Ամառ է, արձակուրդների բուռն սեզոնը, երբ ամեն ոք կա՛մ արդեն արձակուրդում է, կա՛մ էլ ծրագրում է իր առաջիկա հանգիստը: Այս սեզոնին շատ է խոսվում այն մասին, թե ինչպես կարելի է ճիշտ հանգստանալ: Հանգստի մեկնողներս, որպես կանոն, գիտենք, որ արևի տակ ցերեկային ժամերին չպետք է մնալ, որ ծովափ մեկնելիս արևապաշտպան քսուքները, արևային ակնոցը պարտադիր են, որ պետք է խուսափել շուտ փչացող սննդամթերքից, ինչպես նաև անծանոթ մթերքներից: Այս ամենն ապահովում են ֆիզիկական առողջությունը: Իսկ ինչպե՞ս հանգստանալ, որ ֆիզիկականից բացի կարողանանաք պաշտպանել նաև հոգեկան առողջությունն ու արձակուրդից վերադառնալիս չլինենք շատ ավելի հոգնած ու ուժասպառ, քան արձակուրդի մեկնելուց առաջ էինք:
Այս թեմայով «Անկախը» զրուցել է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանի հետ:
- Անուշ, ի՞նչո՞ւ են բոլորը ցանկանում ամռանը հանգստի գնալ, սա կարծրատի՞պ է:
- Չեմ կարծում, որ ձևավորված կարծրատիպ է, ավելի շատ եղանակային փոփոխությունների հետ է կապված, շոգ եղանակին մարդկանց աշխատունակությունն ընկնում է, և մարդիկ ձգտում են հանգստանալ: Նաև կապված է ծովափնյա սեզոնի հետ:
- Ինչպե՞ս պետք է հանգստանալ, որ հանգստից վերադառնալիս ավելի շատ հոգնած չլինենք:
- Հանգստի մասին թյուր պատկերացումներ կան, որոնք ևս խանգարում են, որ ճիշտ կազմակերպենք մեր հանգիստը: Օրինակ` շատերը կարծում են, որ ամառային հանգիստը պետք է պարտադիր ծովափին լինի կամ միայն ծովափնյա հանգիստն է հանգիստ: Իրականում այդպես չէ: Յուրաքանչյուր մարդ պետք է ինքն իրեն հետևի և հասկանա, թե ինչպես կկարողանա հանգստանալ: Մարդիկ կան, որոնք գեղարվեստական գրքեր կարդալով են հանգստանում: Այս պարագայում կարելի է արձակուրդն անցկացնել հանգիստ և անտառաշատ մի վայրում, որտեղ հնարավոր է ժամերով պառկել ծառի տակ ու կարդալ:
Այն մարդիկ, որոնք պասիվ աշխատանքային գրաֆիկով են ապրում, գուցե նախընտրեն ակտիվ հանգիստը, ոչ թե պասիվը:
Մարդու խառնվածքից էլ է կախված, թե ինչ հանգիստ կնախընտրի: Չկան ընդհանուր հանձնարարականներ կամ խորհուրդներ բոլորի համար, բայց կան անհատական առանձնահատկություններ, որոնք յուրաքանչյուր մարդ պետք է փորձի հասկանալ և հաշվի առնել: Խորհուրդս այն է, որ չհետևեն հանգստի գովազդվող տեսակներին, չակնկալեն, որ հանգիստը յուրաքանչյուրի համար նույնը լինի:
Հանգիստ կարող է լինել գործունեության տեսակի, բնակության վայրի, տարածքի փոփոխությունը: Ցանկալի է, որ մարդաշատ, խոշոր քաղաքներում ապրող մարդիկ հանգստի համար ընտրեն հանգիստ միջավայր, որտեղ աղմուկը քիչ է: Օրինակ` ցանկալի չէ, որ մեծ քաղաքում ապրող մարդիկ հանգստի համար ընտրեն մարդաշատ և աղմկոտ հանգստի վայր, եթե անգամ դա ծովափ է: Նման պարագայում միջավայրը կարող է փոխվել, բայց ազդակները, որոնք արտաքին աշխարհից գալիս են, չփոխվեն, այսինքն` հանգստանալ պետք է նաև արտաքին ազդակները փոխելով:
- Իսկ ինչպե՞ս մարդ կարող է կողմնորոշվել, թե իրեն հանգստի որ տեսակն է հարկավոր:
- Փորձելով, հանգստի համար ընտրելով այնպիսի միջավայր, որը լրիվ տարբերվում է իրենից: Մարդ կարող է գնալ Լաս Վեգաս հանգստի, որտեղ լիքը էմոցիոնալ զբաղմունքներ կան, ատրակցիոններ, խաղեր, ժամանցի վայրեր, սա կարող է շատ ծանրաբեռնել մարդուն և հոգնեցուցիչ լինել, չնայած միջավայրի փոփոխություն է: Էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը ևս շատ հոգնեցնող է: Սեփական ոճը գտնելու համար մարդ պետք է փորձի վերլուծել և հասկանալ, թե ինչն է իրեն շատ հոգնեցնում: Մարդիկ հաճախ նախընտրում են ընտանիքի հետ հանգիստը, բայց երբեմն ընտանիքի հետ հանգիստը կարող է հանգստացնող չլինել, որովհետև մարդիկ իրենց ընտանիքից, ընտանեկան հարաբերություններից, նույն մարդկանց հետ անընդհատ լինելուց և շփվելուց ևս հոգնում են: Տարվա ընթացքում կարելի է մեկ շաբաթ տրամադրել մենակ հանգստին, ինչը, կարծում եմ, հայկական միջավայրում մի քիչ խորթ կարող է թվալ: Հայերս դժվարանում ենք հանգստանալ, ժամանց կազմակերպել և լիարժեք գոհանալ այդ հանգստով և հանգստյան տնից իսկապես հոգնած ենք գալիս:
- Շատ մարդիկ փորձում են տանն իրենց հանգիստը կազմակերպել, որտեղ չկա միջավայրի փոփոխություն: Այս պայմաններում ինչպե՞ս կարելի է հանգստանալ:
- Իսկապես, կան մարդիկ, որոնք հանգստանում են իրենց տանը, այսինքն` կարող են լիարժեք թուլանալ, հանգստանալ իրենց իսկ միջավայրում: Օրինակ` շատ մաքրասեր մարդիկ, որոնք կարևորում են հիգիենայի կանոնները, կարող են հյուրանոցում, որտեղ իրենք չեն ապահովում մաքրությունը, լրացուցիչ լարվածության և անհանգստության մեջ լինել: Նման մարդիկ ավելի լավ է` տանը հանգստանան, իրենք իրենց ժամանակ տրամադրեն: Կարող են ընտանիքի անդամներին ուղարկել հանգստի, իսկ իրենք մնալ տանը և հանգստանալ տան միջավայրում: Սա արդեն անհատական առանձնահատկություն է:
- Իսկ կա՞ հանգստի օպտիմալ ժամանակահատված, որի ընթացքում մարդը վստահաբար կկարողանա ազատվել կուտակված բացասական լիցքերից և դրական էներգիայով լեցուն աշխատանքի վերադառնալ:
- Չկա այդպիսի օպտիմալ ժամանակահատված: Դրանք ավելի շուտ աշխատանքի նկատմամբ հիգիենիկ պահանջներն են, որոնք սահմանվում են աշխատանքային օրենսգրքով: Տարբեր երկրներում տարբեր աշխատանքների համար սահմանվում է հանգստի տարբեր ժամանակահատված: Բայց առհասարակ մարդը ողջ հանգիստը չպիտի թողնի արձակուրդին, այլ աշխատանքային ժամանակահատվածում` ազատ և հանգստյան օրերին, երեկոները կարողանա լիարժեք օգտագործել և հանգստանալ: Այն մարդիկ, որոնք չեն կարողանում աշխատանքային ժամանակահատվածում ապահովել իրենց փոքր հանգիստը, սովորաբար չեն կարողանում նաև արձակուրդի ժամանակ հանգստանալ:
Հանգիստը պետք է ոչ միայն արձակուրդի ժամանակ լինի, այլ ամբողջ տարվա ընթացքում: Սա անձնային որակ է, որը մարդ պետք է զարգացնի:
- Իսկ մարդն ինչպե՞ս պետք է զարգացնի այդ կարողությունը: Ընդհանրապես հանգստի մշակույթ ասվածն ինչպե՞ս պետք է ձևավորվի մարդու մեջ:
- Այդ մշակույթը ձևավորվում է և՛ աշխատանքի նկատմամբ վերաբերմունքով, և՛ սեփական անձի նկատմամբ վերաբերմունքով ու հարգանքով: Երբ մեր աշխատանքը գերագնահատում ենք, իսկ մեզ թերագնահատում, կարող ենք չափից դուրս մեծ պահանջներ ունենալ մեզնից, սպառել մեր էներգիան մինչև վերջ և հանգստին ժամանակ չտրամադրել ո՛չ աշխատանքային օրվա, ո՛չ շաբաթվա և ո՛չ էլ արձակուրդի ժամանակ: Արձակուրդը և հանգիստը նաև մեր անձի նկատմամբ մեր վերաբերմունքն են: Եթե բավարար չափով հարգում ու սիրում ենք մեր անձը, անպայման ժամանակ կհատկացնենք հանգստի համար, իսկ եթե այդ պահանջմունքին ուշադրություն չենք դարձնում, նշանակում է` բավարար չափով ուշադիր չենք մեր նկատմամբ:
- Ի՞նչ խորհուրդ կտաք այն մայրերին, որոնք չեն կարող ամուսնուն, երեխաներին թողնել ու գոնե մի քանի օր տրամադրել մենակ հանգստին:
- Մեր մշակույթում ընդունված չէ օգնել մայրերին երեխաների խնամքի հարցում: Սովորաբար, եթե ծնողների հետ են ապրում, նրանք օգնում են կենցաղային հարցերում: Մայրը, իհարկե, պետք է զբաղվի երեխաների խնամքով, բայց այդ հարցում էլ օգնության կարիք ունի: Օրինակ` մայրն ինչ-որ ժամանակ կարիք է ունենում իր երեխաներից հանգստանալու: Չեմ ասում բոլորը, չեմ ասում ռեժիմի նման պետք է լինի, բայց ինչ-որ պահի, եթե մայրը կարիք կունենա հանգստանալու, պիտի լինեն մարդիկ, որոնք կուզենան օգնել այդ ընթացքում:
Օրինակ` մի օր տատիկն ու պապիկը կամ հայրիկը կարող են զբաղվել երեխայի խնամքով: Եթե դա սովորություն լինի, օրինակ` շաբաթվա մեջ մեկ օր հայրը զբաղվի երեխաներով, որպեսզի մայրն իրեն կարողանա ժամանակ հատկացնել, այդ դեպքում գուցե մայրն այդ չափով չհոգնի երեխաների խնամքից: Իսկ հանգստի ժամանակ կարելի է պայմանավորվել հայրիկի հետ, որ մասամբ կամ որևէ կոնկրետ ժամանակահատված նա զբաղվի երեխաների խնամքով: Հանգստի ժամանակ մի փոքր էլ հայրը պետք է իր երեխաներով զբաղվի: Այնպես է ստացվում, որ հաճախ արձակուրդի ժամանակ էլ հայրերը չեն ուզում իրենց երեխաներով զբաղվել: Իրականում նրանց հանգիստն էլ մի քիչ այդպես պետք է կազմակերպվի, որ երեխայի հետ խաղալով, վազվզելով հանգստանան: Դա էլ արդեն մշակույթի խնդիր է: Եթե հայրն ուզում է հանգստանալ երեկոները, շաբաթ և կիրակի, արձակուրդի ժամանակ, այդ դեպքում մայրը ե՞րբ պետք է հանգստանա: Սա էլ արդեն գենդերային անհավասարության խնդիր է:
- Հանգստից հետո, երբ աշխատանքի ենք վերադառնում, առաջին օրերն ամենաբարդն են: Ինչպե՞ս մեղմել այս վիճակը, ի՞նչ անել, որ հանգստից հետո աշխատանքին վերադառնալն ավելի հեշտ լինի:
- Նախ` դա որոշ չափով բնական երևույթ է, որովհետև ցանկացած փոփոխություն մեզ համար սթրեսային է: Որպեսզի այս անցումը հեշտ լինի, ցանկալի է արձակուրդի վերջին օրերը դարձնել աշխատանքին վերադառնալու նախապատրաստական շրջան: Օրինակ` կարելի է գնալ գնումների, որոնք պետք են աշխատանքի գնալու համար, դա կարող է լինել նոր հագուստ, աշխատանքային օրագիր, այլ իրեր, որոնցով կնախապատրաստվենք աշխատանքին, կարելի է առաջիկա աշխատանքային շաբաթը պլանավորել, զանգել գործընկերներին: Եթե մինչև արձակուրդի վերջին օրն ուզում ենք մեզ տրամադրել հանգստին, լրիվ աշխատանքից կտրվելուն, ապա աշխատանքի գնալու առաջին օրը շատ հոգնեցնող կարող է լինել:
Tags: Անուշ Ալեքսանյան, հանգիստ, հոգեբան
