Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայում անջատողականներն ավելանում են

գառնիկ սարոյանԵթե նախկինում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից ցանկանում էին առանձնանալ գեղարվեստական մարմնամարզության ներկայացուցիչները, ապա այժմ գումարվել են նաև ցանցացատկի (բատուտ) մարզիկները: Փաստորեն, անջատողականներն աստիճանաբար ավելանում են: Ընդ որում, գեղարվեստական մարմնամարզության մակարդակը Հայաստանում միշտ շատ ցածր է եղել: Ցանցացատկն էլ մեր երկրում զարգացած չէ, նույնիսկ մի քանի համապատասխան մարզագործիք կա: Տասնամյակներ շարունակ աշխարհում ցանցացատկի բազմաթիվ ներկայացուցչական ստուգատեսներ են կազմակերպվել, բայց Հայաստանից մասնակից չի եղել:

Ինչ խոսք, լավ է, որ մարզաձևն աշխուժացնելու միտում է նկատվում, բայց ցավալի է, որ դա կատարվում է գաղտագողի, անդրկուլիսյան պայմաններում. օրինականության մասին անգամ խոսք լինել չի կարող: Եվ այս ամենի հետևում նախկին մարմնամարզիկ, Գինեսի ռեկորդների գրքի օրինակով Հայաստանում ստեղծված «Դյուցազնագրքում» իր անունը գրանցած, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս Դավիթ Ֆահրադյանն է:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայում օրերս շատ զարմացան, երբ ուշագրավ մի նամակ ստացան Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայից: Նամակում տեղյակ է պահվում, որ Հայաստանից դիմել են, որպեսզի օրինականացվի ցանցացատկի ֆեդերացիայի հիմնումը: Միաժանակ պարզաբանվում է, որ մերժել են, քանի որ ճանաչում են միայն Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան, որի կազմում է նաև ցանցացատկը:

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան առանձնահատուկ է: Այս կազմակերպության կազմում են մարմնամարզությունը (տղամարդիկ և կանայք), գեղարվեստական մարմնամարզությունը, ակրոբատիկան, ակրոբատիկական ցատկերը, աերոբիկան (ռիթմիկ մարմնամարզություն) և ցանցացատկը: Կա ևս մեկ մրցաձև` «Մեծ մարմնամարզությունը», որը մարմնամարզության մի քանի մարզաձևերի թիմային մրցում է: Պայքարի մեջ են ներգրավվում մարմնամարզության, գեղարվեստական մարմնամարզության, ակրոբատիկայի ներկայացուցիչներ, և անցկացվում են տարբեր մրցաշարեր, նաև աշխահի առաջնություններ:

Ինչ վերաբերում է ցանցացատկին, ապա խորհրդային ժամանակներում ունեցել ենք այս մարզաձևի ներկայացուցիչներ: Անկախացումից հետո մասնագետների մի մասը Հայաստանից հեռացել է, մյուսները թողել են աշխատանքը, մարզագործիքներ էլ գրեթե չեն մնացել: Եվ այդ մարզաձևը մարել է:

Ալբերտ Ազարյանի և Հրանտ Շահինյանի անվան երևանյան մարզադպրոցներում նախկինից ժառանգություն մնացած երկու մարզագործիք կա: Դրանք քանիցս վերանորոգվել, կարկատվել են:

բատուտԻ դեպ, ժամանակին Հրանտ Շահինյանի նախաձեռնությամբ նրա իսկ ղեկավարած մարմնամարզության դպրոցի հարևանությամբ խոշոր կենտրոն էր կառուցվում, որտեղ պետք է վաղ հասակից անդամագրվեին հիշյալ բոլոր մարզաձևերի, այդ թվում նաև ցանցացատկի ներկայացուցիչները, ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության դասեր անցկացնեին այլ մարզաձևերով կանոնավոր զբաղվողները` ջրացատկորդները, ֆուտբոլիստները, ըմբիշները և այլն: Շահինյանի մահից հետո Երևանի կենտրոնում գտնվող կիսակառույցը վաճառվեց: Այն «Օրինաց երկիր» կուսակցության նստավայրն էր, հետո էլ Ֆրանսիական համալսարանին էր պատկանում: Փաստն այն է, որ հիանալի մտահղացումն անկատար մնաց:

Գառնիկ Սարոյանը, որ ԽՍՀՄ սպորտի վարպետ է, ԽՍՀՄ «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության կենտխորհրդի չեմպիոն, Հայաստանի առաջնության մրցանակակիր, մարզել է մարմնամարզության Հայաստանի, Իրանի ազգային հավաքականները և ներկայումս Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է (նախկինում էլ` 1993-2000 թթ., մինչև արտասահմանում աշխատանքի անցնելը վարել է այդ պաշտոնը), պարզաբանեց, որ ցանցացատկը Հայաստանում զարգացնելու ցանկություն ունեցողներից ոչ ոք այդ հարցով չի դիմել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ղեկավարությանը:

«Ֆահրադյանը նախկինում մարմնամարզիկ է եղել, ուրախ ենք, որ ճանաչում ունի, բայց եթե անկեղծ լինենք, նրա կատարած այդ ռեկորդային վարժությունները ներկայիս մարմնամարզիկներից յուրաքանչյուրը, առանց որևէ դժվարության, կարող է կատարել, պարզապես մի քիչ պետք պարապել, մարզավիճակ ձեռք բերել: Լավ է, որ ցանցացատկը զարգացնելու նպատակ կա, բայց պետք է ճանապարհ անցնել, ամեն ինչ օրինական անել, համաձայնեցնել ֆեդերացիայի հետ: Հնարավոր չէ ձեռքի հինգ մատներից մեկը կտրել և ասել, որ այն կարող է առանձին ձեռք լինել: Ինչքան տեղյակ եմ, փորձ է արվել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի օգնությամբ ցանցացատկի առանձին կազմակերպություն հիմնել: Եվ ահա եկել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի ղեկավարության պատասխանը, որում հայտնվում է, որ միայն Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան է իրավասու զբաղվելու այդ մարզաձևի հետ կապված խնդիրներով: Հավանաբար, ՀԱՕԿ-ի ներկայացուցիչներին այդ առաջարկը ոգևորել է, և նրանք էլ մի քիչ շտապողականություն են դրսևորել: Ամեն դեպքում պետք է քայլերը նախապես հաշվարկել»,- ասաց Սարոյանը:

Նա տեղեկացրեց, որ աերոբիկայի խմբեր բացելու համար ֆեդերացիային է դիմել նույնպես նախկին մարմնամարզիկ Արթուր Գյուրջինյանը, և քննարկելուց հետո նրան հանձնարարվել է, որ զբաղվի կազմակերպչական հարցերով, բացը լրացվի:
Հետաքրքրվեցինք նաև, թե ինչով են պսակվել գեղարվեստական մարմնամարզության ներկայացուցիչների «անկախանալու» փորձերը: Նրանք էլ շուրջ մեկ տարի առաջ ցանկանում էին առանձին ֆեդերացիա ստեղծել:
Սարոյանը հայտնեց, որ այդ մարզաձևում խնդիրը մի փոքր այլ է: Տարաձայնությունները շատ են մարզաձևի մասնագետների միջև: Փաստորեն, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանին վստահվում է նաև այդ մարզաձևի հետ կապված հարցերի համակարգումը: Եվ դա նրա գործընկերներից ոմանց դուր չի գալիս, փորձում են խանգարել, ձախողել Հայաստանի առաջնությունների կազմակերպումը: Այս ամենից առաջին հերթին մարզաձևն է տուժում:

«2004-ին ինքս Թուրքիայի Անթալիա քաղաքում ներկա էի Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի համաժողովին: Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության ներկայացուցիչները ցանկություն հայտնեցին դուրս գալ այդ երկրի մարմնամարզության ֆեդերացիայից: Եվ միջազգային ֆեդերացիան դա արգելեց, սակայն թույլ տվեց կազմակերպության ներսում փոխհամաձայնությամբ լուծել կազմակերպչական խնդիրները: Ինչ վերաբերում է առանձնանալուն, ապա դա հնարավոր չէ: Կարելի է ֆեդերացիայի կազմում գտնվող տարբեր մարզաձևերի ֆինանսական հաշիվներն առանձնացնել, ոչ ավելին: Մարմնամարզության ֆեդերացիան դրա կազմում եղած մարզաձևերի հետ միասին պետք է մեկ հասցե ունենա»,- ասաց Սարոյանը:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան աջակցության կարգով պետությունից տարեկան 35 մլն դրամ է ստանում: Ֆինանսներն առայժմ բաշխվում են միայն մարմնամարզության (տղամարդիկ և կանայք), ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության միջև: 20 մլն դրամը հատկացվում է մարմնամարզությանը, 7,5-ական մլն դրամ են ստանում գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի ներկայացուցիչները: Վերջինիս ներկայացուցիչներն անջատողական հակումներ չունեն: Թերևս դեր է խաղում այն հանգամանքը, որ աշխատանքը համակարգում է բանիմաց մասնագետ` Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարարության պատասխանատու աշխատող Շուշանիկ Հարությունյանը:

«Ինչ վերաբերում է Ֆահրադյանին, ապա նա ոչ մի անգամ չի եկել, չի դիմել ֆեդերացիային, չի փորձել բանակցել: Նա կարող է ակումբ ունենալ, տարբեր մրցումների պատվիրակներ ուղարկել, սակայն պաշտոնական ստուգատեսների մասնակցելու որոշումը կարող է միայն ֆեդերացիայի թույլտվությամբ կատարվել: Ամեն քայլ անելու համար անհրաժեշտ է գրավոր դիմում, ծրագիր ներկայացնել ֆեդերացիայի ղեկավարությանը, պարզաբանել, թե ինչ մարզաբազաներ կան, ինչպես են կազմակերպվելու պարապմունքները և այլն: Ի վերջո, եթե ամեն բան հավանության արժանանա, այդ մարզաձևի ներկայացուցիչները պետք է անդամավաճար մուծեն: Ի դեպ, ամեն մարզաձևի համար 100-ական շվեյցարական ֆրանկ է վճարվում մարզաձևի միջազգային ֆեդերացիային, գումարած 500 շվեյցարական ֆրանկ` Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի համար: Չեն վճարվում ռիթմիկ մարմնամարզության, ցանցացատկի, այն մարզաձևերի համար, որոնց միջազգային մրցումներին չենք մասնակցում: Ինչ խոսք, ցանկալի է, որ ավելանա ֆեդերացիայի գործող մարզաձևերի թիվը»,- ասաց Սարոյանը:

Հայաստանի մարմնարզության ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին կատարվածը խիստ զայրացրել է: «Մեր ղեկավար այրերը պետք է միջամտեն և բացատրեն, որ նման բաներ չի կարելի անել: Մի՞թե առանց ֆեդերացիայի նախագահի կարելի է դիմել միջազգային կազմակերպությանը: Սա «նորություն է», խայտառակություն Հայաստանի համար: Նախ` պետք է հաշվի առնել, թե ով է, ինչ է իրենից ներկայացնում նոր կազմակերպություն հիմնողը: Եթե կա այդպիսի մտադրություն, ինչո՞ւ այն չի ներկայացվում ֆեդերացիայի ուշադրությանը: Խնդիրներն ավելի հեշտ է համատեղ լուծել: Ցանցացատկ Հայաստանում չկա, և իմաստ էլ չկա, որ այժմ մեր աշխատանքն այդ ուղղությամբ տանենք: Կարծում եմ, մեր երկրի սպորտի, ՀԱՕԿ-ի ղեկավարությունը կատարվածին խիստ վերաբերմունք ցույց կտա: Եթե որևէ բան է արվելու, ապա առաջին հերթին ֆեդերացիայի նախագահը դրան պետք է տեղյակ լինի, քանի որ նա է ղեկավարը, պատասխանատվություն կրողը,- ասաց Ազարյանը:

 

Անկախ

Tags: