Այս աշխարհի հզոր կանայք-2

Նախորդ հրապարակման մեջ մենք անդրադարձել էինք այն առաջնորդ կանանց, որոնք այս կամ այն առումով առաջին վարչապետ կամ նախագահ են եղել աշխարհում:

Բնականաբար, ավելի մեծ թիվ են կազմում այն կանայք, որոնք առաջինն ու միակն են եղել իրենց երկրում: Նրանց մեջ, սակայն, առանձնահատուկ տեղ են գրավում Գոլդա Մեիրը (Իսրայելի չորրորդ, առաջին և միակ կին վարչապետը), Ինդիրա Գանդին (Հնդկաստանի երրորդ և վեցերորդ վարչապետը, առաջին կին վարչապետն իր երկրում և երկրորդն աշխարհում) և Մարգարետ Թետչերը` Երկաթե լեդին (Մեծ Բրիտանիայի առաջին և միակ կին վարչապետը) , որոնց կյանքին ու գործունեությանը բավական մանրամասն «Անկախն» արդեն անդրադարձել է անցած տարիներին:

Նրանք հզոր կանայք էին բառի բուն և բոլոր իմաստներով և հրաշալի դասեր են թողել աշխարհի քաղաքական գործիչ կանանց: Եվ ինչո՞ւ միայն կանանց: Նրանցից սովորելու շատ բան ունեն նաև տղամարդիկ: Եվ սովորում են:

գոլդա մեիրԳոլդա Մեիրն էր, որ իր կյանքով ստիպեց արձանագրել պատմաբաններին, որ «եթե Բեն Հուրիոնը Իսրայել պետության հայրն է, ապա Գոլդա Մեիրը` մայրը»: Շատերն են համոզված արձանագրել, որ եթե չլիներ Գոլդա Մեիրը, այդ խիզախ, լավատես ու համառ կինը, գուցեև չկայանար Իսրայել պետությունը:  «Ռուսական էմիգրանտը, որ ընդամենը մեկ տարի է սովորել քոլեջում, ստորագրեց Իսրայելի անկախության հռչակագիրը,  դարձավ Իսրայելի առաջին դեսպանը Ռուսաստանում, աշխատանքի ու սոցապ առաջին նախարարը, առաջին արտգործ նախարարը, և, վերջապես,  երկրի  առաջին և միակ կին ղեկավարը: Նրա ոգին, համառությունն ու համոզմունքն օգնեցին ստեղծելու Իսրայել պետությունը և դառնալու նրա առաջնորդը: Նա օրինակ էր Մարգարեթ Թետչերի, Ինդիրա Գանդիի համար,  նա ոգեշնչման աղբյուր էր  իշխանության  համար  պայքարող յուրաքանչյուր կնոջ համար»,- իրավամբ գրում է նրա կենսագիրը:

ինդիրա գանդիՀնդկաստանում Ինդիրա Գանդիի անունը մինչ օրս անձնահատուկ ակնածանքով ու հուզմունքով են հիշատակում: Նա առաջին կինն էր Հնդկաստանում, որ հասել էր քաղաքական օլիմպոսին և արդարև մինչ օրս մնացել է ամուր կամքի, աննկուն ոգու և իր ժողովրդի հանդեպ անսահման սիրո օրինակ: Իր մահից կարճ ժամանակ առաջ, երբ բոլորը նրան  հորդորում էին զգույշ լինել, նա լայնորեն բացեց իր տան դռները բոլոր կարիքավորների առջև. ժողովուրդը գնում էր նրա դուռը, որպեսզի պատմի իր հոգսերի ու կարիքների մասին: Այդ փխրուն, բարեկիրթ կինը մայր դարձավ մի ամբողջ երկրի համար` զոհաբերելով իր անձնական երջանկությունն ու, ի վերջո, իր կյանքը:

margaret-thatcherԻսկ Թետչերը կառավարության գլուխ անցավ, երբ երկիրը ծանր հիվանդ էր: ԱՄՆ-ն, մայրցամաքային Եվրոպան և արագ զարգացող ասիական պետությունները հետևողականորեն դուրս էին մղում բրիտանացիներին նախկինում նվաճած առևտրատնտեսական  դիրքերից: Ավելի ու ավելի էր խորանում անվերջանալի վառելիքային ճգնաժամը: Արժեզրկումը հասել էր 20-25 տոկոսի: Երկրի խոշորագույն քաղաքներում անգամ սկսել էին աղբը չհավաքել, և  ամենուր առնետների բանակներ էին վխտում:

Այն դարմանը, որ Թետչերը նշանակեց իր ժողովրդին, չափազանց պարզ ու հասարակ էր, բայց միանգամայն անվրեպ. մի եղիր խնամառու, անհրաժեշտ կրթություն ստացիր, ազնվորեն աշխատիր և ազնվորեն վճարիր աշխատանքի դիմաց, վերմակիդ չափով մեկնիր ոտքդ, հարգիր օրենքը, վճարիր հարկերը, պարտք մի վերցրու, քանի դեռ չես մարել արդեն վերցրած պարտքդ, խնայողություն արա հիվանդության դեպքերի և ծերության համար:  Ահա և խաղի պարզ կանոնները: Բայց տնտեսության մեջ դրանք ներդնելու համար  նա ստիպված էր պայքարել այնպիսի խիստ, փաստորեն ռազմական մեթոդներով, որ լրագրողներն ու հետազոտողներն այդ տարիների իրադարձությունները որակում էին պատմական ճակատամարտ հանուն Բրիտանիայի:

Թետչերի մեթոդները բնավ կանացի չէին:  Բայց հենց նրա դաժանությունը, վերլուծական միտքը և վճռականությունը հանգեցրին նրան, որ 1984 թ. արժեզրկումն իջավ մինչև 4 տոկոս: Այդ ճանապարհին քիչ չէին զոհերը: Իրար հետևից ձեռնարկություններ էին սնանկանում, որոնք նախկինում գոյատևում էին պետական սուբսիդիաների շնորհիվ: Գործազուրկների բանակը սպառնալից չափերի հասավ:  Տնտեսական դրության մեծ անջրպետ առաջացավ երկրի տարբեր շրջանների միջև:  Գաղտնիք չէ, որ հատկապես միջին խավի առկայությունն է օբյեկտիվորեն ցույց տալիս երկրի տնտեսության առողջական վիճակը, իսկ Երկաթյա լեդիի կառավարման տարիներին այն էապես մեծացավ և հասավ բնակչության 40 տոկոսին: Հաղթահարելով հիմնական հիվանդությունը` արժեզրկումը, և ամենայն խստությամբ վերահսկելով դրա շարժընթացը`  Թետչերը կարողացավ հաղթահարել նաև կողմնակի հետևանքները: 1984-ից Մեծ Բրիտանիան սկսեց առաջընթաց ապրել և աստիճանաբար դարձավ այն երկիրը, ինչպիսին որ գիտենք նրան այսօր:

Բոլորովին վերջերս աշխարհը հրաժեշտ տվեց բարոնուհուն և արձանագրեց, որ նրա հետ մի ամբողջ դարաշրջան հեռացավ: Այսպես թե այնպես, առայժմ տիպար իդեալական կին կառավարիչ է համարվում «Երկաթե լեդին»:

Gerrman Chancellor Angela Merkel gives aԱրդեն մի քանի տարի է, ինչ աշխարհի հեղինակավոր հաստատությունների վարկանիշային ցուցակներում առաջին հորիզոնականներից չի իջնում մի այլ ազդեցիկ կին` Անգելա Մերկելը` տևտոնական Մարգարետ Թետչերը, Գերմանիայի առաջին կին կանցլերը: Կարճ ժամանակում նրան հաջողվեց հազվագյուտ բարձր հեղինակության հասնել. 2006 թ. փետրվարին` փաստորեն, ընտրվելուց մի քանի ամիս անց, նրա քաղաքականությունից գոհ էր գերմանացիների 80 տոկոսը: Կոալիցիոն կառավարությունը մի շարք դրական տեղաշարժեր ունեցավ տնտեսության մեջ, մասնավորապես կրճատվեց գործազրկությունը:

Իր կանցլերության  7 տարիների ընթացքում  նա ամեն կերպ ջանում է չնմանվել Մարգարետ Թետչերին, բայց իրականում ավելի ու ավելի է նմանվում: Մերկելը, իհարկե, պատերազմ չի սկսել, բայց այն խիստ միջոցները, որ առաջարկում է նա Եվրագոտին ճգնաժամից դուրս բերելու համար,  համարյա թե պատերազմ են:

Հարվարդի համալսարանի հոգեբան Սթիվեն Կինկերն իր «Մեր դարաշրջանի լավագույն հրեշտակները» գրքում ապացուցում է, որ «երկաթե կանայք» իշխանության ղեկին նախկին «տղամարդկային» դարաշրջանի վերապրուկ են, որտեղ գնահատվում էին տղամարդկային հատկությունները: Հիերարխիկ աշխարհում  ոչ մեծ թվով կանանց հաջողվել է ինքնուրույն իշխանության գալ, բայց նրանց կառավարումը ոչնչով չի տարբերվել տղամարդկանց կառավարումից: Նրանց ամբողջ կյանքը պայքարի մեջ է անցել: Բայց ժամանակակից աշխարհը պահանջում է ղեկավարի միանգայն այլ տեսակ: Տեղեկատվական ընկերակցության ցանցերը գալիս են փոխարինելու հիերարխիային: Նման պայմաններում շատ ավելի ցանկալի է աշխատել այն կանանց հետ, որոնք բնազդաբար զգում են համոզելու և խորհուրդ լսելու անհրաժեշտությունը, ոչ թե տղամարդկանց, որոնք  միշտ էլ հակված են կառավարման կոշտ հրամայական ոճին:

ԱՄՆ Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոն ԱՄՆ 500 քաղաքներում ուսումնասիրել է քաղաքապետների գործունեությունը, և եկել այն եզրակացության, որ կին քաղաքապետների կառավարումը ոչնչով չի տարբերվում տղամարդկանցից: Բոլոր ցուցանիշները գրեթե նույնն են մնացել: Ավելին` ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանանց համերաշխությունը քաղաքականության մեջ բնավ չի ողջունվում. եթե անգամ որևէ տարածաշրջան կին է ղեկավարում, ապա դա բնավ չի նշանակում, որ մյուս կանայք ավելի հեշտ կբարձրանան պաշտոնեական աստիճաններով: Մի հանգամանք կա միայն. իշխանության ղեկը գեղեցիկ սեռի կանայք ավելի երկար են պահում, քան տղամարդիկ: Կանայք ավելի հաճախ են երկրորդ ժամկետով ընտրվում, քան տղամարդիկ: Եվ հետազատողների կարծիքով` դա պայմանավորված է այն հանգամանքով, որ կանանց մեջ քաղաքական և դիվանագիտական հմտություններն ավելի զարգացած են:

Սրանք տեսակետներ են, որոնք, անշուշտ, գոյության իրավունք ունեն այնքանով, որքանով ցանկացած այլ  վարկած: Ժամանակը, ավելի ստույգ ներկայիս գործող կին ղեկավարների գործունեության վերլուծությունը կգա հաստատելու այս վարկածները կամ կառաջադրի նոր եզրահանգումներ:

Շարունակությունը հաջորդիվ

Tags: ,