Էլի մեր «ոխերիմ բարեկամը»

ալիև-պուտինԱյս էլ որերորդ անգամ ականատես ենք լինում, թե ինչպես է մեր ռազմավարական դաշնակիցը զինում մեր ոխերիմ թշնամուն (չխուսափենք այդ որակավորումից):

Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Բիրյուլինը մայիսի 24-ին հայտարարեց, որ ՌԴ-ն ավարտել է 100 հատ T-90C տանկերի մատակարարումը Ադրբեջանին, և հնարավոր է` նույն քանակով նոր խմբաքանակի մատակարարումը նույն երկրին:
Նշված տանկերը համարվում են հարձակողական բնույթի սպառազինություն: Եթե հաշվի առնենք, թե վերջին 20 տարում որ երկրին է Ադրբեջանն անընդհատ սպառնում պատերազմով, պարզ կդառնա, թե ում դեմ է ուղղվելու այդ զենքը…

Այո, առաջին անգամ չէ, որ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական «քիրվայության» ականատեսն ենք դառնում:

2012 թ. փետրվարի 10-ին տեղեկություն տարածվեց, թե 2011-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության և «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության միջև ստորագրվել է պայմանագիր` T90C մարտական տանկեր գնելու մասին: Դրանից հետո` 2013 թ. ամռանը, հայտնի դարձավ, որ մեր ռազմավարական դաշնակիցը 1 մլրդ դոլարի այլ հարձակողական սպառազինություն էլ էր վաճառել Ադրբեջանին. հիշում ենք 94 հատ նույն T90C տանկերի, մոտ 100 ՀՄՄ-3-ների, 18 «Սմերչ»-ների և այլ սարսափելի ու հզոր զենքերի մասին:
Ու հանկարծ, անցյալ տարվա օգոստոսին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկօրյա այցով գտնվում էր Բաքվում, ռուսական «Ведомости»-ն գրեց, թե «Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևն առաջին անգամ բարձրաձայնեց Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի ծավալները: Նրա խոսքով` գործարքների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 4 մլրդ դոլար և աճի միտում ունի»:

Թվերը, մեղմ ասած, տպավորիչ են: Իսկ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը ռուսական տանկերի նոր խմբաքանակը Ադրբեջանին մատակարարվելու վերաբերյալ ասում է, թե Ադրբեջանին զենք վաճառելը Ռուսաստանի համար զուտ կոմերցիոն գործարք է. «Դա կոմերցիոն հարց է, այստեղ քաղաքականություն չկա, և պետք չէ այս հարցերի վրա կանգ առնել, ես այստեղ որևէ կրիմինալ չեմ տեսնում, սարսափելի ոչինչ չկա: Հայաստանի հետ նույնպես մենք ունենք ռազմատեխնիկական հարաբերություններ, առևտուր, այստեղ առանձնահատուկ ոչինչ չկա»: Եվ հայկական կողմը հաճույքով մոռանում է, որ Ռուսաստանը, բացի կոմերցիոն շահերից, նաև Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ու անվտանգության հարցերում որոշակի պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ:
Եվ իզուր էին բոլոր նախադեպերի ժամանակ ռուս վերլուծաբանները, դիվանագետները կամ այլ տրամաչափի գործիչները փորձում համոզել ու «փաստարկել», թե դա կոմերցիոն հարց է, թե զենքի մատակարարումներն Ադրբեջանին հնարավորություն են տալիս Ռուսաստանին` պահել Ադրբեջանն իր ազդեցության ներքո և նվազեցնում են Բաքվի ռազմական գնումները միջազգային շուկաներում: Իզուր են համեմատում այն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների վարած քաղաքականության հետ, որոնք մեծաքանակ ռազմական մատակարարումներ են կատարում հակառակորդներին` Եգիպտոսին ու Իսրայելին, Հունաստանին ու Թուրքիային և այլն: Իզուր, նման ջանքերի կարիք չկա, որովհետև հայ գործիչներն ու պաշտոնյաները Ռուսաստանի նման կեցվածքն ու գործելաոճն արդարացնում են ավելի ջերմեռանդորեն:
Թերևս ամենաանկեղծն այս հարցում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է, որ ոչ թե շտապեց արդարացնել դաշնակցի արարքները, այլ պարզապես նշեց. «Որպես ռազմական գերատեսչության ղեկավար, իհարկե, ես չեմ կարող դրան նայել բարի աչքով, բայց ես նաև դա քննարկելու իրավունք չունեմ»:
ՀՀ պաշտպանության նախարարը նշում է, որ յուրաքանչյուր պետություն իր ռազմատեխնիկական համագործակցությունը կառուցում է իր պլանների ու քաղաքականության շրջանակներում, և «Ռուսաստանի Դաշնությունը, լինելով մեր ռազմավարական գործընկերը, անկասկած, առաջին հերթին, ուշադրություն է դարձնում մեր ռազմատեխնիկական հարցերին»: Բայց նա հավելում է, որ հայկական կողմը վերահսկում է իրավիճակը, իսկ Ռուսաստանի հետ Հայաստանը ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ավելի քան բարձր մակարդակ ունի: Ուրիշ ի՞նչ կարող էր ասել նախարարը. հո չէ՞ր ասի, փախչենք` Ադրբեջանը, շնորհիվ մեր դաշնակցի, օրեցօր հզորանում է:

«Մանրուքներ», որոնք անչափ կարևոր են

Կարևոր է շեշտել մի քանի հանգամանք: Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշինքի մասին պայմանագիր ունեն, և ռուսական կողմը Հայաստանին սպառնացող վտանգի դեպքում պարտավոր է ռազմական աջակցություն ցուցաբերել հայկական կողմին: Բացի այդ, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և ՀԱՊԿ-ն էլ նույնպիսի պարտավորություններ ունի, բայց եթե ռազմական գործողություններ սկսվեն Արցախի դեմ, արդյոք ՀԱՊԿ երկրները և Ռուսաստանը մեզ օգնություն կտրամադրե՞ն…
Բացի այդ, ենթադրենք, որ Ռուսաստանը հույսը դրել է այն հանգամանքի վրա, որ եթե Ադրբեջանը ուզի էլ, չի հարձակվի ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի վրա` վախենալով իրենից: Հնարավոր չէ՞, որ մի գեղեցիկ օր Ռուսաստանն ուղղակի ֆիզիկապես հնարավորություն չունենա Հայաստանին օգնելու, չէ՞ որ մենք ընդհանուր սահման չունենք:
Այս համատեքստում արժե դիտարկել մեկ այլ հանգամանք ևս. աշխարհի քաղաքական քարտեզին առաջին անգամ հայտնվելու` Ադրբեջանի անկախության օրվա առթիվ այդ երկրի նախագահ Ալիևն իր ելույթի գերակշիռ մասը «նվիրեց» Հայաստանին, արեց հայտարարություններ` նախազգուշացնելով «մութ ճակատագրի» մասին:

Եվ եթե ռուսական երկգլխանի արծիվը, որը նաև որոշակի ստորագրված պարտավորություներ ունի Հայաստանի նկատմամբ, հայացքը թաքցնում էր իր կողմից իր դաշնակցի թշնամուն վաճառված նորագույն տանկերի հետևում, որքան էլ որ տարօրինակ թվա, մեզ «օգնության» հասավ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին, որ մայսի 30-ին իր ամենօրյա բրիֆինգի ժամանակ Ալիևի հայտարարության կապակցությամբ նշեց. «Թույլ տվեք նախ ասել, որ սադրիչ հռետորությունն ու հայտարարությունները, որոնք հակասում են մեր սկզբունքներին, լարում են իրավիճակը տարածաշրջանում և վնասում խաղաղ գործընթացը»:
Մինչդեռ Հայաստանի հետ Ռուսաստանի, ոչ թե ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակցությունն է հուշում, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում պարտավոր է հրաժարվել նաև իր ֆինանսատնտեսական շահերից, եթե դրանք ուղղակիորեն սպառնում են իր դաշնակցի անվտանգությանը: Իսկ այս վերջին գործարքները հաստատ սպառնում են. ապացույցը այդ գործարքներից հետո հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի սադրանքներն ու արկածախնդրությունները:

Ուշադրություն հրավիրենք մի հետաքրքրաշարժ փաստի վրա էլ: 2009 թ. հետո, երբ մամուլում լուրեր տարածվեցին, որ ՌԴ-ն Հայաստանին փոխանցել է 800 մլն դոլարի զենք, Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես եկավ շատ կտրուկ հայտարարություններով: Նույնիսկ Ռուսաստանի դեսպանին կանչեցին բացատրություններ տալու:
Բայց այս էլ երրորդ անգամն է, որ Ադրբեջանին ռուսական կողմից զենքերի վաճառքի մասին է նշվում, այն էլ մեր երկրի ամբողջ պետբյուջեի չափ արժեք ունեցող գործարքների մասին, բայց ՀՀ-ից ոչ մի արձագանք չի լսվում:

Հանուն արդարության, սակայն, նշենք, որ մայիսի 29-ին ԱԺ-ում, երբ ՀՀ փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանին լրագրողները հարց տվեցին, թե ինչ է անում Հայաստանը, որպեսզի թույլ չտա այլևս նման մասշտաբով զենքի վաճառք, նա պատասխանեց, որ քայլեր արվում են, կան միջազգային պայմանագրեր, որոնց համաձայն` ֆիքսված է սպառազինության քանակությունը, և այդ ուղղությամբ բավական մեծ քայլեր իրականացվում և իրականացվելու են, որպեսզի բոլորը մնան պայմանագրերի շրջանակներում:

«Եթե Ռուսաստանը զենք է վաճառել երկրորդ, երրորդ երկրի, այդ թվում` ձեզ քաջ հայտնի երկրին, որի հետ մենք բարեկամ հարաբերությունների մեջ չենք, դրանից չպետք է եզրակացնել, որ մեր հարաբերությունները նվազել են, մեր ստրատեգիական գործընկերությունը չի գործում և այլն: Զուգահեռ պրոցեսներ են տեղի ունենում: Պետք չի շատ հասարակ ձևով նայել էս ամենին»: Իսկ այն հարցին, թե այդ դեպքում ինչ պետք է եզրակացնել այդ ամենից, փոխարտգործնախարարը պատասխանեց. «Ոչ մի բան: Եզրակացրեք, որ կյանքը շարունակվում է»:

Tags: , ,