Մերձավոր Արևելքում շրջադարձային փուլ է սկսվում

քարտեզՇրջադարձային փուլ է սկսվում Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական զարգացումներում: Հատկապես վերջին շրջանում առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող, բայց խորքում ու իրականում իրար խիստ կապված երկու երևույթների համատեքստում: Ինչպես գիտենք, հունիսի 14-ին Սիրիայի կառավարական զորքերին հաջողվեց ազատագրել Քեսաբ քաղաքը:

Արաբագետ Հայկ Քոչարյանն օրերս կայացած մամլո ասուլիսում նշեց, որ Բաշար ալ Ասադը սկսել է իր թիկունքը մաքրել և անվտանգությունն ապահովել: Բաշար Ասադի բանակը վերջին երեք ամիսներին բավական լուրջ հաջողություններ է ունեցել: Սա, բնականաբար, ինչ-որ չափով խառնում է միջազգային խաղացողների խաղաքարտերը, և ենթադրվում է, որ լրացուցիչ «կոմբինացիաներ» պետք է խաղարկվեին:

Այս խորապատկերում հետաքրքիր է տարածաշրջանի մյուս կարևոր իրադարձությունը` Իրաքում ծավալվող «ապստամբությունը»: «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» կազմակերպությունն անցավ ռազմական գործողությունների ու իր ազդեցությունը տարածեց Իրաքի` Սիրիային հարող տարածքներից մինչև Իրաքի կենտրոնական հատվածներ: Հայկ Քոչարյանն այս առումով շեշտեց, որ Իրաքի հյուսիսում և Սիրիայի արևելքում զինյալների մեծ հաջողությունները հետաքրքիր միտում են բերում` «սունի- շիա ակնհայտ բախում է տեղի ունենում»:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային զարգացումներին, արաբագետ Սարգիս Գրիգորյանն էլ օրերս նշեց, որ տարածաշրջանը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած: «Գործընթացները որոշակի վտանգավոր միտումներ են պարունակում: Իսլամական ներուժը Սիրիայում Հալեպի հյուսիս-արևելքից մինչև Իրաքի կենտրոնական շրջանների սահմանագծով իսլամական պետություն կառուցելու իր ծրագրերն է իրականացնում: Վտանգված է քրիստոնյաների գոյությունը, այս միտումները նաև սպառնալիք են տարածաշրջանից դուրս»,- ասաց նա:

«Իրաքի և Լևանտի իսլամական կազմակերպությունը» բավական մեծ աջակցություն է ստացել ու շարունակում է ստանալ թե՛ դրսից, թե՛ ներսից` Իրաքի բնակչության կողմից: Որովհետև, եթե դրսում նրանք իրենց ներկայացնում են որպես իսլամի շահերը ներկայացնող կազմակերպություն, ապա ներսում ներկայանում են որպես սունիների շահերը պաշտպանող` շիաներին հակառակ:

«Մենք գիտենք, որ Իրաքում շիաներն ավելի շատ են, բայց սունիների թվաքանակը բավականին մեծ է, ու նրանք ավելի կազմակերպված, ավելի խիտ ու կենտրոնացած են բնակեցված: Փաստորեն, այդ ամբողջ բնակչությունը, որն, ի դեպ, հիմնականում բնակվում է Իրաք-Սիրիա սահմանին, այսօր աջակցում է այդ տեռորիստական կազմակերպությանը: Երկրորդ` Իրաքի բանակը, որը ԱՄՆ-ի ստեղծածն է և իրականում որպես բանակ չի գործել, այսօր մասսայական հանձնվում է. չեն ուզում կռվել: Արդեն քանի դեպք է եղել, երբ մի քանի հարյուր տեռորիստներ գերի են վերցնում իրաքյան բանակի միանգամից հազարավոր զինվորների»,- նշեց Մերձավոր Արևելքի իրադարձություններին ուշադիր հետևող քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Զուգադիպություն էր, թե ոչ, բայց պետք է փաստել` հենց Ասադի բանակն անցավ ավելի վճռական գործողությունների ու սկսեց ինչ-ինչ էական հաջողությունների հասնել, և Իրաքում իրավիճակը միանգամից լարվեց: Մելիք-Շահնազարյանը սա զուգադիպություն չի համարում, այլ, ավելի շատ` տեռորիստական կազմակերպությունների կողմից ռազմավարության փոփոխման արդյունք:
«Նրանք այսօր ավելի շատ անցել են այն վայրեր, որտեղ բնակչության ավելի մեծ աջակցություն ունեն և Սաուդյան Արաբիայից, Քաթարից, Եմենից և արաբական այլ երկրներից, նաև Թուրքիայից ավելի հեշտ են օգնություն` գումարներ ու զենք ստանում. այստեղ նրանք ուժերի վերադասավորում են անում, ինչը շատ վտանգավոր է լինելու Սիրիայի համար»,- նշեց Լևոն Մելիք-Շահնազարյանը:

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն էլ իր հերթին նշում է, որ մերձավորարևելյան այդ նոր զարգացումները կարելի է բնութագրել որպես այն նոր մերձավորարևելյան աշխարհաքաղաքական պատկերի առաջին նշանները կամ նախանշանները, որը սկսում է ձևավորվել: Որովհետև, արաբական գարունը Մերձավոր Արևելքն ու Հյուսիսային Աֆրիկան մտցրեց մի վիճակի մեջ, որը կարելի է բնութագրել որպես քաոսային: Քաոսի մեջ սկսում են երևալ ապագայի ուրվագծերը: Իսկ ապագա Մերձավոր Արևելքի ուրվագիծը, Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, պետք է բնութագրվի նոր պետությունների ու պետական միավորումների առաջացումով:

Բաժանիր, որ տիրես…

Դրա նշաններն արդեն երևում են. օրինակ` մեկն արդեն բավական երկար ժամանակ կա` քրդական ինքնավարությունը, որը գնում է դեպի պետականության ձեռքբերում: Մյուս կողմից` տեսնում ենք Իրաքում արդեն «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության կողմից մեծ տարածքների գրավումը, չի բացառվում նաև հարձակումը Բաղդադի վրա, ու չի բացառվում, որ այս տարածքների վրա սկսում է ձևավորվել սուննիական-արաբական ինչ-որ պետականություն: Սրան հակառակ` Իրաքի տարածքի վրա առաջիկա տարիներին կձևավորվի շիական մի պետություն կամ պետական միավոր, որը կհարի Իրանի սահմանամերձ շրջաններին: Մյուս կողմից էլ տեսնում ենք Լիբիայի զինվորականների ելույթները, որոնք վկայում են, որ Լիբիան նույնպես քայլեր է կատարում դեպի տրոհում. այստեղ էլ կլինեն 2-3 նոր պետություններ կամ պետական միավորումներ:

«Իմ կարծիքով` այստեղ մենք պետք է խոսենք ոչ միայն Արևմուտքի մասին, այլև արաբական տարբեր պետությունների` մասնավորապես` Սաուդյան Արաբիայի, Քաթարի, որոնք շատ ակտիվ աջակցությւոն են ցույց տալիս, օրինակ, «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպությանը, և Թուրքիայի մասին, որը նույնպես ժամանակին աջակցել է այդ կազմակերպությանը: …Ամեն մեկն ունի իր շահերն ու ձգտումները: Սաուդյան Արաբիան ձգտում է սունիական պետություն ստեղծել այստեղ, ԱՄՆ-ն և Արևմուտքը փորձում են մասնատել Իրաքն ու ավելի փոքր պետություններ հիմնել, որպեսզի կարողանան նրանց բոլորի վրա իշխել, Թուրքիան ունի իր նպատակները` կապված Մոսուլի հետ և այլն»,- ասաց Սաֆրաստյանը:

Բազմիցս նշել ենք Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի վարած քաղաքականության մասին, հիշել թե՛ «Մեծ Մերձավոր Արևելք», թե՛ «Նոր մեծ Մերձավոր Արևելք» նախագծերի մասին : Եվ ակնհայտ էր, որ հենց Սիրիայում Արևմուտքի ծրագրերը խոչընդոտների հանդիպեին, և Արևմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի իր հավատարիմ արբանյակներով, պետք է անցներ պահեստային տարբերակի, որն այս դեպքում ամբողջ տարածաշրջանի ցնցումն է տարբեր ու տարաբնույթ հակամարտությունների միջոցով, ինչի դեպքում տարածաշրջանը վերահսկելն ավելի հեշտ է դառնում:

Բայց Արևմուտքը կհաղթի՞: Ճիշտ է` Արևմուտքի մատը մերձավորարևելյան զարգացումներում եղել է հենց սկզբից, աշխարհաքաղաքական «նվագախմբին չափ տվողը» եղել է Արևմուտքը, բայց այսօր նրանք էլ, հավաստիացնում է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը, խուճապի մեջ են, քանի որ շատ լավ հասկանում են` ծայրահեղական խմբավորումների գլխացավանքը նաև իրենց տուն է հասնելու:

«Բայց ինձ թվում է, որ Արևմուտքը դեռ չի գտել ելքը, թե ինչ պետք է անել: Եթե սկսեն օգնել Թարիֆիին` Իրաքի վարչապետին ու Սիրիայի նախագահին, ապա կստացվի, որ նրանք իրենց թշնամիներին են օգնում` իրենց կողմից հայտարարված թշնամիներին: Եթե չեն օգնում, ապա իսկապես մի նոր` մեծ, լավ կազմակերպված ու զինված հրեշ են ստեղծում, և այսպիսով վիճակն իրոք շատ խառն է դառնում»,- իր դիտարկումները ներկայացրեց Մելիք-Շահնազարյանը:

Շատ ծանր հետևանքներ են սպասվում: Դժբախտաբար: Մենք այսօր ականատես ենք, ինչպես դիպուկ բնութագրեց քաղաքագետը, նոր հրեշի ծնունդին, և այդ հրեշը այսօր կանգնեցնել կարելի է միայն այն դեպքում, եթե Արևմուտքն ընդունի իր կատարած սխալն ու պայքարի դրա դեմ: «Արևմուտքում քաղաքական ուժերից ու գործիչներից շատերն են դա հասկանում ու դրա մասին խոսում, բայց արևմտյան ուժերի քաղաքականության լոկոմոտիվը դեռ պատրաստ չէ փոխել իր քաղաքականությունը տարածաշրջանում»,- շեշտեց Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Մերձավորարևելյան զարգացումներում նախապատվությունների վերադասավորության հարց, անկեղծ ասած, դեռևս չի նկատվում, բայց որ արդեն կան մարդիկ, քաղաքական գործիչներ, որոնք սկսել են այս մասին խոսել, նշանակում է սառույցը սկսել է հալվել ու Մերձավոր Արևելքում նոր շրջադարձային փուլ է սկսվել:

 

 

Tags: