Բողոքարկումների թիվը կրկնակի նվազել է, 10 դիմորդ հեռացվել է քննասենյակից հեռախոսից օգտվելու համար

Արա ԻսպիրյանԱյս տարվա միասնական քննությունների առաջին փուլն ավարտված է: Երկրորդ փուլի համար սովորաբար դիմորդները քիչ են լինում, և քննությունների հիմնական պատկերը կարելի է ստանալ առաջին փուլի արդյունքներով: Այս թեմայով «Անկախը» զրուցել է ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանի հետ:

- Պարոն Իսպիրյան, եթե ամփոփենք միասնական քննությունների առաջին փուլը, ինչո՞վ առանձնացան այս տարվա քննությունները:

- Հունիսի 23-ին ավարտվեց միասնական քննությունների առաջին փուլը ռուսաց լեզու առարկայով: Ամփոփելով ասեմ, որ քննություններն այս տարի ընդհանուր առմամբ շատ խաղաղ ու հանգիստ անցան, բողոքարկումների թիվը նախորդ տարվա համեմատ գրեթե երկու անգամ նվազել է: Ըստ էության, ունեցանք բավական լավ քննություններ: Կարող ենք փաստել, որ նախորդ տարվա համեմատ` երկու առարկաներից ունեցանք արդյունքների նվազում, էականորեն նվազեցին կենսաբանություն և անգլերեն առարկաների թե՛ բարձր, թե՛ միջին միավորները, մնացած առարկաների դեպքում ունեցանք գրեթե նույն իրավիճակը, ինչ նախորդ տարիներին էր: Ամենաշատ անբավարար ստացել են կենսաբանությունից` մոտ 25-26 տոկոս: Մնացած բոլոր առումներով կարելի է համարել դրական լիցքերով անցած քննություն, որևէ միջադեպ չունեցանք: Նաև փաստենք, որ այս քննությունների ընթացքում թեստերում բովանդակային խնդիրներ չեղան:

- Անցած տարի քննություններից հետո պարզ դարձավ, որ որոշ շտեմարաններ լրացնելու կարիք կա: Այս տարի ինչ-որ խնդիր, բացթողում նկատվե՞լ է, որը հետագայում պետք է շտկվի:

- Առայժմ հաջորդ տարվա համար որևէ կառուցվածքային փոփոխություն ծրագրված չէ: Քննարկումները մասնագետների հետ կսկսվեն օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին, երբ կունենանք այս տարվա քննությունների արդյունքների ամբողջական վերլուծությունը: Քննարկումների արդյունքում, եթե որևէ որոշում կայացվի, հանրությանը տեղյակ կպահենք, ուղեցույցները կսկսենք պատրաստել դրան համապատասխան:

- Իսկ այս տարվա գնահատականները նորմալ մրցույթ կազմակերպելու հնարավորություն ընձեռո՞ւմ են:

- Այս տարի գրեթե բոլոր առարկաներից բավական հաջող գնահատականներ են, այսինքն` բոլորն էլ մրցույթ ապահովող չափերի մեջ են: Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, մենք չունենք այնպիսի առարկա, որի արդյունքներն էականորեն աճած կամ նվազած լինեն, բացի քիչ առաջ նշված երկուսից: Անցած տարի դրանցից բավականին բարձր միավորներ էին: Խնդիրը ոչ թե թեստերի բարդությունն է, այլ պարզապես այս տարի առաջին անգամ այդ առարկաների համար անցել ենք կարճ պատասխաններով առաջադրանքների: Կարճ պատասխանների դեպքում դիմորդների կողմից պատահականորեն ճիշտ նշում անելու հավանականությունը քչանում է: Եթե մյուս դեպքերում կարող է կռահել, ապա այս դեպքում պատասխանը պետք է հստակ իմանա: Երբ ներառվեցին այդ առաջադրանքները, ենթադրվում էր, որ այդ երկու առարկաների գնահատականները կարող են նվազել: Իհարկե, ցավալի է, որ որոշ առարկաներից` կենսաբանությունից, ֆիզիկայից մենք 20 տոկոսից ավելի անբավարարներ ունենք, բայց բավարար գիտելիքներ ունենալը և գոնե 7,5 ստանալը պարտադիր է: Մեր դիմորդներն այդ երկու առարկաներից պարզապես լավ պատրաստ չեն եղել:

- Դիմորդները միաձայն նշում են, որ պնդումների փունջ առաջադրանքները խնդրահարույց են գնահատման առումով: Որքանո՞վ եք համամիտ ասվածին: Հնարավո՞ր է, որ այդ հարցերը վերանայվեն շտեմարաններում:

- Համամիտ չեմ: Ամեն թեստում երկու նման առաջադրանք կա: Դրա միջոցով նախ հստակ տարբերակում ենք լավ իմացողին մի փոքր տատանվող երեխայից: Այդ առաջադրանքի էությունն այն է, որ մեկ հարց է վեց ենթահարցով, եթե մեկին պատահական ճիշտ ես պատասխանում, իսկ մյուսը սխալ, ճիշտ պատասխանած հարցի միավորն էլ ես կորցնում: Քանի որ երկու առաջադրանք է, 20- միավորանոց համակարգում կարող է ընդամենը երեք միավորի դեր խաղալ:
Այդ առաջադրանքը պահանջում է, որ ենթադրելով չնշես, եթե չգիտես, պետք է պարզապես նշել` չգիտեմ: Բայց երեխաների մեջ չի ձևավորվել այդ մոտեցումը, որ եթե չգիտես, ուրեմն կասկածելով մի գրիր, պարզապես նշիր` չգիտեմ:
Արդեն 4-5 տարի այս առաջադրանքը կիրառվում է: Բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ այն ծառայում է իր նպատակին: Ասեմ նույնիսկ, որ Ռուսաստանի և ԱՊՀ տարբեր երկրների ԳԹԿ համակարգի մասնագետները բավականին բարձր են գնահատել այդ առաջադրանքը և քննարկում են իրենց մոտ էլ նմանատիպ առաջադրանքներ ներառելու հարցը:

- Պարոն Իսպիրյան, իսկ ԳԹԿ-ն ինչպե՞ս է պայքարում օրեցօր զարգացող տեխնոլոգիաները քննության ժամանակ կիրառելու դեմ: Այս տարի արտագրելու, հեռախոսով թելադրելու դեպքեր արձանագրվե՞լ են:

- Փորձում ենք ամեն ինչ անել նոր տեխնոլոգիաները քննասենյակում կիրառելու դեմ: Իհարկե, խլացուցիչները գործում են, իսկ առանց հեռախոսի ականջակալները պիտանի չեն: Չնայած փորձողներ եղել են: Հեռախոսների և այլ կապի միջոցներից օգտվելու համար մոտ 10 դիմորդ է հեռացվել քննասենյակից: Բայց, ըստ էության, այս տարի այդքան շատ չէր, մենք կարողացանք վերահսկել, ներկայացուցիչներն ավելի զգոն էին, սանհանգույց կամ բժշկի մոտ անձամբ էին ուղեկցում, որպեսզի այնտեղ սարքերից օգտվելու հնարավորություն չունենան: Աշխատել ենք հնարավորինս վերահսկել և կարծում եմ` ստացվել է, քանի որ արդյունքներում թռիչքներ չունենք:

- Նշեցիք, որ բողոքարկումների թիվը կրկնակի նվազել է: Իսկ բովանդակային առումով ինչպիսի՞ն են եղել բողոքարկումները:

- Թեստի բովանդակությանը վերաբերող բողոք առայժմ չենք ունեցել: Թեստերի շուրջ երկու բողոք է եղել. համաշխարհային պատմության և ռուսերենի մեկական տարբերակների մի առաջադրանքում տեխնիկական սխալ է տեղ գտել: Թեստերի հետ կապված խնդիր չենք ունեցել, և թեստերը գնահատվել են հաջողված: Բողոքարկումների մոտ 70 տոկոսը վերահաշվարկի պահանջ է եղել: Վաղվանից հանձնաժողովն անհատապես կքննարկի բողոքարկումները, և դիմորդներին հեռախոսով կամ նամակով կտեղեկացնեն արդյունքների մասին: Հունիսի 28-29-ը արդեն կկախենք բողոքարկումների արդյունքները: Իսկ մոտ 30 տոկոսը երեխային երկրորդ փուլին մասնակցելու հնարավորություն տալու խնդրանքներ են:

- Այս տարի ագրարային համալսարանում որոշ մասնագիտությունների գծով առանց քննությունների կարող են ընդունվել: Հնարավո՞ր է, որ հաջորդ տարի այդ փորձն ավելի ընդլայնվի:

- Ոչ թե առանց քննությունների, այլ` նաև առանց քննությունների: Նախ ընդունվում են միասնական քննություն հանձնած դիմորդները, թափուր տեղերի առկայության դեպքում` նոր միայն դպրոցական գնահատականներով դիմածները:
Ինչ վերաբերում է այն հարցին` հաջորդ տարի այդպես կլինի, թե ոչ, այսօր չենք կարող ասել, որովհետև տեղերը և տեղերի համար առաջարկվող փոփոխությունները նախատեսում է նախարարությունը: Այդ մասին կլինի կառավարության համապատասխան որոշում: Եթե հետագայում պարզվի, որ էլի մասնագիտություններ կան, որոնք պետական նշանակություն ունեն, բայց դիմորդներ չունեն, իհարկե հնարավոր է, որ դրանց համար հեշտացումներ լինեն:

- Հուլիսի 2-ից քննությունների երկրորդ փուլն է մեկնարկում: Կարծիք կա, որ երկրորդ փուլի թեստերն ավելի հեշտ են, հսկողությունն ավելի մեղմ է, և ավելի ձեռնտու է երկրորդ փուլով քննություն հանձնել: Այս մասին ի՞նչ կասեք:

- Երկրորդ փուլի արդյունքները միշտ ավելի ցածր են լինում, քան առաջին փուլում: Այն, որ երկրորդ փուլի թեստերն ավելի հեշտ կլինեն, ճիշտ չէ: Թեստեր գրողները տարբեր մարդիկ են և գրելիս չգիտեն` առաջի՞ն փուլի համար են գրում, թե՞ երկրորդ: Հսկողությունն էլ խիստ է, քանի որ երկրորդ փուլում մեկ քննակենտրոն է, որտեղ կաշխատեն հենց մեր աշխատակիցները, որոնք ավելի փորձառու են, խլացուցիչներն էլ շատ կլինեն: Մեզ համար նրանք բոլորը դիմորդներ են, և տարբերություն չկա նրանց մեջ:

- Ե՞րբ կամփոփվեն ընդունելության արդյունքները: Եվ այս տարի ընդունելության երկրորդ փուլ կլինի՞, թե՞ ոչ:

- Մենք ամփոփումն անելու ենք հուլիսի 15-ին, ընդունվածների ցուցակները կփակցվեն հուլիսի 16-ին, և հուլիսի 16-22-ը կհրապարակենք նաև թափուր տեղերի ցուցակը: Այդ ժամանակահատվածում այն դիմորդները, որոնք ունեն դրական գնահատական, բայց որևէ տեղ չեն ընդունվել, համապատասխան թափուր տեղի առկայության դեպքում կկարողանան դիմել այդ տեղերի համար:

Tags: , , ,