Եթե որոշել են, որ էլեկտրաէներգիան պետք է դառնա 43 դրամ, ուրեմն կդառնա

էլ.Դեռևս այս տարվա փետրվարին առաջին անգամ Yerkir.am կայքը գրեց, որ ՀԷՑ-ում ճգնաժամ է, ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է: Մանրամասն նկարագրվեց հավելագրումների, պարգևավճարների, կորուստների ծածկադմփոցի մի հետաքրքիր մեխանիզմ: Քանի որ անցյալ տարեվերջին էլեկտրաէներգիայի սակագները բարձրացան, սպառողները սկսեցին խնայողաբար էլեկտրաէներգիա օգտագործել, էլեկտրական հոսանքի սպառման ծավալները փոքրացան: Հենց վիճակագրական ծառայության տվյալներով` էլեկտրաէներգիայի սպառման ծավալներն այս տարվա առաջին եռամսյակում կրճատվել են 39 տոկոսով: Քանի որ սպառման ծավալները փոքրանում են, իսկ էլեկտրաէներգիա արտադրողներից գնվող էլեկտրաէներգիայի սակագինն էլ բարձրացել է, ստացվել է, որ ընկերությունը միայն մատակարարների գումարներն է կարողանում վճարել ու սկսել է վնասով աշխատել: ՀԷՑ-ը սկզբում լուռ մնաց, բայց միառժամանակ անց ակնարկեց, որ լուրջ ֆինանսական խնդիրներ ունի: Խոստովանեց հենց ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն Վլադիմիր Սազանովը, որ թանկ էլեկտրաէներգիա ձեռք բերելու պատճառով ընկերությունը 2 տարվա ընթացքում կրել է մոտ 60 մլն դոլարի վնաս:

Ստեղծված իրավիճակում, ինչպես նշվում էր տարբեր լրագրողների ու վերլուծաբանների կողմից, ՀԷՑ-ի համար հարցերը կլուծվեին, եթե ընկերությունը կարողանար հասնել հասարակությանը վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելուն:
Այս տարվա մայիսի սկզբին արդեն մամուլը գրեց, որ ՀԷՑ-ը պատրաստվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտով դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ): Ըստ շրջանառվող խոսակցությունների` սակագինը կարող էր գործող 38 դրամ/կվտ.ժամից հասցվել 45 դրամի: Դա նույնպես անարձագանք մնաց:
Մայիս ամսին Աժ-ում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իր աղբյուրներից տեղեկություն է ստացել, որ էլեկտրաէներգիան թանկանալու է և 38 դրամի փոխարեն դառնալու է 45 դրամ` 1 ԿՎտ/Ժ էլեկտրաէներգիայի դիմաց: Ապա հարց ուղղեց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանին` թանկանալո՞ւ է, թե՞ ոչ: Փոխնախարարն ասաց, որ նման բան չկա:
Դրանից հետո, հունիսի 2-ին, ԱԺ-ին 2013 թ. բյուջեի կատարողականը ներկայացնելու ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հարց ուղղեց Խաչատուր Քոքոբելյանը, թե ճի՞շտ է, որ էլեկտրաէներգիայի սակագինը դառնալու է 45 դրամ, ինչին ի պատասխան Արա Սիմոնյանն ասաց. «Քննարկումներն ընթանում են, եթե դրանք պետք է հանգեցնեն նրան, որ պետք է վերանայվեն էլեկտրաէներգիայի սակագները, ուրեմն պետք է վերանայվեն: Որոշակի բան չեմ կարող ասել»:

Հիմա ՀԾԿՀ-ն ժողովրդի՞ կողմից է, թե՞ արջի

Հունիսի 4-ին արդեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարեց, որ էլեկտրաէներգիան թանկանալու է: Իր տարածած հայտարարության մեջ հանձնաժողովը նշում էր, որ շուրջ երկու ամիս ուսումնասիրել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների լիցենզավորված գործունեության համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թթ. կանխատեսումները և պարզել, որ 2014-2015 թթ. սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ: Ուստի, հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը:
«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ` էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում»,- նշվում էր ՀԾԿՀ-ի տարածած հայտարարությունում:
Լրացուցիչ պարզաբանումներից պարզ դարձավ, մասնավորապես, որ ծախսերի մեծացման վրա մեծ ազդեցություն է ունեցել ՀԱԷԿ-ի չաշխատելը, որի արտադրած էլեկտրաէներգիան ամենաէժանն էր ՀՀ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալի մեջ, բացի այդ, այլ ծախսեր կան և այլն: Ու սկսվեց…

Տնտեսագետները չեն հասկանում, թե ինչով է պայմանավորված ծախսերի փոփոխությունը, ինչու պետք է դրանք ազգաբնակչությունը ծածկի: Անցած տարվա հուլիսին էլեկտրաէներգիան թանկացավ միանգամից 25 տոկոսով: Այն ժամանակ այդ թանկացումը պայմանավորված էր գազի սակագնի թանկացմամբ, որից հայկական ՋԷԿ-երում էլեկտրաէներգիա են ստանում: Հիմա էլ էլեկտրաէներգիան պետք է թանկանա ևս մոտ 10 տոկոսով: Ստացվում է, որ 1 տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագինը թանկանում է մոտ 35 տոկոսով:
ՀԾԿՀ-ն փորձում է հիմնավորել, թե համակարգի ֆինանսական կայունության, անխափան էներգամատակարարման համար անհրաժեշտ է 20 մլրդ դրամի ներդրում, որպեսզի ապահովվի անխափան աշխատանքը, բայց չկա կանխատեսելիություն, թե որքան ժամանակի համար է այդ թանկացումը: Եվ ինչպես արդարացիորեն նշել է տնտեսագետ-փորձագետ Աշոտ Եղիազարյանը, հնարավոր է, որ որոշ ժամանակ անց նորից նույն պատճառաբանությամբ ասեն` 40 միլիարդի ծախսեր են հարկավոր համակարգի արդիականացման համար ու սակագինը բարձրացնեն: Տնտեսագետի խոսքով, Հայաստանում էներգետիկ համակարգերն իսկապես հին ու մաշված են, արդիականացման խնդիր կա, մեր էներգետիկ համակարգերը հիմնականում ռուսական ընկերություններին են պատկանում, իսկ ռուսական էներգետիկ ոլորտն այսօր արտաքին լուրջ պատժամիջոցների առջև է կանգնած: Աշոտ Եղիազարյանը վստահ է, որ այդ պատժամիջոցները դեռ կխստանան, ինչն էլ կհանգեցնի նրան, որ ռուսական էներգետիկ ընկերությունները ֆինանսական խնդիրների առաջ կկանգնեն:

Արժե հիշել, որ Հայաստանը, ներքաշվելով Եվրասիական նախագծերի մեջ, ըստ էության, իրեն զրկել է էներգետիկ համակարգի զարգացման այլընտրանքային հնարավորություններից, նույնիսկ Իրանի հետ էներգետիկ նախագծերի առումով:
Թե ինչ հետևանքներ կունենա այս թանկացումը, դժվար չէ ենթադրել: Հիշենք միայն մի «փոքրիկ» հանգամանք. յուրաքանչյուր ամիս վիճակագրական ծառայությունը հրապարակում է գնաճի ցուցանիշները, և արդեն քանիերորդ ամիսն է` ծառայության ներկայացուցիչնեը նշում են, որ գնաճի ցուցանիշների մեջ էական դեր ունեն անցած տարվա հուլիսի գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումները: Իսկ էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող թանկացումը, հաշվել են տնտեսագետները, Հայաստանում կհանգեցնի մոտ 15 տոկոս գնաճի, քանի որ այն ազդեցություն ունի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա:

Բայց ինչպես տեսնում ենք, ՀԷՑ-ը լուրջ է տրամադրված էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցում, իսկ ՀԿԾՀ-ն կարծես մոռացել է, որ ՀՀ պետական մարմինների համար առաջնահերթ պետք է լինի Հայաստանի քաղաքացու շահը:

 

Tags: , ,