Պարզվում է` հիմա էլ լրագրողներն են մեղավոր, որ Հայաստանում ներդրումները քիչ են

Կարեն-ՃՇՄԱՐԻՏՅԱՆՏնտեսական ակտիվության ցուցանիշը 2014 թ. տարեսկզբից մինչ հիմա, ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների, կազմում է 103.6 տոկոս: Երբ դիտարկում ենք ժամանակագրական շարքերը, ապա 2013 թ. այդ նույն ցուցանիշը, նույն ժամանակահատվածի համար կազմել է 103.5 տոկոս, 2012-ին` 107.2 տոկոս, իսկ 2011-ին` 106.1 տոկոս: Պարզ է` տնտեսական ակտիվության աճը Հայաստանում կամաց-կամաց անկում է ապրում:

Թվերը գաղջ չեն, մթնոլո՞րտն է գաղջ

Այս ցուցանիշը, թերևս, ոչինչ էլ չի ասի, եթե այն չհամադրենք այլ ցուցանիշների հետ: Այսպես, այս տարվա հունվար-ապրիլ ժամանակահատվածում, նույն ԱՎԾ-ի տվյալներով, Հայաստանում թողարկված ապրանքների ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 97.2 տոկոս, նվազել է 2.8 տոկոսային կետով: Ավելի պարզ` հայկական արդյունաբերությունն ավելի քիչ ապրանք է արտադրել: Սա հիշենք ու անցնենք առաջ:
Արդեն քանի տարի է, ինչ ՀՀ նախկին կառավարությունը հայտարարել է, թե սկսում է, իսկ նոր կառավարությունը, թե շարունակում է արտահանման խրախուսմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն, բայց նույն ԱՎԾ-ի տվյալներով` այս տարվա հունվար-ապրիլին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արտահանումը կազմել է 104.1 տոկոս, իսկ ներմուծումը` 109.9 տոկոս: Սա ցույց է տալիս, որ ներմուծումն ավելի արագ է աճում, քան արտահանումը, չնայած` կառավարության որդեգրած քաղաքականությունը, ինչպես հուշում է տրամաբանությունը, պետք է հակառակ արդյունքների հասցներ: Իսկ դա կարող է նշանակել, որ հայկական տնտեսության համար դրսից ապրանք ներմուծելն ավելի ձեռնտու է, քան տեղում արտադրելը: Սա էլ հիշենք ու շարունակենք:
Ամենակարևոր ցուցանիշներից մեկը. այս տարվա հինգ ամիսներին սպառողական ապրանքները, ընդհանուր առմամբ, թանկացել են 0.9 տոկոսով: Իսկ այս տարվա մայիսին` նախորդ տարվա մայիսի համեմատ, գնաճը կազմել է 3.6 տոկոս:
Այս երեք ցուցանիշները, ամբողջը չեն, բայց հնարավորություն են տալիս ենթադրելու, որ Հայաստանում արտադրությունը հետընթաց է ապրում, ներմուծումը ավելի շատ է, գներն էլ գնալով աճում են: Փաստորեն, հանրապետությունում գործարար միջավայրի հետ կապված խնդիր կա: Օրինակ` մայիսի վերջին 1 շաբաթվա ընթացքում հատկապես ալյուրի, մակարոնեղենի ու հացի գները բարձրացել են մոտ 5-8 տոկոսով, չնայած միջազգային շուկայում ցորենի կամ ալյուրի գնաճ չի գրանցվել: Ու այս ամենը, ի դեպ, այն դեպքում, երբ ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավաքեց Հայաստանի խոշոր գործարարներին ու պատվիրեց, որ այսուհետ բոլորն աշխատեն հավասար պայմաններում, ստվերից դուրս գան:

Հիմա էլ լրագրողներն են մեղավոր

Պարզվում է` Հայաստանում գործարարների նորմալ աշխատելուն, ներդրումներին ու տնտեսության զարգացմանը խանգարում են լրագրողների ստեղծած գաղջ մթնոլորտն ու հոռետեսական տրամադրությունները: Համենայն դեպս, արդեն քանիերորդ անգամ նման տեսակետ է հայտնում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Վերջին անգամ էլ հունիսի 2-ին նշեց. «Ինչո՞ւ են ձեր հարցերը բացասական, դուք դրանով ազդում եք ներդրումային ոլորտի վրա, գործարար միջավայրի վրա»:
Լրագրողների հարցին` ուրեմն լրագրողնե՞րն են միայն, որ բացասաբար են ազդում ներդրումային միջավայրի վրա, նախարարը պատասխանեց. «Նաև դա, երբ մարդ առավոտյան արթնանում է, և նրան միայն բացասական էմոցիաներով են կերակրում, նա չի ուզենա ներդրումներ անել: Չէ՞ որ լրագրողներն են հոգևոր ու մտավոր սնունդ տվողը»:
Այդպիսի բաներ: Ստացվում է` լրագրողներն են մեղավոր, որ Հայաստանում մարդիկ ներդրումներ չեն անում, ոչ թե, օրինակ, կառավարության ու նրա անդամների գործունեության նկատմամբ բացասական վերաբերմունքն ու անվստահությունը, կոռուպցիան, հովանավորչությունը, հարկային ու մաքսային վարչարարությունը, արդարադատության համակարգը, կյանքի և գույքի անձեռնմխելիության ինստիտուտների «դռդռալը» և այլն:

Փաստորեն, վերը բերված վիճակագրական տվյալները հիշելով, ըստ ճշմարիտյանական «ախտորոշման», հենց քիչ առաջ մենք մեկ անգամ ևս խանգարեցինք իքս գործարարին, որ Հայաստան էր եկել իր միլիարդավոր միջոցները Հայաստանում ներդնելու «ռազմահայրենասիրական» մտադրությամբ:
Միգուցե էկոնոմիկայի նախարարը հաշվե՞լ է, թե քանի գործարար Հայաստանում այդ անպիտան լրագրողների պատճառով ներդրումներ չի կատարել:
Իսկ բիզնես-խորհրդատու Կարեն Սարգսյանը, որ հունիսի 2-ին ասուլիս էր տալիս հայաստանյան լրատվական ակումբներից մեկում, բոլորովին այլ պատճառներ էր նշում. «Այն խնդիրները, որոնք այսօր Հայաստանում առաջանում են զարգացման տեսանկյունից, ոչ թե կապված են հայկական բիզնեսմենների կողմից մատնանշվող հարկային, մաքսային, օրենսդրության և այլ խնդիրների, այլ ավելի շատ ներքին խնդիրների կարգավորման հետ»:
Բիզնես-խորհրդատուի խոսքով` այսօր Հայաստանում բիզնեսն աճում է, բայց չի զարգանում. աճում է ֆինանսական իմաստով, մարդիկ ավելի շատ ուշադրություն են դարձնում աճի վրա, ոչ թե զարգացման, այնինչ աճը անհրաժեշտ է, բայց ոչ բավարար:
Ինչևիցե: Նշենք մի քանի օբյեկտիվ իրողություններ էլ: Սովորաբար, երբ երկրում արտագաղթը մեծ է, նշանակում է` շուկան է փոքրանում: Երբ բարձր գնաճ է արձանագրվում, իսկ մարդկանց եկամուտները մնում են անփոփոխ, նշանակում է` մարդիկ չեն կարող գնողունակ պահանջարկ ձևավորել: Երբ հարկային ու մաքսային, կամ առհասարակ պետական վարչարարությունն ուղղված է բիզնեսի կաշին քերթելուն, ոչ թե վստահելուն ու համագործակցելուն, երբ մարդկանց համար ավելի ձեռնտու է ծխել ոչ թե 300 դրամանոց հայկական միջինից ցածր որակի սիգարետ, այլ միջին եվրոպական, այս ամենը ավելի շատ է անդրադառնում թե՛ գործարար, թե՛ ներդրումային միջավայրի, թե՛ մարդկանց բիզնես ակտիվության վրա: Լրագրողներն այստեղ ընդհանրապես դեր չունեն:

Tags: ,