Հայաստանի նազելիները Ռիո դե Ժանեյրո մեկնելու իրական հնարավորություններ ունեն

1-ին նյութIMG_4831 Գայանե Ներսիսյան2016-ին Բրազիլիայում կայանալիք օլիմպիական խաղերի գեղարվեստական մարմնամարզության մրցաշարում հնարավոր է` Հայաստանը մասնակից ունենա: Նման նախադեպ չի եղել: Թերևս այդ է պատճառը, որ այդ նպատակին հասնելու համար լուրջ քայլեր են կատարվում:

Օրերս Լիլիթ Հարությունյանը Փարիզից ոչ հեռու գտնվող Կորբելեսոն քաղաքում մասնակցեց աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին: Աշխարհի գավաթի խաղարկության տարբեր փուլերում հանդես գալով` նա պետք է փորձի միավորներ վաստակել, բարձրացնել վարկանիշը: Մեկ ամիս առաջ էլ Լիլիթը Իտալիայի Պոզարո քաղաքում է մրցելույթ ունեցել:

Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանը դժգոհ չէ իր սանի մրցելույթներից, առավել ևս, որ նա միջազգային մրցումներում տարբեր առարկաներով վարժությունները կատարելիս բարձր` 16-ական միավորներ է կարողանում վաստակել: Հարությունյանն աշխարհի 25 լավագույնների ցուցակում ընդգրկվելու դեպքում ձեռք կբերի օլիմպիական խաղերի մասնակցության իրավունքը: Ի դեպ, բազմամարտի մի շարք մրցաձևերում նա աշխարհում 19-20-րդ տեղերում է և մոտ է հաջողությանը: Հայ նազելին վարպետության դասեր է ստացել Նիժնի Նովգորոդում: Նա Նատալյա Տիշինայի սանն է: Այդ մասնագետի ղեկավարությամբ է պարապել և ակնառու հաջողությունների հասել ռուսաստանցի հանրածանոթ մարզուհի Ալինա Կոբաևան:
Նպատակային քայլեր են կատարվել նաև Չինաստանում կայանալիք օլիմպիական խաղերում մասնակից ունենալու համար:

Եթե Հայաստանի ներկայացուցիչ Էլիզաբեթ Պետրոսյանը փետրվարին Մոսկվայում անցկացված վարկանիշային մրցումներում 7-րդը ճանաչվեր բազմամարտում, ապա կարող էր այդ պատվին արժանանալ: Մրցումների առաջին օրը նա 9-րդն էր, սակայն չկարողացավ բարելավել ցուցանիշը և դուրս մնաց: Բանն այն է, որ մարզուհին երկար ժամանակ նախապատրաստվել էր Մոսկվայում, վարպետությունը կատարելագործել ռուսաստանցի ճանաչված մասնագետների ղեկավարությամբ:

«Մեր այս երկու առաջատարների հետ միասին Հայաստանի պատիվն է պաշտպանում նաև Հայաստանի քաղաքացիություն ունեցող Աննա Սվիրինան: Նա Հայաստանի հավաքականի թիմակիցների հետ ուղևորվել է Յարոսավլ: Մերոնք երկու` ավագ և կրտսեր տարիքի մարզուհիների միջազգային մրցաշարի են մասնակցելու: Նրանք նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը:
Եվրոպայի առաջնությունն այս տարի` մայիսի վերջին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում է անցկացվելու, և մերոնք բաց կթողնեն այն: Իսկ աշխարհի թիմային առաջնությունը սեպտեմբերի 21- 28-ը կայանալու է Թուրքիայի Իզմիր քաղաքում: Հայաստանից կմասակցեն Լիլիթ Հարությունյանը, Աննա Սվիրինան, Լուիզա Սադյանը, Կլարա Սիմոնյանը: Մայիսի 21-25-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդը հյուրընկալելու է աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի մասնակիցներին: Նախատեսվում է, որ հանդես կգա Հարությունյանը: Մայիսի 28-ից մինչև հունիսի 2-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում է կայանալու աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի մրցաշարը, որին կմասնակցի Սվիրինան: Օգոստոսի 9-11-ը Լիլիթը կարողությունները կփորձի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, սեպտեմբերի 5-7-ին էլ` Ռուսաստանի Կազան քաղաքում կազմակերպվելիք ստուգատեսներում: Մրցաշրջանը մեր մարզուհիների համար հագեցած է, մնում է, որ ցանկալի արդյունք ստացվի»,- ասաց Ներսիսյանը:

Ի դեպ, երկար ժամանակ Հայաստանից մրցավար ներկա չէր լինում միջազգային ներկայացուցչական ստուգատեսներում: Պատճառն այն էր, որ մեր մասնագետները չունեին համապատասխան որակավորում: Եվ ահա, այդ բացը լրացվել է: Վերջերս Գայանե Ներսիսյանը Կիևում մասնակցել է սեմինարի, հաջողությամբ քննություններ հանձնել, 2-րդ կարգի միջազգային մրցավարի կոչման արժանացել և միջազգային, այդ թվում նաև` օլիմպիական խաղերի մրցաշարեր սպասարկելու իրավունք ստացել:

Քանի որ գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի մասնագետների տարաձայնությունները քիչ չեն, հետաքրքրվեցինք, թե ներկայումս այդ առումով ինչ վիճակ է, կրքերը հանդարտվե՞լ են, թե՞ ոչ:

IMG_4895Ներսիսյանը պարզաբանեց, որ առայժմ խաղաղ է, սակայն աշխատանքը խոչընդոտելու փորձեր, այնուամենայնիվ, արվում են: Վերջերս փոխվել է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը: Գաբրիել Ղազարյանը նախկինում զբաղվել է գեղարվեստական մարմնամարզության մասնագետների տարաձայնությունները վերացնելու խնդիրներով, քաջատեղյակ է իրավիճակին և հայտնել է, որ հնարավորինս աջակցություն ցույց կտրվի, որպեսզի այս գրավիչ մարզաձևը մեր երկրում զարգանա և հնարավորություններն օգտագործվեն 2016-ի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար:

Տարիներ շարունակ խոստումներ են տրվել, որ նազելիների հոգսերը փոքր-ինչ կթեթևանան, նրանք բարվոք պայմաններում` հարմարավետ մարզասրահներում պարապելու հնարավորություն կունենան, մարզումների համար ժամանակակից գորգեր կստանան, դրսում ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն և այլն: Մարզչի վկայությամբ` արդեն աստիճանաբար երևում է, որ խնդիրները կարող են լուծվել:
«Աշխարհի առջնությունից առաջ մեր ընտրանին նախատեսում է ուսումնամարզական հավաք անցկացնել Նիժնի Նովգորոդում: Արդեն պայմանավորվել ենք, որ օգնելու են ռուսաստանցի մեր գործընկերները: Ֆինանսները քիչ են: Աջակցության կարգով պետությունից տարեկան 7 մլն դրամ ենք ստանում: Սակայն հնարավորությունների սահմաններում փորձում են օգնել բոլորը, ովքեր սրտացավ են այս մարզաձևի համար: Մարզվողների ծնողները, հարազատները ևս հնարավորն անում են: Նպատակը մեկն է, որ Հայաստանի գեղարվեստական մարմնամարզուհիները բարձրացնեն իրենց պատրաստվածության մակարդակը, առաջ գնան և աշխարհում ճանաչում ձեռք բերեն: Հունիսի 25-28-ը Երևանում անցկացվելու է Հայաստանի բաց առաջնությունը: Լիլիթ Հարությունյանն այն բաց կթողնի: Նա անհատական ծրագրով է նախապատրաստվում և միջազգային մրցումների կմասնակցի Իսրայելում: Աննա Սվիրինան և ռուսաստանցի մի քանի մարզուհիներ կմասնակցեն այդ տուգատեսին»,- ասաց Ներսիսյանը:

Tags: ,