Բյուջեի եկամուտների աճը լա՞վ է, թե՞ վատ

budget calculationԸստ վիճակագրական տվյալների` 2013 թ. առաջին եռամսյակի համեմատ` 2014 թ. հունվար-մարտ ամիսներին պետական բյուջեի եկամուտներն աճել են 3.7%-ով կամ շուրջ 8.7 մլրդ դրամով:

Սա լա՞վ է, թե՞ վատ: Դժվար է ասել: Իհարկե լավ է, որ այս հավելաճի պայմաններում, ՀՀ պետական բյուջեի 2014-ի առաջին եռամսյակի կատարողականի համաձայն, ապահովվել է նաև պետական բյուջեի ծախսային ծրագրերի ամբողջական կատարումը: Գումարային արտահայտությամբ` 2014 թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 239.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 233.7 մլրդ դրամ, որոնք, համապատասխանաբար, 99.7%-ով և 85.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը, ինչը, բնականաբար, լավ է:

Բայց հարցին նայենք այլ տեսանկյունից: Բյուջեի եկամուտների հավելաճը, ինչպես նշվում է համապատասխան փատաթղթերում, ապահովվել է այլ եկամուտների և որոշ հարկատեսակների գծով մուտքերի աճի հաշվին: 93.3%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 6.7%-ը` այլ եկամուտների հաշվին: Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

Այսինքն` պետբյուջեի եկամուտների գերակշիռ մասը բաժին է հասնում հարկերին. ավելի շատ հարկեր-տուրքեր են հավաքվել: Իսկ հարկեր-տուրքերը հավաքվում են տնտեսվարողներից և աշխատողներից: Ու որպեսզի հարկ ու տուրք հավաքելը հնարավոր լինի, հարկավոր է առնվազն մեկ պայման` հարկատուն ունենա այդ միջոցները: Այս առումով ուշագրավ է դառնում այն հանգամանքը, որ ապրիլի 30-ին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում արդյունաբերության անկումը շարունակվել է:
Ընդ որում, նվազում է արձանագրվել այնպիսի ապրանքատեսակների արտադրության ծավալներում, որոնք կարելի է առանձնապես մտահոգիչ համարել: Մասնավորապես 50- 75%-ով նվազել է շարժիչների, ռելեների, ավտոգենային սարքավորումների, տրանսֆորմատորների արտադրությունը: Սննդի արդյունաբերությունում 5-50% նվազում է արձանագրվել կաթնաշոռի, մածունի, թթվասերի, յոգուրտի, մայոնեզի արտադրությունում: (Թե ինչով է պայմանավորված առաջին անհրաժեշտության սննդամթերքի արտադրության ծավալների նվազումը, թերևս առանձին ուսումնասիրության կարիք ունի:) 1.3%-ով նվազել է անգամ հացի արտադրության ծավալը: Իհարկե, տնտեսությունը չի սահմանափակվում միայն արտադրությամբ, սակայն տնտեսությունից հարկերի հավաքման ամբողջ ծավալի մեջ հիմնական բաժինը հասնում է հենց արտադրությանը: Ու եթե այս ոլորտում ոչ միայն աճ չի արձանագրվել, այլև անկում է արձանագրվել, հարց է առաջանում, թե ինչի շնորհիվ է ՊԵԿ-ը ապահովել պետբյուջեի եկամուտների աճը:

Իսկ համատարած թանկացումնե՞րը

Նույն ԱՎԾ-ի հրապարակման համաձայն` ինչպես օրերս լրագրողներին ներկայացրեց ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը, այս տարվա առաջին 4 ամիսների ընդհանուր գնաճը հանրապետությունում կազմել է 1,7%: Իսկ այս տարվա հունվար-ապրիլ ամիսների գնաճը, համեմատած 2013 թ. հունվար-ապրիլի գնաճի հետ, 4,6% հավելաճ է արձանագրել:

«12-ամսյա պարբերականությամբ, այսինքն՚ 2014 թ. ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 4,4% գնաճ: Այդ թվում պարենային ապրանքների գներն աճել են 2,6%-ով, ոչ պարենային ապրանքներինը՚ 1,8%-ով, իսկ ծառայությունների սակագների աճը կազմել է 8,5%»,- ասաց Գուրգեն Մարտիրոսյանը
Այս տարվա առաջին 4 ամիսների սպառողական գների 1,7% հավելաճի պարագայում պարենային ապրանքները թանկացել են 3,3%-ով, ոչ պարենային ապրանքներն էժանացել են 0,7%-ով, իսկ ծառայությունների սակագներն աճել են 0,2%-ով:
Հարկ է շեշտել, որ ծառայությունների ոլորտում արձանագրված գնաճի վրա էական ազդեցություն է ունեցել գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը 2,5 տոկոսային կետի չափով, այսինքն` 8,5% գնաճի միայն 2,5 տոկոսային կետն ապահովել է գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը:
2014 թ. հունվար-մարտ ամիսներին ամենից շատ թանկացել են կարտոֆիլի և բանջարեղենի գները, 5,4% գնաճ է արձանագրվել այս ապրանքախմբում, միրգ ապրանքախմբում գնաճը կազմել է 1,8%, կաթնամթերքի ապրանքախմբում` 2,1%, հրուշակեղենի ու այլ ապրանքախմբերում` 0,3%, ոչ ոգելից խմիչքների գներն աճել են 0,3, իսկ ոգելից խմիչքների ու ծխախոտի գները 0,2%-ով:
Այս ժամանակահատվածում 4,8%-ով թանկացել է կաթնամթերքը, միրգը` 4,7%-ով, իսկ ամենաբարձր գնաճ գրանցած բանջարեղեն-կարտոֆիլ ապրանքախմբում գնաճը կազմել է 29,2%, ինչը, մասնավորապես, պայմանավորված է կարտոֆիլի, կաղամբի ու գազարի թանկացմամբ: Հունվար-ապրիլին 5,4% գների աճ է արձանագրվել նաև ոգելից խմիչքների ու ծխախոտի ապրանքախմբում, ինչը պայամանավորված է հունվարի 1-ից ծխախոտի ակցիզային հարկի բարձրացմամբ գրանցված թանկացմամբ:
Վերջին մեկ ամսում 470 անուն ապրանք-ծառայություններից թանկացում է արձանագրվել 248-ի համար, գնանկում՚ 179-ի համար, իսկ 43 ապրանք-ծառայությունների գներ մնացել են անփոփոխ:
Ըստ Մարտիրոսյանի` եթե հասկանալի է, թե ինչով է պայմանավորված, օրինակ, ծխախոտի թանկացումը՚ ակցիզային հարկի բարձրացմամբ, ապա ԱՎԾ-ն չի ուսումնասիրում, թե ինչ պատճառահետևանքային կապերով են պայմանավորված կարտոֆիլի ու բանջարեղենի թանկացումները:

Իսկ այս տարվա ցրտահարությունը, նրա կարծիքով, իր դերն ունեցել է բանջարեղենի ու կարտոֆիլի գների աճի վրա, թեև դեռ վաճառվում է անցյալ տարվա բերքը:

Այս ամենը նշեցինք այն պարզ նպատակով, որ հասկանալի լինի` ապրանքներն ու ծառայությունները թանկացել են, նշանակում է, որ զուտ գումարային արժեքի մեծությամբ ՊԵԿ-ն ավելի շատ փող է հարկել, քանի որ հարկումը հաստատագրված չէ, այլ եկամտի կամ շահույթի նկատմամաբ համապատասխան դրույքաչափով է կատարվում. հարկվում է ստացված գումարի այսինչ տոկոսը: Ու եթե, օրինակ, կարտոֆիլն անցյալ տարի այս ժամանակահատվածում արժեր 150 դրամ, ու կարտոֆիլ աճեցնողը կարողացել էր վաճառել 100 կգ կարտոֆիլ` ստանալով 15000 դրամ հասույթ, որի, ենթադրենք, կեսն է իր մաքուր շահույթը, ապա հարկերը կիրառվել են այդ 15 հազարի կեսի` 7.5 հազարի նկատմամբ (կհարկվի դրա 10%-ը): Ու եթե այս տարի կարտոֆիլն արժի 250 դրամ, նույն կարտոֆիլ աճեցնողը վաճառում է նույնքան կարտոֆիլ, արդեն կստանա ոչ թե անցյալ տարվա պես 15 հազար, այլ 25 հազար դրամ հասույթ, և եթե ընդունենք, որ այս դեպքում ևս այդ գումարի կեսն է իր շահույթը, ուրեմն արդն 12.5 հազարի 10%-ը կհարկվի: Փաստորեն ավելի թանկ ապրանքի վաճառքից ավելի շատ հարկ կհարկվի, քան անցյալ տարի: Նման դեպքերում, իհարկե, օգտագործվում է ինդեքսավորում` գնաճին համապատասխան: Սակայն երբ նայում ենք պետական բյուջեի եկամուտների աճի վերաբերյալ տվյալներին, ապա դրանք ներկայացված են գումարի տեսքով` անցյալ տարի եկամուտները կազմել են այսքան միլիարդ, այս տարի` այսքան միլիարդով ավելի, հետևաբար այդ եկամուտների աճը կազմում է այսքան տոկոս: Եթե եկամուտներն աճում են այս եղանակով, ապա այդ դեպքում արդեն չի կարելի ասել, թե դա լավ է:

 

Tags: ,