Լյովա Վարդանյան. «Ֆուտբոլը բոլորս ենք սիրում, բայց Հայաստանում թիվ 1 մարզաձևն առայժմ ըմբշամարտն է»

Lyova-VARDANYAN

Ըմբշամարտը Հայաստանում հենակետային մարզաձև է, մեր երկրի ներկայացուցիչները միջազգային հեղինակավոր ստուգատեսներում անմասն չեն մնում խաղարկված պարգևներից: Եվ հետաքրքիր էր, թե Լեհաստանի Կատովիցե քաղաքում օրերս կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում իրենց ինչպես կդրսևորեն հերթափոխի ներկայացուցիչները: Եվ արդյունքը հուսադրող է` 4 մեդալ: Ստուգատեսում մերոնց մասնակցության մասին ահա թե ինչ ասաց Հայաստանի վաստակավոր մարզիչ, ըմբշամարտի միջազգային կարգի մրցավար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ Լյովա Վարդանյանը.

- Սկզբում մրցագորգ դուրս եկան ազատ ոճի, ապա հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանը ներկայացնում էին ազատ ոճի 7 ըմբիշներ: Մարզիկ չէինք հայտավորել միայն ծանրքաշային կարգում: Իսկ հունահռոմեական ոճի մեր երկրի ընտրանին լրիվ կազմով հանդես եկավ: Առաջնությունը նախապատրաստական փուլ էր օգոստոսի 5-10-ը Խորվաթիայում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությունից առաջ:
2013-ին անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբիշներն ունեցել էին բրոնզե 4 մեդալ, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշները` ոսկե 1 պարգև: Այս անգամ ազատ ոճի Հայաստանի հավաքականը տիրացավ բրոնզե 1 մեդալի, իսկ հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմը` ոսկե 2, բրոնզե 1 մեդալի: Մեր երկրի հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշների մրցելույթը կարելի է գերազանց գնահատել, իսկ ազատ ոճի ներկայացուցիչներինը` լավ: Ի դեպ, մեր ազատ ոճի ըմբիշները տպավորիչ գոտեմարտեր անցկացրին, սակայն վիճակահանությամբ անցանկալի իրավիճակներում հայտնվեցին: Մասնավորապես, 66 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ, 2013-ի աշխարհի, Եվրոպայի երիտասարդական առաջնությունների բրոնզե մեդալակիր Արեն Ալեքյանը հունգարացի Յանոշ Սեպզանին և ռուսաստանցի Եվգենի Ժիրբային հաղթելուց հետո ընդամենը 30 րոպե ժամանակ ուներ, որպեսզի շունչը տեղը բերեր: Մինչդեռ ուժեղ մրցակիցների նկատմամբ առավելության հասնելու համար, նա մեծ ուժեր էր վատնել և պարտվեց թուրք Հեյդար Յավուզին: Եթե նրան մեր մարզիկը մինչ այդ հանդիպեր, ապա անպայման կհաղթեր: Նա ամբողջ ուժերը ներդրել էր նախորդ գոտեմարտերում մրցակիցների նկատմամբ առավելության հասնելու համար: 96 կգ քաշային աշխարհի երիտասարդների 2013-ի արծաթե մեդալակիր Վիկտոր Կազիշվիլին հեշտությամբ հաղթեց ֆինն ըմբիշ Յերե Հեյնոյին, սակայն քառորդ եզրափակչում, երբ 30 վայրկյան էր մնացել, չդիմացավ լարվածությանը և պարտվեց վրացի Մուրազի Մչեդլիձեին: 50 կգ քաշային Մխիթար Գրիգորյանն առաջին գոտեմարտն անցկացրեց թուրք էմրե Դեմիրխանի հետ: Հայ ըմբիշը երկու անգամ 4 միավորանոց հնարք կատարեց, սակայն մրցավարները նրան միայն 2-ական միավոր շնորհեցին: Հետևանքը եղավ այն, որ Մխիթարը պարտվեց 6:8 հաշվով: Մրցավարների գործողություններից տուժեց նաև 55 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Սիմոնյանը:
phoca_thumb_l_FS-60KG-ARM-TUR-2-320x213- Մեդալակիրների մասին ի՞նչ կասեք:
- Փայլուն հանդես եկան հունահռոմեական ոճի ըմբիշներ Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը (66 կգ), որոնք դարձան չեմպիոն: Ղարիբյանը և Կալաչյանը եզրափակչում առավելության հասան ռուսաստանցի մրցակիցների նկատմամբ: Գովեստի են արժանի նաև 96 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Կարեն Աբգարյանը և 60 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Գոռ Գրիգորյանը, որոնք բավարարվեցին բրոնզե պարգևներով: Ի դեպ, Աբգարյանը 7:0 հաշվով հաղթում էր Բելառուսի ըմբիշին, սակայն մի պահ զգոնությունը թուլացրեց և պարտվեց: Այլապես նա կարող էր առնվազն արծաթե մեդալակիր դառնալ: Գրիգորյանն անցկացրած 5 գոտեմարտից միայն մեկում պարտվեց:

- Աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականների կազմերում փոփոխություններ կլինե՞ն:
- Նոր ընտրություն է կատարվելու, դա կորոշեն թիմերի մարզիչները: Հետևություններ արվելու են: Մարզչական խորհուրդը կքննարկի, և այն ըմբիշները, որոնք լավ չեն մասնակցել, աշխարհի առաջնությունում հանդես չեն գա: Թերևս այդ քաշային կարգերում մասնակիցներ չհայտավորենք: Ինչպես Ռուսաստանի հավաքականը, Հայաստանի թիմն ամեն քաշային կարգում 5-6 ուժեղ ըմբիշ չունի: Ամեն քաշային կարգում 1-2 լավ մարզիկ կա:

- Եվրոպայի երիտասարդական առաջնությունից առաջ այդքան մեդալի հույս ունեի՞նք:
- Ազատ ոճի մեր ըմբիշներից 2-3 մեդալ էինք ակնկալում, նույնքան էլ` հունահռոմեական ոճի ըմբիշներից էինք սպասում: Թերևս ազատ ոճի մեր ըմբիշները «պարտք» մնացին: Նրանք այդ բացը կփորձեն լրացնել աշխարհի առաջնությունում:

- Առաջիկայում միջազգային ի՞նչ փորձություններ են սպասում Հայաստանի ըմբիշներին:
- Վանաձորում հուլիսի 18-20-ը կայանալու է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպայի, ԽՍՀՄ չեմպիոն Ստեփան Սարգսյանի սահմանած մրցանակների խաղարկության միջազգային մրցաշարը: Ակնկալվում է, որ հանդես կգան մեկ տասնյակ երկրների պատվիրակներ: Ի դեպ, առաջին, երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցնողները որպես պարգև կստանան, համապատասխանաբար, 3 հազար, 2 հազար և հազար դոլար: Հաղթողի մարզիչն էլ չի անտեսվի և կհարստանա 500 դոլարով: Նախատեսվում է ուսումնամարզական հավաք, որից հետո մեր ըմբիշները կուղևորվեն Խորվաթիա, որպեսզի մասնակցեն աշխարհի երիտասարդական առաջնությանը: Սեպտեմբերի կեսին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալու է աշխարհի մեծահասակների առաջնությունը: Ունենք օլիմպիական խաղերի մրցանակակիրներ, աշխարհի չեմպիոն, մրցանակակիր ըմբիշներ: Հուսանք, որ մեր առաջատարներն իրենց նոր նվաճումներով կուրախացնեն մեր մարզասերներին: Իսկ մինչև այդ` օգոստոսին, Չինաստանում կայանալու են պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերը: Հայաստանից մասնակցելու են ազատ ոճի 2, հունահռոմեական ոճի` 1 ըմբիշ: Ցավոք, վերջին մրցաձևում մերոնց չհաջողվեց ևս մեկ ուղեգիր նվաճել: Դրանք բաժին էին հասել Եվրոպայի պատանեկան առաջնությունում 1-2-րդ տեղերը գրաված մարզիկներին:

- Ֆուտբոլն ի՞նչ ընդհանրություն ունի ըմբշամարտի հետ:
- Ըմբիշները մարզումների ընթացքում անպայման ֆուտբոլ են խաղում, և այդ մարզաձևը նրանց հոգեհարազատ է: Կատովիցեում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնության օրերին մեր երկրի պատվիրակները, բոլոր ըմբիշները բաց չէին թողնում առիթը դիտելու Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները: Ինքս էլ սիրում եմ խաղալ, նաև դիտել ֆուտբոլ:

- Ո՞ր թիմը կդառնա աշխարհի չեմպիոն:
- Հոլանդիայի հավաքականը: Այս առաջնությունում ինձ համար հայտնություն էր Ուրուգվայի ընտրանին: Ցավոք, հարձակվող Սուարեսի կծելու հետ կապված միջադեպը խանգարեց այդ թիմին: Մեքսիկայի թիմը ևս զարմացրեց: Բրազիլիայի հավաքականն անկանխատեսելի է բոլոր առումներով, անկախ այն հանգամանքից, թե ինչ արդյունքի կհասնի:

- Խաղերը դիտելու հնարավորությունները մեծ են, ո՞ր հեռուստաալիքի հեռարձակումներին եք նախապատվությունը տալիս:
- Անհանգիստ բնավորություն ունեմ, շարունակ հեռուստաալիքները փոխում եմ, բոլորն էլ դիտում: Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ նախընտրում եմ ռուսական հեռաուստաալիքներով խաղեր դիտել: Դրանց ֆուտբոլային մեկնաբանների պատրաստվածության մակարդակն անհամեմատ բարձր է:

- Մեր ըմբիշներն աշխարհի առաջնություններում անմասն չեն մնում խաղարկված պարգևներից, իսկ կարելի՞ է հուսալ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երբևէ կխաղա աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում:
- Եթե այդպիսի բան կատարվի, անչափ ուրախ կլինենք: Բայց դա այնքան էլ հեշտ չէ, ինչպես ասելն է: Պետք է ուժեղ հավաքականների մրցակցությամբ հաղթահարել ընտրական մրցաշարի արգելքը: Բացի այդ, հետևելով աշխարհի ընթացիկ առաջնությանը, ևս մեկ ամգամ համոզվում ենք, որ մասնակիցների թվում պատահական հավաքականներ չկան, և եղածներն իրենց խաղամակարդակով Հայաստանի ընտրանիից բարձր են: Մեր երկրի ազգային հավաքականում սիրված, ճանաչում ունեցող մի քանի ֆուտբոլիստ կա, մինչդեռ աշխարհի առաջնության մասնակից թիմերում մեծ թվով աստղեր են խաղում: Ֆուտբոլը բոլորս ենք սիրում, բայց Հայաստանում թիվ 1 մարզաձևն առայժմ ըմբշամարտն է: Եվ մեծահասակների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում էլ համոզված եմ` 5-6 մեդալ կունենանք, նաև` ոսկե փայլով:

 

Tags: ,