Նոր դրամաշնորհ Հայաստանի հակադոպինգային ծառայությանը և նոր անելիքներ

Արեգ Հովհաննիսյան- դոպինգՀայաստանի հակադոպինգային ծառայության նոր ծրագիրն արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավանությանը: Դրամաշնորհ է հատկացվել 19 հազար 964 դոլար: Այդ միջոցներով նախատեսվում է առաջիկա մեկ տարում մեծածավալ աշխատանք կատարել: Ուշագրավ է, որ վերջին 4 տարվա ընթացքում Հայաստանի հակադոպինգային ծառայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից երրորդ անգամ է արժանանում դրամաշնորհի: Ոչ մի երկրի ներկայացուցիչ այդպիսի պատիվ չի ունեցել: Իսկ թե ինչ է նախատեսվում անել, պարզաբանեց Հայաստանի հակադոպինգային ծառայության ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը:

- Առաջիկա մեկ տարում Հայաստանում կայանալիք մրցաշարերի օրերին կկազմակերպվի ուսուցողական 5 ճամբար: Դրանց ունկնդիրները կլինեն մարզիչներ, մարզիկներ, մարզասերներ: Նպատակն այն է, որ հասարակությունը տեղեկացված լինի արգելված դեղամիջոցների վնասակար ներգործության, մարզիկների առողջությունը քայքայող, ազնիվ մրցակցությանը խանգարող երևույթների և դրանք կանխարգելող միջոցների մասին:

- Աշխատանքային մեխանիզմն ինչպիսի՞ն է լինելու:
- Մրցումների ժամանակ կենտրոններ են հիմնվելու, և պարզաբանումներ են կատարելու մեր մասնագետները: Մասնավորապես, հուլիսին Վանաձորում կայանալիք ըմբշամարտի միջազգային մրցաշարի, սեպտեմբերին Ռոբերտ Էմմիյանի մրցանակների խաղարկության հեռացատկի միջազգային մրցաշարի, հետո էլ Հայաստանի ըմբշամարտի, ծանրամարտի առաջնությունների, նետաձգության Եվրոպայի «Գրան պրի» մրցաշարի ժամանակ այդ ամենը կկիրառվի: Ի դեպ, Մոլդովայի հակադոպինգային ծառայությունը ևս դրամաշնորհ է ստացել, որի գլխավոր խորհրդատուն ես եմ: Իսկ Ֆինլանդիայի մասնագետները հուլիսի 13-16-ը կժամանեն Հայաստան, որպեսզի օգնեն խորհդատվությամբ: Բացի այդ, պետք է ընտրվի տարվա լավագույն մարզիկը: Այդ պատվին կարժանանա նա, ով հակադոպինգային ոլորտում իրեն ամենից լավ է դրսևորել:

- Մի քիչ անհասկանալի է, թե ինչպես է դա արվելու, ի՞նչ չափորոշիչներ են լինելու:
- Այդ մասին ավելի հստակ կհայտնվի Ֆինլանդիայի մեր գործընկերների Երևան ժամանելուց հետո: Կարող եմ միայն ասել, որ հանձնաժողով է ստեղծվելու, որի կազմում լինելու են ՀԱՕԿ-ի և Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասնագետները: Նախապատվությունը կտրվի այն մարզիկին, որն ավելի շատ ստուգված` փորձանմուշներ հանձնած կլինի, և կբացահայտվի, որ նա ոչ մի խախտում չի կատարել: Ամենևին պարտադիր չէ, որ նա մարզական բարձր ցուցանիշների հասած լինի: Բայց, որպես կանոն, ստուգվում են նրանք, ովքեր աչքի են ընկել միջազգային ստուգատեսներում, ճանաչում ունեն:

- Առաջիկայում արգելված դեղամիջոցների ցանկում նախատեսվու՞մ են փոփոխություններ:
- Սեպտեմբերին կհրապարակվի արգելված դեղամիջոցների նոր ցուցակը: Ուշագրավ է, որ ավելացված դեղամիջոցների թվում կլինեն քսենոն և արգոն գազերը: Այդ մասին արդեն որոշում կայացվել է: Բացահայտվել է, որ դրանց օգտագործումը նպաստում է արյան կարմիր գնդիկների ավելացմանը:

- Հետաքրքիր է, թե դրանք ինչպե՞ս են օգտագործում:
- Չեմ կարող ասել, հավանաբար շնչում են:

- Սպասվում էր, որ 2014-ի սկզբին Ռուսաստանի Սոչի քաղաքում կայացած ձմեռային օլիմպիական խաղերը Հայաստանից կսպասարկեն չորս հակադոպինգային սպաներ: Ինչ՞ու մերոնց այդ հնարավորությունը չտրվեց:
- Ոչինչ չեմ կարող ասել, մեզ ոչ մի բացատրություն չի տրվել: Փաստն այն է, որ կազմակերպիչներն այլ երկրներից սակավաթիվ մասնագետներ էին հրավիրվել:

- Հայաստանի մարզիկների շարքերում կա՞ն արգելված դեղամիջոցների օգտագործման հանցանքում նոր բռնվածներ:
- Ոչ, հուսով եմ, որ չեն էլ լինի: Հայաստանի ծանրորդներից միայն 2014-ին 46 փորձանմուշ է վերցվել: Չեն հաշվում այն ստուգումները, որոնք կատարվել են տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի առաջնություններում:

- Փաստորեն, հաշվարկում եք միայն այն ստուգումները, որոնք Հայաստանի մասնագետնե՞րն են կատարել:
- Ոչ: Մենք համատեղ ենք աշխատում Հակադոպինգային միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ:

- Ստացվում է, որ հիմնականում մեր ծանրամարտիկնե՞րն են ստուգվում:
- Իրոք, այդպես է: Բայց նախատեսել ենք, որ առաջիկայում երկու անգամ 12-ական ըմբիշի ստուգենք: Այդ մասին արդեն պայմանավորվել ենք Հակադոպինգային միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ: Վերջիններս կորոշեն, թե այդ թվում քանիսը կլինեն հունահռոմեական ոճի և քանիսը` ազատ ոճի ըմբիշներ: Նախորդ անգամ ստուգվել էին հունահռոմեկան ոճի 5, ազատ ոճի 1 ըմբիշ: Այս անգամ 24 փորձանմուշ է վերցվելու: Թե ում պետք է ստուգել, կհայտնեն Հակադոպինգային միջազգային կազմակերպության ներկայացուցիչները: Դա որոշում է վճարողը:

- Այլ մարզաձևերի մեր երկրի ներկայացուցիչները չե՞ն ստուգվելու:
- Արևելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության վերջին համաժողովում համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը որոշել է, որ բացառության կարգով Հայաստանին ֆինանսներ տրամադրվեն, որպեսզի մեր երկրի ազգային առաջնություններում ստուգումներ կատարվեն: Այդ աշխատանքը կսկսվի հաջորդ տարվանից: Ընդ որում, փորձանմուշներ ենք վերցնելու մեր հայեցողությամբ: Նախնական որոշվել է, որ պետք է պարտադիր ստուգվեն ծանրամարտի, ըմբշամարտի, նաև մի քանի այլ մարզաձևերի ներկայացուցիչներ: Առայժմ հայտնի չէ, թե քանի փորձանմուշ վերցնելու համար է ֆինանսավորում կատարվելու, դա ընթացքում կպարզվի:

- Իսկ մեկ ստուգման համար ինքա՞ն գումար է պահանջվում:
- Մրցումների ընթացքում կատարվող ստուգումն արժի 220 հազար դրամ: Հիմնականում փորձանմուշներն ուղարկվում են Ավստրիայի լաբորատորիա: Դա ամենաէժանն է, այդ է ընտրության պատճառը:

Tags: , ,