչ Եվրոպայի նախկին չեմպիոնի:
Այնպես որ, մտածելու առիթներ կան: Նոյեմբերի սկզբին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալու է աշխարհի առաջնութունը, որը վարկանիշային է օլիմպիական խաղերի համար:

Tags: ,