Շախմատի Եվրոպայի առաջնությունը` առանց Հայաստանի թիմի

1-ին նյութ armenia-women-chess-team-danielyan-mkrtchyanՇախմատային երկիր ենք համարվում, սակայն երկար ժամանակ է, ինչ մեր երկրում ակումբային առաջնություն չի անցկացվում: Այն նախատեսվել էր կազմակերպել 2013-ին, բայց այդպես էլ ոչինչ չարվեց: Առայժմ ոչ մի խոսակցություն չկա, որ այդ բացը 2014-ին շտկվելու է: Ակումբային առաջնության անցկացումը կարևոր է այն առումով, որ մեր երկիրը կարող է երկուական թիմ մրցասպարեզ հանել Եվրոպայի ակումբային առաջնությունում:Սակայն չի բացառվում, որ այդ ստուգատեսում էլ մերոնք խաղից դուրս մնան: Մինչդեռ մեր երկրի տղամարդանց և կանանց թիմերը նախկինում քանիցս դարձել են այդ ստուգատեսի չեմպիոն, արծաթե և բրոնզե մեդալակիր: 2014-ին Հայաստանի շախմատիստուհիների «Միկա» թիմն Իսրայելի Էլյաթ քաղաքում կազմակերպված առաջնությունում արծաթե պարգևի է արժանացել: Ստեղծված իրավիճակը խնդրեցինք պարզաբանել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, շախմատի «Միկա» ակումբի գործադիր տնօրեն Աշոտ Վարդապետյանին:

- Ներկայումս ոչ մի խոսակցություն չկա, որ Հայաստանի ակումբային առաջնություն է անցկացվելու: Չեմ կարծում, որ այն կարող է անսպասելի կազմակերպվել: Նախկինում դրդապատճառ կար, որ Հայաստանի առաջնություն անպայման անցկացվի: Բանն այն է, որ «Միկա» ակումբի ներկայացուցիչները պարբերաբար մասնակցում էին եվրոպական ստուգատեսին: Եվ որպեսզի «Միկան» իր կազմը համալրեր արտասահմանյան երկրներից հրավիրված խաղացողներով, Հայաստանի առաջնություն էր կազմակերպվում, և օտարերկրացիները «Միկայի» կազմում մասնակցում էին հայաստանյան, հետո էլ եվրոպական ստուգատեսին: Բայց հետագայում այս պայմանը վերանայվեց:
Նոր կարգով` խաղացողների համար պարդադիր չէ Հայաստանի ակումբային առաջնությանը մասնակցելը, սակայն դրա համար հնարավոր է փոխհատուցել` տուգանք վճարել շախմատի Եվրոպայի ֆեդերացիային, որն էլ համաձայնություն է տալիս: Դա ձեռնտու տարբերակ է, քանի որ խաղացողներ հրավիրելու, նրանց այստեղ մնալու ծախսերը շատ ավելի մեծ են, քան այդ տուգանքի միջոցով հարցերը կարգավորելը: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահության նիստերում 2013-ին, 2104-ին քննարկվել են Եվրոպայի առաջնությանը մերոնց մասնակցելու հարցերը: Տեսակետներ են հայտնվել, թե ինչ կարելի է անել, որ Հայաստանն անպայման պատվիրակներ ուղարկի:
Երկու մոտեցում կարող է լինել: Մեկն այն է, որ մեր ակումբներին պետք է պարտադիր գործուղել մասնակցելու այդ ստուգատեսին: Եվ դա մեծ ֆինանսներ չի պահանջում: Երկրորդն այն է, որ պետք է փորձել մասնակցել այնպիսի խաղացողներով, որ հայկական ակումբներն անմասն չմնան խաղարկված պարգևներից: Հայաստանի հատկապես տղամարդկանց հավաքականը բազմաթիվ հաջողություններ է ունեցել միջազգային ներկայացուցչական ստուգատեսներում, սակայն ակումբային առաջնությունն էականորեն տարբերվում է: Եվ այդ հաջողությունները երաշխիք չեն տալիս, որ անգամ տիտղոսակիր Հայաստանի ընտրանին կկարողանա ակումբային առաջնությունում պայքարել մրցանակային տեղերի համար: Բանն 1-ին նյութ 0-300այն է, որ Եվրոպայի առաջնությունում տղամարդիկ հանդես են գալիս 6 խաղատախտակի առջև: Թիմի կազմում պետք է լինի նաև երկու պահեստային խաղացող: Հայաստանը հնարավորություն չունի հզոր շախմատիստներով համալրելու իր թիմի կազմը: Ընդ որում, նախկինում «Միկայի» տղամարդկանց հավաքանի կազմում մեր ուժեղագույնների կողքին հանդես են եկել Մագնուս Կառլսենը, Բորիս Գելֆանդը, Բաադուր Ջոբավան: Սովորաբար բոլոր թիմերում էլ աստղեր շատ են լինում: Օրինակ` 2013-ին Եվրոպայի չեմպիոն դարձած Ադրբեջանի «Սոկար» ակումբի կազմում արտասահմանցի հինգ ուժեղ գրոսմայստերներ կային: Եվ դա այն դեպքում, երբ այդ երկրում մի շարք բարձրակարգ խաղացողներ կան: Թիմի մարզիչն էլ ուկրաինացի Վլադիմիր Տուկմակովն է: Ի դեպ, նա նաև Հոլանդիայի հավաքականի մարզիչն է: Ակնհայտ է, որ ակումբային հզոր թիմ ունենալու համար մեծ ծախսեր են պահանջվում: Ընդ որում, շատ կարևոր է, որ դրսից բարձրակարգ խաղացողներ հրավիրվեն: Իսկ դրա համար լուրջ հովանավոր պետք է ունենաս:

- Վերջին տարիներին «Միկան» տղամարդկանց թիմ մրցասպարեզ չի հանում եվրոպական ստուգատեսում, սակայն այդ ակումբի մարզուհիները պարբերաբար մասնակցում են և պարգևների նրանց հավաքածուում ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներ կան:

- Այդուհանդերձ, «Միկայի» տղամարդկանց հավաքականը երկրորդ մասնակցության ժամանակ արծաթե մեդալակիր է դարձել: Երրորդ մասնակցությունն արդեն երիտասարդական թիմով էր, և հաջողությունը մոտ էր: Վերջին տուրում ոչ-ոքի խաղալու դեպքում մերոնք կարող էին մրցանակակիր դառնալ: Այս փորձն ուսանելի է: Կարելի է երիտասարդ շախմատիստների գործուղել Եվրոպայի ակումբային առաջնություն: Դրա համար մեր երկրում պետք է ակումբային առաջնություններ անցկացնել առանց այն ակնկալիքի, որ Եվրոպայի առաջնությանը շատ բարձրակարգ թիմով ենք հանդես գալու:
Ընդ որում, ակումբներ մրցասպարեզ հանելու համար շատ բան պետք չէ: Բավական է, որ մարզական ընկերությունները, շախմատի կենտրոնները, քաղաքները, նույնիսկ համայնքները, թաղամասերը հավաքականներ մրցասպարեզ հանեն, էլ չենք ասում հայտնի ֆիրմաների մասին, որոնք Հայաստանում մեծ եկամուտներ ունեն: Շատ կարևոր է, որ թիմերի միջև մրցակցություն լինի: Պատվախնդրությունը կնպաստի, որ աստիճանաբար դրանք ուժեղացնեն իրենց կազմերը: Հետագայում արդեն կունենանք ուժեղ թիմեր, որոնք Հայաստանը լուրջ հավակնություններով կներկայացնեն եվրոպական ստուգատեսում: Ճիշտ է, մեր երկրի չեմպիոնը հնարավոր է` բարձր տեղեր չզբաղեցնի, բայց փոխարենը մեր շախմատիստները կզգան թիմային պայքարի ոգին և իրենց խաղամակարդակը կբարելավեն:

- Հետաքրքիր է` հրավիրված շախմատիստը մեկ պարտիա խաղալու համար ի՞նչ գումար է պահանջում, հազար դոլարից ավելի՞, թե՞ պակաս:

- Չեմ կարող ասել, պայմանավորվելու խնդիր է:

- Գործարար Միխայիլ Բաղդասարովն է շախմատի «Միկա» ակումբի հովանավորը: Այժմ այն գործո՞ւմ է, թե՞ ոչ:
- Ակումբը ներկայումս աշխատում է հասարակական կարգով, ֆինանսավորում չկա: Հայտնի է, որ «Արմավիայի» հետ կապված` ֆինանսական խնդիրներ են առաջացել: Անցյալ տարի «Միկայի» կանանց թիմը մասնակցեց Եվրոպայի առաջնությանը միայն այն բանի շնորհիվ, որ թիմի անդամները մեծ նվիրվածություն դրսևորեցին: Նրանք այժմ էլ պատրաստ են նվազագույն պահանջներով խաղալու, բայց ֆինանսական հնարավորություններ չկան: Այս տարի Եվրոպայի առաջնութունը կայանալու է հոկտեմբերին, Իսպանիայում:

- Վերջնականապես որոշվե՞լ է, որ Եվրոպայի տղամարդկանց և կանանց թիմային առաջանություններում մասնակիցներ չենք ունենալու, թե՞ հնարավոր է` ինչ-որ բան փոխվի:
- Ընդհանրապես մասնակցության նախնական հայտը հունիսին է ներկայացվում: Մինչև այդ Հայաստանի առաջնություն պետք է անցկացվի: Բայց դա պարտադիր չէ: Այդ դեպքում կարող ենք գործուղել ոչ թե մի քանի, այլ 1-ական կանանց և տղամարդկանց թիմ: Դեպք է եղել, երբ Եվրոպայի առաջնությանը մասնակցել է Հայաստանի տղամարդկանց երեք թիմ: Ընդ որում, դրանից առաջ Հայաստանի առաջնությունը լարված պայքարում ընթացավ:
Մինչև հուլիսի 31-ն ուղարկվում է վերջնական հայտը, ժամանակ կա: Հավանականությունը քիչ է, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը թիմ ներկայացնի, բայց հույսներս չկտրենք: Արտասահմանում շատ ուժեղ ակումբների կողքին թիմային առաջնություններին մասնակցում են նաև կիսապրոֆեսիոնալ թիմեր: Խաղացողներն են միավորվում, ֆինանսներ ներդնում և խաղում: Ցանկալի է Եվրոպայի առաջնությանը մասնակցելը, քանի որ այն լավ մրցավայրերում է կազմակերպվում, տարվա նպաստավոր եղանակին: Բացի այդ, հնարավորություն կա 7 պարտիա խաղալով` նորմաներ լրացնել: Սովորաբար, միջազգային կարգեր լրացնելու համար պահանջվում է խաղալ 9 պարտիա, սակայն Եվրոպայի առաջնությունում դա հնարավոր է անել` ավելի պակաս հանդիպումների մասնակցելով:
Քիչ հավանական է, որ շախմատիստուհիների թիմ կուղարկենք Եվրոպայի ակումբային առաջնություն: Ինքս «Միկայի» շախմատիստուհիներին բացատրել եմ ստեղծված իրավիճակը և հայտնել, որ եթե նրանք հրավերներ ստանան այլ ակումբներից, ապա կարող են այդ հնարավորությունը բաց չթողնել: Մասնավորապես, Գերմանիայի բարձրագույն խմբի առաջնությունում «Միկայի» ներկայացուցիչ, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը «Բադ Քյոնիգշոֆեն» թիմի կազմում վերջերս դարձել է չեմպիոն:

Tags: ,