Ապագա գործընկերոջ «բարեկամական» ապտակը Հայաստանին

նազարբաևԱնցնող շաբաթ հայության ուշադրության կենտրոնում մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստն էր, մասնավորապես` դրա ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի արած հայտարարություն-առաջարկը, այն է` Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագրում մի կետ ավելացնել այն մասին, որ ՀՀ-ն դա անում է այն սահմանների շրջանակներում, որոնք ամրագրված են ՄԱԿ-ում: Սա բացատրվեց «իրենց մեկ այլ ընկերոջն Ադրբեջանում չգրգռելու» նկատառումով: Եվ դիմելով Սերժ Սարգսյանին` նա ասաց. «Դուք այդպես եք մտել ԱՀԿ, նախադեպը կա»: Ի լրումն` ավելորդ չհամարեց ընդգծել, որ ՄՄ նախագահները նման պահանջով նամակ են ստացել Ադրբեջանի նախագահից:

Ըստ էության` Նազարբաևի հայտարարությունը նշանակում է Հայաստանի անդամակցության նախապայման, և Ղազախստանի նախագահի նման կեցվածքը բնավ տարօրինակ չէ: Երբ այս տարվա սկզբներին քննարկվում էր Մաքսային միությանը Հայաստանի միանալու և դրա համար անհրաժեշտ «ճանապարհային քարտեզ» մշակելու հարցը, Ղազախստանի նախագահը հստակ հայտարարեց, որ Հայաստանի անդամակցության վերաբերյալ հատուկ կարծիք ունի ԼՂՀ-ի հետ սահմանային հարցերի ճշգրտման կապակցությամբ:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, անդրադառնալով Նազարբաևի հայտարարությանը, նշեց, որ ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության ժամանակ նման սահմանների հարց չի եղել, ՄԱԿ-ում Հայաստանի սահման չի ամրագրվել, ինչպես և ՄԱԿ-ի անդամ պետությունների մեծ մասի դեպքում: Փաստորեն, Նազարբաևը բերեց մի փաստարկ, որը գոյություն չունի:

Որքան տհաճ, այնքան էլ ձևական հայտարարություն

Արժե ուշադրություն դարձնել, որ Նազարբաևի նախապայմանում չի խոսվում ամենակարևոր խնդրի` Հայաստանի և ԼՂՀ-ի սահմանագծին անցակետեր դնելու անհրաժեշտության մասին, ու հայտարարությունն ավելի շատ ձևական բնույթ է կրում: Հարցն այն է, որ Հայաստանի և Արցախի միասնականության հարց` դիվանագիտական առումով, ընդհանրապես գոյություն չունի: Արցախը, և դա բազմիցս հայտարարվել է նաև ՀՀ-ի կողմից, երբեք Հայաստանին չի պատկանել և չի պատկանում: Հետևաբար, խնդիրն այն ձևակերպմամբ, որով փորձում է մատուցել Նազարբաևը, ընդհանրապես գոյություն չունի:

Հայտարարությունից անմիջապես հետո բոլորը հույս էին հայտնում, որ ՀՀ նախագահն ըստ արժանվույն կպատասխանի Ղազախստանի նախագահի հայտարարությանը: Սակայն Սերժ Սարգսյանը Աստանայում ոչինչ չասաց: Եվ միայն Հայաստանում` Ծաղկաձորում, մայիսի 31-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հերթական հաշվետու հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց. «Նախ պետք է ասեմ, որ որևէ խոչընդոտ չկա Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու մասով: Եվ երբ մենք այնտեղ ասում ենք, որ 2-3 հարց կա, այդ 2-3 հարցը զուտ տեխնիկական նշանակության հարցեր են և վերաբերում են մեր առևտրային հարաբերություններին: Ինչ վերաբերում է Նազարբաևի հնչեցրածին, նախ այն գլխից սխալ է սահմանների մասին խոսելը: Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չի կազմում այսօր: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, միանշանակ է: Իհարկե, Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»:

Ինչ վերաբերում է օրերս լայնորեն քննարկվող այն տեսակետին, թե Նազարբաևի հայտարարությունը ենթադրել է տալիս, որ ՀՀ և ԼՂՀ սահմանին մաքսակետ կտեղադրվի, ապա դրան բավական հստակ է պատասխանել ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Հայաստանն արդեն 11 տարի է, ինչ ԱՀԿ-ին է անդամակցում, այս ընթացքում որևէ մեկը Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ տեսե՞լ է»,- ասել է նա:- Հայաստանն ու ԼՂՀ-ն իրար հետ մի ընդհանուր տնտեսական տարածք են կազմում, ու այդ տարածքում մաքսակետեր չեն լինելու»:

Ղազախստանին, իր «բարեկամասիրության» համար, դեռ ոչ ոք չի սաստել

Բայց շատ ավելի կարևոր է մեկ այլ հանգամանք, որը «հուշեց» ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը` նշելով, թե Նազարբաևը, իր իր խոսքում մեջբերելով Ադրբեջանի նախագահի նամակը, կասկածի տակ է դնում Եվրասիական տնտեսական միության ապագան. «Որովհետև Եվրասիական տնտեսական միությունն անվտանգության միջավայր է, և եթե այդ անվտանգության միջավայրում այդ միջավայրին ոչ մասնակից երկրի միջնորդությունը քաղաքական հայտարարություններ անելու հիմք է այդ անվտանգության միջավայրին մասնակից երկրի ղեկավարի համար, դա նշանակում է, որ այդ ղեկավարը դրանով կասկածի տակ է դնում միջավայրի ապագան»: Իրոք, Նազարբաևի հայտարարությունից պարզ է դառնում, որ Եվրասիական տնտեսական միությունում դրան ոչ մասնակից Ադրբեջանի տեսակետն ավելի շատ է հարգվում, քան մասնակից դառնալ փորձող Հայաստանի, ու հարց է առաջանում` ո՞րն է նման միությանն անդամակցելու նպատակահարմարությունը, չարժե՞, որ Հայաստանը վերանայի իր արտաքին քաղաքականությունը: Այս առումով էլ ԼՂՀ փոխվարչապետը պատասխանել է, որ Հայաստանի Հանրապետությունը, անկախ նրանից, թե որ անվտանգության միջավայրում է գործունեություն իրականացնում, պետք է միշտ հաշվի առնի այն հանգամանքը, որ ՀՀ-ն եղել և մնալու է ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորը:

Մեկ հարց, այնուամենայնիվ, մնում է առկախ Հայաստանի համար: Բացառված չէ նոր, արհեստական խոչընդոտների հարուցումը նույն Ղազախստանի կողմից: Որովհետև Նազարբաևն իր «ընկերոջը»` Ադրբեջանի նախագահ Ալիևին չնեղացնելու պատճառաբանությամբ արդեն բազմիցս Հայաստանի համար խնդիրներ է ստեղծել տարբեր հարթակներում` Իսլամական երկրների կոնֆերանսում, ՄԱԿ-ում, ամենուր: Բայց ամենացցուն օրինակները, թերևս, կապված են ՄՄ-ին Հայաստանի անդամակցելու հարցի հետ: Նազարբաևին քանիցս հաջողվել է խանգարել Հայաստանի անդամակցելուն, և ոչ միայն, նաև ԵՏՄ-ի հիմնադիր անդամ դառնալուն, որով մեր ղազախ «բարեկամը» կասեցեց Հայաստանի` համահիմնադրի կարգավիճակից բխող շահաբաժիններից, քաղաքական առավելություններից, որոշումների վրա ազդելու հնարավորություններից օգտվելու շանսերը: Եվ Ղազախստանի կողմից նման «բարեկամական ժեստերը» ապագայում էլ բացառված չեն, առավել ևս, որ դրանց համար ոչ ոք նրան չի սաստում:

 

Tags: , ,