Կառավարության համար` «հավակնոտ», մեր բակի վարպետ Աբոյի համար` հերթական ծրագիրը

RA Government presented its program to the RA NA«Արա՛մ ջան, ինձ մի տուփ սիգարետ տուր»,- դիմում եմ մեր բակի խանութպանին, որ իր ավտոտնակը վերափոխել է «վաճառատնակի»: Մինչ Արամը թեքվում է դեպի սիգարետների դարակաշարը, որ իմ ուզած ապրանքը տա, նրա վաճառասեղանի դիմաց փոքրիկ հեռուստացույցն ուրախ-ուրախ աղմկում է, թե ԱԺ-ում այսօր այսքան դեմ, այսքան կողմ, այսքան ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հավանության արժանացավ կառավարության նոր ծրագիրը: Հետո ռեպորտաժը պատրաստած լրագրողը սկսում է թվարկել, թե ինչ «բարիքներ» է նախատեսում կառավարության նոր ծրագիրը փոքր ու միջին բիզնեսի համար, որ այն ուղղված է լինելու ՀՀ քաղաքացիների բարեկեցությանը, որ խթանվելու են ներդրումները, որ, որ, որ…

- Արա՛մ,- ասում եմ,- տե՛ս, կառավարությունը սկսել է քո մասին մտածել, որոշել է քեզ համար շրջանառության հարկը զրոյացնել, որ զարգանաս, հարկայինին էլ հրահանգել է ռիսկերի վրա հիմնված ստուգումներ իրականացնել քո խանութում, որ ավելորդ անգամ չանհանգստանաս հարկայինի բադին-կոզբադինների անհարկի ու անսպասելի այցելություններից, որ դուքանդ դարձնես մարդավարի խանութ, դուրս գաս քո էս գարաժից ու լույս աշխարհում նորմալ բիզնես անես:

Արամը, որ իմ ասածից հետո փորձում է էկրանից գեղեցիկ արտաքինով լուրեր հրամցնող հաղորդավարուհու ասածները համադրել հենց նոր ինձնից լսածի հետ, սիգարետը ինձ մեկնած` քարացել ու լսում է իր «փրկության բարի լուրն ավետող» ճարտասանությունը: Հենց այդպես, առանց հայացքը էկրանից կտրելու էլ մյուս` դատարկ ձեռքը թափահարեց օդում.
- Չէ, աղբեր ջան, ով փալանն ըլնի, մեկ ա, էշը մենք ենք:

Հետաքրքրվում եմ` չի՞ հավատում նոր կառավարության նոր ծրագրին: Արամը զարմացած դեմքիս է նայում, ուզում է ստուգել` կատա՞կ եմ անում, թե՞ լուրջ եմ խոսում: Ժպտում եմ քթիս տակ, Արամը հանգստացած շունչ է քաշում:

Վերցնում եմ սիգարետս, Արամին թողնում հեռուստացույցի «հավակնոտ» թեմաների մասին պատմող ռեպորտաժների հետ ու քայլերս ուղղում դեպի տուն: Համարյա մուտքի մոտ եմ հասնում, ու հանկարծ մի միտք է ծագում. հենց միայն մեր շենքի մոտակայքում 3 կրպակ կա, 2 մթերքի խանութ, 1 համակարգչային խաղերի սրահ, կարելի է ընդամենը մի 15-20 րոպեանոց շրջայցով հասկանալ, թե դրանց տերերը կամ աշխատեցնողները, որոնք համարվում են մանր բիզնեսի ներկայացուցիչ, ինչպես են վերաբերվում նոր կառավարության ծրագրին ու հայտարարություններին կամ գոնե գիտե՞ն, որ Երևանի կենտրոնում մի խումբ մարդիկ, որոնք հավաքվել ու կառավարություն են կազմել, գիշեր-ցերեկ մտածում են` ինչ անեն, որ մեր շենքի մոտակայքի կրպակատերերն ու առահասարակ մանր բիզնեսի բոլոր ներկայացուցիչները սկսեն լավ ապրել:

Քայլերս ուղղում եմ դեպի մեր հարևան Սամվելի` շենքի հետևում` փոքրիկ այգու մոտ գտնվող կրպակը, որտեղ նա պտուղ-բանջարեղեն, ձեռքի հետ էլ հաց, պաղպաղակ, խմորեղեն, ձեթ, լուցկի ու այլ մանր-մունր բաներ է վաճառում: Սամվելը կամ Սամոն, իր կրպակի մոտքի առջև «կապած» հովանոցի տակ նստած, ագահորեն սիգարետի ծուխ է կուլ տալիս ու հպարտ կեցվածքով, գլխի թեթև շարժումով իր դուքանի պատուհանին փակցված գնատախտակի վրա է հրավիրում ուշադրությունս. «Լավաշ» գրվածքի դիմացի «100 դրամ» նշումը մեծ խաչով ջնջված է, վերևում ավելի մեծ չափերով գրված է` «75»: Հեռվից բարձր կանչում եմ.
- Ես էլ եկել եմ աչքալուսանք տալու. սրանից հետո փոքր բիզնեսդ ծաղկելու է, ու մի 2-3 տարուց ոչ թե պստիկ կրպակի, այլ մեծ խանութի, հնարավոր է նույնիսկ` մի քանի խանութների տեր ես լինելու, ա՛յ Սամո, բայց արդեն տեսնում եմ, որ բիզնեսդ առանց իմ բարի լուրի էլ սկսել է ծաղկել,արդեն լավաշը 25 տոկոսով էժանացրել ես: Հետո էլ բողոքում ես, թե իշխանությունները քեզ մոռացել են:
Սամոն էլ խոսքս բերանումս է թողնում.
- Տո քեզ էլ, քո իշխանություններին էլ, որ իրանք ոչ մի բան չանեն, ավելի շատ օգուտ տված կլինեն:
- Փաստորեն, Սամո՛, դու էլ հայրենի կառավարության ծրագրին չես հավատում: Մարդիկ հայտարարում են, որ սրանից հետո կանգնելու են սամոների կողքին, փոքր ու միջին բիզնես են զարգացնելու:
- Հա, կանգնելու են, բայց ոչ թե մեր կողքին, այլ մեր կոկորդին… Ասում են` ստվերից դուրս եկեք. գիտե՞ս` էդ ինչ ա նշանակում,- քմծիծաղով հարցնում է Սամոն,- իսկ էդ նշանակում ա, որ ոչ թե էթալու են էդ օլիգարխներին ստվերից հանելու, այլ ուղիղ գալու են իմ «բուդկա» ու ասեն` պամիդոր-խիարդ ստվերի տակ ես ծախում: Դե արի դրանց բացատրի, որ երբ իրանց շեֆն ասում ա` ստվեր, էդ լույսից պաշտպանող ստվերը նկատի չունի. չնայած…

Մտքումս կազմած ցուցակիս մեջ Արամից հետո Սամոյի անվան դիմաց էլ «մինուս» նշումն եմ անում, Սամոն էլ չի հավատում կառավարությանը:

Շարունակում եմ ճանապարհս, հասնում եմ կողքի շենքի պատին անվստահ «հենված» փոքրիկ տնակ-խանութին: Այդ շենքից երկու ծեր թոշակառու ամուսիններ են աշխատեցնում` վարպետ Աբոն ու նրա կինը` Լիդան: Մտնում եմ նրանց խանութ. միայն Աբոն է խանութում: Բերանը հենց նոր կերած մածունի ու հացի մնացորդներից մաքրելով` խանութի վաճառողի հլու և ծառայելու պատրաստ դեմքի արտահայտությամբ հարցնում է.

- Ի՞նչ ես ուզում, շե՛ֆ ջան,-չեմ էլ նկատել, թե երբվանից են ինձնից 2.5 անգամ տարեց Աբոն ու Լիդան սկսել ինձ «շեֆ»-ով դիմել:
- Եկել եմ ասելու, վարպե՛տ Աբո, որ կառավարությունը խոշոր գործարարներին հավաքել է ու բոլորով որոշել են, որ սրանից հետո դու, մեկ էլ, օրինակ, Սամվել Ալեքսանյանը` դե էն Լֆիկ Սամոն, էլի, հավասար պայմաններում եք աշխատելու: Արդեն կարող ես ազատ մրցակցել «Երևան Սիթի»-ների հետ:
Վարպետ Աբոն խեթ-խեթ նայում է ու.
- Որ իմանամ հանաք չես անում, որ իմանամ իսկականից հավատում ես քո ասածին, էդ կառավարությանը, չեմ ալարի, կանցնեմ էդ կողմն ու մի սիլլա կտամ, որ մանկությունդ հիշես ու սաղ կյանքումդ էլ չմոռանաս:
- Բայց ինչո՞ւ չես հավատում:
- Որովհետև 10-ից ավելի տենց ծրագիր եմ տեսել, որից հետո քո էդ Լֆիկի սուպերմարկետներն ավելացել են, իսկ իմ խանութի ապրանքները` գնալով քչացել:

Էլ երկար-բարակ «հարցախույզի» կարիք չկա. մտքիս ցուցակում Աբոյենց խանութի դիմաց էլ է հայտնվում «մինուս» նշանը: Մեկական մինուս էլ դնում եմ համակարգչային խաղերի սրահից ու մթերքի խանութներից դուրս գալուց հետո:

Փաստորեն, բնակությանս տարածքի ոչ մի մանր բիզնեսի ներկայացուցիչ, որի վրա պետք է տարածվեն նոր կառավարության նոր ծրագրերն ու որոշումները, քաղաքականություններն ու հայտարարությունները, որևէ դրական սպասելիք չունի: Իսկ դա հավանաբար ամենահմուտ վերլուծաբանի կամ տեսաբանի գնահատականից ավելի պերճախոս գնահատական է:

Tags: ,