«Գրքարվեստ 2014»-ում Հայաստանը վաստակել է 5 առաջին մրցանակ. նախկինում որևէ երկիր նման ցուցանիշ չի ունեցել

միլիտոնյան1Մինսկում կայացած ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային 11-րդ մրցանակաբաշխությունում Հայաստանը 5 առաջին մրցանակ է շահել: Մրցույթին Հայաստանը ներկայացրել է 9 գիրք և արժանացել ընդհանուր 8 մրցանակի, որոնցից 5-ն առաջին մրցանակներ են, մեկ գիրք արժանացել է երկրորդ մրցանակի («Համագործակցություն» անվանակարգ, «Հայոց Երևելիներ», հեղինակ` Ալբերտ Միքայելյան), մեկ գիրք` նոմինանտի դիպլոմի ( «Գրան պրի» անվանակարգ, «Պարույր Սևակ: Բարի երազըս` ձեզ, սիրելիներ», կազմող` Յ. Պետրոսյան ) և մեկ գիրք էլ` ժյուրիի հատուկ մրցանակի («Իմ երկիրը» անվանակարգ, «10 հայ ականավոր թագուհիներ», հեղ. ` Արտակ Մովսիսյան):
Առաջին մրցանակի են արժանացել Հովհաննես Թումանյանի հեքիաթների գիրքը ռուսերեն հրատարակությամբ («Գիրք երեխաների և պատանիների համար» անվանակարգ), Ռուբեն Գևորգյանցի «Փարաջանով… կոլաժ երկուսի համար» գիրքը («Մշակույթների երկխոսություն» անվանակարգ), Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց» գիրքը («Գիտություն և կրթություն» անվանակարգ), Ֆոլքմար Գանցհորնի «Քրիստոնեա-Արևելյան գորգը» («Արվեստի գիրք» անվանակարգ), Շմավոն Շմավոնյանի «Արարատ» հրատարակությունը («Տպագրված է Համագործակցությունում» անվանակարգ) :
«Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը մրցանակակիր գրքերից հատկապես կարևորում է Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց»-ը` որպես մեծն հայագետի աշխատանքի գնահատանք, և Ֆոլքմար Գանցհորնի «Քրիստոնեա-Արևելյան գորգը», որը, նրա խոսքով, առաջին ամբողջական աշխատությունն է հայ գորգի մասին:
Մրցույթի արդյունքների և նշանակության մասին «Անկախը» զրուցել է «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ:
պատկերազարդ-պատմություն-հայոց- Պարոն Միլիտոնյան, մրցույթին ինը գիրք ենք ներկայացրել և վաստակել ութ մրցանակ: Ինչո՞վ է պայմանավորված նման բարձր ցուցանիշը:
- Իհարկե, մեր գրահրատարակչական ասպարեզի զարգացման, տպագրական տեխնոլոգիաների նորացման միտումներով եմ դա պայմանավորում: Վերջին տարիներին մեզանում իսկապես որակով ու բազմազան գրքեր են հրատարակվում: Գրքի միջազգային ցուցահանդեսներում մեր գրքերն անպայման ապահովում են բարձր մակարդակ: Եվ դա այն հրատարակիչներն են ապահովում, որոնք ամեն տարի նման ցուցահանդեսների են մասնակցում:
Սա նշանակում է մի բան, որ այսօր ունենք գրահրատարակչական շատ լավ հնարավորություններ, ունենք կայացման փուլում գտնվող հրատարակիչներ: Եթե Սովետական Միության տարիներին հիմնականում մեկ-երկու հրատարակչություն կար, որոնք կենտրոնացված էին պետության ձեռքին, ապա այսօր 40-ից ավելի հրատարակչություն կա, որոնք գործում են ասպարեզում, գրքեր են հրատարակում և ջանք են ներդնում նոր, հետաքրքիր գրքերի լույսընծայման համար:
Եթե մեզանում կարողանանք նկատել և գնահատել կատարված աշխատանքները, դրանով իսկ կնպաստենք ոլորտի հետագա զարգացմանը:
ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» ցուցահանդեսն էլ մի խթան է, որպեսզի ամեն տարի ավելի հետաքրքիր գրքեր տպագրվեն ու ներկայացվեն:
Մրցույթին ներկայացված գրքերը նախ «Հայաստանի գրքարվեստ» մրցույթում են հաղթող ճանաչվել, ապա միայն միջազգային մրցույթին ներկայացվել: Այդ գրքերը միջազգային մրցույթում ներկայացնելով` վստահ էի, որ մրցանակներ կունենանք, բայց որ այդքան շատ` ինձ համար էլ անակնկալ էր:

- Նախորդ տարիներին «Գրքարվեստ» մրցանակաբաշխությունում Հայաստանն ի՞նչ ցուցանիշներ է ունեցել:

- Մենք մասնակցել ենք 11 տարի և տարբեր ցուցանիշներ ենք ունեցել. ամեն կարգի մրցանակներ էլ ունեցել ենք, բայց որ այս տարվա պես 5 առաջին մրցանակ լինի… Ոչ միայն մենք, որևէ այլ երկիր նախկինում նման ցուցանիշ չի ունեցել:

– Ձեր կարծիքով` մասնակցությունը միջազգային մրցույթներին մեզ ի՞նչ է տալիս: Ո՞րն է մասնակցության բուն նպատակը:

- Նպատակն է խթանել գրքի քարոզչությունը: Սեպտեմբերին մրցանակները կհանձնվեն Մոսկվայի Գրքի ցուցահանդեսի շրջանակներում: ԱՊՀ և այլ երկրների լրատվական խողովակներով լուրը կտարածվի: Սա արդեն մեծ հնարավորություն է հայ գիրքը աշխարհին ներկայացնելու, քարոզելու համար: Բացի այդ, մրցանակ ստանալուց հետո հրատարակիչն ինքն էլ է պարտավորված զգում և փորձում ավելի լավ, որակյալ գրքեր հրատարակել:

– Ամփոփելով վերջին տարիների ցուցանիշները` գրահրատարակչության ոլորտում ի՞նչ առաջընթաց ունենք, և ո՞րն է առաջխաղացման հիմնական գործոնը:
գրքարվեստ- Մեր գրահրատարակչական դաշտն անկախության 23 տարիների ընթացքում ամենակայացած ոլորտներից է: Նախ` հիմնականում պահպանվեցին ավանդական տպարանները և հրատարակչությունները, որոնք ավանդաբար ուժեղ էին: Նաև նորերն ի հայտ եկան` նոր մտահղացումներով ու գործունեությամբ, և, փաստորեն, դաշտում առողջ մրցակցություն եղավ: Այդ առողջ մրցակցության շնորհիվ Հայաստանում ներկայումս տարեկան 2200 անուն գիրք է հրատարակվում` մանկականից մինչև հանրագիտարանային: Դրան շատ է նպաստում նաև պետական աջակցության հնարավորությունը: Այդ ներդրումը զգալի է: Լավագույն գրքերի մի մասն այդ աջակցությամբ է հրատարակվում:

– Շատ է խոսվում է, որ պետպատվերի շրջանակներում տպագրված գրքերը հաճախ զիջում են որակային առումով: Համամի՞տ եք այս կարծիքին:

- Բնականաբար, չեմ կարող համամիտ լինել, որովհետև, նախ, ասողը պիտի մանրամասնի, թե ինչով է զիջում` թղթի որակո՞վ, բովանդակությա՞մբ: Այն գրքերը, որոնք ընդգրկվում են պետական պատվերի և աջակցության ծրագրերում, բնականաբար, և՛ իրենց որակով, և՛ բովանդակությամբ աչքի ընկնող գրքեր են այդ բնագավառներում:
Անհատ հեղինակը կարող է մեծ գումարներ ներդնել իր գրքի հրատարակության համար, ուստի պարտադիր չէ, որ պետական պատվերով գիրքը տպագրական որակով ավելի բարձր լինի, որովհետև այդ գրքերի վրա այնքան էլ մեծ գումարներ չեն ծախսվում, և հիմնականում ինքնարժեքից ցածր են վաճառվում, հատկապես` մանկական գրքերը:
Նշեմ, որ մրցանակակիր գրքերից 3-ը պետական միջոցներով են հրատարակվել:

– Վերջին տարիներին Երևանում գրախանութների թիվն ավելանում է: Ի՞նչ է սա, գրքի պահանջարկը մեծանո՞ւմ է:

- Սովետմիության ժամանակ երևանում մոտավորապես 80 գրախանութ կար, անկախացման ժամանակ և հետո մեծ մասը փակվեց, դարձան այլ տիպի խանութներ: Հիմա որոշ չափով վերադարձ է նկատվում: Տարբեր տեղերում փոքրիկ գրախանութներ են բացվում, տարբեր սուպերմարկետներում են վաճառում, փոստատներում են գրքերի անկյուններ բացվում: Եթե առաջ կար գիրք վաճառելու մի հնարավորություն` գրախանութը, ապա այսօր ընգրկվել է ցանցի ըմբռնումը. գիրքը կարող է վաճառվել սրճարան-գրախանութներում, տարբեր հաստատություններում: Գրքի նկատմամբ պահանջարկի աճ հիմնականում կա: Բայց նաև նկատելի է, որ դա մեծ որակ չի կազմում:
Խոստովանենք, որ այս ամենը պատճառաբանվում է նաև նրանով, որ մեր զանգվածային լրատվամիջոցները շատ քիչ են տեղ հատկացնում գրքին, հրատարակչին, ստեղծագործողին, գրախանութին:

– Ունենք լավ որակով գրքեր, որոնք դրսում գնահատվում են, իսկ ներսում դրանք գնահատվա՞ծ են պատշաճ կերպով:

- Հիմա ով սիրում է գիրք կարդալ, կարդում է: Պահանջել բոլորից միատեսակ բան` անցած ժամանակներին էր հատուկ, երբ բոլորը ցուցադրության համար գրքեր էին բաժանորդագրվում, տանը մեծ գրադարաններ ունեին: Սովետական Միության տարիներին գիրքը հրատարակվելուց մի քանի օր անց սպառվում էր: Հիմա նույն հեղինակի գիրքը տարիներով չի սպառվում, ուրեմն մենք կայուն ընթերցողական դաշտ չենք ունեցել: Այնպես որ, այսօր գիրք կարդում են նրանք, ովքեր ուզում են կարդալ և պահանջ ունեն կարդալու:
Եվ մյուս կողմից, եթե ընթերցողը ծանոթ չէ ժամանակակից հեղինակներին ու հրատարակիչներին, այդ մարդը ո՞նց պիտի գնահատի գրողին, նրա աշխատանքը:

– Գրադարանների համալրվածության մասին. Հայաստանում տարեկան 2200-ից ավելի գիրք է հրատարակվում, բայց մեր գրադարանները համալրվածության խնդիր ունեն, չեն կարող ընթերցողին մատուցել նրա պահանջած ժամանակակից հրատարակությունները, ինչո՞ւ, և այս հարցի ի՞նչ լուծում եք տեսնում:

- Նայած թե ում են պատկանում գրադարանները: Մշակույթի նախարարությանը պատկանող գրադարանները տարեվերջին համալրվում են վերջին երեք տարում պետպատվերով և աջակցությամբ հրատարակված ու վաճառքում մնացած գրքերով: Դրանք բաշխվում են գրադարաններին: Պետականորեն այս գործն արվում է, բայց Հայաստանում շատ գրադարաններ կան: Ինչո՞ւ համայնքներում որևէ մեկը չի մտածում որոշակի գումար հատկացնել գիրք ձեռք բերելու համար: Եթե ամեն ինչ թողնել, թե վերևից մեկը պետք է գա ու մեզ գիրք նվիրի` չի լինի: Պետությունն իր կողմից հնարավորինս ամեն ինչ անում է: Բայց մենք էլ մի քիչ պիտի մտածենք, հնարավորություններ գտնենք:

Tags: , , , ,