Սահմանից 10 քայլ հետ… Այստեղ էլ մարդիկ են ապրում

Երասխ, գյուղապետարան (1)Վերջերս սահմանամերձ Երասխ գյուղում էինք: 21.3 քկմ ընդհանուր մակերեսով գյուղը Երևանից 80 կմ հարավ է գտնվում: Ըստ 2005 թ. տվյալների` գյուղի բնակչության թիվը կազմել է 762 մարդ: Ներկայումս` 729: Ըստ Արարատի մարզպետարանի կայքի տվյալների` գյուղն ունի 210 տնտեսություն, դպրոց, բուժկետ, կապի հանգույց, գրադարան:

 Գյուղապետ Ռադիկ Օղիկյանն ու հարևան Արմեն Իշխանյանը իրենց տան բակում` հետևում երևացող բլրի աջ հատվածում ադրբեջանական դիրքերն են, ձախ հյատվածում` հայկական


Գյուղապետ Ռադիկ Օղիկյանն ու հարևան Արմեն Իշխանյանը իրենց տան բակում` հետևում երևացող բլրի աջ հատվածում ադրբեջանական դիրքերն են, ձախ հյատվածում` հայկական

Բայցև ունի բազմաթիվ ու բազմապիսի խնդիրներ: Դրանցից առաջնահերթերը, ըստ Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանի, դպրոցն է: 127 աշակերտ ունեցող դպրոցի շենքն անմխիթար վիճակում է, պատերը` կիսաքանդ, ապակիները` կոտրտված ու հին: Եթե դպրոցի մուտքի դռան մոտ գրված չլինի, որ այն դպրոց է, հեշտությամբ կարելի է շփոթել հազարավոր լքված ու անխնամ շենք-շինությունների հետ, որոնք մեզ ժառանգություն են հասել ԽՍՀՄ-ից: Երասխում նույնիսկ գյուղապետարանը վարչական շենք չունի, գործում է բնակչի տան մեջ, որը վարձել է գյուղապետը: Գյուղի միակ ու այնքան անհրաժեշտ բուժկետը նույնպես տեղակայված է բնակչի սեփականություն հանդիսացող տարածքում:

«Ունենք աշակերտներ, ունենք մանկապարտեզ գնացող երեխաներ, սակայն պարտեզ ու գրադարան ստեղծելու պայմաններ չունենք: Նույնիսկ գյուղապետը գյուղապետարանի տարածք չունի, որ մեջը նստի, վարձ է տալիս, էլ ինչի՞ մասին է խոսքը: Չնայած գյուղապետը կարող է նաև վարձով տարածք վերցնել գյուղապետարանի համար, միայն թե գյուղը դպրոց, մանկապարտեզ, նորմալ բուժկետ ու այլ ենթակառուցվածքներ ունենա,- ոչ այնքան դժգոհելով, որքան խնդիրների բեռից խեղճացած, հոգոց հանելով պատմում է Ռադիկ Օղիկյանն ու շարունակում:- Խնդիրները շատ են, առավել ևս այս տարի, երբ գյուղացիների բերքը ամբողջությամբ ցրտահարվեց, ու գյուղացիների սոցիալական վիճակն ավելի վատացավ, ինչի հետևանքով շատ մարդիկ մեկնեցին արտագնա աշխատանքի, շատ մարդիկ էլ չկարողացան գնալ, սկսեցին ձմերուկ մշակել, բոստան տնկել»:

Մի խոսքով` սոցիալական վիճակը շատ վատ է պատերազմ տեսած, պատերազմ հաղթած Երասխ գյուղում, որն այսօր հանրապետության հարավ-արևմտյան սահման պահող բնակավայրերից է, գյուղի գլխին կախված բլրի վրա էլ տեղակայված են հայ, ու ադրբեջանցի դիրքապահները, որոնց զենքերի փողերը միշտ ուղղված են դեպի Երասխ, այնտեղից էլ` մինչ Երևան…

Երասխի կլիման խիստ չոր, ցամաքային է: Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են: Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1920 հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահող` զբաղեցնելով մոտ 492 հա: Գյուղն ունի նաև պտղատու և խաղողի այգիներ` 55 հա ընդհանուր մակերեսով: Երասխցիները մշակում են ջերմասեր բանջարաբոստանային մշակաբույսեր: Բնակչությունը զբաղվում է նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ:
Երասխի գյուղապետը, շնորհակալություն հայտնելով կառավարությունից, որ անցյալ տարվա մարտի որոշումով սահմանամերձ գյուղերի ժողովրդին ամբողջությամբ ազատեց հողի հարկերից, ոռոգման ջրի գինն էլ 50 տոկոսով փոխհատուցում է, նշեց, որ դա նպաստեց Երասխում գյուղատնտեսությամբ զբաղվելուն. շատ մարդիկ, եթե նախկինում մշակում էին 1 հա ձմերուկ, արդեն անցյալ ու այս տարի մշակում են 1.5-2.3 հա` ամեն մարդ իր հնարավորության սահմաններում:

Թո՛ղ կառավարությունը մեր մասին «չմտածի», թողնի հանգիստ ապրենք

Կարինե Իշխանյան, պատմում է թթենու պատմությունը

Կարինե Իշխանյան, պատմում է թթենու պատմությունը

Գյուղացիներն իրենց կյանքից դժգոհ չեն, միայն նշում են` եթե լրացուցիչ ուշադրության արժանանային` վատ չէր լինի:
«Դե մենք մեր բան ու գործին, դաշտերում, ինչ պետք է անենք: Բայց կարծում ենք, որ կառավարությունը, պետությունը մեզ ավելի շատ ուշադրություն պետք է դարձնի: Սահման պահողը մենք ենք, մեզանից է սկսվում Հայաստանը, բայց մենք մոռացության ենք մատնված»,- ասում են մայր ու որդի Կարինե և Արմեն Իշխանյանները, որոնց տունը, գյուղապետի տան հետ միասին, գյուղի ծայրին է ու հակառակորդին ամենամոտը` հայ-ադրբեջանական շփման գծից ու հակառակորդի դիրքապահներից ընդամենը 300-400 մետր հեռավորության վրա:
Կարինե Իշխանյանը ցույց է տալիս տան առջև` ադրբեջանցի դիրքապահների հայացքի ներքո շորորվող թթենին ու պատմում, որ ծառն առաջին տարին բերք է տվել հեռավոր 1992 թ., երբ Երասխում մարտեր էին ընթանում, պատերազմ էր: Ծառի մոտ էլ ջուր չէր հասնում, և ինքն ու ամուսինը կրակոցների արանքներում, հաճախ նաև հենց կրակոցների պահին դույլերով ջուր էին վերցնում տան այգու աղբյուրից ու պատի տակով թաքուն մոտենում տան անկյունին, այնտեղից վազում դեպի թթենին, այդ ջուրն արագ լցնում ծառի տակ ու էլի շատ արագ հետ փախչում: Իսկ այսօր թթենին բերք է տալիս տիկին Կարինեի թոռնիկների ու հյուրերի համար, նաև իր ճյուղերին ճոճանակ է պահում, որ Կարինեի թոռնիկներն օրորվեն և ուրախանան, դրանով է կարծես խոհուն ծառն իր շնորհակալությունը հայտնում հոգատար տերերին, որ հակառակորդի գնդակների ներքո, իրենց կյանքը վտանգելով, կյանք են տվել իրեն ու բարակ շիվից ծառ դարձրել:

Սուսաննա Միքայլեյան` Երասխի բնակչուհի

Սուսաննա Միքայլեյան` Երասխի բնակչուհի

Փոքրիկ ու ամաչկոտ աղջիկ թոռան թաթիկը բռնած, ձեռքի փոքրիկ ճյուղով էլ թխսին ու ճտերին «տիրություն» անելով` Երասխի բնակչուհի Սուսաննա Միքայելյանն էլ է պատմում գլխով անցածը, նշում, որ ամուսինը զոհվել է կռիվների տարիներին, իրենք էլ շարունակում են ապրել հակառակորդի սպառնալիքի տակ` սեփական քրտինքը Երասխի կիսաանապատային հողերին խառնելով: Ցույց է տալիս բակում ուրախ թռչկոտող թոռնիկներին ու նշում. «Նրանց համար ենք ապրում, չարչարվում: Ուզում ենք նրանց համար լավ ապրուստ ստեղծել, դրա համար ամեն ինչի դիմանում ենք, ամեն դժվարություն փորձում հաղթահարել: Միայն թե մեր մասին «վերևներում» մի քիչ շատ մտածեն, որ էս երեխեքը մնան գյուղում` իրենց երեխեքն էլ էս գյուղի փողոցներում խաղան»:
Գյուղապետ Օղիկյանը նշում է, որ սահմանամերձ գյուղերին աջակցությունն այն կարգի չի մատուցվում, որ սահմանամերձ բնակիչն ամրապնդվի ու մնա իր գյուղում ու սահմանը պահի:

«Այսօր, ճիտ է, բոլորի ոգին տեղը, քաջությունը տեղը, ապրում են, ստեղծում են, աշխատում են, գյուղատնտեսություն, հողագործություն, ամեն ինչ էլ անում են, մշակում են խաղող, ծիրան, հիմնականում բանջարաբոստանային կուլտուրաներ, ձմերուկ ու սեխ են մշակում. աշխատասեր ժողովուրդ են: Բայց նաև ձեր լրատվամիջոցի շնորհիվ ես կխնդրեի մեր վերադաս մարմինների, մեր բարեգործների ուշադրությունը հրավիրել սահմանամերձ գյուղերում թեկուզ փոքր արտադրամսեր բացելու, աշխատատեղեր ստեղծելու, պետական ուշադրության արժանացնելու հարցերի վրա, որոնց կարիքն այսօր սահմանամերձ գյուղերը, համենայն դեպս` Երասխը շատ ունի»,- շարունակում է Ռադիկ Օղիկյանը:

Իսկ համագյուղացիներից Շիրազ Սահակյանը նշեց, որ իրենց ամբողջ օրվա գործը հողի, քար ու փշի հետ կռիվ տալն է, քարից բերք ու բարիք քամելը. «Մենք առավոտից դաշտերում ենք` աշխատում ու չարչարվում ենք, բայց դրանից էլ գոհ ենք: Մենք ստեղ ապրել ենք, ապրում ենք ու էլի կապրենք»:

Նրան մի դեպք պատմեցինք: Երբ հեռավոր ու դարձյալ սահմանամերձ գյուղերից մեկում` գյուղամեջում, ծառին թինկ տված 80-ամյա ծերունին իմացավ, որ լրագրող ենք, պատվիրեց, որ Երևան հասնելուն պես կառավարությանը հասցնենք իր պատգամը. «Թող կառավարությունն իր գործին նայի ու մեր համար չմտածի, թողնի հանգիստ ապրենք, թե չէ հենց սկսում է մեր մասին «մտածել», մեր վիճակը ծանրանում է»:
Շիրազին ծերունու խոսքերը շատ դուր եկան: Նա էլ նույն ոգով մեզ ասաց. «Ոնց պատմում էիք` թող մեզ Երևանից չանհանգստացնեն, թողնեն մենք հանգիստ մեզ համար ապրենք. չարչարվենք ու ապրենք»:

Tags: , ,