Օլանդը եկավ ու գնաց` թողնելով կոչեր ու հայտարարություններ

olandԱպրիլի 13-ին ավարտվեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` հարավկովկասյան եռօրյա շրջագայության շրջանակներում Հայաստան կատարած պետական այցը:

Սկզբում այն ներկայացվեց որպես ՀՀ նախագահի հրավերով այց, բայց ստացվեց, որ Օլանդը տարածաշրջանային այցի շրջանակներում է գալիս Հայաստան: Այսուհանդերձ, եթե նրա այցը Ադրբեջան և Վրաստան պաշտոնական կարգավիճակ ուներ, ապա հայաստանյան այցի մակարդակն ավելի բարձր էր` պետական: Նման մակարդակի այց Ֆրանսիայի կողմից 4 տարվա մեջ կատարվում է արդեն երկրորդ անգամ (2011 թ. Նիկոլա Սարկոզիից հետո): Եվ եթե հիմնվենք Երևանում Օլանդի արած այն հայտարարության վրա, թե Ցեղասպանության 100-ամյակի արարողությունների շրջանակում 2015-ին ևս մեկ այց է կատարելու Երևան, ակնհայտ է դառնում երկկողմ հարաբերությունների ջերմությունն ընդգծելու ցանկությունը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն արդեն քանիերորդ անգամ շեշտում է, թե այս փաստը կապված է ՌԴ ագրեսիվ քաղաքականության հետ: «Ռուսաստանի նման կոշտ քաղաքականությունը մտահոգեց Արևմուտքին և ԱՄՆ-ին, դա է պատճառը, որ վերջին ժամանակներս ԱՄՆ-ն ակտիվ շոշափում է ղարաբաղյան հարցը: Եվրոպան և ԱՄՆ-ն մտահոգված են, որ ՌԴ-ն ուզում է տարածաշրջանում բոլորին վանել»- նշում է նա` հավելելով, թե այն, որ Ֆրանսիայի նախագահը հենց այժմ տարածաշրջանային այց է կատարում Հարավային Կովկաս, Եվրոպան ցույց է տալիս, որ իրենց հետաքրքրությունները տարածաշրջանում մնում են:

Թեև Ֆրանսիայի նախագահը Հայաստանում մասնակցեց հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին ու Հայաստանում ֆրանսիական հայտնի բրենդի` «Կարֆուրի» բացմանը, թեև հատուկ ընդգծեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական համագործակցությունն ու ապրանքաշրջանառությունը չեն համապատասխանում այն հարաբերություններին, որ ունեն երկու երկրները քաղաքական և հասարակական ոլորտներում, նրա այցը Հայաստան ուներ հստակ ընդգծված քաղաքական շեշտադրում ու ենթատեքստ:

Ֆրանսիայի նախագահի համար սա մեծ հաշվով սիմվոլիկ նշանակություն ունի: Դրանով նախ և առաջ ընդգծվում է Ֆրանսիայի` տարածաշրջանում որոշակի քաղաքական ներկայացվածություն ունենալու և այս առումով Հայաստանը հենարան դարձնելու ցանկությունը:

Նախագահները նաև ակնարկներ փոխանակեցին
Հայաստանի համար, սակայն, Ֆրանսիայի նախագահի այս այցը խիստ քաղաքական նշանակություն ունի, և երկու օր շարունակ նախագահ Սերժ Սարգսյանն իր ուղերձներով նման շեշտադրումներ էր կատարում:
Մասնավորապես, պատասխանելով ֆրանսիացի լրագրողի հարցին, Սերժ Սարգսյանն անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին: Նախ ընդգծեց, որ հայ-ռուսական ջերմ հարաբերությունների հիմքը դարավոր բարեկամությունն է: «Մենք շատ երկար ժամանակ ապրել ենք մի պետության, մի պետականության մեջ: Կապված ենք մշակույթով, տնտեսական հարաբերություններով: Որևէ մեկի համար տարօրինակ չէր ՀՀ-ի ցանկությունը անդամակցելու ՄՄ-ին, որովհետև տնտեսական փոխկապակցվությունը բարձր մակարդակի վրա է: Մենք ՌԴ-ի հետ ունենք երկկողմ բարեկամության պայմանագիր, անվտանգության միևնույն համակարգում ենք: ՄՄ-ն որոշակի առավելություններ է տալիս անդամ երկրներին: Անդամակցելով ՄՄ-ին` չենք դադարեցնում կամ իսպառ վերացնում ԵՄ-ի հետ հարաբերւթյյունները», -հայտարարեց Սերժ Սարգսյանը և շեշտեց, որ ցանկալի կլինի` ասոցացման առանձնակի առաջարկություն լինի ՀՀ-ի համար:

Ուշադրության է արժանի Սերժ Սարգսյանի «առանձնակի առաջարկություն» ակնարկը հատկապես այս ամսվա վերջին Եվրասիական միության ստեղծման պայմանագրի ստորագրման և Երևանի` դրան միանալու ուղու համատեքստում:
Սա, այսպես ասած, դիվանագիտական «էստի համեցեքն» է` հայկական կատարմամբ: Հայաստանը, ամենայն հավանականությամբ, ակնկալում է, որ Օլանդը պետք է ԵՄ-ին բացատրի, թե որքան կարևոր ու անհրաժեշտ անայլընտրանք է Հայաստանի` ԵՄ-ի հետ «առանձնակի ասոցացման» գնալու մտադրությունը:
Օլանդն էլ կարծես հենց դրան էր սպասում: «Մենք պետք է գտնենք Եվրամիության հետ Հայաստանի ասոցացվելու այնպիսի մոդել, որը չի հակասի Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելուն,- հայ-ֆրանսիական տնտեսական ֆորումում հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` հատուկ շեշտելով, որ
իրենք չեն ստիպում Հայաստանին ընտրություն կատարել, որը հակասի Հայաստանի շահերին:- Այդ մասին ես խոսել եմ Սերժ Սարգսյանի հետ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ: Ես կարծում եմ` կարելի է գտնել խելացի մոդել: Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտում»:

Դրա համար, ըստ նրա, պետք է Հայաստանի դիրքորոշումը քաջալերվի, ԵՄ-ն պետք է հասկանա, որ Հայաստանը բացառիկ պայմաններում է ապրում: Ըստ էության, նա հասկացրեց, որ իր համար ընդունելի է «առանձնակի ասոցացման» հայաստանյան առաջարկը և կարող է այն հասցնել Եվրոպա: «Կարծում եմ՝ կարող ենք գտնել ողջամիտ, եզակի, բացառիկ մոդել՝ ընդունելով Հայաստանին որպես մի երկրի, որը կապված է իր աշխարհաքաղաքական միջավայրին, տարածաշրջանին և միաժամանակ ցանկանում է Եվրոպայի հետ մասնակցել ընդհանուր ծրագրի, մասնավորապես` մարդու իրավունքների, քաղաքական երկխոսության և ժողովրդավարական գործընթացների շուրջ համագործակցության դաշտում»,- ասաց Ֆրանսիայի նախագահը:

Օլանդը մինչև Հայաստան գալը, ինչպես նշեցինք, եղել է նաև Ադրբեջանում, որտեղ հայտարարել է, որ Ֆրանսիան չի պատրաստվում ընտրություն կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև, և պաշտոնական Փարիզը կշարունակի ջանքեր գործադրել ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծմանը հասնելու համար:

Ցեղասպանության մասին էլ հիշվեց` ուղղակի հիշելու համար

Ֆրանսիայի նախագահը Հայոց Ցեղասպանությանն էլ անդրադարձավ: Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, պատասխանելով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ լրագրողների հարցին, անդրադարձավ Էրդողանի ապրիլքսանչորսյան հայտարարությանը, որի մասին հիշատակել էր լրագրողը, և ընդգծեց, որ սովորաբար միշտ փորձում է դրական տարրեր գտնել նման հայտարարություններում. «Բայց, իհարկե, ես կենտրոնական հարցը համարում եմ այն, որ այդ ջարդերը որակվեն իբրև ցեղասպանություն: Կա մեկ լուծում և դա Ցեղասպանության ճանաչումն է»:
Իսկ Հայոց ցեղասպանության թանգարան այցից հետո կոչ արեց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Tags: , ,