Նախագահական ընտրություներից հետո Սիրիայում իրավիճակը չի խաղաղվի

Syria_electionsՍիրիայում ավարտվեցին հունիսի 3-ին նշանակված նախագահական ընտրությունները, սակայն վերջնական արդյունքները պաշտոնապես հայտնի կլինեն հունիսի 5-ին: Ընտրություններին մասնակցության ցուցանիշը, ըստ հրապարակումների, կազմել է 95 տոկոս, իսկ նախնական հարցումների ու արդյունքների համաձայն` ընտրություններին մասնակցածների գերակշիռ մեծամասնությունը իր վստահության քվեն տվել է գործող նախագահ Բաշար Ասադին: Նշենք, որ սիրիական օրենքների համաձայն` ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար պահանջվում է ստանալ ձայների 50 տոկոսը` գումարած 1 քվե:

Արժե նայել, թե ինչ պայմաններում էին անցնում այդ ընտրությունները:
Ըստ Սիրիայի սահմանադրության` ընտրությունները պետք է տեղի ունենային մինչև հուլիս ամիսը, քանի որ Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի լիազորությունների ժամկետն ավարտվում է հուլիսի 17-ին:
Առաջին անգամ ընտրություններին իրավունք ունեին մասնակցելու մեկից ավելի թեկածուներ, քանի որ 50 տարվա մեջ առաջին անգամ Ասադների ընտանիքի ներկայացուցչի հետ զուգահեռ` երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին 2 այլ ներկայացուցիչներ: Սակայն մեծ մասը կասկած չուներ, որ կհաղթի Բաշար ալ Ասադը, որ Սիրիայում իշխանության ղեկին է 2000 թվականից և նախագահի պաշտոնում փոխարինել է հորը` ՀաՖես Ասադին:

Սիրիայի քաղաքացիներն առաջին անգամ, 2012 թ. նոր սահմանադրության համաձայն, 7 տարի ժամկետով պետք է ընտրեին երկրի նախագահին: Ըստ 2012 թ. փետրվարի 28-ին ուժի մեջ մտած Սիրիայի նոր սահմանադրության 88-րդ հոդվածի` նախագահը ժողովրդի կողմից ընտրվում է 7 տարի ժամկետով և կարող է վերընտրվել մեկ անգամ: Սիրիայում Կենտրոնական ընտրական հանձնաժողով չկա: Քվեարկության ընթացքին ու ձայների հաշվարկին գավառներում հետևում էին իշխանության գործադիր ղեկավարները, իսկ մայրաքաղաքում` արդարադատության նախարարությանը կից գերագույն դատական կոմիտեն:

Սկզբնական փուլում անհասկանալի էր, թե ինչպես է կառավարությունը մտադիր կազմակերպել քվեարկությունը երկրի այն հատվածներում, որոնք գտնվում են ընդդիմության վերահսկողության տակ: Չէր նշվում նաև, թե ինչպես են վարվելու այն միլիոնավոր մարդկանց հետ, որոնք վերջին երեք տարում տեղահանվել են իրենց տներից և փախստականի կարգավիճակով գտնվում են հարևան երկրներում, որտեղ, ի դեպ, 2011-ից ի վեր սիրիական դեսպանությունները փակվել են: Սիրիայում ԿԸՀ-ին փոխարինող արդարադատության նախարարությանը կից գերագույն դատական կոմիտեի ղեկավար Հիշամ Աշ-Շահարը հայտարարել էր. «Մենք վճռեցինք, որ Սիրիան մի մեծ ընտրատեղամաս է, ու յուրաքանչյուր քաղաքացի կարող է քվեարկել այնտեղ, որտեղ կարող է»: Բայց պարզ էր, որ քվեարկությունն անցկացվելու է այն շրջաններում, որոնք գտնվում էին կառավարական ուժերի վերահսկողության ներքո:

Նայենք, թե ինչ քաղաքական խորապատկերում անցան ընտրությունները: Հենց այն պահից, երբ Մոհամմեդ Լահամը հայտարարեց Սիրիայում նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, Ասադի հակառակորդ գործիչներն անմիջապես հանդես եկան հայտարարությամբ` դա անվանելով «ֆարս», իսկ Ասադի հակառակորդների կողմնակից միջազգային ուժերը ընտրություններ անցկացնելու ծրագիրը համարեցին «ժողովրդավարության ծաղրանք»: Ընդդիմադիր զինյալները նախազգուշացրել էին, որ փորձելու են խափանել քվեարկությունը, իսկ Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան, որը վայելում է Արևմուտքի աջակցությունը, ընտրությունները բոյկոտեց: Ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ջարբան ընտրություններն անվանեց «սիրիացիների արյամբ բեմադրված թատրոն»:
Արևմուտքի ղեկավարները դատապարտեցին չավարտված պատերազմի ընթացքում ընտրություն անցկացնելու որոշումը:

arm140177689321Հիշեցնենք` Սիրիան 2011 թ. մարտից գտնվում է ներքաղաքական ճգնաժամի` փաստացի քաղաքացիական պատերազմի մեջ: Համաձայն ՄԱԿ-ի տվյալների` հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 150 հազար մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված:

Ասադը փորձում է ռեաբիլիտացիայի ենթարկվել, Արևմուտքը` խանգարել դրան

Սիրիայի իշխանությունների կարծիքով` այս ընտրությունը կարող է պատերազմի ավարտի հանգեցնել: Եթե ժողովուրդն Ասադին ընտրի, զինված հակամարտությունը պետք է դադարեցվի, իսկ եթե չընտրի` Ասադը պետք է հեռանա:
Երբ հայտարարվեց ընտրությունների անցկացման մասին, վերլուծաբանները նշում էին, որ Սիրիայի իշխանությունները ձգտում են այս քվեարկությունն ամեն կերպ ներկայացնել որպես ճգնաժամը լուծելու միջոց: Ու չէին սխալվում: Սիրիայի գործող նախագահ Ասադն ապրիլի կեսերին ասել էր, որ հակամարտությունը թևակոխել է «շրջադարձային փուլ» ապստամբների նկատմամբ Սիրիայի ուժերի առավելություն ձեռք բերելու շնորհիվ: Հետո Սիրիայի վարչապետ Ուաիլ ալ Հալկին ասաց, որ այս ընտրությունը պատմական իրադարձություն է Սիրիայի համար, և մասնակցության բարձր մակարդակն աշխարհին կապացուցի, որ Սիրիայի ժողովուրդը որոշել է և վճռական է ընտրական գործընթացը հաջողությամբ պսակելու հարցում:

Բուն ընտրությունները, ճիշտ է, ուղեկցվեցին հրաձգություններով, մարտերով և այլն, բայց առանձնապես ոչ մի արտառոց բան չեղավ: Քվեարկության ընթացքին հետևում էին խորհրդարանականներ 30 բարեկամ երկրներից, այդ թվում` Ռուսաստանից:
Սիրիացիների մասնակցությունը ընտրություններին, եթե, իհարկե, հնարավոր է դատել միջազգային լրատվամիջոցներով հրապարակված տեսա-լուսանկարահանված կադրերից, աննախադեպ ակտիվ էր:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտն արդեն անդրադարձել է Սիրիայում երեկ կայացած նախագահական ընտրություններին` դրանք որակելով «խայտառակություն»: Պետդեպարտամենտի խոսնակ Մարի Հարֆը հայտարարել է, որ երկրում ընթացող քաղաքացիական պատերազմի պայմաններում ինքնառաջադրված Բաշար ալ Ասադը, որ նաև գործող նախագահն է, չի վայելում Միացյալ Նահանգների վստահությունը:
Արևմուտքն ու Պարսից ծոցի երկրները հայտնել են, որ գործող նախագահի հաղթանակն իրենց համար վստահելի արդյունք չէ, ինչը նշանակում է, որ Արևմուտքն ու նրա մերձավորարևելյան դաշնակիցները Ասադի հետ` որպես լեգիտիմ նախագահի, չեն պատրաստվում նստել բանակցությունների սեղանին ու շարունակելու են աջակցել ապստամբներին:
Բայց Սիրիան Արևմուտքի ու նրա մերձավորարևելյան ուղեկիցների դեմ մենակ չմնաց. ի հակադրություն Արևմուտքի, Իրանն ու Ռուսաստանը հանդես եկան սիրիական ընտրություններն աջակցող հայտարարություններով: «Նախագահական ընտրությունների անցկացումը Սիրիայի ժողովրդի օրինական իրավունքն է: Անկասկած, ժողովրդավարության չափանիշերին համապատասխան անցկացված նախագահական ընտրությունները հույս են ներշնչում, որ ազգային համերաշխությանը և կայունությանը նպաստող գործընթացները կհանգեցնեն Սիրիայի ժողովրդի շահերի պաշտպանությանն ու ճգնաժամից դուրս գալուն, և ի վերջո այդ երկրում կհաստատվի կայունությունն ու խաղաղությունը»,- ասվում է մասնավորապես Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Ընտրությունների ընթացքին հետևող Ռուսաստանի պատվիրակությունն էլ հայտարարեց, որ Սիրիայում նախագահի ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան:

Այսպիսով, Բաշար Ասադը կշարունակի պաշտոնավարել արդեն որպես Սիրիայի լեգիտիմ նախագահ` ունենալով Իրանի, Ռուսաստանի և մի շարք այլ բարեկամ երկրների աջակցությունը: Եվ, համապատասխանաբար, իր հակաքայլերն է անելու Արևմուտքի նկատմամբ: Իսկ դա նշանակում է, որ Սիրիայում իրավիճակը ոչ թե խաղաղվելու է, այլ ավելի է թեժանալու:

 

Tags: , ,