Եկել է պտուղները քաղելու ժամանակը

Երևանի ավագանու ընտրություններով ավարտվեց ավելի քան  մեկ տարի տևած նախընտրական շրջափուլը: Ու հիմա գլխավոր հարցը ոչ թե հետընտրական զարգացումներն են` ընտրական  գործընթացի «պոչանքը», այլ թե ինչ քաղաքական մթնոլորտ ու առօրյա է սպասվում Հայաստանի ներքաղաքական կյանքում, և ինչպիսի փոփոխությունների առիթ կամ պատճառ դարձան անցյալ երեք ընտրությունները:

SONY DSCՔաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը, օրինակ, կարծում է, որ հետընտրական Հայաստանի պարագայում մենք խոսում ենք արդեն ավելի կայացած` կայուն իրավիճակի մասին, երբ ընտրական այս ցիկլից հետո ամեն մի քաղաքական ուժ իր ներուժը պետք է կենտրոնացնի ոչ միայն քարոզարշավային տարրերի վրա, այլև առօրյա աշխատանքի, որը պետք է իրականացվի ինչպես խորհրդարանում, այնպես էլ իշխանական կոալիցիայի մեջ ներկայացված ուժերի կողմից:

«Եթե մենք խոսում ենք խորհրդարանական քաղաքականության մասին, ապա այնտեղ ներկայացված բոլոր ուժերը ներկայացնելու են սեփական քաղաքականությունը. մեծամասնությունն իրականացնելու և զբաղվելու է քաղաքական որոշումների ներկայացմամբ ու ընդունմամբ, իսկ ընդդիմությունը կունենա իրեն բնորոշ քաղաքական հարցերի ներկայացումը, ներառյալ քննադատությունը անհրաժեշտության դեպքում` և՛ սեփական այլընտրանքի ներկայացումը, և՛ հաջորդ ընտրական փուլի նախապատրաստումը, որովհետև  նրանց հետագա աշխատանքը պայմանավորված է լինելու այն աշխատանքով, որ իրականացնում են այս տարիներին»,- նշեց քաղաքագետը:

Մի բան ակնհայտ է. քաղաքական դաշտն այլևս այն չէ, ինչ ընտրական ցիկլի մեկնարկին էր: Ընտրությունները շատ «մանրուքներ» երևակեցին Հայաստանի քաղաքական, ավելի ճիշտ` «պսեվդոքաղաքական» իրականության մեջ: Ու ստացվեց, որ իշխանությունները, վարչաբյուրոկրատական ապարատն ու օլիգարխիան, ընդունենք թե ոչ, արդար որակենք, թե անարդար, մաքուր ու թափանցիկ պրոցեսների ընթացքում ասենք թե կեղծարարության շնորհիվ, այնուամենայնիվ հաղթեցին: Բայց այս դեպքում հաղթեցին ոչ միայն իրենց մրցակից քաղաքական ուժերին ու կուսակցություններին, այլև հասարակությանը: Հաղթեցին թեկուզ հենց նրանով, որ հաջողեցին լռեցնել այդ հասարակությանն ու «գնել» ժողովրդի իշխանությունը: Ու հիմա մի վիճակ է ստեղծվել, որ ամեն ինչ կախված է մեկ մարդուց ու նրա շրջապատից: Ուզենք թե չուզենք, որոշումները մտահղացվում, ընդունվում և շրջանառվում են միայն մեկ հասցեում` Բաղրամյան 26-ում:

Եվ ստեղծված պայմաններում քաղաքական գործընթացները ճկունություն ու հետաքրքիր  շրջադարձերի հնարավորություն առանձնապես չունեն: Զուտ քաղաքագիտորեն`  ընտրություններում առաջացավ մի բևեռացում` իշխանություններ ու ժողովուրդ: Այս պարագայում արդեն նախագահը բացառիկ հնարավորություններ ունի: Որովհետև թույլ ընդդիմության պարագայում օրինաչափ է դառնում, որ վերափոխումները, որոնք պետք է կատարվեին ընդդիմության ճնշման տակ, կատարում է երկրի գլխավոր դեմքը` իր շուրջը համախմբելով իսկական ռեֆորմատորների:

«Եթե նախագահն ու իր  շրջապատն այս պարագայում հանդես գան որպես Հայաստանի ապագայով մտահոգ մարդիկ ու համապատասխան ռեֆորմներով, ապա քաղաքական կյանքը Հայաստանում էվոլյուցիա կապրի: Կարծում եմ` հենց այդպես էլ պետք է լինի, որովհետև մենք ճգնաժամն ու հետամնացությունն այլ կերպ հաղթահարել չենք կարող,-ասում է քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը:-  Հիմա մնում է, որ իշխանությունը դրան ընդառաջ գնա, և պետք է գնա: Համենայն դեպս ,այսօր իշխանություններին պետք է ասել, որ ազգային-հասարակական պահանջ է երկրի արդիականացումը քաղաքակիրթ ճանապարհով` նկատի ունենալով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, արտագաղթը, ծնելիության այս անկումը, ու նաև այն վիճակը, որ ստեղծվել է մեր երկրի սահմանների հարևանությամբ»:

Լևոն Շիրինյան Ըստ նրա, հիմա հասարակությունը պետք է երկրի ղեկավարին հստակ պահանջ ներկայացնի ու ասի` շատ էիր ուզում նախագահ մնալ, մնացիր, դե հիմա այս մարտահրավերները լուծիր: Եվ վստահեցնում է, որ նախագահը կարող է  այդ  գործընթացը գլխավորել: «Այլապես կստացվի, որ ՀՀԿ-ի հաղթանակը թվացյալ է, միակուսակցական համակարգը, որն այս կամ այն կերպ մենատիրություն է առաջացնում և Հայաստանում դա այս կամ այն կերպ կա, կարող է մեզ վերադարձնել, փոքր մոդելի իմաստով, 80-ականների Սովետական Միության «փառավոր» անցյալ, երբ կար կուսակցական մենատիրություն ու կայուն ճահճային վիճակ: Դրա արդյունքը ԽՍՀՄ-ի փլուզումն էր: ՀՀԿ-ն դրանից շատ պետք է վախենա, որովհետև այն կայունությունը, որ իրենք են ուզում, ես այսպես եմ հասկանում,  ճահիճ է և քայքայում: Դա անկում է: Շատ վտանգավոր է այդպիսի կայունությունը: Մենք պետք է հասարակության մեջ փակուղային վիճակի գիտակցությունը չառաջացնենք, որովհեև ճահիճը, փակուղու գիտակցմամբ զուգորդված, բոլորին դատապարտում է մահվան»,-  ասաց Լևոն Շիրինյանը:

Ստացվում է հետաքրքիր պատկեր. Հայաստանում քաղաքական դաշտը պետք է փոփոխություններ կրեր: Նորմալ քաղաքական հարաբերությունների պայմաններում այդ փոփոխությունների պահանջը հասարակությունը քաղաքական ուժերի միջոցով, հատկապես ընդդիմության, պետք է ներկայացներ իշխանություններին, իսկ իշխանություններն էլ պետք է տեղի տային հասարակական ճնշումներին: Բայց  ընդդիմությունը զրոյացավ և ցույց տվեց իր անճարակությունը: Եվ այն փոփոխությունները, որոնք անխուսափելի են, պետք է նախաձեռնի հենց իշխանությունը իր ներսում: Սրա մասին բազմիցս նշել ենք: Եվ իշխանություններն այժմ կանգնած են դժվարին  խնդրի առջև` ինքնամաքրման, որն ավելի ծանր է լինելու, քան արտաքին ազդեցությամբ փոփոխություններ կատարելը:

Բացի այդ, ընտրությունների ցիկլի ավարտը որոշակի շփոթ առաջացրեց կուսակցապետների մեջ: Ընտրությունների արդյունքները, իրենց բացասական բովանդակությամբ հանդերձ, դժվար է թերագնահատել, քանի որ հստակեցրեցին 2017-2018 թթ. իշխանության ժառանգման համար պայքարում ներիշխանական տարբեր ուժերի և դեմքերի մեկնարկային հնարավորությունները, բացահայտեցին ժամանակակից Հայաստանում պետական բյուրոկրատիա- քաղաքական տարր- հասարակություն փոխհարաբերությունների առանձնահատկությունները:

«Հետաքրքիր է, որ վերջին ընտրությունները ցույց տվեցին` ՀՀԿ-ի ներսում որոշակի պրոցեսներ են ընթանում և հին գվարդիան, որը փորձում էր ապացուցել իր անփոխարինելիությունը, տեղի է տալիս, ուժ են հավաքում երիտասարդ թևի ներկայացուցիչները: Որովհետև մենք տեսանք, որ նրանք ավելի «արդյունավետ» գտնվեցին, քան Հովիկ Աբրահամյանի կողմից ղեկավարվող հին գվարդիայի կազմը, որն իր վրա էր վերցրել ԱԺ-ի և նախագահական ընտրությունների անցկացումն ու  բացահայտ ձախողվեց: Գոնե այս անգամ բացահայտ ձախողումներ չեղան քարոզարշավի ընթացքում, ինչպես ԱԺ և նախագահական ընտրությունների ժամանակ: Ինչ վերաբերում է ընդհանուր մթնոլորտին, ապա այն, ինչ տեսնում ենք այսօր, դա իշխանական բյուրոկրատիայից և օլիգարխիայից քաղաքական դաշտի լիակատար կախվածության արդյունք է: Այսինքն` բյուրոկրատիայի և օլիգարխիայի ճիրաններից ազատվելու համար անհրաժեշտ է ձևափոխել հասարակություն-քաղաքական դաշտ փոխհարաբերությունները: Այդ փոխհարաբերություններում քաղաքական դաշտը, որպես դաստիարակիչ, պետք է հայտնվի հանրային վերահսկողության կիզակետում: Միայն հասարակական վերահսկողության շնորհիվ է հնարավոր ազատվել կեղծ ընդդիմադիրների բացահայտման գլխացավանքից: Իսկ իշխանություններն այլևս դհոլների ծառայությանն ապավինելու անհրաժեշտություն չեն ունենա»,- պարզաբանեց քաղաքագետ, ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Այսինքն` հասարակությունը հասկացավ, գիտակցեց, որ որևէ հույս չպետք է կապի քաղաքական դաշտի, կուսակցությունների և ուժերի հետ: Որովհետև այս տեսքով քաղաքական դաշտը չի կարող արտահայտել հասարակության պահանջները: Հասարակությունն այսօր ինքնակազմակերպվելու միտումներ է ցուցաբերում և սեփական հնարավորություններին ապավինելով` բարձրացնելու է իրեն հուզող խնդիրները: Որովհետև քաղաքական դաշտի` որպես հասարակության և իշխանությունների միջև միջնորդի դերն այսօր, մեր իրավիճակում հավասարվել է զրոյի: Ու եթե իշխանությունների ներսում չսկսվի վերոհիշյալ փոփոխությունը, ապա հասարակության ձգտումները, որն ինքնաբուխ զգում է սեփական միջոցներով ինքնակազմակերպվելու և սեփական խնդիրներն առաջ քաշելու անհրաժեշտությունը, կարող են շահարկվել  ապակառուցողական դեմքերի կողմից, ինչն, իհարկե,  ավելի քան վտանգավոր է:

Tags: , ,