Էլեկտրաէներգիան թանկացավ մոտ 4 դրամով` սպառողական շուկայում սպասվում է հիպերգնաճ

The RA Public Services Regulatory Commission’s session took placeՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հուլիսի 1-ին որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագինը ևս մոտ 4 դրամով ավելացնելու մասին: Այսպիսով` էլեկտրաէներգիան Հայաստանում օգոստոսի 1-ից կթանկանա 3,85 դրամով կամ մոտ 10%-ով: ՀԾԿՀ-ի կողմից կայացված որոշման համաձայն` այս տարվա օգոստոսի 1-ից սովորական սպառողներին մատակարարվող էլէներգիայի ցերեկային սակագինը կկազմի 41,85 դրամ մեկ կՎտ ժամի դիմաց, իսկ գիշերայինը` 31.85 դրամ: Ներկայումս էլէներգիայի ցերեկային սակագինը կազմում է 38 դրամ, գիշերայինը` 28 դրամ:

Էլեկտրաէներգիան 1 տարում թանկացավ շուրջ 40%-ով

Էլէներգիայի վերջին թանկացումը տեղի է ունեցել ընդամենը մեկ տարի առաջ` 2013 թ. հուլիսի 7-ին, այդ ժամանակ այն թանկացավ 27%-ով: Փաստորեն, միայն մեկ տարվա ընթացքում էլեկտրաէներգիան Հայաստանում կթանկանա 37%-ով: Սա առաջին անհրաժեշտության ապրանքի հիպերգնաճ է:
ՀԾԿՀ-ն որոշումն ընդունեց ոչ միայն հաշվի չառնելով իր վարչական շենքի մոտ անցկացվող հանրային բողոքի ակցիան, նիստի ընթացքում մի քանի քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների` սակագնի թանկացման որոշումը որոշ ժամանակով հետաձգելու և ավելի համակողմանի, խորը մասնագիտական քննարկման առարկա դարձնելու առաջարկությունը, այլև` անխուսափելի թվացող համատարած գնաճի հետ կապված սոցիալ-տնտեսական հնարավոր հետևանքները:

Հանձնաժողովն այդպես որոշեց սոսկ այն պատճառով, որ այդպես ցանկացավ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերին տիրապետող ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը: Թերթերից մեկն այս տարվա փետրվարին էր գրել, որ միտումնավոր կերպով էլեկտրացանցերը հասցվում են սնանկացման եզրին, որպեսզի առաջացած ֆինանսական ճեղքվածքը փակելու համար պարզապես անխուսափելի համարվի արտադրվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: Փաստորեն, իրադարձությունները զարգացան հենց այդ տրամաբանությամբ:
Դեռ մեկ ամիս առաջ հատուկ պաշտոնական հաղորդագրությամբ ՀԾԿՀ-ն նախազգուշացրեց հնարավոր թանկացման մասին. Ըստ հիմնավորումների` ներկայումս ՀԷՑ-ը ջերմաէլեկտրակայաններից ավելի թանկ գնով է ձեռք բերում էլէներգիան, քան նախատեսված է եղել ներկայիս սակագնով, իսկ էլեկտրաէներգիայի սպառումը նվազել է: Փաստորեն սակագնի կառուցվածքում տեղի է ունեցել փոփոխություն, և ՀԷՑ-ը կուտակել է խոշոր պարտքեր` մի քանի տասնյակ միլիոն դոլար: ՀԷՑ-ի ֆինանսական ծանր վիճակի մասին խոստովանել է հենց ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն Վլադիմիր Սազանովը: Ապրիլի 16-ին ՀԾԿՀ նիստին նա հայտնել է, որ թանկ էլէներգիա ձեռք բերելու պատճառով ընկերությունը 2 տարվա ընթացքում կրել է մոտ 60 մլն դոլարի վնաս: Դրանից առաջ էլ ՀԷՑ-ը կուտակած պարտքեր ուներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցերն» էլ օրերս հրապարակեց 2013 թ. ֆինանսական հաշվետվությունը` Ernst and Young անկախ աուդիտորի եզրակացությամբ: Ըստ այդմ, ՀԷՑ-ը կուտակել է 44 մլրդ 470 մլն դրամի վնաս:

«Այս հանգամանքները վկայում են էական անորոշության առկայության մասին, որը կարող է կասկածի տակ դնել ընկերության գործունեության անընդհատությունը շարունակելու ունակությունները»,- եզրակացրել է անկախ աուդիտորը: Այլ կերպ ասած` ՀէՑ-ը գտնվում է սնանկացման եզրին: Հենց այս պատճառաբանությամբ էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց բարձրացնել էլէներգիայի սակագինը:

Գինը, որ պետք է վճարեն քաղաքացիները էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով

Մինչ այդ` հունիսի 23-ին, մի շարք մտահոգ քաղաքացիներ փորձեցին բողոքի ցույցեր անցկացնել ՀԾԿՀ-ի շենքի առջև, որը բռնի ուժով ճնշվեց ոստիկանության կողմից: Իսկ հունիսի 24-ին ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», համատեղ հայտարարություն տարածեցին, որում, մասնավորապես, նշում էին.
«Վերջին մեկ տարվա ընթացքում սա երկրորդ թանկացումն է: Ընդամենը մեկ տարում, փաստորեն, սակագինը բարձրանում է 40%-ով` 30 դրամից դառնալով 41.85 դրամ: Մենք արձանագրում ենք. 1. Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հանրությանը ներկայացվող պատճառները համոզիչ չեն և անընդունելի են: 2. Էներգետիկ համակարգի մի շարք ձեռնարկությունների փաստացի սնանկ վիճակում հայտնվելը բնական մենաշնորհների կարգավորման ոլորտում տարիներ շարունակ իրականացվող ոչ արդյունավետ և անհամարժեք քաղաքականության վկայությունն է: 3. Էլեկտրաէներգիայի սակագնի աճը վատթարացնելու է սոցիալ-տնտեսական պայմանները` մեծացնելով գնաճը, աղքատության մակարդակը, նվազեցնելով բնակչության գնողունակությունն ու հայկական ապրանքների մրցունակությունը: 4. Էլեկտրաէներգետիկ համակարգում ֆինանսական «ճեղքվածքը» հաղթահարելու համար կառավարությունը պետք է օգտագործի ֆինանսական այլ ռեսուրսներ` բացառելով հասարակության և տնտեսության վրա սակագնի բարձրացման բացասական ազդեցությունը: ՀՀ իշխանություններից պահանջում ենք. 1. Իրականացնել էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման համակարգի ամբողջական, անկողմնակալ տեխնիկական, տեխնոլոգիական և ֆինանսական աուդիտ, բացահայտել համակարգի անարդյունավետության բոլոր պատճառները, պատասխանատվության կանչել մեղավորներին: 2. Ոլորտում պետական կարգավորման լիարժեք համակարգ ձևավորելու նպատակով նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, այդ թվում` վերանայել առանձին ձեռնարկությունների շահութաբերության մակարդակը, բարձրացնել համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը, ներդնել էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման կանխատեսելի համակարգ: 3. Մինչև վերը նշված գործողությունները կատարելը բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը»:
Հուլիսի 1-ին` էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին որոշում կայացնելուց առաջ, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը կարճ ելույթ ունեցավ և անդրադառնալով ընդդիմադիրների այն պնդումներին, որ եթե հանրությունը մի բանի դեմ է, պետք է կանգ առնել, ասաց, որ յուրաքանչյուրը, առավել ևս` պետական պաշտոնյան պետք է իր գործը լավագույնս կատարի: Նազարյանը խնդրեց բոլոր հարցերն ու մեղադրանքներն իրենց չուղղել, քանի որ դրա համար կան պատկան մարմիններ:

«Իհարկե, աղքատություն կա, սոցիալական բեռ է ավելացնում այս թանկացումը, առաջին անհրաժեշտության սննդամթերքի թանկացման կարող է հանգեցնել, բայց այս հարցերը պետք է ուղղել պատկան մարմիններին: Ես առանց սպառնալու զգուշացնում եմ, որ եթե ճիշտ ազդակ չհաղորդենք համակարգին, կայունությունը կարող է խարխլվել: Այն ժամանակ ավելի շատ կտուժեք, քան սոցիալական բեռն է, որ առաջանալու է»,- ասաց Նազարյանը ու հավելեց, որ մեծ սիրով այս նիստը չէր հրավիրի, բայց ավելին անել չի կարող:

Ինչ վերաբերում է գնաճին, ապա արժե նշել, որ էլեկտրաէներգիայի սակագների աճը ոչ թե կարող է հանգեցնել թանկացման, ինչպես նշում էր Ռոբերտ Նազարյանը, այլ հաստատ հանգեցնելու է: Որովհետև էլեկտրաէներգիան տնտեսության մեջ արդյունք արտադրելու կարևորագույն բաղադրիչներից է, առանց որի ուղղակի հնարավոր չէ պատկերացնել արտադրական գործընթացի կազմակերպումը: Իսկ եթե արտադրական գործընթացում ինչ-որ բան թանկանում է, ապա դա անպայման անդրադառնում է արտադրվող ապրանքների ու մատուցվող ծառայությունների վերջնական գնի վրա:
Բերենք մի քանի օրինակներ: 12-ամսյա պարբերականությամբ, այսինքն՚ 2014 թ. ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 4,4 տոկոս գնաճ: Պարենային ապրանքների գներն աճել են 2,6%-ով, ոչ պարենային ապրանքներինը՚ 1,8%-ով, իսկ ծառայությունների սակագների աճը կազմել է 8,5%: Գնաճի, ավելի պարզ ասած` թանկացման վերաբերյալ այս վիճակագրական տվյալները ներկայացնելիս ՀՀ ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը հստակ ընդգծեց, որ օրինակ` ծառայությունների ոլորտում արձանագրված գնաճի վրա իր էական ազդեցությունն է ունեցել նախորդ տարի տեղի ունեցած գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը` 2,5 տոկոսային կետի ազդեցություն, այսինքն՚ 8,5% գնաճից 2,5%-ը միայն ապահովել է գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը:
Ընդ որում, շեշտենք, եթե էլեկտրաէներգիան թանկանում է 3.85 դրամով, պարտադիր չէ, որ օրինակ` հացը, որը թխվում է էլեկտրական վառարանում, թանկանա այդ թվին համարժեք: Որովհետև, նախ թանկանում է ալյուրը, քանի որ էլեկտրական ալրաղացներն են թանկացնելու իրենց գները, հետո` նույն փուռն է սկսելու հաց թխելու համար ծախսված էլեկտրաէներգիայի յուրաքանչյուր կիլովատ/ժամի համար 3.85 դրամ ավելի գումար ծախսել, ջուրն է թանկանալու, քանի որ ջրամատակարարման համակարգում էլ էլեկտրաէներգիան մեծ դեր ունի գոնե ջուրը պոմպերով մղելու առումով, և այսպես շարունակ: Ու այս բոլոր թանկացումները դոմինոյի էֆեկտով հանգեցնելու են սպառողական շուկայում ապրանքների ու ծառայությունների հիպերգնաճի` ավելի մեծ ծավալով, քան զուտ էլեկտրաէներգիայի թանկացումն էր:

Ու եթե հաշվի առնենք, որ ՀՀ շարքային քաղաքացիների ամսական ծախսերի մոտ 60-80%-ը կազմում են հենց սպառողական ծախսերը, ապա պարզ է, թե ինչ սոցիալական բեռի է վերածվելու այս թանկացումը ու էլ ավելի խորացնելու հասարակության առանց այն էլ ծանր սոցիալական վիճակը:

Tags: ,