Նախագահական ընտրություններն էլ Ուկրաինային խաղաղություն չբերեցին

պորոշենկոՈւկրաինայում կիրակի կայացան նախագահական ընտրություններ: Ենթադրություններ կային, որ ընտրություններին քաղաքացիների անհրաժեշտ քանակությամբ մասնակցություն չի լինի և ելքը կորոշվի երկրորդ փուլով, բայց ըստ պաշտոնական տվյալների` մասնակցությունը կազմեց 60,29%, ընտրությունները կայացած համարվեցին: Ուկրաինան նոր նախագահ ունի, որ «Ռոշեն» քաղցրավենիքի գործարանի սեփականատեր, միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն է:

Դեռևս մայիսի 12-ին Ուկրաինայի արևելյան նահանգներում` Դոնեցկում և Լուգանսկում, անցկացվեցին հանրաքվեներ` ինքնավարության հարցով, և երկու դեպքում էլ ընտրողների ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախությանը: Հռչակվեցին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը: Ե՛վ Ուկրաինան, և՛ Արևմուտքն այդ հանրաքվեների արդյունքները չընդունեցին, ինչպես որ չէին ընդունել Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Այնուհետև, Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը մտահոգություն հայտնեց առաջիկա նախագահական ընտրությունների կապակցությամբ` մատնանշելով Ուկրաինայի արևելքում ծավալվող իրադարձությունները: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն էլ հայտարարեց, որ Ուկրաինայի որոշ շրջաններում արդեն անհնար է անցկացնել նորմալ քվեարկություն: Բայց և նշեց, որ տվյալ ընտրատարածքներում ընտրություններ չանցկացնելը չի նշանակում, թե Ուկրաինայում առհասարակ չեն կայանալու ընտրությունները:

Ուկրաինայի իշխանություններին չմտահոգեց անգամ ամերիկացի երկու առաջնակարգ քաղաքագետների` Յուջին Ռումերի և Էնդրյու Վայսի կոչն Ուկրաինայում նախագահական ընտրությունները հետաձգելու վերաբերյալ: Քաղաքագետները հայտարարել էին, որ այն պայմաններում, երբ երկիրը բոլորի աչքի առաջ փլուզվում է, անհնար է ընտրությունների համոզիչ արդյունքներ ապահովել:

Մայիսի 22-ին Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ ինքնավարություններն ուշագրավ հայտարարություն արեցին: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գերագույն խորհուրդը հայտարարեց, որ որոշել է դիմել Ռուսաստանին իր անկախությունը ճանաչելու խնդրանքով, իսկ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը հայտարարեց, որ ռազմական դրություն է մտցնում հանրապետությունում: Բոլորը սպասում էին Ռուսաստանի դիրքորոշմանը: Այն չուշացավ: Մայիսի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում նշեց. «Մենք հասկանում, տեսնում ենք, որ Ուկրաինայում մարդիկ ցանկանում են` երկիրը դուրս գա այդ ճգնաժամից: Մենք նույնպես խաղաղություն ենք ցանկանում և կհարգենք ուկրաինացի ժողովրդի ընտրությունը»:

Սա, փաստորեն, Ռուսաստանի «կանաչ լույսն» էր ուկրաինական ընտրություններին: Այսուհանդերձ, հաջորդ օրը` մայիսի 24-ին, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարեց երկրի քաղաքացիներին, որ նորընտիր նախագահի առաջին այցը կլինի Բրյուսել: «Մենք անպայման կունենանք օրինական ճանապարհով ընտրված նախագահ, որն իր առաջին այցը կկատարի միավորված Եվրոպայի մայրաքաղաք և ստորագրություն կդնի ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին փաստաթղթի տակ»,- ասաց նա: Սա նշանակում էր, որ Ուկրաինան Ռուսաստանի ազդեցության տիրույթում չի լինելու, ինչը չի խանգարում Ռուսաստանին երկխոսություն սկսել ուկրաինական իշխանությունների հետ:

«Կայսրը մեռավ, կեցցե՛ կայսրը»

Այս ամենից հետո Ուկրաինայի, ավելի ճիշտ` Ուկրաինայում մնացած տարածքների նախագահ ընտրվեց միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն: Սա, կարծես, զավեշտի ժանրից լինի. մի երկրում, որտեղ ընդամենը ամիսներ առաջ ամբոխը պայքարում էր օլիգարխների դեմ, հետո հպարտանում, թե հաղթեց օլիգարխիային, լեգիտիմ ընտրությունների արդյունքում նախագահ ընտրվեց նույն օլիգարխիայի ներկայացուցիչը: Պորոշենկոյի միասնական շտաբի ղեկավար Վիտալի Կովալչուկը հայտարարեց անգամ, որ Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն ընտրարշավի համար ծախսել է 90 մլն գրիվեն (մոտ 7,7 մլն դոլար): Սրանով, այսպես ասած, ավարտվեց Մայդանի տենդը, այլևս ոչ ոք չի հայտարարում նոր նախագահին լյուստրացիա անելու անհրաժեշտության մասին:

ukraine-rallyԸնտրությունների արդյունքների ամփոփումից անմիջապես հետո` մայիսի 26-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շտապեց շնորհավորել Ուկրաինային ընտրությունների կայացման կապակցությամբ: Օբաման հայտարարեց, որ արտահերթ նախագահական ընտրություններն Ուկրաինայում դարձան քայլ դեպի երկրի միասնություն:

ԱՄՆ-ի նախագահից հետո ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը նշեց, որ Ուկրաինայում նախագահի ընտրություններն անցել են միջազգային նորմերին ու չափանիշներին համապատասխան: «Այս ընտրությունները հաստատել են ուկրաինացի ժողովրդի ժողովրդավարական ուղեգիծը»,- ասել է դիտորդական խմբի համակարգող Ժոաո Սոարեսը:

Ուշագրավ է, որ Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը նույնպես հայտարարեց, որ կհարգի նախագահական ընտրությունների արդյունքները, թեև ընտրությունների օրինականության համար անհրաժեշտ է երկրի հարավ-արևելքի մասնակցությունը: Յանուկովիչի խոսքով` նոր իշխանությունների գլխավոր խնդիրն այժմ երկրում իրավիճակը կայունացնելն է:

Այս առումով բավականին հետաքրքիր էր Ուկրաինայի նորընտիր նախագահի հայտարարությունը: Երբ արդեն պարզ էր, որ հենց Պորոշենկոն է ընտրվել Ուկրաինայի նախագահ, նա հանդես եկավ հայտարարությամբ, որ ցանկանում է հունիսի առաջին կեսին հանդիպել ռուսական ղեկավարության հետ: «Ռուսաստանը մեր խոշորագույն հարևանն է: Մենք Պուտինի հետ գիտենք միմյանց»,- ընդգծել է նա` հավելելով, որ Ուկրաինայի արևելքում կայունություն ու խաղաղություն հաստատելն առանց Մոսկվայի միջամտության հնարավոր չի լինի:

Կարծես լուրջ նախադրյալներ ստեղծվեցին ուկրաինական խնդրի կարգավորման համար, որովհետև, ի պատասխան Պորոշենկոյի հայտարարության` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարեց. «Մենք լսում ենք` ինչ մտադրությունների մասին է խոսում Պորոշենկոն` կապված Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ: Նա դրանք ամենից կարևոր է համարում: Մենք, ինչպես բազմիցս նշել է նախագահը, պատրաստ ենք Կիևի ներկայացուցիչների հետ երկխոսության, մենք պատրաստ ենք Պորոշենկոյի հետ երկխոսության»:

ԵՄ-ն, իր հերթին, ողջունելով Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունները, ի դեմս Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հայտարարեց, որ ողջունում է ռուսական կողմի` ընտրությունների արդյունքները հարգելու և նոր իշխանությունների հետ երկխոսություն սկսելու վերաբերյալ հայտարարությունները:

Պորոշենկոն հայտարարեց նաև, որ նախագահի պաշտոնում իր համար առաջնահերթություն կլինի եվրաինտեգրումը: Բայց ընտրությունների հենց հաջորդ օրը հայտարարեց, որ աջակցում է արևելյան Ուկրաինայում ուժային գործողությունների շարունակմանը և առաջարկեց ակտիվացնել դրանք: Հենց նույն օրն ուկրաինացի զինվորականները ծանր հրետանային զենքից կրակ բացեցին Դոնեցկի շրջանի Սեմյոնովկա ավանի վրա: Հաղորդվեց, որ ավիացիան ռմբակոծում է նաև Դոնեցկի օդանավակայանը: Ինտերֆաքսը տեղեկացրեց, որ Վոստոչնի ավանում հրաձգության տակ են հայտնվել նաև խաղաղ բնակիչների տները:

Ըստ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայի հայտարարած տվյալների` մայիսի 26-ին Կիևի անցկացրած ուժային գործողությունների հետևանքով 100 մարդ է զոհվել` ավելի քան 50 աշխարհազորային և մոտ 50 խաղաղ բնակիչ, իսկ հիվանդանոցում մոտ 31 վիրավոր է գտնվում: Այս դեպքում միայն Ռուսաստանի ԱԳՆ-ն Ուկրաինային կոչ արեց դադարեցնել ուժային գործողությունները և հայտարարեց, որ Մոսկվան ԵԱՀԿ-ից օբյեկտիվ տվյալներ է ակնկալում Դոնեցկի ծայրամասում բախումների վերաբերյալ:

Ընտրություններին հաջորդած ամենահետաքրքիր զարգացումներից մեկն էլ այն էր, որ մայիսի 27-ին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիյը հայտարարեց, որ Ուկրաինան սկսում է ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը:

Սրան, ամենայն հավանականությամբ, կհաջորդեն Ռուսաստանի հակաքայլերը, Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների պատասխանները, և վիճակը, կայունանալու փոխարեն` էլ ավելի կսրվի:

 

 

Tags: , ,