Մեծ խաղեր` ֆուտբոլի «կախարդների» երկրում

բրազիլիաՀունիսի 12-ից հուլիսի 13-ը ֆուտբոլի «կախարդների» երկիրը` Բրազիլիան, կհյուրընկալի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: Խաղերը կկայանան 12 քաղաքներում: 32 ազգային հավաքական տեղաբաշխվել է 8 խմբում: Ամեն խմբում 4 թիմ կվիճարկի պայքարը շարունակելու իրավունք տվող 2 ուղեգիր:

Այսօր կտրվի երկարատև մարաթոնի մեկնարկը, Սան Պաուլուում կկայանա А խմբում ընդգրկված Բրազիլիայի և Խորվաթիայի հավաքականների մասնակցությամբ առաջնության բացման հանդիպումը:
Ակնկալվում է, որ առաջնության խաղերի օրերին մարզադաշտերի տրիբունաները լեփ-լեցուն կլինեն հանդիսականներով: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան նախատեսում է, որ կստանա 4,5 մլրդ դոլարի եկամուտ: Աշխարհի առաջնության անցկացման համար նա ծախսել է 2 մլրդ դոլար: Դրանից շուրջ 1 մլրդ դոլար ներդրվել է անմիջապես Բրազիլիայի տարածքում՝ մարզադաշտեր, ենթակառուցվածքներ, հյուրանոցներ, օդանավակայաններ սարքավորելու համար: Իսկ ընդհանրապես աշխարհի առաջնության կազմակերպման համար ծախսվել է 16 մլրդ դոլար, գրեթե նույնքան, ինչքան աշխարհի նախորդ հինգ առաջնությունների անցկացման համար:
Բրազիլիայում դժգոհ են և կարծում են, որ աղքատ երկրում այդ գումարն ավելի նպատակային կարելի էր օգտագործել և օգնել թշվառ վիճակում հայտնված բազմահազար մարդկանց, նրանց կեցությունը փոքր-ինչ բարելավել: Այդ է պատճառը, որ Բրազիլիայում շարունակ բողոքի ցույցեր են կազմակերպվում:
Աշխարհի առաջնության պարգևատրման հիմնադրամը 560 մլն դոլար է: Ի դեպ, այն 140 մլն դոլարով ավելի է, քան 2010-ին ՀԱՀ-ում կազմակերպված աշխարհի առաջնությունում էր: Այս տարվա առաջնությունում չեմպիոն դարձած հավաքականը որպես պարգև կստանա 40 մլն դոլար:
Ի դեպ, տարբեր երկրներում տարբեր պարգևավճարներ են խոստացել: Մասնավորապես, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ, աշխարհի չեմպիոն դառնալու դեպքում այդ երկրի հավաքականի ֆուտբոլիստները և գլխավոր մարզիչը կստանան 720 հազարական եվրո: Ընդ որում, 2010-ին, երբ իսպանացիներն աշխարհի չեմպիոն դարձան, արժանավորներից յուրաքանչյուրը ստացել էր 600 հազարական եվրո: Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար նրանք կստանան 72 հազարական, կիսաեզրափակչին մասնակցելու համար՝ 180 հազարական, իսկ եզրափակչում հանդես գալու դեպքում՝ 360 հազարական եվրո:
Եթե Իսպանիայի հավաքականը չդառնա չեմպիոն, ձախողում կհամարվի: Բանն այն է, որ նա, ըստ խաղացողների արժեքի, գնահատվում է որպես աշխարհում ամենաթանկը` 489,9 միլիոն եվրո, ապա հաջորդում են Բրազիլիայի (477,5 մլն), Արգենտինայի (474 մլն), Գերմանիայի (447,9 մլն), Ֆրանսիայի (402,1 մլն), Անգլիայի (356,3 մլն), Բելգիայի (336,7 մլն), Իտալիայի (325,2 մլն), Պորտուգալիայի (289,5 մլն), Կոլումբիայի (225,4 մլն) հավաքականները: Իսկ ահա աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին չմասնակցող Հայաստանի հավաքականի արժեքն է 53 մլն եվրո:

Աշխարհի առաջնության մասնակիցների թվում միայն մեկ հայ ֆուտբոլիստ կա` Իրանի հավաքականի 31-ամյա կիսապաշպան Անդրանիկ Թեյմուրյանը, որ «Էսթեղլալ» ակումբի ներկայացուցիչ է: Նա իր մրցելույթները սկսել է Թեհրանի «Արարատ» թիմում: 2006-2010 թթ. խաղացել է անգլիական «Բոլթոն», «Ֆուլհեմ» ակումբներում, հանդես է եկել Քաթարի առաջնությունում: Անդրանիկն Իրանի հավաքականում խաղում է 2005-ից, եղել է նաև թիմի ավագը: Այդ ընթացքում նա մասնակցել է 76 հանդիպման և դարձել 8 գոլի հեղինակ: Թեյմուրյանը Հայաստանի քաղաքացիություն ունի:

Ուշագրավ է նաև, որ տարբեր երկրների հավաքականների կազմերում ակումբային թիմերից ամենից շատ խաղացողներ հանդես կգան Մյունխենի «Բավարիայից»` 15: Ապա այս ցուցանիշով հաջորդում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» (14), կատալոնական «Բարսելոնան» և անգլիական «Չելսին» (երկուսն էլ` 13-ական), «Նապոլին», «Յուվենթուսը» (երկուսն էլ` Իտալիա), Մադրիդի «Ռեալը» (բոլորն էլ` 12-ական):

 

 

Tags: ,