Աշխարհահռչակ մրցավարը շախմատի Հայաստանի ակումբային առաջնության, նաև ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին

Աշոտ Վարդապետյան 1-ին նյութՔանիցս անդրադարձել ենք, որ մեզ շախմատային գերտերություն համարելով`Հայաստանի շախմատի ակումբային առաջնություն չենք անցկացնում: Եվ ահա սառույցը կոտրվեց, քառամյա ընդմիջումից հետո այն կրկին կազմակերպվել էր: Ուշագրավ է, որ եթե նախկինում մասնակից ակումբներ հավաքելն էր դժվարություն համարվում, ապա այս անգամ ռեկորդային թվով` 17 թիմ էր հանդես գալիս: Ընդ որում, մասնակցել ցանկացող ակումբների թիվը երեք տասնյակից ավելի էր: Իսկ թե ինչ տվեց առաջնության անցկացումը, խնդրեցինք պարզաբանել գխավոր մրցավար, նախկինում գլխավոր մրցավարի, գլխավոր մրցավարի տեղակալի կարգավիճակով աշխարհի առաջնության մրցամարտեր, Շախմատի համաշխարհային օլիմպիադաներ սպասարկած միջազգային կարգի մրցավար, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Վարդապետյանին:

- Շախմատի ակումբային առաջնություն չանցկացնելու ցավալի փաստի մասին նախկինում շատ է խոսվել: 2014-ին էլ հույս էր հայտնվել, որ դեռ ժամանակ կա և հնարավոր է, որ այն անցկացվի: Թերևս կարևորն այն է, որ սպասելիքներն արդարացան, բարձրաձայնված հարցը լուծում գտավ: Մասնակից թիմերը շատ էին: Այն կարծիքին եմ, որ առաջին անգամ այս ստուգատեսում գերիշխում էր ակումբային մրցումների մթնոլորտը: Փաստորեն, հնարավորություն էր ստեղծվել, որ տարբեր` սիրողական, կիսասիրողական, պրոֆեսիոնալ ակումբներ խաղան մեկ մրցաշարում և ամեն մեկն ունենա իր առջև դրված խնդիրները: Այդ է պատճառը, որ մրցաշարը մասսայական էր և հետաքրքիր: Նպատակը միայն այն չէր, որ որոշվեր, թե որոնք են երկու լավագույն թիմերը, որոնք պետք է իրավունք ստանան հանդես գալու Եվրոպայի ակումբային առաջնությունում: Իհարկե, խաղարկվում էր այդպիսի երկու ուղեգիր, բայց կարևորվում է, որ մեր երկրում զարգանա ակումբային շախմատը: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը մեծ ջանքեր է թափել, որ առաջնությունը բարձր մակարդակով անցկացվի: Դա հաջողվեց, և կարելի է սպասել, որ հաջորդ տարի կունենանք ավելի մեծ թվով, նաև ուժեղ մասնակից ակումբներ:

- Ի՞նչ կասեք առաջնության թիմերի պատրաստականության մակարդակի մասին:
- 6-7 թիմ առանձնանում էր, ուժեղ կազմ ուներ և պայքարում էր բարձր տեղերի համար: Ի վերջո, առաջին երեք տեղերը զբաղեցրին «Փյունիկը», ԲԿՄԱ-ն և Շախմատի հանրապետական դպրոցի թիմը: Ապա հաջորդեց ՖԻՄԱ-ն: Ուշագրավ է, որ Շախմատի հանրապետական դպրոցի և ՖԻՄԱ-ի մի շարք ուժեղ խաղացողներ համալրել էին այլ ակումբներ: «Փյունիկը» վարկանիշով ամենաբարձրն էր, և օրինաչափ է, որ այն առաջին տեղը գրավեց: Սա «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, որը Հայատանի շախմատի ֆեդերացիային աջակցել էր այս ստուգատեսն անցկացնելու հարցում, օգնությամբ կազմավորված թիմ է և կարող է Հայաստանը պարզ ճակատով ներկայացնել սեպտեմբերի 11-21-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում կայանալիք շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում, թեև այդ թիմի կազմում չկա Հայաստանի հավաքականի ոչ մի շախմատիստ: Հնարավոր է, որ նա հետագայում ուժեղացնի իր կազմը:
Նույնը կարելի է ասել նաև ԲԿՄԱ-ի մասին: ԲԿՄԱ-ի առաջին խաղատախտակը գլխավորում է աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, երիտասարդ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Խաղում էր նաև վերջերս գրոսմայստերի նորմա լրացրած Ռոբերտ Աղասարյանը: Ի դեպ, երկրորդ տեղի համար լարված մրցավեճ էր ծավալվել մի քանի թիմերի միջև: Առանձնանում էր նաև 6-րդ տեղը գրաված «Պոլիտեխնիկը», որը գլխավորում է մեր անվանի գրոսմայստերը` Ռաֆայել Վահանյանը: Ինչպես հայտնի է, Երևանի ճարտարագիտական համալսարանում Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի ակումբ է գործում, և Վահանյանը թիմում խաղալու էր հրավիրել Հայաստանի տարբեր տարիների չեմպիոններին: Մեր վետերաններից խաղում էին Վանիկ Զաքարյանը, Սլավա Մովսիսյանը, Հովիկ Խալիկյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Վահանյանը: Թիմը համալրել էր նաև Հայաստանի 2014-ի չեմպիոն Տիգրան Քոթանջյանը: Թերևս արդյունքն ավելի ցածր ստացվեց, քան սպասվում էր: Պատճառն այն է, որ շախմատիստների մեծ մասը վերջին տարին պաշտոնական մրցումներում գրեթե հանդես չի գալիս, զբաղվում է մարզչական, կազմակերպչական աշխատանքով, և խաղային փորձի պակասը զգացնել տվեց:
Սուրճի արտադրության «ԼԵԲՕ» ֆիրման շախմատիստուհիների թիմ էր մրցասպարեզ հանել, որն առաջին տուրում, հանդիպելով ՖԻՄԱ-ի հետ, հաղթեց: Ընդ որում, 12-րդը ճանաչված այդ թիմի կազմում չէր ընդգրկվել Հայաստանի կանանց հավաքականի ոչ մի անդամ: Այնպես որ, չի բացառվում` հետագայում այդ անունով ավելի ուժեղ թիմ խաղա Եվրոպայի առաջնությունում: Արվեստագետներից կազմված «Զարթոնք» թիմի կազմում, որը զբաղեցրեց 16-րդ տեղը, խաղում էին Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ճանաչված նկարիչներ և այլն: Ընդ որում, Սաթյանը հաղթեց Հայաստանի մինչև 18 տարեկան շախմատիստուհիների չեմպիոն Սուսաննա Գաբոյանին: Սիրողական թիմ էր նաև «Ծաղկաձորը», որի 7-րդ տեղը զբաղեցնելը հաջողություն կարելի է համարել:

- Հայաստանի հավաքականի խաղացող Տիգրան Քոթանջյանի անունը նշեցիք, իսկ մեր ճանաչված բարձրակարգ գրոսմայստերներից ովքե՞ր էին նույնպես խաղում:
- «Փյունիկը» գլխավորում էին մեր երիտասարդ շնորհալի գրոսմայստերներ Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը: Այդ թիմի պատիվն էր պաշտպանում Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհին` գրոսմայստեր էլինա Դանիելյանը:

- Դուք շախմատի «Միկա» ակումբի գործադիր տնօրենն եք: Ինչո՞ւ այն գերադասեց մնալ խաղից դուրս:
- «Միկան» ֆինանսական հնարավորություններ չունի, որ ցանկալի թիմ ձևավորի և մեծ ակնկալիքներով գործուղի մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Իսկ հենց այնպես հանդես գալ պարզապես հարիր չէր: Եթե կարիք զգացվեր մասնակցելու, «Միկան» թիմ կներկայացներ, բայց ոչ ուժեղ կազմով խաղալը պարզապես ինքնանպատակ կլիներ:

- Բացի երկու ուղեգրից, ի՞նչ պարգևներ էին նախատեսված:
- Պարգևատրման հիմնադրամը 600 հազար դրամ էր: Հաղթողը ստացավ 300 հազար դրամ: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերին տրվեց 200 հազար և 100 հազար դրամ: 6 խաղատախտակների առջև իրենց լավագույնս դրսևորած
շախմատիստները հարստացան 25-հազարական դրամով: Կազմակերպիչները մրցանակ էին սահմանել նաև 9-րդ տեղը գրավողի համար` 100 հազար դրամ: Այն հանձնվեց վետերանների հավաքականին: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ 9-րդը կարող է լինել երկրորդ կեսի հավաքականների պայքարին մասնակցած լավագույն թիմը: Նախապես էր այդ մասին հայտարարվել:

- Հայաստանի շախմատի ֆեդերացիան կաջակցի՞ մեր երկու թիմերին, որ մասնակցեն ակումբային թիմերի Եվրոպայի առաջնությանը:
- Հայաստանի շախմատի ֆեդերացիան վաղուց որդեգրել է այն սկզբունքը, որ ակումբները պետք է իրենք հոգան բոլոր ծախսերը:

- Շախմատը և ֆուտբոլն ամենից շատ մասսայականություն վայելող մարզաձևերն են: Շախմատիստները սիրում են ֆուտբոլ խաղալ, ֆուտբոլիստները` շախմատ: Քանի որ այժմ ֆուտբոլի աշխարհի առաջնություն է ընթանում Բրազիլիայում, հետևո՞ւմ եք այդ ստուգատեսին:
- Իհարկե, ոչ մի խաղ բաց չեմ թողել: Առաջնությունում գրավիչ և դիտարժան հանդիպումներ են ընթանում, մրցակցությունն անզիջում է: Մեկ-երկու խաղ է, որ նվազ հետաքրքիր է ընթացել: Ուրախալի է, որ դեռ ակնհայտորեն կոպիտ խաղ ցուցադրողներ չկան: Վառ վկայությունն այն է, որ դեղին և կարմիր քարտերի արժանացողներ, վնասվածք ստացողներ քիչ կան: Նախկինում, դա շատ է խանգարել ֆուտբոլին: Թերևս Հոնդուրասի հավաքականն է բացառություն, որը ֆրանսիացիների դեմ կոպիտ խաղաց:

- Ո՞ր թիմը կդառնա չեմպիոն:
- Գերմանիայի հավաքականի ներուժը մեծ է, և իմ սիրելի թիմն է: Հոլանդիայի հավաքականի խաղը եթե ստացվում է, անկասելի է: Ամեն դեպքում, այդ թիմը մեդալների համար պայքարի հիմնական հավակնորդներից է: Մեծ են Բրազիլիայի հավաքականի չեմպիոն դառնալու հնարավորությունները, մանավանդ որ նա հանդես է գալիս տանը:

-Ի տարբերություն նախկինի, խաղերի հեռարձակմանը հետևելու մեծ հնարավորություններ կան: Տեղեկատվության ո՞ր միջոցով եք հետևում առաջնության ընթացքին:
- Գերադասում եմ խաղերը դիտել ռուսական «Ռոսիա 1» հեռուստաալիքով: Կարծում եմ, որ ռուսաստանցի ֆուտբոլային մեկնաբանների պատրաստվածության մակարդակն ավելի բարձր է, քան մերոնց: Երբեմն ռուսաստանցի մեկնաբանները հիմարություններ են դուրս տալիս, բայց ավելի հաճելի է նրանց լսել, քան մերոնց, որոնք ակնհայտորեն ոչ պրոֆեսիոնալ են մեկնաբանում: Հիմնականում: Իհարկե, ունենք մեկնաբաններ, որոնք նորմալ են վարում հեռուստառեպորտաժները, բայց կան նաև այնպիսիները, որոնց պարզապես չես ցանկանում լսել: Հասկանալի է, որ ի տարբերություն ռուսաստանցի գործընկերների, մերոնք ոչ թե մրցավայրից, այլ հեռուստատեսության տաղավարից են մեկնաբանում, և նրանց համար դժվար է: Ի դեպ, խաղերի հեռարձակման մենաշնորհը Հայաստանի հանրային հեռուստատեսությանն է, որը հարկատուների միջոցներով է աշխատում, սակայն քայլ չի արվել, որ խաղերի, դրանց շուրջը կատարվող իրադարձությունների մասին տեղից որևէ գործուղված մասնագետ պատմի:

Tags: , ,