Մի ծաղկով գարուն. Անհատը փորձում է տուրիստական կենտրոն դարձնել Հայաստանի չբացահայտված գանձը

Տիգրան 2Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհով ամեն օր էլ զբոսաշրջիկների ավտոբուսներ անցնում են, հազվադեպ որոշ մեքենաներ կանգ են առնում Սելիմի քարավանատան մոտ, որտեղ զբոսավարը ներկայացնում է մոտակայքում գտնվող մի քանի հուշարձաններ, ու ճանապարհը շարունակում են: Մարտունու չբացահայտված գանձերը զբոսաշրջիկներին ներկայացնելու փորձեր է անում Տիգրան Բաղիշջանյանը: Պատմում է, որ 6 տարեկան հասակից ամռանը սար է գնացել` տատիկին օգնելու: Այստեղից էլ սերն ու կապվածությունը բնության հանդեպ:
Տարիներ առաջ Բաղիշջանյանը տուրիստական մի խմբի է ուղեկցել` դժվար երթուղին դյուրացնելով: Այդ օրվանից արդեն տասը տարի է` Մարտունի այցելած զբոսաշրջիկների հույսը Տիգրան Բաղիշջանյանն է, որ մանրամասն ներկայացնում է ոչ միայն ձեռակերտ ու անձեռակերտ հուշարձանների պատմությունը, այլև պատմում ճանապարհին հանդիպող ամեն կենդանու, քար ու թփի մասին:
«Սարերն ու ձիերն ինձ համար ազատության ու անկախության խորհրդանիշ են: Ու ես որոշեցի անել այն, ինչ ոչ ոք չէր արել Մարտունիում. որոշեցի տուրիզմը զարգացնել»,- պատմում է նա:
Բաղիշջանյանը տուրիստական խմբերի համար իրականացնում է հեծյալ տուրեր, ինչպես նաև քայլարշավներ Արգիճիի սարահարթում, դեպի Արմաղան լեռան գագաթը, ինչպես նաև Սև քարի աստղադիտարան, Սարի սուրբ և Սուրբ Վարդան սրբատեղիներ: Եվ ոչ միայն:
Արգիճիի սարահարթը Հայաստանի տարածքում ամենաբարձրադիրներից է, գտնվում է Վարդենիսի և Գեղամա լեռնաշղթաների անցման վայրում, դեռ ամբողջությամբ չի ուրբանիզացվել, ուստի բնության տեսարաններն այստեղ անկրկնելի են:
Բաղիշջանյանը պատմում է, որ մինչև հուլիսի վերջը Արգիճիի սարահարթը կանաչ դրախտ է հիշեցնում, իսկ խոտհունձից հետո այստեղ թռչնադիտումներ կարելի է կազմակերպել. բազեներն ու արծիվներն ակտիվորեն որսում են խոտհունձից հետո հեշտ որսվող մկներին:
Տուրիստների համար հաջորդ սիրելի վայրը Սև քարի աստղադիտարանն է: «Մեծ սալաքարի վրա պատկերված է արեգակնային համակարգը: Հնում քարերը որոշակի դասավորվածություն են ունեցել, այժմ դրանք տեղափոխել են, խառնել: Բայց հնագետների համար հսկայական գիտական աշխատանք կա այստեղ: Քարերը սկսել են քայքայվել: Վերջին այցելության ժամանակ նկատեցի, որ քարտեզով սալաքարը ճաք է տվել: Եթե լուրջ գիտական ուսումնասիրություններ չկատարվեն այս վայրում, մեր հինգհազարամյա պատմության մի կարևոր էջ կկորցնենք»,- ասում է նա:
Դժվարհասանելի, բայց անկրկնելի վայր է Սարի սուրբ կոչված սրբատեղին: Սա Հայաստանի ամենաբարձրադիր սրբավայրն է, գտնվում է Աստղոնք լեռան գագաթին` 3470 մ բարձրության վրա: Բաղիշջանյանը պատմում է, որ ամեն օր ժամը 15-ից հետո սրբավայրի այցելուները հայտնվում են ամպերից վեր` Զևսի կարգավիճակում: «Դա աննկարագրելի տեսարան և զգացողություն է»,- ասում է նա:
Սև քարի աստղադիտարանԶբոսաշրջիկների սիրելի վայրերից է նաև Արմաղանը` 2829 մ բարձրություն ունեցող լեռը, որի գագաթին կա խառնարանային լիճ, իսկ կողքին էլ` հին մատուռ, որի տեղում 2009-ին նոր եկեղեցի կառուցվեց:
Դիտարժան վայրեր են նաև Ներքին Գետաշենում գտնվող Կոթավանքի վանական համալիրը, որը կառուցվել է IX դարում, Վանեվան վանքը` կառուցված X դարում հայոց սպարապետ Շապուհ Բագրատունու և նրա քույր Մարիամի կողմից, Ծակքարի բնական կամուրջը, Ձորագյուղի և Ներքին Գետաշենի խաչքարերը, երեք ջրվեժները, որոնք գտնվում են Մարտունի գետի ակունքում ու սկիզբ տալիս գետին, Թեյշեբա աստծուն նվիրված բերդի ավերակները, որ կառուցել է Ռուսա Առաջին արքան, սեպագիր արձանագրությունը և այլն:
Բաղիշջանյանն ասում է, որ Մարտունիում տուրիզմի զարգացմանը խանգարող մի շարք գործոններ կան: Հիմնականը ենթակառուցվածքների բացակայությունն է. չկան ճանապարհներ, հանրային զուգարաններ, հյուրանոցներ ու հյուրատներ:
«Այսօրվա և 10 տարի առաջվա տուրիստը տարբեր են, այժմ ուզում են ջերմ կոնտակտ ունենալ, տեսնել բնակչի կենցաղը, իսկ այդ կուլտուրան դեռ նոր-նոր դուռն է թակում, կենցաղ էլ չի մտել»:
Մյուս խոչընդոտող հանգամանքը անգլերենի ոչ բավարար իմացությունն է բնակչության շրջանում: Ասում է` պատահել է, որ ավտոստոպով շարժվող զբոսաշրջիկը ժամերով հարցրել է, թե ինչպես կարող է Վարդենիս հասնել:
Իսկ հիմնական խոչընդոտը, ըստ Բաղիշջանյանի, աղտոտվածությունն է: Ասում է` սարսափով է լսում, որ այս կամ այն հուշարձանի հարևանությամբ «բիսետկա» են սարքել, որպեսզի մարդիկ կարողանան իրենց հանգիստը «քաղաքակիրթ» պայմաններում վայելել: Որպես կանոն, դա նշանակում է, որ այդ վայրը դրանով վերածվում է աղբանոցի:
«Ամեն անգամ Արմաղան խմբեր տանելիս ողջ ճամփին սարսափով մտածում եմ` Աստված ջան, տեսնես վերջին օրերին Արմաղանի գագաթին հանգստացողներ եղել են, թե ոչ»,- ասում է ՏիգրանԲաղիշջանյանը և նշում, որ հանգստացողներն իրենց տարած ողջ աղբը թողնում են բնության գրկում: Այս դեպքում հաջորդ այցելուներն ականատես են լինում աղբանոցի վերածված խառնարանի` պատված քամուց ցաքուցրիվ պոլիէթիլենային տոպրակներով ու մեկանգամյա օգտագործման սպասքով:
Ասում է, որ հարևան համայնքի համայնքապետարանը պարբերաբար տարածքը մաքրում է աղբից, բայց դա էլ չի օգնում, երբ մեկը մաքրում է, իսկ հազարավորները` կեղտոտում:
«Մեր ժողովրդի սիրած առաջին կենացն է` բնությունից անպակաս լինենք, բայց իրենց հետևից թողնում են բնությանն անպիտան իրերի կույտ` աղբ, ու վերադառնում են բնությունից անպակաս լինելու և հաջորդ անգամ նորից այնտեղ գնալու ցանկությամբ»,- ասում է նա:
Բաղիշջանյանի խոսքով` Հայաստանն արկածային տուրիզմի մեծ հնարավորություններ ունի, սակայն աշխարհին այս առումով քիչ է հայտնի, քանի որ չի գովազդվում. «Հայաստան գալիս են հիմնականում տարեցները, որոնք քայլելու քիչ հնարավորություն ունեն, նրանց համար ձի նստելը կամ երկար քայլելը դժվար է: Այստեղից էլ մեր տարածաշրջանի չբացահայտված լինելու պատճառը»:
Իսկ ով էլ դեպքերի բերումով տեղանքում է լինում, առաջին արձագանքը հետևյալն է. «Դուք դրախտում եք ապրում»:
Իր փորձն ամփոփելով` Բաղիշջանյանն ասում է, որ օտարերկրացիներին հատկապես շատ է հետաքրքրում, թե սարերում ինչպես է ապրում հնագույն քաղաքակրթության ներկայացուցյիչ հայ մարդը, ինչպես է մեղր քամում, անասուն պահում, կթում, կաթ զտում, հող մշակում: Ասում է, որ մի քանի տուրիստական ընկերությունների առաջարկել է այս ուղղությամբ աշխատել, բայց ապարդյուն:
Իսկ Մարտունի հիմնականում գալիս են Ֆրանսիայից, Գերմանիայից և Հոլանդիայից, նաև Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից: Այս տարի Մարտունիով սկսել են հետաքրքրվել նաև ռուսները:
Բաղիշջանյանն ասում է, որ հատկապես հեծյալ տուրերի մասնակիցների աչքերում վերադառնալու ցանկություն է տեսնում: Ու տարիների ընթացքում պատահել է, որ զբոսաշրջիկները երկրորդ անգամ են Մարտունի եկել: Կրկնայցելուների պնդմամբ` Հայաստանում փոքր տարածքի վրա կտրուկ փոփոխություններն այնքան շատ են, այնքան տեսնելու բան կա, որ անընդհատ ուզում ես նորից վերադառնալ: Բայց Հայաստան գալու ցանկությունը սկսում է աստիճանաբար նվազել, երբ տուրփաթեթի արժեքն են լսում:
Հարցին, թե տարածաշրջանի հուշարձաններից հատկապես որն է հավանում, Բաղիշջանյանը պատասխանում է, որ Մարտունու տարածաշրջանը սիրում է իր ամբողջության մեջ` ձեռակերտ ու անձեռակերտ հուշարձաններով, բնությամբ ու ռելիեֆով. «Սա մեր հոգու քարացած ճիչն է: Մեր բնությունն է մեզ կերտել այնպիսին, ինչպիսին կանք»:
Նա հուսով է, որ իր ջանքերը մի օր արդյունք կունենան, և Մարտունին կդառնա տուրիստական կենտրոն, կգան ոչ միայն օտարերկրացիներ, այլև Հայաստանի բնակիչներ, չէ՞ որ հայրենասիրությունը հենց հայրենաճանաչությունից է սկսվում:

Tags: , ,