Մեզնից պահանջում են ազատագրված շրջաններ, իսկ Ադրբեջա՞նն ինչ է պատրաստ փոխզիջել

ջեյմս ուորլիքԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը, մայիսի 7-ին ելույթ ունենալով «Քարնեգի» հիմնադրամում, ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ամերիկյան կառավարության պաշտոնական դիրքորոշումը: Ամերիկացի համանախագահը նշեց, որ կողմերը հասել են մի այնպիսի կետի, երբ հետագա ընթացքի վերաբերյալ դիրքորոշումները շատ բևեռացված չեն, սկզբունքների, ըմբռնումների ու փաստաթղթերի մի ամբողջություն կա, որն արդեն շրջանառվել է և ուրվագծում է համաձայնությունը:

Ուորլիքը ներկայացրեց «հաստատված» փոխզիջման հիմնական տարրերը, որոնք հանրայնացվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարություններում:

«Այս սկզբունքներն ու տարրերը կազմում են Մինսկի խմբի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության հիմքը: Պայմանավորվածության առանցքը ՄԱԿ-ի խարտիան է, համապատասխան փաստաթղթերը և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները: Մասնավորապես, մեր ուշադրության կենտրոնում են այն սկզբունքներն ու հանձնառությունները, որոնք վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը և ազգերի հավասար իրավունքներին ու ինքնորոշմանը»,- ասաց Ուորլիքը:
Ամերիկացի համանախագահը նշում է այդ հիմքի վեց տարր, որոնք պետք է խաղաղության համաձայնագրի մաս կազմեն, եթե ուզում ենք, որ այն տևական լինի: Ընդ որում` դրանք պետք է դիտարկվեն որպես անբաժանելի ամբողջականություն:

«Առաջին` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը` կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով ապագայում, սա, ընդ որում, ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր: Երկրորդ` նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում: Երրորդ` Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել, և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի: Չորրորդ` պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը: Հինգերորդ` տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների` իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը: Եվ վերջապես վեցերորդ` կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»:

Նրա ասածների մեջ, իհարկե, նոր բան չկա: 2009 թ. հուլիսից համանախագահող երկների նախագահները ամեն տարի հրապարակել են երեք սկզբունք` հակամարտության խաղաղ կարգավորում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք: Նորությունն այն շեշտադրումն է, որը տալիս է ամերիկացի համանախագահողը Արցախի կարգավիճակի հարցին` որպես հիմնական խնդրի: Դրական բան չկա այդ հայտարարության մեջ, որովհետև հիմնական սկզբունքների հետ հայկական կողմը հարցեր չունի, սակայն հարցն այդ սկզբունքների հիման վրա արվող առաջարկներն են:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այս հայտարարության կապակցությամբ նշեց, որ իրեն անհանգստացնում է ոչ թե այն, որ ըստ այդ հայտարարության ` Հայաստանը պարտվող կողմ է լինելու, այլ այդ հայտարարության համար ընտրված ժամանակը: «Ինձ թվում է` Արևմուտքը, մասնավորապես` ԱՄՆ-ն, ուկրաինական ճակատում բացարձակ ձախողում է գրանցում, Արևմուտքն այսօր խնդիր ունի իր դեմքը փրկելու, իսկ դրա համար երկրորդ ճակատ է պետք: Ուորլիքի հայտարարութունից հասկանում ենք, որ այդ ճակատը Անդրկովկասն է ,- ասաց Լևոն Շիրինյանը:- Ուորլիքի հայտարարությունը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ծրագիր է: Նրա կողմից ներկայացված 6 կետերը մեզ համար հավասարազոր են մահվան»:

Այս կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը մայիսի 9-ին Հաղթանակի այգում լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Ես կոնկրետ դեմ եմ այդ մոտեցումներին, որ պետք է վերադարձնենք տարածքները: Հստակ բոլոր քայլերը պետք է հնչեցվեն, և այդ խնդիրը պետք է լուծվի երեք սկզբունքների հիման վրա` տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք, ուժի չկիրառում, դա է լինելու մեր սկզբունքը»:

Ուորլիքի հայտարարությանն անմիջապես արձագանքեց ԼՂՀ ԱԳՆ-ն: «Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը մնում է անփոփոխ: Դեպի անցյալ վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող: Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվել է նրա ժողովրդի կողմից 1991 թ. անկախության հանրաքվեի ժամանակ` ազատ և իրավական կամարտահայտության միջոցով: ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն որևէ սակարկության: Գտնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը պետք է կենտրոնացվեն կարգավորման այնպիսի մեխանիզմների մշակման վրա, որոնք, հաշվի առնելով առկա իրողությունները, պայմաններ կապահովեն ԽՍՀՄ փլուզման և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում ստեղծված երկու անկախ պետությունների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Ինչո՞ւ ակտիվացան դիվանագետները

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը պարզաբանեց, թե ինչու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հենց հիմա ներկայացրել կարգավորման 6-կետանոց հիմնարար սկզբունքները: «Դրա համար կա երեք պատճառ. առաջին` լրանում է մայիսի 14-ին ստորագրված հրադադարի մասին պայմանագրի 20-ամյակը, երկրորդ` վերջին ամիսների ընթացքում կարգավորման գործընթացում առաջընթաց չկա, և այս ելույթով Ուորլիքը փորձում է նոր լիցք հաղորդել բանակցություններին: Եվ երրորդ` համանախագահն ուզում էր ներկայացնել ԱՄՆ քաղաքականությունը և տարբերակել Լեռնային Ղարաբաղի բուն կարգավիճակը և շրջակա տարածքների կարգավիճակը, որովհետև տպավորություն է, որ երկու մայրաքաղաքներում, հասարակություններում, Լեռնային Ղարաբաղում այդ տարածքները դիտարկում են որպես ընդհանուր, սակայն դրանք տարբեր են, դրա հետ կապված արդյունքներն էլ պետք է տարբեր լինեն»:

Ակնհայտ է, որ Ուորլիքն ինքնագլուխ հայտարարություն չի արել, այլ կանխամտածված, ԱՄՆ իշխանությունների ու արտաքին քաղաքական կուրսի հետ փոխհամաձայնեցված:

Ուորլիքի հայտարարությունից 3 օր հետո միայն ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց, որում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունն է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի ելույթի վերաբերյալ: Դրանում մասնավորապես ասվում է, որ ամերիկացի դիվանագետը իրավացի է, որ մի շարք առիթներով կողմերը գրեթե եկել են համաձայնության, սակայն Բաքվի հետքայլերի պատճառով հնարավորություն չի ընձեռվել առաջընթաց արձանագրելու տարբեր գագաթաժողովներում, չնայած կողմերը մոտ են եղել համաձայնությունների:
«Ամերիկացի դիվանագետը նշում է, որ տևական խաղաղության ցանկացած համաձայնություն հաջողված համարվելու համար պետք է արտացոլի բոլոր կողմերի դիրքորոշումները: Մենք բազմիցս ենք ընդգծել, որ առանց բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհնարին է հասնել խնդրի հանգուցալուծման»,- նշվում է ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:

Պատերազմ, փոխզիջում կամ ստատուս քվո. ամերիկացի համանախագահի առաջ քաշած հակամարտության հանգուցալուծման երեք կետերից քաղաքագետ Սերգեյ Մինասյանը առաջին երկուսը բացառում է, մնում է ստատուս քվոն, քանի որ հնարավոր չէ դրանից խուսափել, երբ կողմերից մեկը պատրաստ չէ որևէ փոխզիջումային համաձայնության:

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հայտարարությունից օրեր անց`մայիսի 12-ին, հրադադարի ռեժիմի հաստատման համաձայնագրի 20-ամյակի կապակցությամբ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որով, գրեթե կրկնվում է Ուորլիքի հայտարարության բովանդակությունը:

Համանախագահների այս հայտարարության կապակցությամբ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ կա Մադրիդյան փաստաթուղթ, որը կողմերն ընդունել են որպես հիմք բանակցությունների համար, այլ ոչ թե ընդունել են բոլոր այն սկզբունքները, որոնք այնտեղ նշված են: Իսկ որպեսզի այդ բանակցություններում լինի առաջընթաց, անհրաժեշտ է համապատասխան մոտեցում բոլոր կողմերից: Տվյալ պարագայում Ադրբեջանի դիրքորոշումը թույլ չի տալիս առաջընթաց բանակցություններում:
Մասնավորապես խոսքը վերաբերում է «Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները շարունակում են օկուպացված մնալ» ձևակերպմանն ու ԼՂ ստատուս-քվոյի անդրադարձին: Շ.Քոչարյանն ընդամենն ասաց, որ սրանք երկու ամենասուր կետերն են, որոնց շուրջ, ակնհայտ է, կա անհամաձայնություն, ինչն էլ մատնանշում են համանախագահները:

Նշենք մի կարևոր հանգամանք. Ադրբեջանը պարբերաբար ձախողել ու չի կատարել բանակցային գործընթացի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչը ցույց է տալիս, որ դեպքերի ու իրադարձությունների` մեզ համար անցանկալի ընթացքի դեպքում մի անգամ էլ հավանաբար Հայաստանի կողմից լինի պայմանավորվածություններից հրաժարում: Հուսով ենք, որ բանը դրան չի հասնի, բայց այս տարբերակն էլ կա:

 

Tags: , , , ,