Շալանդը դեռ պետք է ապացուցի, որ կարող է օգտակար լինել Հայաստանի ֆուտբոլի հավաքականին

ֆուտբոլ, 2-րդ նյութՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 6-ին Մայնցում ընկերական հանդիպում կանցկացնի Գերմանիայի ընտրանու հետ: Գերմանացի ֆուտբոլիստները նախապատրաստվում են հունիսի 12-ին Բրազիլիայում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը և այդ ստուգողական հանդիպմանը կարևոր նշանակություն են տալիս:

Գերմանիայի հավաքականն ընդգրկված է G խմբում և ուժերն է չափելու Գանայի, Պորտուգալիայի, ԱՄՆ-ի թիմերի հետ: Մրցակիցներից ոչ մեկն էլ նվեր չէ, այնպես որ տհաճ անակնկալներից ապահովագրվելու խնդիր կա: Հայաստանի ընտրանին ավելի շատ հայտնի է նրանով, որ երբեմն-երբեմն անախորժություններ է պատճառել ընտրական տարբեր մրցաշարերի հեղինակավոր հակառակորդներին: Թերևս այդ է պատճառը, որ աշխարհի առաջնության մեկնարկից առաջ գերմանացիները մրցակից են ընտրել հենց մեր երկրի ընտրանուն: Ընդ որում, գերմանական կողմը, հրավեր ուղարկելով, ֆինանսական գայթակղիչ առաջարկներ է արել…

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ապա նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի ղեկավարութամբ երրորդ խաղն է անցկացնելու: Շվեյցարացի մասնագետն առայժմ հայտնի է ոչ այնքան մեր թիմի ցույց տված գոհացնող խաղով, որքան մի քանի ուշագրավ իրողություններով:
Նա ասել է, որ իր համար կարևոր են նաև ընկերական հանդիպումների արդյունքերը, քանի որ դրանց շնորհիվ է թիմը կարողանում բարձր տեղ գրավել ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում, իսկ դրան հասնելու շնորհիվ, ընտրական մրցաշարերի վիճակահանության ժամանակ կարելի է հնարավորինիս ոչ ուժեղ մրցակիցներ ստանալ: Բացի այդ, Շալանդը համոզել է, որ հավաքականին անհրաժեշտ է տևական ուսումնամարզական հավաք անցկացնել և հրավիրել մի շարք ֆուտբոլիստների, որոնց նախկինում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, մեղմ ասած, բացասական բնութագրեր էր տվել, և նրանց ազգային թիմ հրավիրելու հարցը փակվել էր:

Փաստորեն, Շալանդի առաջնահերթ սևեռուն նպատակն այն է, որ մերոնք լավ տպավորություն թողնեն հատկապես Գերմանիայի հավաքականի հետ մրցամարտում: Դրան էին նպատակաուղղված օրերս Շվեյցարիայում Հայաստանի հավաքականի համար կազմակերպված ուսումնամարզական հավաքը և երկու ընկերական հանադիպումները: Ինչպես հայտնի է, մերոնք 4:3 հաշվով հաղթել են Արաբական Միացյալ Էմիրությունների թիմին և անփառունակ` 1:3 հաշվով պարտվել աշխարհի առաջնության մասնակից Ալժիրի ընտրանուն:

ԱՄԷ-ի հավաքականը թույլ մրցակից էր, և մերոնց դժվարությամբ տարած հաղթանակը դեռևս ոչինչ չի ասում: Իսկ ահա ալժիրցիներից կրած պարտությունն անհանգստանալու լուրջ առիթ է տալիս: Բանն այն է, որ առաջին խաղակեսից հետո աֆրիկացիներն առջևում էին 3:0 հաշվով, հանգստից հետո պատահականորեն միայն մերոնք ևս մի քանի գնդակ բաց չթողեցին սեփական դարպասը: Իսկ միակ գնդակը երկրորդ խաղակեսի սկզբին` մրցակցի կոպիտ վրիպումից հետո, խփեց խաղընկերոջը նոր փոխարինած, Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: Ի դեպ, դա նրա 4-րդ գնդակն է Հայաստանի հավաքականի կազմում:

Շալանդը մեր երկրի թիմի կազմի խաղացողների ընտրության մի շարք փորձեր արեց, որոնք, ի վերջո, դարձան փորձանք: Հանդիպումից հետո, թերևս գիտակցելով սխալները, նա հայտնել է, որ պետք է ճիշտ հետևություններ անել: Հնարավոր է դա, թե ոչ, կպարզի Գերմանիա-Հայաստան մրցամարտը: Փաստն այն է, որ Հայաստան-Ալժիր հանդիպման ժամանակ մեր թիմի խաղը չստացվեց բոլոր առումներով, տպավորությունը տխուր է:
Հավելենք, որ միջազգային դասակարգման աղյուսակում 25-րդ հորիզոնականը զբաղեցնող Ալժիրի հավաքականը հաստատեց, որ բարձր կարգ ունի: Թիմի բոսնիացի 61-ամյա գլխավոր մարզիչ Վահիդ Հալիլհոջիչն էլ, որը գործի է անցել 2011-ին, ապացուցեց, որ Ալժիրի հավաքականի` աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալը պատահականություն չէ: Նրա ղեկավարած հավաքականը վստահ և կայուն խաղ ցուցադրեց, «ձեռագիրը» չփոխեց, թեև մարզիչը խաղի ընթացքում մի շարք փոփոխություններ կատարեց:
Ինչ վերաբերում է Շալանդին, ապա նա դեռ պետք է ապացուցի, որ կարող է օգտակար լինել Հայաստանի հավաքականին: Գերմանիայի թիմի հետ կայանալիք խաղն այդպիսի բացառիկ հնարավորություն է:
Հավելենք, որ աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Գերմանիայի հավաքականը Մյոնխենգլադբախի «Բորուսիա պարկ» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Կամերունի թիմի հետ (դրվագ այդ խաղից), որն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում ընդգրկված է A խմբում և մրցելու է Բրազիլիայի, Խորվաթիայի, Մեքսիկայի ներկայացուցիչների հետ: Գրանցվեց ոչ-ոքի` 2:2 հաշիվ:

 

Tags: ,