Ուխտագնացություն 20 տարի անց

ուխտագնացություն (2)1994 թ. ապրիլ 21-ին Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի մատույցներում շրջափակման մեջ հայտնվեց մայրաքաղաքի Շենգավիթի շրջանի «Մուշ» ջոկատի 272 ազատամարտիկ: Թեև վիրավոր` շատերը դուրս եկան շրջափակումից: Իսկ 14-ն այդպես էլ մնացին մահվան ճիրաններում:

Իրականում ի՞նչ կատարվեց այդ չարաբաստիկ օրը, և որն էր զոհված տղաների հետքերով 20 տարի անց ուխտագնացության մեկնելու շարժառիթը, որը նախաձեռնել էին նրանց մարտական ընկերները` շրջանի թաղապետը, համայնքի երկրապահի նախագահը և հրամանատարը: Ուստի, վերջինիս հետ իմ հանդիպումը, կարծում եմ, միանգամայն արդարացված է:

Նպատակը մեկն էր. 20 տարին, նաև մարտական ընկերների հիշատակը հավերժացնող մի խաչքար դնել շրջկենտրոնի ֆիդայիների այգում, որի հարևանությամբ նաև Մարտակերտի ահեղ մարտերում նահատակվածների հիշատակին կառուցված հուշակոթողն ու թանգարանն են:

Շարժման առաջին օրից տարբեր մարտերի մասնակցած «Մուշ» ջոկատն իր 272 մարտիկներով 1994 թ. հունվարին կրկին Արցախում էր: Այս անգամ նրանց կցեցին Շուշիի բրիգադին, ու ջոկատն ինքնըստինքյան գումարտակ դարձավ, որն իր առջև դրված բոլոր խնդիրները միշտ էլ պատշաճ կատարեց` հրամանատար Մուշեղ Ղազարյանին հպարտանալու բազմաթիվ առիթներ տալով: «Գումարտակը եղել է Արցախի սիրտը, միշտ իր դիրքերում, նահանջ չի ունեցել, մի սանտիմետր հող չի տվել: Բայց 1994 թ. ապրիլի 10-ի մարտական գործողության ընթացքում առաջին վիրավորն ունեցանք: 11 օր ջոկատը պատերազմական թեժ գործողությունների մեջ եղավ, որի հետևանքով զոհերի թիվը 16-ի հասավ»,- խոստովանում է հրամանատարը:

Որպեսզի գնդապետ հրամանատարի պատմությունն առավել պատկերավոր լինի, մի պահ կտրվենք նրա խոսքից և վերհիշենք մինչ այդ Կարմիրավանի գլխով անցածը, քանզի մարտական թեժ գործողությունները հենց այստեղ են ընթացել:

ԿԱՐՄԻՐԱՎԱՆ

Մարտակերտից 14 կմ հեռավորության վրա գտնվող գյուղի դիրքը հարթավայրային էր, գյուղ, որ 1989 թ. ուներ 518 բնակիչ: Կոլտնտեսությունը կազմավորվել է 1930 թ.: 1950-ին միավորվել է Սեյսուլանի կոլտնտեսությանը, իսկ 1964 թ.` Մարտակերտի պետական տնտեսությանը: Մասնագիտացված էր խաղողագործության և անասնապահության ոլորտներում:

Կարմիրավանը, Լենինավանը, Մարաղան, Այգեստանը (Չայլու) հարևան գյուղեր էին, և, ցավոք, պատերազմի ժամանակ գրեթե նույն ճակատագրին արժանացան: Երբ 1992 թ. հունիսի 16-ին դատարկվեց Այգեստանը, մահվան օղակում կրկին հայտնվեց Մարաղան, իսկ հունիսի 28-29-ին արդեն ընկան Լենինավանն ու Կարմիրավանը:

Ուրեմն, գումարտակը պիտի հետ վերադարձներ կորցրածը… «Առաջադրանքն այն էր, որ մենք հնարավորինս վերցնենք մեր հողերից. խրամատավորվենք, դիրքավորվենք և պաշտպանության անցնենք: Իսկ մեր 14 զոհված ընկերները Շուշվա բրիգադի հետախուզական վաշտի մեջ էին, որի ղեկավարը նույն բրիգադի հրամանատարն էր: Նրանց 1994թ. ապրիլի 20-ին իրականացրած հետախուզությունը պարզել էր, որ մեր դիմացն ազատ է, թուրքեր չկան, հենց այդպես էլ զեկուցել էին, որ թուրքերը միայն պահակակետերում են: Այդպես ինձ զեկուցեց նաև իմ հետախույզ Վահագն Վարդևանյանը, թե իրականում առջևում դատարկություն է, ոչ ոք չկա: Բայց երեկոյան թուրք ասկյարները մոտավորապես 3 հազար մոջահեդ վարձկան դեսանտ իջեցրին»,- ասում է հրամանատարը` այսօր արդեն մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների վարչության պետը:

Դեսանտ իջեցրին, երբ միակ հարվածային ուժը Շենգավիթի տղաներն էին, որոնք, կռիվ տալով, դիրքավորվում էին, թեև նրանց էին կցել նաև Սովետական շրջանի գումարտակը, որը դեպի Մարտունի ձգվող թևն էր պահում: «Մենք միշտ խրամատավորվել ենք, որովհետև դա շատ ճիշտ է, հակառակ դեպքում մեր զոհերն ավելի շատ կլինեին»,- վստահեցնում է հրամանատարն ու հիշեցնում 1992 թ. «Արաբո» ջոկատի Կարմիրավանում տված 70 զոհերի մասին:

ԿՌԻՎԸ ԹԵԺԱՑԱՎ ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈ

ուխտագնացություն (1)1994 թ.ապրիլի 21-ի առավոտյան ժամը 4-անց 20 րոպե սկսվեց հակառակորդի հարձակումը շենգավիթցիների կողմից պահվող 3 կմ ձգվող դիրքերի վրա: 25-30 մետրի վրա խրամատավորված պահակակետեր էին, որոնք տղաները փորել էին ընդամենը 4 ժամում: Դժվար է չհավատալ հրամանատարին, որ եթե խրամատավորված չլինեին` զոհերն ավելի շատ կլինեին, քանզի ուժային հարաբերակցությունն ակնհայտ էր: Այնուհանդերձ, գումարտակը չնահանջեց: Իսկ Կարմիրավանի «չանի բոչկաների» ուղղությամբ հետախուզման գնացած 14 տղաները հակառակորդի հարձակման ժամանակ ուղղակի չկարողացան հետադարձ ճանապարհն անցնել ու հասնել գումարտակին: Հետդարձի ճանապարհն արդեն փակ էր: Տղաներն իրենց վերջին մարտը տվեցին: Անձնվիրաբար կռվեցին, մինչև պարպվեց վերջին փամփուշտը:

Մինչ այդ հետախույզ տղաները տեղեկացրել էին, որ գումարտակը մոջահեդների շրջափակման մեջ է հայտնվել: Այդ մասին իր մոտ եղած ռադիոկապով նույնիսկ Վահագն Վարդևանյանն է հայտնել հրամանատարին: «Տանկերը եկան ու բարձրացան մեր պահակակետերի դիրքերի վրա: Նման բան միայն ֆաշիստական ֆիլմերում էինք տեսել, թե ինչպես է տանկը խրամատի վրա բարձրանում, պտտվում, խրամատը հողին հավասարեցնելով` առաջ շարժվում: Անգամ նման իրավիճակում մենք առանց խուճապի, նահանջի պահել ենք մեր դիրքերը»,- ոչ այն է հպարտությամբ, ոչ այն է ցավով նշում է գնդապետը, որովհետև վերջնարդյունքում 76 վիրավոր տվեցին, այդ թվում նաև հրամանատարը, և 14 զոհ, որոնց մեջ էին նաև հրամանատարի մանկության ընկերներն ու բարեկամը: Բայց գումարտակն էլ իր հերթին գերիներ, վիրավորներ և դիակներ վերցրեց փոխանակումների համար:

Այյս ամենից հետո չես կարող չհամաձայնել նախաձեռնության հեղինակների այն մտքին, որ Մարտակերտում խաչքար տեղադրելու նպատակը ոչ միայն մարտական ընկերների հիշատակի հավերժացումն է, այլև եկող սերունդներին զգոն պահելը: Իսկ արդյունքը երկար սպասեցնել չտվեց: Օրեր անց` ապրիլի 24-ին, խաչքարի մոտ հանդիսավոր մոմավառության եղավ:

Ի՞ՆՉ ՏԵՍԱՎ ՈՒ ԶԳԱՑ ՄՈՐ ՍԻՐՏԸ

Տիկին Լալան ուխտագնացության մեկնած միակ մայրն էր: Իհարկե, ոչ այն պատճառով, որ մյուսները չէին ցանկացել. արդեն կենդանի չէին: Ասենք, ի՞նչ մայր լիներ, որ առողջություն ունենար ու դիմանար: Փոխարենը` հայրերը, կանայք ու զավակներն էին գնացել: Իսկ Տիկին Լալան էլ, ինչպես ասում են, մեռնելով գնացել ու արդեն 10 օր է, ինչ գամվել է անկողնուն, խելքի չի գալիս: Թեև առաջին անգամ չէր Արցախում, բայց անչափ հուզված էր, այն աստիճան, որ երբ սահմանամերձ N զորամաս գնացին, որտեղ ժամանակին վրաններում մնացել էին տղաները, ուխտ էր արել մի բուռ հող բերել ու խառնել որդու շիրիմին: Նրանք երկար ու լուռ հեռվից դիտեցին տղաների «մարտադաշտը», զննեցին շրջապատը, հիշողությունների գիրկն ընկան: Տիկին Լալան ուշքի եկավ միայն այն ժամանակ, երբ սահմանապահ 60 զինվորներին թաղապետի կողմից տրամադրված անհրաժեշտ պարագաներով նվերների փաթեթը հանձնելու պահը եկավ: Զորամասին էլ հեռուստացույց նվիրեցին:

Իսկ երբ էջմիածնեցի զինվորին մայրաբար համբուրելով, բարի ծառայություն մաղթելով հանձնեց փաթեթը, ասես որդու ջերմությունը զգաց, կրկին շփոթվեց` մոռանալով իր ուխտի մասին:

Թեև մոր վիշտը թարմացավ, կրկին վերապրեց 88-ից Արցախյան հողում կռիվ տվող Արմեն որդու կորստի վիշտը, բայց լավ էր,որ այստեղ շատերն իմացան ապրիլյան այս պատմության մասին: Պարզվեց, որ անտեղյակներն էլ քիչ չէին, այն էլ` Մարտակերտի զոհված ազատամարտիկների թանգարանում, որի հարևանությամբ տեղադրվեց խաչքարը: Ուխտագնացները թանգարանում 14 զոհերի լուսանկարները չտեսան, պատմությանն այստեղ տեղյակ չէին:
Կարևորը` խոստացան կարճ ժամանակում բացը լրացնել:

Իսկ ԼՂՀ ՊՆ նախարարը տիկին Լալային պատվոգիր, իսկ 13 զոհերի հայրերին, հարազատներին անվանական ժամացույցներ հանձնեց: Չմերժվեց նաև ուխտագնացների` N զորամասի մի քանի զինվորի արձակուրդ ուղարկելու խնդրանքը: Գուցե այդ երեք զինվորն արդեն կարճատև հանգստի են մեկնել:

1999 թ. Արմեն Հովհաննիսյանի և Վահագն Վարդևանյանի դպրոցները հերոս զինվորների անուններով են անվանակոչվել: Թաղապետ Արմեն Սարգսյանն էլ պատվախնդիր է առաջիկայում Արշակ Ղամբարյանի դպրոցն ազատամարտիկի անունով անվանակոչելուն:

1994 թ. ապրիլյան այս իրադարձությունից օրեր անց` մայիսի 12-ին, հրադադար կնքվեց, որով մեր Արցախ աշխարհի բազմաթիվ բեկորներ մնացին շան բերանում…

 

 

Tags: , ,