Տիգրան Բաբայան. «Եղած միջոցներով հնարավոր չէ ձյուդոյի Եվրոպայի, աշխարհի առաջնությունների, օլիմպիական խաղերի մրցանակակիրներ պատրաստել»

1-ին նյութ19420Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում օրերս կայացած ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչները տիրացան 2-ական արծաթե և բրոնզե մեդալի: Մայիսի վերջին սկսվելու են օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերը: Մեր մարզիկների մրցելույթների, նրանցից նոր սպասելիքների մասին ահա թե ինչ ասաց Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանը:

- Մասնակցում էին մեր բոլոր ուժեղագույն ձյուդոյիստները: Բացառություն էր միայն Հովհաննես Դավթյանը: Տատամի էին դուրս եկել հիմնականում նրանք, ովքեր երիտասարդ են և նոր են սկսում փորձել իրենց կարողությունները մեծահասակների միջազգային մրցումներում: Ընդհանուր առմամբ, մերոնք լավ հանդես եկան: 60 կգ քաշային Գրիգոր Իվանյանը և Անդրանիկ Չափարյանը (81 կգ) դարձան արծաթե, Դավիթ Ղազարյանը (66 կգ), Ժաննա Ստանկևիչը (52 կգ)` բրոնզե մեդալակիր: 60 կգ քաշային կարգում Հայաստանից 4 մասնակից կար, 66 կգ, 73 կգ քաշային կարգում` 1-ական, 81 կգ քաշային կարգում` 2, մեկ մարզուհի էլ ունեինք 52 կգ քաշային կարգում: Մեր թիմում հանդես եկող Տարոն Առաքելյանը (60 կգ), Գեորգի Մակարյանը (81 կգ) և Ժաննա Ստանկևիչը Ռուսաստանում են բնակվում` Մոսկվայում: Նրանցից միայն մեկը մեդալ նվաճեց: Ինչ վերաբերում է մրցանակակիրներին, ապա մեր երկու մարզիկներն էլ եզրափակչում պարտվեցին հավասար պայքարում: Չեմ ցանկանում մրցավարական նրբություններին անդրադառնալ, բայց մերոնք եզրափակչում ռուսաստանցի մրցակիցներին հաղթելու մեծ հնարավորություններ ունեին: Մասնավորապես, այն կարծիքին եմ, որ Չափարյանը պետք է շարունակեր մրցամարտը, հաղթողին կորոշեր «ոսկե հնարքի» կատարումը:

- Այդ ստուգատեսում Հայաստանը մրցավար ունե՞ր:
- Ոչ: Դավիթ Խիթարյանը միջազգային կարգի մրցավար է, բայց այդ ժամանակ նա մասնակցում էր Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող մրցավարական սեմինարին: Բացի այդ, ֆինանսներն այնքան շատ չեն, որ միջազգային բոլոր մրցումներում կարողանանք մեր երկրի պատվիրակության կազմում մրցավար ընդգրկել:

- Ինչո՞ւ չէր մասնակցում մեր ամենատիտղոսավոր ձյուդոյիստը` Արմեն Նազարյանը:
- Իմ ունեցած տեղեկություններով` 2008-ի օլիմպիական խաղերից հետո նա չի պարապում: Ներկայումս 32-ամյա Նազարյանն իր ընտանիքի հետ Ռուսաստանում է:

- Մեր մարզիկների համար ի՞նչ կարևորություն ուներ այս փորձությունը:
- Հավաքականը նախապատրաստվում է օգոստոսի 16-ին Չելյաբինսկում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը: 2014-ին Հայաստանի հավաքականը Թբիլիսիում և Թուրքիայի Սամսուն քաղաքում մասնակցել է «Գրան պրի» մրցաշարերի: Չեխիայում մերոնք հանդես են եկել աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարում, և Դավթյանը 3-րդ տեղ է գրավել:

- Ստանկևիչը փորձառու ձյուդոյիստուհի է, երկար ժամանակ է, որ Հայաստանի հավաքականում է, բայց միշտ չէ, որ արդարացնում է սպասելիքները: Նա վերագտե՞լ է իր լավագույն մարզավիճակը:
- Չնայած նա մրցանակակիր է դարձել, առայժմ հեռու է իր լավագույն մարզավիճակից: Ժաննան 27 տարեկան է: Տարիներ առաջ` մինչև 2012-ը, երբ հանդես էր գալիս 57 կգ քաշային կարգում, տպավորիչ գոտեմարտեր էր անցկացնում: 52 կգ քաշային կարգում դա չի ստացվում: 2012-ից հետո նա ամուսնացել է, մայր է դարձել, քաշ է գցել և նոր է վերսկսել մարզումները: Ինքս մասնագիտական տեսանկյունից նրա հնարավորությունները բարձր չեմ գնահատում: Բայց Ստանկևիչը մարզվելու և հաջողության հասնելու մեծ ցանկություն ունի: Նա և Մոսկվայում բնակվող մյուս երկու ձյուդոյիստները դիմել են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանին, որպեսզի ներկայացնեն մեր երկիրը: Բոլորի հետ կապը սերտ է, Ժաննան էլ հաճախակի Հայաստան է գալիս, այնպես որ նրա հետ աշխատելու խնդիր չկա:

- Իսկ Օրենբուրգում կայացած մրցաշարում կայի՞ն մարզիկներ, որոնց մրցելույթից դժգոհ եք:
- Դժգոհ եմ Սերյոժա Ալեքսանյանի և Գոռ Մկրտչյանի (երկուսն էլ` 60 կգ) մրցելույթներից: Իսկ Դավիթ Նիկողոսյանը (73 կգ) մրցանակակիր դառնալու հնարավորություններ ուներ, սակայն երկու հաղթանակ տարավ, երկու գոտեմարտ տանուլ տվեց. վերջին գոտեմարտը սփոփիչ էր: Ուշագրավն այն է, որ անհաջողություն կրած երկու գոտեմարտում էլ մեր մարզիկը հաղթում էր, սակայն, վերջին պահերին, կորցնելով զգոնությունը, զիջեց մրցակցին:

- Եվրոպայի գավաթի խաղարկության մրցաշարից առաջ Հայաստանի հավաքականը նախապատրաստական ուսումնամարզական հավաք անցկացրե՞լ է:
- Ոչ: Բայց մինչ այդ երկու անգամ Վրաստանի Գորի քաղաքում ուսումնամարզական երկու հավաք էինք անցկացրել: Գորին ձյուդոյի հայտնի դպրոց ունի, որի ներկայացուցիչները դարձել են օլիմպիական խաղերի չեմպիոն:

- Օլիմպիական խնդիրներին անդրադառնաք: Ե՞րբ են սկսվելու վարկանիշային մրցաշարերը:
- 2014-ի մայիսի 30-ից մինչև 2016-ի մայիսի 29-ը ներկայացուցչական բոլոր մրցաշարերը հերթական օլիմպիական խաղերի համար վարկանիշային են: Ամեն քաշային կարգի ուժեղագույն 22 ձյուդոյիստները խաղերին մասնակցելու ուղեգրեր են ստանալու: Եթե ուժեղագույնների թվում մի երկրի մի քանի ներկայացուցիչներ լինեն, ապա նրանցից միայն մեկն ուղեգրի կարժանանա, իսկ մեխանիկորեն կշահեն նրանք, ովքեր 22-ից բարձր տեղերում են: Ի դեպ, յուրաքանչյուր երկրի ձյուդոյի ֆեդերացիային իրավունք կվերապահվի որոշել, թե ով պետք է հանդես գա օլիմպիական խաղերում: Եթե նույն քաշային կարգի մեկից ավելի ներկայացուցիչներ լինեն, ապա կընտրվի ամենաարժանավորը: ՄՕԿ-ը և Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան նաև հրավերով են մասնակցելու հնարավորություն տալու ուղեգրեր չունեցող տարբեր երկրների մարզիկների: Ստացվում է, որ յուրաքանչյուր քաշային կարգում շուրջ 4 տասնյակ մասնակից է լինելու:

- Ամեն դեպքում դա շատ չէ: Փաստորեն, երկու հաղթանակ տանելուց հետո ձյուդոյիստը կարող է հավակնել օլիմպիական խաղերի պարգևի:
- Ձյուդոյի օլիմպիական խաղերի մրցանակակիր դառնալը դժվար է, մրցակարգն էլ փոխվել է: Եթե նախկինում մարզիկը հասնում էր կիսաեզրափակիչ, ապա նախնական փուլում նրան պարտված ձյուդոյիստը կարող էր սփոփիչ գոտեմարտ անցկացնել 3-րդ տեղի համար, իսկ այժմ ձյուդոյիստը պետք է առնվազն կիսաեզրափակիչ հասնի, որպեսզի այդ իրավունքին արժանանա: Այդ է պատճառը, որ օլիմպիական մրցաշարում պարգևի արժանանալու համար ձյուդոյիստն առնվազն 2-3 մրցամարտում պետք է հաղթի:

- Որոշակի պարտականություն դրվա՞ծ է, թե 2016-ի օլիմպիական խաղերում Հայաստանից քանի ձյուդոյիստ է հանդես գալու: Վերջին շրջանի օլիմպիական խաղերում 2-ական մասնակից ենք ունեցել:
- Աջակցության կարգով պետությունը Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիային տարեկան 71 մլն դրամ է հատկացնում: Տարիքային 4 խմբերի ձյուդոյիստներ ունենք: Այդ գումարը բավարար չէ խնդիրները կարգավորելու համար: Տարբեր տարիքային խմբերի միջազգային մրցաշարեր կան, սակայն դրանց մեծ մասին չենք մասնակցում, քանի որ ֆինանսներ չկան: Բացի այդ, միջազգային ուսումնամարզական հավաքներ են կազմակերպվում, ուր նույնպես պատվիրակներ ուղարկելը դժվարությունների հետ է կապված: Մասնավորապես, Ճապոնիայում ամեն տարի կազմակերպվող միջազգային ուսումնամարզական հավաքներին Հայաստանից մասնակցել են միայն 2011-ին: 2014-ին մասնակցել ենք Ավստրիայում և Չեխիայում կազմակերպված միջազգային ուսումնամարզական հավաքներին: Օլիմպիական ուղեգրեր նվաճելու հնարավորություն ունեն մեր 60 կգ , 66 կգ, 73 կգ, 81 կգ քաշային ձյուդոյիստները: Չի բացառվում, որ նաև Ստանկևիչն այդ առաջադրանքը կատարի:

- Հարաբերականորեն կարելի է աջակցության կարգով տրամադրված ֆինանսները քիչ համարել, քանի որ օլիմպիական տարբեր մարզաձևերի ֆեդերացիաները դրանից շատ ավելի քիչ են ստանում: Իսկ ըմբշամարտի երկու մրցաձևերից յուրաքանչյուրը` հունահռոմեական և ազատ ոճ, տարեկան ստանում են փոքր-ինչ ավելի`110 մլն դրամ և ակնառու հաջողություններ ունեն:
- Ընդհանրապես ֆեդերացիաներին հատկացվող ֆինանսները քիչ են: Եթե Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիային տարեկան 110 մլն դրամ հատկացվի, ապա շատ հարցեր կլուծվեն: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահն էլ մարզաձևի կարիքները հոգալու համար տարեկան շուրջ 30 մլն դրամ է հատկացնում: Առայժմ սոսկ 30-40 տոկոսով են ձյուդոյիստների պահանջները բավարարվում, և չի կարելի այդ իրավիճակում 100-տոկոսանոց արդյունք ակնկալել: Եղած միջոցներով հնարավոր չէ Եվրոպայի աշխարհի առաջնությունների, օլիմպիական խաղերի մրցանակակիրներ պատրաստել: Լավ է, որ 2014-ին ունեցել ենք Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Այդ պատվին է արժանացել Հովհաննես Դավթյանը: Նա 2007-ի, 2012-ի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է, 2012-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է: Չափարյանն էլ 2013-ի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր է: Նա էլ մեծ հնարավորություններ ունի, սակայն առայժմ չի կարողանում կայուն մրցելույթներ ունենալ:

- Մայիսից ավելի հագեցած է լինելու ձյուդոյիստների մարզական կյանքը: Առաջիկայում մերոնց ի՞նչ փորձություններ են սպասում:
- «Մեծ սաղավարտի» մրցաշարը միշտ Մոսկվայում էր անցկացվում, բայց այս տարի` հուլիսին կայանալու է Տյումենում: Հետո Չելյաբինսկում կայանալիք աշխարհի առաջնությունն է: Ղազախստանում և Ուզբեկստանում սեպտեմբեր և հոկտեմբերին «Գրան պրի» մրցաշարեր են անցկացվելու, որոնք վարկանիշային են:

- Մարզվելու տեղ ունե՞ք, խնդիրներ առաջանո՞ւմ են:
- Պարապում ենք «Հայաստան» մարզական միության դահլիճում: Ուսումնամարզական հավաքներ անցկացնում ենք Աբովյանում: Ծաղկաձորում լավ է, սակայն տատամի չկա, ոչ էլ մարզագործիքներով կահավորված դահլիճ: Ցավոք, Հայաստանում ձյուդոյի մարզադպրոց չկա: Թեև միջազգային ֆեդերացիայից ստանում ենք, բայց պարապողները կիմանոյի խնդիր ունեն, քանի որ դրա միջազգային չափանիշները հաճախակի փոխվում են: Բուժման կարիք ունեցող ոչ բոլոր մարզիկներն են կարողանում համապատասխան օգնություն ստանալ: Օրինակ` Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, 2-րդ մրցանակակիր Արտյոմ Բաղդասարյանը արտասահմանում աչքերը վիրահատելու կարիք ունի, մեկ տարուց ավելի է` չի մարզվում, այդ հարցը մնում է բաց: Այդուհանդերձ, կան մարզիկներ, որոնց առողջական խնդիրները կարգավորելու հարցում օգնել են ֆեդերացիան, ՀԱՕԿ-ը, մարզական պետական կառույցը, տեղական ինքնակառավարման մարմինները: Չեխիայի Տեպլեցե քաղաքում մայիսին կայացած Եվրոպայի գավաթի խաղարկությունում այտոսկրի և աչքի լուրջ վնասվածք է ստացել 90 կգ քաշային Գոռ Գյունաշյանը: Նա 2-րդ գոտեմարտում հաղթել է մրցակցին, սակայն հետո հայտնվել է հիվանդանոցում: Տեղի հայկական համայնքի ներկայացուցիչները մեր մարզիկի կողքին են եղել, և վիրահատությունն էլ հաջող է անցել: Շնորհակալ ենք մեր հայրենակիցներին օտար երկրում հայ ձյուդոյիստին նեցուկ լինելու համար:

Tags: ,